ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-
         Դժվար է ասել:
 
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն, 
Անբախտ Մարոյին լացով սպանի, 
Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:
Մրմուռից դաղված նրա բերանով 
Սարոյի նանը պիտի ողբ ասի, 
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի, 
Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք...»: 
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել 
Իր մոխրակալած-հրակեզ հոգին 
Եվ՝ որքան տրտում - նույնքան կենսագին՝ 
Տարիներ հետո նա պիտի դառնա 
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր... 
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝ 
Անատոլուի խավար խորքերում 
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար, 
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ, 
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝ 
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:
Հետո հերթն եկավ կանանց հոսանքի. 
Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝ 
Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝ 
Որդուն մաղթելով արևշատություն, 
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք, 
         Աղվորիկ մի հարս, 
         Բարի տատություն... 
........................
........................
         Երևի այդօր - 
         Եթե ոչ մարդկանց, 
Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար - 
         Տոն էր անսովոր. 
Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել, 
         Լսում էր չէ որ, 
Թե ինչ նվագներ և ինչ անհամար, 
Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում 
Այդ երկու թխլիկ նորածինների 
Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում... 
 
Երևի այդօր ցերեկը ձգվեց՝ 
Քնից նոր զարթնած կտրիճի նման, 
         Իսկ ստվերները՝ 
Հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած՝
         Լուռ կծկըվեցին... 
Երևի ահեղ ջրվեժներն այդօր 
Հոսեցին անձայն, ինչպես նկարում, 
         Եվ լույսը երգեց, 
         Քարը պար եկավ... 
 
Անատոլուի ավազուտներում երևի այդօր 
Մարդիկ - քնի մեջ - ըմպեցին զովը Լոռվա ձորերի, 
Ջահել այրու պես ծարավ արտերը և այգին պապակ 
Հագուրդ ստացան կրքոտ Դևբեդի ջրից անապակ... 
Իսկ Լոռվա ձորում քուն մտած մարդկանց 
         Երազ այցելեց, 
Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ. 
Հարավից չված հազարան մի հավք, 
Սոխակի ձայնով-ուժով անգըղի, 
Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար, 
Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց 
         Եվ - մե՜կ էլ հանկարծ - 
Իր կտցի վրա այնտեղից հանեց 
         Շողեր ծալծըլված, 
         Շողեր դարսիդարս՝ 
Օձունի վանքի Շարակնոցի պես:
Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով, 
Հենց այն է պիտի - ծլընգ հա՜ ծլընգ - զնգային կարմիր, 
Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝ 
Վերև սուրացող ասուպի նման, 
Եվ... թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա, 
Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր... 
 
...Երևի այդօր - քանի՜ դար հետո - 
Երկինք ու երկիր հաշտվեցին նորից... 
...Երևի այդօր - քանի՜ դար հետո - 
«Հայաստան» բառից պոկվեցին - ընկան 
         «Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն...

ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ

Իր ժողովրդի զավակն իսկական՝ 
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.
Նա նույնիսկ չկար և մի տարեկան, 
         Երբ... մայրը գնաց: 
 
         Ա՜խ, եթե գնաց՝
Նրա լույս հոգին թող որ համբառնա, 
         Արժանի դառնա 
Իր հավատացած երկնային գահին:
 
Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին: 
 
              Մնար 
         Ու ծիծ տար 
Իր Սողոմոնին - մեր Կոմիտասին:
              Մնար 
         Ու հոգար 
Մեր մինուճարի - իր որդու մասին: 
 
Մնար ու նրան մայրություն աներ, 
Հուսահատության, տրտմության պահին 
Նրա ճակատի ամպերը վաներ, 
         Նախ՝ նրա ոտի 
         Ու հետո՝ սրտի 
         Փշերը հաներ: 
         Մնար, որ հետո, 
         Շա՜տ ու շա՜տ հետո, 
Երբ որդին քայլեց մութ արահետով, 
Որ անդարձ եղավ ու եղավ անել, 
Թերևս նա իր մայրական սրտով 
Իր մինուճարի ու մեր հանճարի 
         Սև ցավը տաներ... 
 
              Մնար, 
Որ նրան մի ողջ ժողովուրդ 
         «Մեծ Մա՜յր» անվաներ, 
         «Վեհամա՜յր» կոչեր. 
Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա 
         Իր բերնին տաներ, 
         Փեշերը պաչեր...
 
         Մնա՛ր... Չմնա՜ց: 
 
         Գեթ հայրը մնար... 
         Բայց հայրն էլ գնաց, 
Երբ որդին չկար տասը տարեկան:
Իր ժողովրդի զավակն իսկական՝ 
Ժողովրդի պես նա որբուկ մնաց: 
Նա մնաց անտուն, մնաց բնավեր:
         -Տո լա՜ճ տնավեր... 
Եղավ անդադար, եղավ բնավեր:
         -Տո լա՜ճ տնավեր...
 
Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ, 
Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք, 
Աշնան պաղ քամուն ու ձմռան ցրտին 
Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա,
Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին:
         -Տո լա՜ճ տնավեր...
 
Որբուկի սիրտը՝ ապակի փշուր, 
Ա՜խ, դրսից կարմիր - ներսից փուշ մասուր,
Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր,- 
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր: 
         -Տո լա՜ճ տնավեր... 
 
Դռնեդուռ երգեց - ձայնը՝ կլկըլան, 
Բերանն էր կերգեր, իսկ աչքը կուլար, 
Դունչիկից կելներ ծխի տաք քուլան, 
Սրտիկն էր էրվում, սրտիկ սևավո՜ր, 
Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան... 
         -Տո լա՜ճ տնավեր... 
 
Երկու ձիգ տարի նա այսպես պիտի 
Ման գա երգելով ու շուրջը դիտի 
Մի հացի հույսով կամ մի հավկիթի,
Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կետի...
Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի...
         -Տո լա՜ճ տնավեր...

ՂՈՂԱՆՋ ՑՆԾՈՒԹՅԱՆ

Գևոն չթողեց որդուն ապարանք, 
Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր, 
Բայց ինչ ունեին-չունեին նրանք՝ 
Իրենց որբացած որդուն էր անցել: 
 
Իսկ ի՞նչ ունեին: Լոկ ձայն կլկըլան.- 
         Մերթ այնպես մեղմիկ, 
Ասես թե գինով լցնում են կուլան. 
         Մերթ այնպես զնգուն, 
Ասես թե կիրճում հովն է շնկշնկում. 
         Մերթ այնպես խաղաղ, 
Կաքավն է ասես սաղմոսում «կղա». 
         Մերթ այնպես հորդուն, 
Ասես ընկել ես ջաղացի ջրտուն... 
 
