Զրույց ռուս ճակատային բարեկամիս հետ
I
Հիշո՞ւմ ես,
Մարտերի և արյան մեջ մեր իսկ,
Երբ մենք մեր հողն էինք
Զենքով, ատամներով ու արյամբ պաշտպանում,
Հիշո՞ւմ ես,
Կարճատև այն պահերին,
Ռազմադաշտն էր երբ գեթ մի վայրկյան լռում
Ահեղ գոտեմարտի աղմուկներից դաժան,
Գտնում էի պահեր, որ քեզ պատմեմ նորից
Իմ աշխարհի մասին արևաշատ...
Սա՛ է իմ քաղաքը - երիտասարդ և ծեր -
Որ ծնվել է թեպետ ձիգ դարերի հեռվում,
Բայց հասակ է առել, հասունացել ինձ հետ,
Հասունացել ինձ հետ՝
Լոկ մի քառորդ դարում:
Սա՛ է Աբովյանը,
Այն փողոցը ահա,
Ուր ամեն սալաքար,
Եվ ասֆալտի փոշու յուրաքանչյուր հատիկ
Հազար գաղտնիք ունի իր շերտերում պահած:
Այո՛,
Թեկուզ մաշված այս քարաշեն պատից
Դու կարող ես քաղել պատմությունը մեր ողջ՝
Մըթնշաղից անտիկ
Մինչև այս օրերը հարատևող...
Նայի՛ր, ահավասիկ,
Տե՛ս - նա՛, որի մասին
Պատմել եմ քեզ այնքան ստեպներում անլեռ...
Սա՛, այս լեռը մթար,
Որին մենք կոչում ենք Արարատ կամ Մասիս,
Սա, որ երկփեղկված է, ճեղքված երկու մասի...
Խորհրդանշանն է սա մեր գոյության,
Եվ ոչ թե սոսկական ձյունոտ մի լեռ.-
Այսպես երկու մասի
Ճեղքված էր մեր սիրտը և հայրենիքը մեր...
II
Մենք հայ էինք ծնվել այս երկնի տակ, այստե՛ղ,
Մինչդեռ երկնքի տակ հայրենիքը հայի
Ամեն ծնվողի հետ ստանում էր նոր տեսք,
Փոփոխվում էր ընդմիշտ նա ամեհի
Այն թշնամու ձեռքով դաժան ու բազմադեմք,
Որ մերթ մի արքա էր ասորական,
Եվ սեպի պես մեր սիրտն էր մխրճվում,
Կրծում մեր քարերն իսկ՝ սեպագրով...
Մերթ մի հույն էր անտիկ -
Մագաղաթի ետև թաքցըրած իր թրով,
Մերթ փղերով զինված կրակապաշտ պարսիկ,
Որը քանի՜ անգամ ջանաց մոխրացնել
Մեր ինքնության հուրը իր ատրուշաններով...
Դարեր ի վեր այդպես բզկըտեցին նրանք,
Խլեցին մեր հողը, մեր հայրենին,
Առան մեր օջախից անձողներ ու կրակ,
Այրեցին մեր տունը նույն այդ հրով,
Եվ նույն հրդեհների - որպես կուռքի առաջ -
Գլխատեցին նրանք մեր հայրերին,
Երկիրը դարձնելով մի անտերունչ այրի...
Բզկտված ու բոկոտ, ծվատված ու վհատ -
Արյո՛ւն էր ծործրում նրա ամեն քայլից,
Արյո՛ւն, որ իր հետքը, իր դրոշմն է թողել
Մեր անցյալի՛, անվա՛ն, մեր պատմությա՛ն,
Եվ արնագույն մեր այս տուֆ քարերի վրա...
Բայց վերջում էր բախտը պահել սարսափելին.
Վերջում արևելյան մի բռնակալ
Բավական չէ նրա բարիքները տիրեց,
Բավական չէ նրա բորբ արյունը հագավ,
Իբրև սուլթանական բորբ ծիրանի,-
Մի գիշեր էլ հանկարծ՝
Ննջող ներքինու պես կեսգիշերին զարթնած
Օշարակի, օ՜, ո՛չ - ալ արյան ծարավից,-
Ուզեց մորթել ողջին, ջարդել և սպանել...
Ո՞վ է հարցնում՝ ինչո՞ւ.-
Որովհետև նրան, այդ սուլթանին,
Տերությունը իր ողջ -
Բալկաններից Աթենք և Աթենքից Հալեպ,
Եվ Հալեպից Մասիս - թվում էր մի հարեմ,
Ուր կարող էր շրջել կեղտոտ ու տարփալից,
Ուր կարող էր տիրել և սպանել...