Նրանք գիտեին իրենց Կուտինան՝ 
Անատոլուի խավար խորքերում: 
Բայց նրանք, դիցուք, և գիտենային, 
Թե իրենց պապի պապին ու քեռուն 
Գաղթի ճամփան է բերել հասցըրել 
Ինչ-որ Ցղնայից այս Կուտինային:
 
Այսքանը թեկուզ և գիտենային: 
Ո՞վ պատմեր սակայն, որ գյուղն այդ Ցղնա 
Եվ Մասյաց փեշը Գողթանն է չքնաղ: 
Արդեն կիսակույր՝ տաճկախավարից, 
Ո՞վ պատմեր նրանց Գողթան գավառից, 
Գողթան գավառի երգասաններից՝ 
Վիպող-վիպասան մեր գուսաններից: 
 
...Փանդիռը գրկած ու վինը ծնկան, 
Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝ 
Դուռ-դարպասների սալքարին նստել, 
Երգել են նրանք վեպը Սաթինկան, 
Աչքերն են գովել Ալանաց դստեր, 
Եվ խոսքը խելոք, և մեջքը բարակ, 
Եվ Արտաշիսի սիգալը արագ՝ 
Ձեռքին շիկափոկ - ոսկեօղ պարան... 
Իսկ Արտավա՜զդը, որին և տարան 
Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս... 
Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին, 
         Որ սեգ սիգալով՝ 
         Իր հուժկու քայլով 
Գետերի թմբեր և ամբարտակներ 
         Ավիրեց տարավ... 
Իսկ Շամիրա՜մը պագշոտ
         Ու տաքշող, 
Գեղեցիկ ապրած - գեղեցիկ մեռած 
         Գեղեցիկ Արա՜ն... 
 
Հաճախ կույր ծնված, անուս ու թերուս, 
Բայց միշտ ողողված կրակով ներքին, 
Իրենց յոթնաղի տավիղը ձեռքին՝ 
Նրանք են երգել ծնունդն այն աստծո, 
Որ հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, 
Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին, 
Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից, 
Երբ բոց էր ելնում եղեգան փողից... 
Երգել են նրանք մեր պտղած հողից, 
         Գինուց, խաղողից, 
         Մեր սրտի դողից.
Երգել են նրանք մեր ցորեն հացից, 
         Մեր խինդ ու լացից, 
         Մարտում ընկածից. 
         Խորհել՝ երգելով, 
         Նվագով ցավել, 
         Երգել ձեռքերով՝
         Պարել-կաքավել... 
 
Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք,
Փող ու թմբուկին խաղացող մատներ, 
Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ, 
Եվ Նավասարդյան թարմ առավոտներ, 
Եվ առավոտներ վառ Վարդավառի, 
Եվ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ,- 
Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք՝ 
Վիպասանները Գողթան գավառի:
 
...Ո՞ւմ մտքով կանցներ, թե Գողթնից գաղթած, 
Գերանը ջարդած ու սյունը խախտած 
Ինչ-որ տնակի կիսախավարում, 
Գողթնից շատ հեռո՜ւ, մի խորթ գավառում, 
Որտեղ վարակը օտար շարավի 
Ուտում էր մարմին ու հոգի կրծում,- 
Ո՞ւմ մտքով կանցներ, և ո՞վ էր կարծում, 
Թե պիտի շողա Գողթան շառավիղ, 
Պիտի բոցկլտա Գողթան պայազատ՝ 
         Նույնքա՛ն հարազատ, 
         Նույնքան հա՛յ ազատ, 
         Որքան և նրանք. 
         Արժանի ժառանգ 
Գողթան գավառի հայ գուսանների, 
Փողհար-փանդռահար վիպասանների՝ 
Օտարի շնչից զանազանելի, 
Այդքանով՝ նաև անհասանելի... 
 
Ո՞վ է հասկացել քմայքը բախտի, 
         Եվ այն էլ... հայոց. 
Հանկարծ կեռմանը ազգավեր գաղթի՝ 
         Կածանը վայոց, 
Դառնում է ճամփա համահավաքման, 
Խոյանք է դառնում թռիչքը անկման... 
 
Ո՞վ է հասկացել քմայքը բախտի, 
         Եվ այն էլ... հայոց:

ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ

Ութսունմեկ թիվ: Վաղարշապատ: Էջմիածին: 
Միրգ ու փոշի: Անխիղճ արև: 
Շողամրցում Մասիսների, Արագածի: 
Սրբագործված հին-հին քարեր: 
Եվ Մայր Արաքս: Եվ Մայր Տաճար: 
Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր, 
         Հնչող, 
         Շնչող, 
         Կանչող զանգեր... 
Եվ Ճեմարան՝ մտքի կաճառ: 
 
Ճեմարանի բակում արձակ, 
Որտեղ էլ որ աչք ես ածում՝ 
Զարմանալի հավաքածու 
Խոսվածքների, տարազների: 
Ու բոլորի դեմքի վրա՝ 
Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն, 
Խոսուն հետքեր երազների: 
 
Ամեն մեկը՝ մի գավառից, 
Եվ բոլորը՝ դեռ աղվամազ: 
Ամեն մեկը խիտ խավարից՝ 
Երազում է լույսի մի մաս, 
         Նույնն է ուզում. 
         Ուսո՛ւմ, ուսո՜ւմ...
Եվ նրանց մեջ՝ սրան նայիր, 
Հագին տարազ տաճկահայի. 
Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝ 
Վրան պնդած մազե գոտիկ, 
Նախշուն գուլպա՝ վրան զոլեր, 
Ու պոչավոր մաշված սոլեր: 
Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ, 
Իսկ հայացքը՝ քելե՜ր-ցոլե՜ր... 
 
Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ, 
Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ: 
Թե զարնեին սրտին դանակ՝ 
Մի պուտ արյուն դուրս չէր հոսի: 
Ո՞նց չմնա նա մեկուսի, 
Ո՞նց խառնըվի, ասի-խոսի, 
Թե... հայերեն վատ է խոսում: 
Բայց նա, մեկ էլ Աստված գիտի, 
Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում 
         Ուսո՛ւմ, ուսո՜ւմ: 
 
         Սակայն նրան 
Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ - 
Մի հոգևոր ուսումնարան, 
Որի սանը մի օր պիտի 
Հագնի սքեմ վարդապետի: 
              Իսկ նա.... 
         Եվ նա վաղը պիտի 
Երգի ի լուր և ի վճիռ 
Համայն Հայոց Հայրապետի...

ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ

Եվ նա սկըսեց... թուրքերեն երգել: 
 
Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր, 
Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ, 
         Հունի մեջ մտավ 
         Ու գնա՜ց-գնա՜ց: 
 
Կաթողիկոսը մթագնեց մնաց:
Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած 
Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝ 
Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ: 
         Առաջի՛ն անգամ, 
         Առաջի՜ն անգամ 
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ, 
Սրբապղծորեն թուրք երգ է մխում... 
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում, 
Հովվապետն ինքը ականջ է կախում 
Ինչ-որ մի մանկան անօրեն երգի... 
Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝ 
«Հայր մեր», «Միայն սուրբ», 
         «Արեգակն արդար», 
         «Ով զարմանալի» 
Կամ «Խորհուրդ խորին», 
Ուր գրաբարն է հնչել դարեդար, 
Եվ շարականն է հուզել բոլորին,- 
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ, 
         Առաջի՛ն անգամ, 
         Առաջի՜ն անգամ 
Սրբապղծության մանանեխ ընկավ... 
 
Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ՝ 
Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց: 
 
Իսկ մանկան ե՜րգը... թա՛փ առավ գնաց: 
         Գնա՛ց-բարձրացա՜վ, 
         Եկա՜վ-ցածրացա՛վ, 
Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց, 
Եվ հետո՝ կրկին պոկվե՛ց ու գնա՜ց, 
Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց, 
Մի անտես թելով կարծես թե կապվեց 
Եվ, մի պահ հետո, հանկարծ ցած թափվեց.
Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես, 
Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես... 
 
Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... զուլա՛լ. 
Այդպես լեռնային վտակն է կարող 
Քարերի վրա ծիծաղել ու լալ: 
Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... գերո՛ղ. 
Մերթ բողոքում է ու գանգատ անում, 
Մերթ՝ դառնում այնպես վսեմ ու բարի, 
Կարծես հինավուրց այս Մայր Տաճարի 
Երկինք խոյացած զանգակատընում 
Կախել են մի նո՛ր-անլեզվա՜կ մի զանգ՝ 
         Մի համակ հուզանք... 
 
Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում, 
Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում, 
Թվաց, թե շոգը հանկարծ կոտըրվեց, 
Թվաց, թե մի հին երդում կատարվեց... 
Կաթողիկոսը մի պահ մոռացավ, 
Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում, 
Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում,- 
         Եվ այդքանի մեջ, 
         Ասես քնի մեջ, 
         Նա դանդաղ ժպտաց 
         Աչքերով իր թաց: 
Հետո ժպիտը սկըսեց հալվել 
Ու հետզհետե անհետ վերացավ, 
Մինչդեռ աչքերի թացն ավելացա՛վ, 
Թացն ավելացա՛վ ու ավելացա՛վ... 
 
Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց. 
         -Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ... 
         Ու ձայնը մարեց:

ՂՈՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ

Եվ վարանումից, վեճերից հետո, 
Իբրև եզակի մի բացառություն, 
Կանոնագրքի մի զանցառություն, 
Անհայտ օրենքի չգրված կետով՝ 
         Լոկ ձայնի՛ համար 
         Համարվեց նա սան: 
 
         Այդ կիզիչ ամառ 
         Նոր բոթեր հասան: 
 
Սուլթան Համիդը, ի փառս ալլահի, 
         Ի նշան ահի 
         Ամեն մի հայի 
         Եվ ի գիտություն 
Իր երկար քթով ամեն տեղ մտնող 
         Այդ Եվրոպայի,- 
Սուլթան Համիդը տարավ ու բերեց 
                  Եվ - 
         Ապտակի տեղ, 
         Ապտակի նման - 
                  Շրը՛խկ՝ 
«Հայաստան» բառը արգելեց, 
Լեզվից, քարտեզից, գրքերից քերեց. 
         -Ջնջում եմ, չկա՜, 
         Ալլա՛հը վկա: 
         Եվ չի՛ էլ եղել, 
         Եվ չի՜ լինելու. 
         Քանդողը ես եմ, 
         Ո՞վ է շինելու... 
 
Իսկապես. քանդածն ո՞վ պիտի շիներ, 
Թե Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝ 
Սուրբ խաչելության նշանը սրտին, 
Քրիստոնեական ժպիտը շրթին՝ 
Իր «ամենագութ» ձեռքով ցարական 
Հայոց պատմությունն, իբրև առարկա,
Արգելեց բոլոր հայ դպրոցներում. 
         -Չկա՛, չի՜ եղել... 
 
         Սուլթանն ու արքան 
         Ձեռք-ձեռքի տվին 
         Միևնույն թվին... 
 
         Իսկ Ճեմարանո՜ւմ... 
Թուրքախոս սանի կարոտ բերանում, 
Անուշ մրգի պես, բայց չհալվելով, 
Ի՜նչ բառեր էին հիմա քաղցրանում, 
Անհայտությունից հանկարծ բարձրանում 
         Քաջն Հայկ, Արամ, 
         Տիգրան Մեծ, Արա, 
         Մաշտոց, Եղիշե,- 
         Ո՞ր մեկին հիշել... 
 
Եվ չժանգոտած հին բանալիքը մեսրոպյան տառի, 
         Նախ՝ դժվարությամբ, 
Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ, 
Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողպեքում բառի
         Ու բացեց դռներ՝ 
         Սխրագործության, 
         Դարպասներ բացեց՝ 
         Ահեղ փորձության, 
Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՛տ դեպքեր՝ 
         Մահադարձությա՜ն... 
 
Իր այդ բանալուն հավետ պարտական՝ 
Ընկել էր տղան մի կախարդական, 
Մի հեքիաթային վիթխարի դղյակ, 
Որին մինչև այդ ինքն էր անտեղյակ: 
 
Ե՛վ սերտարանում, և՛ իր պաղ խցում,
Աղոտ լույսի տակ իր նավթավառի, 
Մինչևիսկ եթե ականջն էր խցում՝ 
Փանդիռն էր հնչում Գողթան գավառի 
Մարտ ու սեր երգող ձայնեղ գուսանաց. 
Ե՛վ խրախճանքը հին Վարդավառի, 
Ե՛վ մեհյաններում մորթվող տավարի 
Բառաչը խռպոտ, բոռոցը հորդուն 
Տարաձայնում էր արդեն կուսանաց 
Քրիստոսասեր թախծոտ մեղեդուն. 
Հետո խուժում էր, մեղեդուն խեղդում 
Վայրի աղմուկը վայրի քուշանաց, 
Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց 
         Ու քաղաքակիրթ - 
         Նույնքան բիրտ - 
                  Հունաց...
Թե՛ խժաձայն սույլ հռովմեական մարտափողերի, 
Թե՛ բութ խռխռոց պարսից ահավոր մարտափղերի, 
Թե՛ սելջուկական սրերի շառաչ, 
Թե՛ կտրիճների մահազդու հառաչ, 
Թե՛ մոնղոլական աղեղից պոկված երկաթե նետեր՝ 
Ասես թշնամու հեռավոր մատեր, 
Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ. 
Թե՛ վահանների ծնծղան անծիծաղ, 
Թե՛ շեփորումը զորապետերի, 
Խոլ ելևէջը արյան գետերի, 
Հրդեհի ձեռքում հողմերն անսահման,- 
Արձագանքում են նրա ականջում, 
Եվ ինքնամոռաց՝ «Մարե՛ ջան, ամա՜ն»,- 
Տեղից ցատկելով ակամա կանչում, 
Ճչում է ձայնով փոքրիկ գազանի 
Եվ արթնացընում մի քնած սանի, 
Որ վեր է թռչում, նույնպես վախեցած, 
Աչքերն է ճմլում, մազերն է խառնում, 
Վերակացուի անվամբ սպառնում 
Եվ, մինչև անգամ իր տված հարցի 
Պատասխանի դեմ ականջը խցած՝ 
Հակում է նորից իր գլուխը ցած՝ 
Մագնիսի նման ձգող չոր բարձին...

ՂՈՂԱՆՋ ՀՍԿՄԱՆ

Ամիսներն են դանդաղ հոսում,- 
Ու կարդում է նա Մանրուսում: 
 
Թո՛ղ օրերը տրվեն վազքի,- 
Նա զննում է մեռյալ Խազգիրք: 
 
...Գանձե՜ր, գանձե՜ր՝ փականքի տակ, 
Իսկ գանձերի տերն՝ անգիտակ: 
 
Անբանալի-գոց գանձարան... 
Կյանքըդ լինի թող տանջարան. 
Թեկուզ մեռնես, բայց ման արի, 
Փնտրիր, գտիր այդ բանալին: 
 
Եվ աչքերն է ցավով թարթում: 
-Տարիները թող որ վազեն: 
Աչքերի դեմ, քուն թե արթուն, 
Չվերծանված խազե՜ր, խազե՜ր.- 
 
Մեղեդիներ ու սաղմոսներ՝ 
Ոչ թե մինչև վանքի գմբեթ 
Սուրբ խորանից երկարացած, 
Այլ բրածո և քարացած.
 