Այդպես մի խոլ գիշեր
Նրա կնքահայրը - գերմանական արքան,
Իր մուսուլման սանին հասկացրեց,
Որ Հայաստանն, իբր, վեհափառ սուլթանին
Կամեցել է... մտքով դավաճանել
(Ակնարկել էր արքան ռուս ջահել ցարին):
Կյանքո՞ւմ, թե մտքի մեջ - միևնույն էր արդեն
Եվ որոշվեց նրան,
Ի շահ Վիլհելմ կայզեր, ի շահ մեծ սուլթանի,
Յաթաղանով մորթել...
...Այդ մե՛նք էինք, ընկե՛ր, այդ ժողովուրդն էր իմ,
Որին իր իսկ տան մեջ, իր սեփական հողում
Մորթում էին մի խաչ և մի կիսատ լուսին,
Մինչ միևնույն պահին ամբողջ Եվրոպայում
Դիվանագետները «ի փառըս Հիսուսի»,
«Հայկական հարցն» էին - իբրև մեծ պաս՝
Անլուծելի պահում...
Այդ մեկն էր Մասիսի զույգ կեսերից...
Մյուս կեսը սակայն -
Նույնքան անուժ, անհույս և վտանգված նույնքան,
Ապաստանեց Կարմիր Հոկտեմբերին:
Ի՞նչ իմանամ - գուցե հենց քո հայրը, ընկե՛ր,
Իր լայնարձակ ազատ ստեպներից
Եկավ և իմ հորը, որ մեռնում էր, փրկեց...
Սակայն նայիր հիմա
Նրան, որ իջնում է հանդիպակաց մայթից:-
Նա զավակն է նրա,
Այն խեղճ հայի որդին,
Որին սպանեցին իր անկողնում և կամ
Խաչեցին սեփական իր տան պատին,
Թաղեցին իր հերկած
Գարնանային ցանքսի ակոսի մեջ դեռ տաք...
Իսկ սա - հանձնվեց իր անօգնական բախտին,
(ինչ որ նրա մի զույգ ոտներն էին վտիտ),
Եվ - մինչդեռ ես այստեղ
Նորից հայ հողն էի հերկում արդար խոփով
Եվ ակոսին հանձնում վաղվա հունձքը մեր թանկ,-
Օտար և տոթակեզ երկնքի տակ
Անհույս պանդխտելով տարիներ ու դարեր,
Ջայլամի պես նա իր ձուն էր դնում
Օտար անապատի ավազներում,
Ավազներում և՛ տաք,
Ե՛վ... անարև:
Մինչդեռ ես մա՛րդ էի, քաղաքացի և հա՜յ,
Նա մարդ չէր, այլ պանդուխտ -
Մի բառ, որ չեմ կարող
Քո մայրենի լեզվով ճիշտ թարգմանել...
Պանդուխտ էր նա երեկ:-
Այդ՝ Մասիսն էր ճեղքված,
Այդ՝ մեր բախտի աղետն էր դարավոր,
Երբ ժողովուրդը մեր
Ամենուր էր թեկուզ, ամենուրեք սակայն
Ժողովուրդ չէր, այլ հայ, որ ահավոր
Տառապանքի, վշտի ծանրությունը սրտում,
Լոկ մի երազ ուներ անմարելի -
Վերադառնալ ի տո՛ւն,
Ի հայրենի՜ք...
Իսկ հայրենիքը մեր - նոր հայրենիքը մեր,
Որ փռված է ազատ այս երկնի տակ,
Որ փրկված է ընդմիշտ, որ փրկված է հավետ
Բոլոր ոսոխներից և սրերից մթար,-
Ընդունեց իր կորած, իր հալածված որդուն՝
Հողը խնդությունից համրացած մի մոր պես,
Իսկ ջրերը խայտող,-
Եվ փոխարեն նրա՛, և իրե՛նց տեղ նույնպես,-
Կարկաչներով ուրախ և ինքնագոհ ցայտով...
Այժմ հաշտ են թվում
Մեր հողն ու երկինքը, մեր բախտն ու ապագան
Մեր նոր և մեր միակ Հայաստանում.
Եվ ձուլված է թվում ճեղքված Մասիսն անգամ
Խնդությունից այս խոր ու բարձրանուն:
Այժմ քա՜ղցր է շրջել, մարտի ընկե՛ր, քեզ հետ,
Շրջել իմ հայրենի այս աշխարհի վրա,
Եվ հացի հետ նաև քեզ հետ սիրով կիսել
Խնդությունն այս վարար...
Շրջել խնդությունից շիկնած Երևանում,
Այգիներում մեր ճոխ, մեր արտերում անափ՝
Գալիք սպասումի երազներով հարուստ
Ու հույսերով կանաչ:
Շրջել Մասիսների հայացքի տակ հողե,
Այս ներգաղթած հայի աչքի առաջ,
Որ փրկված է ընդմիշտ արհավիրքի հողմից,
Եվ ընկե՛ր իմ, քեզ հետ Ռուսիային հղել
Երախտապարտ խոսքեր՝
Ծաղկած Հայաստանի, փրկված հայի
Եվ մտախոհ մեր այս Մասիսների կողմից...
28.XII.1946թ.