Աստվածային վսեմ «Տաղ»-եր, 
Որ ծալքերում մագաղաթի 
Ժամանակն է փոշով թաղել. 
Գանձի նման անգին «Գանձ»-եր, 
Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող 
         Կիզել անձեր, 
         Հոգի խանձել. 
 
Արձանացած-անշարժ «Փոխ»-եր,- 
Ինչպե՞ս շարժել, տեղից փոխել. 
 
Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ»,- 
Ի՞նչպես գտնել հարության ճար. 
 
«Եղիցի»-ներ, «Ավետիս»-ներ.- 
Ա՜խ, թե նրանց հնչող տեսներ... 
 
Տարիներն են նորից հոսում, 
Իսկ նրա դեմ՝ միշտ Մանրուսում, 
Իսկ նրա դեմ՝ անվերջ Խազգիրք,- 
Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՜փն ազգի, 
Որ դարձել է խազ ու նշան, 
Մագաղաթի թերթեր խշշան: 
 
Կարծես թե մարդ հանկարծակի 
Ընկել է լուռ մի շիրմատուն, 
Ու լեզվազուրկ շիրմաքարեր
Նախանձով են նայում մարդուն:
 
Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, 
Եվ մամուռի ու փոշու տակ՝ շիրմագըրե՛ր, 
Եվ ի՜նչ խոսուն շիրմագըրեր.- 
Արծիվ, Աղավնեկ, Բազե, Վարուժնակ, 
Տանուտրակ, Ծիծեռն ու Տիրոցի ձագ. 
Յուրաքանչյուրը ինչպե՞ս է ճախրել, 
Եվ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով... 
Աղաչանք, Հիվանդ, Տժգույն ու Լալկան.
Յուրաքանչյուրը ինչպե՞ս է տխրել, 
Ինչպե՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով... 
         Դարբին ու Երկաթ.
         Ինչպե՞ս էր զնգում, 
         Ինչպիսի՞ սալի, 
Ինչպե՞ս էր մարդու հոգին պար ածում... 
         Հովիվ ու Ոչխար.
         Ո՞նց էր շնկշնկում, 
         Ի՞նչ քար ու սարի, 
Ի՞նչ շշուկով էր հոտը արածում...
 
Եվ նա վիրավոր աչքերն է թարթում: 
-Թո՛ղ ժամանակը անշտապ վազեր: 
Իսկ աչքերի դեմ՝ քնած թե արթուն՝ 
Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր: 
         Խազեր Ձայնուժի. 
         Աստված չի՛ հուշի... 
         Խազեր Բանալի. 
         Ի՛նքդ ման արի... 
Խազեր Կոչական ու Կետադըրող. 
         Մի՛ հուսահատվիր, 
         Կարո՛ղ ես, կարո՜ղ... 
Խազեր Կիսանիշ և Ամանակի. 
         Կարիք ես զգում 
         Լոկ... ժամանակի՜...

ՂՈՂԱՆՋ ՄԵՂՍԱԿԱՆ

Իսկ ժամանակը իրենն էր անում: 
 
Ամիսներն ամսին՝ անցնում են տարիք, 
Եվ զգում է նա... այդ ինչի՞ կարիք... 
 
Դեղնած գրքերի փոշին բերանում՝ 
Նա դուռն է բանում իր խոնավ խցի 
Ու դուրս է գալիս՝ փոքր-ինչ օդ ծծի: 
 
Կանաչ բնառվից անվայել թռնում 
Եվ այգիների ճամփան է բռնում: 
 
Ճամփան տանում է դեպի Արարատ, 
Դեպի Մայր Արաքս՝ ճոխ դաշտի միջով: 
 
         Գարուն է գալիս: 
         Օդը՝ անարատ, 
Բույրով ու թույրով, լույսով է առատ 
Ու նրա ջահել սրտի պես՝ ճիչով: 
 
         Գարուն է գալիս: 
 
         Ձներն են լալիս,
         Որ առու-առու՝ 
         Կրքից պղտորված, 
         Իրար գիրկ վազեն: 
 
Բացվող գարնան հետ վերադառնալիս՝ 
Զույգեր են կազմում տատրակը, բազեն: 
 
Ծառեր ու խոտեր ծաղիկ են տալիս, 
Որ բնազդական-բուսական սիրով 
         Իրար փոշոտեն: 
 
         Որսի դուրս գալիս՝ 
Քիչ է մնում թե գազաններն անգամ 
         Իրար հոշոտեն: 
 
         Իսկ սի՛րտը, սի՜րտը... 
         Իսկ սիրտը մարդու, 
Սիրո հովերից այլևըս արթուն, 
Գարնան գետի պես մերթ՝ վարար հորդում, 
Մերթ անձրևի պես լալիս է-լալի՜ս, 
Ուզում է մեկին ասել.
         «Ցանկալի՜ս», 
Ուզում է մեկին խեղդվելով ասել. 
         «Իմ երա՜զ ու սե՛ր, 
         Դու ե՞րբ ես գալու»... 
 
         Գարուն է, գարուն: 
 
Դաղձի բուրմունքից հարբել է առուն 
Եվ ափերին է մի գլուխ զարկվում ութաձև քայլով, 
Ինչպես գինովն է խփվում պատերին: 
Նայողի աչքը խտուտ են ածում գույնով ու փայլով 
Խլվըլան փնջեր կարմիր պուտերի, 
Կապույտ անմոռուկ ու խորոտ-մորոտ: 
Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ՝ 
Բարեգութ դահճի ձեռքով գլխատված շարքն է թթերի, 
Որ արդեն խուրձ-խուրձ շիվեր են տվել՝ 
Մեկի տեղ քսան ու դեռ ավելի, 
         Եվ հեռվից հիմա 
Նման են արդյոք... մի փայտե պոչով մեծ ցախավելի՞, 
Որ բիլ երկնքից պիտի որ - ա՜յ-ա՜յ - ամենավերջին 
         Ամպերը ջնջի, 
Թե՞ կոթի վրա տնկված վրձինի, 
Որ բիլ երկինքը ուր որ է պիտի կանաչ դարձընի... 
 
Նա ինքնամոռաց գնում է առաջ: 
 
Հրավիրականչ շեփորի նման՝ 
Հնչում է ցուլի կարոտի բառաչ... 
Եվ ջրից թափուր սափորի նման՝ 
Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի: 
 
Այգիների մեջ թաղված Տաճարի 
Գմբեթն է միայն հեռվից երևում 
Ծաղկած ծառերի գլխավերևում՝ 
Անհայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բույնի նման: 
 
Մի վաղուց ջարդված կավե հին աման, 
Նա՛ էլ չի փրկվել գարնան վարակից. 
Նրա շուրջբոլոր մամուռն է քաշել կանաչ պարագիծ: 
 
Վիրավոր սնձի բացված երակից 
Տաք արյան տեղակ պաղ կաթ է ծորում: 
Դեղձենիների անբոց կրակից 
Կայծեր են թռչում դիմացի ձորում: 
 
Իսկ մամռակալած վիմափոր գուռին 
Մի հին փչակված-բնաքանդ ուռի 
Ծեր մուրացկանի ձեռքերի նման 
Իր կոշտուկապատ ճյուղերն է մեկնել 
Ու սրթսրթում է կարծես թե քաղցից... 
Եվ դաշտն են ելել հարս ու աղջիկներ, 
Որը՝ սիբեխի, իսկ որը՝ դաղձի: 
         Մերթ հեռանում են 
         Ու մերթ՝ կուտակվում, 
         Մեկ կռանում են 
         Ու մեկ՝ շիտակվում, 
Մերթ՝ ուրախ ճիչով, ասես կարոտով՝ 
Իրար են պարզում լխտիկ թևերը, 
Ցուցադըրում են, կարծես թե դիտմամբ, 
Փակ մարմինների բոլոր ձևերը, 
Որ... աբեղայի սիրտը խռովեն, 
Որ... աբեղային անհուր խորովեն, 
Որ... աստված ու նա կռվեն-խռովեն... 
 
         Եվ մի անօրե՛ն, 
         Մի անվանելի՛, 
Անանվանելի՜ ինչ-որ զգացում 
Կպչում է նրա սրտին ու անձին՝ 
         Կաթի պես սնձի: 
Նա շրթունքներն է ակամա կրծում, 
         Որ ցավը օգնի: 
         Իզուր է կարծում, 
Թե ամենազոր գարնան դավերին 
Կհաղթի ուժովն ինչ-որ ցավերի: 
Եվ, ճարահատյալ, աչքերն է գոցում, 
Որ սատանեկան տեսիլքն ավերի, 
Բայց մթությունը... սա էլ իր սևով 
Նրանց վառվըռուն ձևերն ընդգըծում, 
Մաքրագըրում է, շեշտում ավելի: 
 
Խաչակնքել է ուզում աբեղան, 
Բայց նրա աջը շարժվել չի ուզում, 
Ուզում է կանչել մի բերան «մեղա», 
Բայց... կապ է ընկնում և խոսնակ լեզուն: 
Եվ, բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ, 
Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք, 
Որ չտըրոփի այդպես խենթորեն, 
Որ չտըրոփի և... չտըրաքի՝ 
Պղպըջող գինու ափեափ լեցուն սափորի նման: 
Մինչդեռ անվտանգ խուցի դարակին
Ննջում են տաղեր՝ կարոտ հորինման,
Մինչդեռ անփորձանք խուցի դարակին
Կարոտով նրա ճամփան են պահում
         Անլեզու խազեր:
 
Նա ետ է դառնում, ուզում է վազել,
Գնալ ու նորից վերծանել համառ,
Որ ցավն աչքերի թերևս մի օր
         Փոխարկվի մի նոր
         Ցնծուն հանդեսի՝
Իր, ուրիշների... ականջի համար:
 
Նա ետ է դառնում իր ճամփի կեսից,
Որ գնա կրկին աչքի լույս մաշի
Եվ մի կերպ պրծնի իր սրտին կպած
         Այդ կաթից սնձի,
         Սոսնձից,
         Խեժից,-
Եվ այդ վայրկյանին հանկարծ՝
         Սոնա՜ յար,
         Սոնա՜ յար,-
         Թնդում,
         Ու երգը խնդուն
Ընկնում է ետքից ու հետապնդում,
Կախվում է նրա փիլոնի փեշից,
Թառում է նրա փակված կոպերին,
Հալչում է նրա այրվող ափերին,
Ոտքերի առաջ թավալ է տալիս՝ 
Ճամփան է փակում և հիշեցընում, 
Թե Վարդավառն է վերստին գալիս. 
         Սոնա՜ յար, 
         Սոնա՜ ... 
Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում, 
Ծաղիկների պես դաշտերով ցանում 
Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին. 
         Սոնա՜ յար, 
         Սոնա՜ ... 
 
Քայլը հնչում է նո՛ւյն չափով՝ 
         Սոնա՜ ... 
Կուրծքը շնչում է նո՛ւյն չափով՝ 
         Սիրո՜ւն... 
 
...Ու երբ, հոգնատանջ, աքլորականչին 
         Նա լուռ ննջում է, 
         Ինչ-որ մի Սոնա 
Գալիս է թեքվում նրա ականջին 
         Ու շշնջում է, 
         Թե սարալանջին 
Պառկած է քույրը՝ անունը Խումար,
Ու երեսն էլ բաց՝ տեսնելու համար: 
...Շողերով հինված իր գորգը թողել, 
Առվի արծաթով երեսը ցողել, 
Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝ 
Բոլոր գլուխը պսակած ծամով, 
Աչքերը նման սուրբ աստվածամոր: 
-«Իսկ դու՝ անխելքըդ, վախենամ քնես, 
Վախենամ քնես, քնով ընկընես՝ 
Արտերըդ մնան առանց հերկելու, 
         Ու երբ վեր կենաս, 
         Վազեվազ գնաս՝ 
Հա՜ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս,- 
         Խումար-իդ առան, 
         Սոնա-իդ տարան, 
Շողեր-ըդ մնաց առանց գրկելու»... 
 
Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադեմ:
...Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո թևերը կանթել, 
Կանգնել է իրենց կալի պռնկին: 
Քամին խլում է նրա մինթանան, 
Որ նրա թմբլիկ ծնկները բանա 
Ու ցույց տա խալը՝ ծալի մեջ ծնկի: 
Հետո այդ խալը դառնում է հանկարծ մի պուտ սև թանաք
Այն Շարակնոցում Սաղմոսավանքի, 
Ուր այդ կաթիլից իրար են ձուլվել զարդախազերը... 
...Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը, 
Եվ այդ մազերը - լարերի նման - 
Ձգվում են մինչև ոտքերը նրա, 
Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի 
Այդ հարսը հանկարծ... դառնում է տավիղ, 
Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն տավիղի վրա 
Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը: 
Ուզում է որսալ ու ձայնագըրել 
(Ա՛յ, հիմա՜- հիմա՜ լռած խազերի 
Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի 
Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի), 
Բայց մինչ այդ արդեն նախանձոտ քամին այնպես է փչում, 
Որ կտրատելով լարերը բոլոր՝ 
         Վերև է ցցում. 
         Հիմա ո՛չ տավիղ, 
Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը: 
Հիմա հուրհըրան բոցեր են թվում դեղձան մազերը, 
Դեղձան մազերը թվում են հուր վառ՝ 
Բարակ ծխի հետ պարզված երկնքին: 
Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ
Ու շուրջը փռում բուրմունքը խնկի: 
Աղջիկը բուրվա՞ռ,- որտե՞ղ է լսված... 
Բայց հանկարծակի քամին դադարում 
Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում 
(Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր աստված)... 
Ու դարձյալ նրա մազերը դեղձան, 
Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան. 
         Բուրվառ չէր արդեն, 
                  Այլ կրկին 
                  Մի կին, 
         Բոցավառ մի հա՞րս, 
         Թե՞ խարտյաշ աղջիկ, 
Եվ տղամարդու հայացքից ազդված՝ 
Պտույտ է գալիս, որ թողնի փախչի 
(Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)... 
Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝ 
Սուրացող հարսը մինթանի փեշով 
Պտտահողմի պես սյուն փոշի հանում 
Եվ թեպետ - շո՜գ է - քիչ զով է անում.
Բայց մի սեղման բուռ փոշի է ցանում 
         Խեղճի աչքերը... 
         Ու նա քնի մեջ 
Ձեռն ակամայից աչքին է տանում, 
Որ կսկըծում է ու մրմըռում է: 
Աչքերը ձեռքով նա ճմըռում է, 
         Քնից արթնանում...

ՂՈՂԱՆՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

Հետևում է տարին տարուն, միտքը՝ մտքին, 
Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին: 
Ապրում է նա աչքը՝ գրքին, 
         Ուշքը՝ երգին: 
 
         Ե՜րգ և ուսո՛ւմ, 
Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՛ւմ... 
Մինչ օրերն են համըր հոսում՝ 
Մտքի հետ է միտքը խոսում. 
-Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի, 
Գուցե մի օր և վերծանի, 
Ու ժողովուրդն ապերջանիկ 
Նախանձելի բախտ ստանա, 
Աղքատացած մի ընտանիք 
Ծով գանձերով հարստանա: 
 
Բայց խազն է խազ ու գիրքը՝ գիրք: 
Իսկ գրքից զատ կա կյանք ու գիրկ, 
Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ՝ 
Կենսաթրթիռ, լուսաթաթախ, 
Որ ապրում են, շնչում-հնչում 
Մարդկանց շրթին, իր ականջում. 
Որ կենդանի մարդն է հյուսում 
Ու կենդանի մարդուն հուզում. 
Որ հոսել են ու տեղ հասել 
Ու չեն դարձել դեռ Մանրուսում, 
Ու չեն դարձել մեռած խազեր... 
Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն: 
         Այսօր թե կան՝ 
         Վաղը չկան. 
         Շուրջն ամեն տեղ 
         Երգվում են դեռ, 
Բայց երգվելուց թե դադրեցին, 
Խազերի պես, մեկ էլ տեսար, 
Համրացան ու քար կտրեցին: 
 
Որտեղի՞ց են դրանք գալիս, 
Եվ ի՞նչ ճամփով, ո՞ւր են գնում, 
Ի՞նչն է անցնող փրփուր տալիս, 
Եվ ջրի պես ի՞նչն է մնում: 
 
Ի՞նչն է այնտեղ ոգևորիչ, 
Ինչո՞վ է խորթ և հարազատ, 
Ինչո՞վ մոտիկ, ինչո՞վ է զատ 
Աշխարհիկը հոգևորից: 
 
Ի՞նչն է պայծառ, ի՞նչը՝ մթար, 
Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար, 
Ի՞նչն է եղծված կամ անվթար, 
Ի՞նչն է կոպիտ կամ նազելի... 
Իսկ թե հանկարծ այդտեղ գտար 
Բանալիքը մունջ խազերի՞...

ՂՈՂԱՆՋ ՕԾՄԱՆ

         Եվ որտեղ երգն էր՝ 
         Այնտեղ էլ նա էր... 
 
         ...Ուրա՞խ է կյանքը,
         Տխո՞ւր, դաժա՞ն է.
Միշտ ժողովրդից երգն անբաժան է.
 
Նա միշտ երգով է բանում ու դատում, 
         Սիրում ու ատում, 
         Վիշտը փարատում. 
 
         Երգով է ուրախ, 
         Երգով է տխուր, 
Երգով է վառվում, երգով է մխում. 
 
Երգով է նա միշտ վարում ու հերկում, 
         Մանում ու ներկում, 
         Երեխա գրկում.
 
         Երգով քաղում է, 
         Աղում-մաղում է. 
Երգով է կնունք, հարսանիք անում,- 
 
Երգով է օրը բացվում-տաքանում, 
Երգով է նորից օրն իրիկնանում...
 
         Իսկ նա՜... 
 
         Այդ ե՞րբ էր, 
         Այդ ե՞րբ էր, 
         Ե՞րբ էր. 
Տասներկուամյա թշվառ մի որբ էր, 
Երբ ձեռքից բռնած Ճեմարան բերին, 
Եվ որբուկ Սողոն Սողոմոն դարձավ: 
 
Ու չար թե բարի այդ ճանապարհին 
Ե՛վըս տասներկու բոլորակ տարի 
Ճեմարանի մեջ եկավ ու անցավ, 
Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձավ՝ 
         Ի խոր հարգանըս 
Այն հոգեզվարթ կաթողիկոսի, 
Որ տասներկու դար դրանից առաջ 
Ապագա հունձի հունդերը ցրած՝ 
         Ծիրը բաց արեց 
Հայոց մեղեդու անթաղ ակոսի: 
 
         Նա բանաստեղծ էր 
         Ու երգաստեղծ էր. 
 
         Նա ուներ վառ ձայն 
         Ու նվագման ձիրք.
 
Եվ իր անվան հետ թողեց մի արձան՝ 
         Խոսուն, 
         Բայց անձայն՝ 
«Նուիրեալք անձինք»: 
 
Ձգվել էր դարը, ու երկարաձիգ 
Դարի ետևից նորն էր սողացել. 
 
         Եվ հայ մեղեդին 
         Դար-դարի վրա 
Կրակի նման վառ փողփողացել, 
Տարուբերվել էր ծփան գետի պես, 
         Շեշտվել նետի պես, 
         Մխվել սրտերում 
         Ու դողդողացել: 
 
Աշխարհասըփյուռ հայոց թեմերի 
Պատարագատու բոլոր բեմերին 
Քանիսնե՜րն էին մի պահ շողացել, 
         Քանիսներն էին... 
 
         Եվ սակայն ոչ ոք 
Հայոց հինավուրց կաթողիկոսի անունը երբեք 
Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծա, 
         Ո՛չ էլ գողացել:
 
Եվ հիմա - հանկա՜րծ - հայոց նորընծա 
         Երկրո՛րդ Կոմիտաս, 
         Որ Հայրապետի 
         Անվանը պիտի 
         Ամենայն ինչում 
         Տա նո՛ր մի հնչում, 
Սուրբ հիշատակը մշտավառ պահի: 
 
Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին, 
Թե այդ նորընծա-նոր Կոմիտասը 
Պիտի մոռանա իր պարտավորիչ 
Անխոս ստացած պատվիրան դասը՝ 
Պիտի նա մի օր երախտավորից 
Յուրովի դառնա մի չար ապերախտ՝ 
Պիտի կողոպտի մի թափուր դրախտ. 
 
         Հոգևոր պապի՝ 
         Իր անվանատուր 
Կաթողիկոսի անունն ստվերի, 
Հակառակ անխոս տրված պատվերի՝ 
Եվ հիշատակը մոռացության տա, 
Իր շենշող կյանքի կարմիր բոցերով 
Մատիտի նման թավ ընդգծելով 
Իր մեծ նախորդի մեռածության տակ...

ՂՈՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐՅԱ

Եվ որտեղ երգը՝ այնտեղ էր հիմա և Կոմիտասը:
 
Նա՛, որ դեռ երեկ, իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու,
Երգչախմբի մեջ մեներգ էր միայն վսեմ տարածում
Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը,-
Հիմա դարձել էր խմբավար վանքի,
Դարձել էր հիմա երգի դասատու:
 
Թեթևանում էր երբ աշխատանքից, 
Ծառայությունից օձիքն ազատում, 
Հեռանում էր նա խուցից ու վանքից, 
Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում: 
 
Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ, 
         Ամենո՛ւր ու միշտ, 
         Ուր հայն էր շնչում: 
 
...Ինչպես աղջիկն է հանկարծ հարսնանում՝ 
Գարունն էլ այդպես դառնում է ամառ. 
Համբարձման տոնը պաղ հովն է տանում 
         Ու տեղ է բանում, 
         Որ գա Վարդավառ: 
 
Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր, 
         Կանաչ ու ծաղիկ, 
Գերանդիներն են սրվում-բթանում, 
Եվ ծլարձակման հաղթ օրենքի դեմ 
Կարճ հաղթանակ է վերստին տանում 
         Ոգին խոտքաղի: 
Բայց քիչ առաջվա մարտում կատաղի 
Յուրաքանչյուրը մի անգութ մարտիկ՝ 
         Հիմա տմարդի 
         Նույն տղամարդիկ 
Ասես գթության եղբայր են դառնում՝ 
Իրենց ավշաքամ զոհերին առնում 
Իրենց իսկ ուսին, իրենց շալակին,
Խնամքով դարսում սայլ-պատգարակին, 
         Ջորուն են բառնում 
         Կամ ավանակին,- 
Եվ մեռած խոտեր, ծաղկունք մահացող 
Գերեզմանի տեղ մարագ են գալիս, 
Որ այնտեղ դառնան բույրի պահածո: 
 
Շոգը, որ մինչ այդ հյուր էր ցանկալի, 
Աներեսորեն դառնում է տանտեր 
Ու խռովեցնում կնկան ու մարդուն: 
Անբոց վառվում են արոտ ու հանդեր, 
Արծաթ է հալում վաղահաս գարին, 
         Այնինչ հաճարի, 
         Ցորենի արտում 
         Հասկերը հասուն, 
         Հասկերը հոսուն, 
Յուրաքանչյուրը մի հրե լեզու, 
Ձգվում են վերև, կարծես թե ուզում 
Մոտիկ երկնքի կապուտակ ծովից 
         Զովություն ըմպել, 
         (Ինչպե՜ս չէ՝ կըմպես) , 
Չեն ըմպում սակայն, այլ միայն լիզում 
Եվ անմիջապես քաշում են լեզուն, 
Երբ հասկանում են բուսական խելքով, 
Որ մինչև անգամ երկինքը ծավի 
Նո՛ւյնպես կապտել է անհագ ծարավից... 
 
Ամառվա արփին այնպես է կիզում, 
         Որ արևի տակ, 
         Թեկուզ անկրակ, 
Եթե ուզում ես՝ «իշխան» տապակիր. 
Անշարժանում են լճեր ու լճակ, 
Դառնում են կարծես կապույտ ապակի, 
Մինչդեռ նրանց տեղ օդն է ծփծփում ալիքով հրե, 
Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում. 
-Հո՜վ արեք, սարեր... 
         Սարերը սակայն 
Հովը պահում են հոտերի համար և սարվորների, 
Որ գյուղը թողած՝ սար են բարձրանում: 
Պղնձի նման հողն է կարծրանում,
         Ու երգն էլ հիմա 
         Աղոթքի նման
         Երկինք է թռչում, 
         Ամպերին կառչում. 
-Մի քիչ զո՜վ արեք... 
 
Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն 
Եվ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն, 
Եթե բովանդակ երկնակամարին 
Դեղի համար էլ ամպիկ չես ճարի: 
 
Եվ աշխատանքի ոգին է կրկին 
Խելահեղորեն տիրում ամենքին: 
Գյուղացիները, տղամարդ թե կին, 
Հավ-աքլորի պես զարթնում են հիմա 
Գիշերը դեռ կես և ոչ թե ծեգին 
Եվ, աքլորների-հավերի նման, 
Իրիկնանալիս՝ դեռ հացը բերնում՝ 
Չե՛ն թառում - օ չէ՜ - հոգնած ու դադրած 
Ոչ թե քնում են, այլ կարծես մեռնում.
Իրենց խշխշան անկողիններին 
         Քրիստոսի պես 
         Խաչվում են այնպես, 
         Որ կրկին շուտով 
         Հարություն առնեն 
          Եվ կիսամութով 
         Վերստին բռնեն 
         Նույն աշխատանքի 
         Վառվռուն պոչը 
         Ու նորից խառնեն 
         Հրդեհին ծեգի 
Իրենց աչքերի հրավառ բոցը, 
Եվ որ քրտինքի շիթը ծորացող 
Անվերջ շտկըվող - անվերջ կորացող 
Իրենց թիկունքին վազի մանեման՝ 
Ճամփան կորցըրած մրջյունի նման... 
 
Եվ աշխատում են մրցման մեջ մտած, 
Աչքերը հույսից ու երազից թաց, 
         Ու հետն էլ երգում. 
          -...Զո՜վ արեք մի քիչ... 
 
         Հովից են երգում, 
          Զովից են երգում, 
Որ շուտ չդադրեն տաքից ու շոգից: 
 
         Իսկ շո՛գը, տա՜քը, 
         Իսկ տո՛թը, տա՜պը... 
         Թո՛ղ որ շները՝ 
         Բները մտած, 
Շոգից շնչասպառ՝ լեզուն դուրս գցեն, 
Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն. 
Կարծես սխալմամբ կրակ են կրծել 
         Եվ հիմա, իզո՜ւր, 
         Ործկալ են ուզում... 
 
Շոգի սիրահար դդումներ ցմփոր 
Թո՛ղ որ թխսի պես նորից ետ տանեն 
Փարթամ թևերը իրենց թաղերի 
Եվ ճտերն իրենց ետևը գցած՝ 
Ցանկապատն ի վեր արևկող անեն, 
Թառեն էյվանի փայտե ճաղերին... 
 
Ուրիշի աչքին խիստ ծիծաղելի 
Արևածաղկի մի պուճուր գնդիկ, 
Կապկելով հսկա մեր երկրագնդին՝ 
Երկրագնդի պես ծանրորեն ու լուրջ 
Թո՛ղ որ պտտվի ինչպես արևի, 
Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ՝ 
Անշարժ պահելով ծաղկատերևի 
         Դիրքը նախնական... 
 
Թո՛ղ որ շոգն իրոք չարամտորեն 
Մարդկանց խեղդելու մահափորձ անի, 
Եվ շուք ու շվաք տան վկայություն,- 
Միևնույնը չէ՞ գյուղացու համար, 
Թե նա մեռնի էլ՝ պիտի գործ անի, 
Քանի որ ամա՛ռ, ամա՛ռ է, ամա՜ռ... 
 
Խեղճ այրի կնոջ անծեփ-անսվաղ տանիքի նման՝ 
Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում. 
Պիտի հավաքել-փռել տանիքին 
         Շեկ ծիրանները՝ 
Մանրակոտորակ արևների պես, 
         Սև սալորները՝ 
Եզան աչքերի միամիտ փայլով, 
Եվ կորիզահան դեղին դեղձերը՝ 
Անանուն ծաղկի փերթերի նման... 
 
          Սայլը բեռնաբարձ՝ 
Ծանր խրձերից խղճուկ ճռռալով՝ 
Անիվի կունդից իր մաշված սռնու 
         Քիթն է մերթ հանում 
         Ու մերթ՝ ետ տանում, 
Աղուրի փոշում, լորձունքի նման, մազութ ծորալով: 
 
Իսկ ջառջառների սեպերը երկաթ, 
Քար ատամները գիշատիչ կամի 
         (Ծամի հա՜ ծամի) 
Հաշանն են ծամում, հաշանը ոսկե, 
Որ չուզենալով դարմանը խառնել 
Սրսուռ ցորենի արևահամին, 
         Մի բան է տենչում՝ 
         Էրանի քամի. 
         -Սարե՜ր ջան սարե՛ր, 
         Մի քիչ հո՜վ արեք... 
 
         Իսկ քամին 
Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել՝ 
Քանի ամիս է՝ հերանց չի գալիս, 
Իսկ եթե եկավ՝ չի ուզի գնալ. 
         -Օտար դո՞ւռ ընկնեմ, 
         Լավ է ջո՜ւրն ընկնեմ... 
 
Մղեղն է թառում պատահած տեղում և ամեն ինչի, 
Մինչևիսկ վանքում կիսաբաց ննջող Աստվածաշնչին. 
         -Մեղա՜ քեզ... 
         Աստված բարին կատարի: 
 
         Իսկ բարին՝ 
Թառած դեզի կատարին, 
(Պարզ խրտվիլակի ծիծաղկոտ տեսքով) 
Ծտի պարսերն է շեղջերից քշում. 
         Իսկ բարին՝ 
Մաղված ցորեն-գարու հետ 
Փայտե ամբարի դռնով է խշշում: 
         Մեծ կարասները 
Ծույլ հորանջում են դատարկ մառանում, 
         Բայց վնաս չունի՜, 
Խաղողի վազն է կրկին մայրանում. 
Ճութը, ծոցի պես, ուռչում է հյութից 
Եվ օգոստոսյան եռացած օդից 
         Ու խեղդող տոթից 
         Շնչահատ արդեն, 
Մի պահ զրկվելով աբուռ-ամոթից, 
Անզգուշորեն կոճակն է բացում զմրուխտ թփերի.- 
         Հերն էլ անիծած. 
         -Ի՞նչ անեմ, Մարե՛, 
         Արևն ինձ կերե՜...

ՂՈՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ

         Բայց ահա
Նաև շոգն է կոտրվում՝ գոռոզության պես, 
Եվ տեղը զիջում իր գինն իմացող համեստությանը: 
         Կապող անձրևի միջամտությամբ 
         Երկիր ու երկին 
         Գրկվում են կրկին՝ 
Վերջ տալով իրենց սուր գժտությանը:
 
         Եվ աշունն էլի,
Չարչիների պես ու բոշաների, 
         Տեղից-տեղ գնում, 
         Դռներ է ընկնում 
Եվ զբաղվում է իր ներկարարի սիրած փեշակով: 
 
Չարչին բարձրականչ կհպարտանա 
Իր հուլունքների հազար տեսակով,
Ասեղ ու շյուղեր, ծամոն կծախի 
Պառավ տատերին, հարսներին շարմաղ: 
Բոշան ցորենով զամբյուղ կփոխի 
Եվ ինչով ուզես՝ մեծ ու փոքր մաղ: 
         Մինչդեռ աշո՜ւնը... 
         Նա բա՛ն չի ծախում, 
Օդ ու եղանակ, գույներ է փոխում: 
         Մինչդեռ աշո՜ւնը
         Միայն բաշխում է՝ 
         Ցորեն ու գարի, 
         Խմիչք ու փշատ, 
         Հազա՜ր մի բարիք 
         Եվ, ամենից շատ, 
         Անվարձ ու ձրի 
         Միայն նախշո՜ւմ է... 
 
Եվ այնպես դանդաղ, որ չես նկատի. 
Ավելուկների ծամերը կանաչ 
Էյվանի դեմքին ու տան ճակատին 
Դեղնում են հանկարծ, դառնում անճանաչ: 
 
Ու քաղցրությունից ճաքող սեխերի 
         Անուշ բուրմունքով 
Օծվում են կրկին բոստան-բաղերը, 
Իսկ ձմերուկի կերված ճաղերը - 
Լուսնի հաստ-բարակ փուլերի նման - 
Հող ու փոշով են ամպոտվում հիմա: 
 
Ընկուզենիներն իրենց սաղարթով 
Այնպես են մեկից դառնում հուրհուրան, 
Կարծես թե լինեն հսկա ծխամորճ, 
Եվ որպես ծխի առկայծող քուլա՝ 
Մշուշն է սողում դաշտերի վրա 
         Ու պտույտ տալիս 
Ծերուկների պես պպզած լեռների 
Սանըր չտեսած-փռչոտ գլխի շուրջ:
 
Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ 
Իրենց սաղարթն են աշխատում կոճկել լիրբ քամու հանդեպ, 
Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին 
Պատրաստ են իսկույն իրենց լաչակը գլխներից քանդել՝ 
         Մարդաթող հարսի, 
         Լաչառ կնկա պես: 
         Նորից, իսկապե՛ս, 
         Աշուն է, աշո՜ւն: 
 
Նորից սանդի մեջ ծեծում են կորկոտ, 
         Ձավար են խաշում, 
Տաք հնձաններում ճմլում են խաղող 
         Ու գինի քաշում: 
         Նորից արիշտան, 
Որ ձողերին են շարեշար փռել, 
Թաց՝ օրորվում է լուռ ու անշշուկ, 
         Չորացած՝ խշշում 
         Ու փշուր-փշուր 
         Թափվում է գետին՝ 
         Խսիր-կարպետին: 
 
Քամին կարծես թե բան է կորցըրել 
Եվ որոնելով ավլում է գետինն 
Ու տեղից-տեղ է խաշամը քշում: 
Եվ տերևների հաստ ծածկույթի տակ 
         Առվակ ու վտակ 
Հոսում են ոչ թե խշշոցով ջրի, 
Այլ կարծես անվերջ տժտըժում-թշշում՝ 
Իրենց մեջ ընկած բոց տերևների 
         Չմարող հրից: 
 
Սերկևիլները սրտի թրթիռով 
Վերջինն են լքում անխռով այգին 
Ու տեղափոխվում-մտնում են սնդուկ, 
Որ հաստակաշի ու կողքապնդուկ, 
Զառ խնձորների հարևանությամբ 
Պլըլվել սիրով ու գորովագին 
Կանանց պահուստի շորերին փոթ-փոթ 
Եվ իրենց բույրը խենթորեն խառնեն 
Նրանց մարմնային բուրմունքին տարփոտ: 
 
         Աշուն է, աշո՜ւն:
 
         Լուսաստղը հիմա
Նույնիսկ ցերեկվա դռներն է մաշում 
Եվ ճառագայթուն ու մեծ է այնքան, 
Կարծես թե բացված հովհար է որ կա: 
         Հովհարը սակայն
Ո՞ւմ է հարկավոր, երբ շոգ չէ արդեն, 
Երբ եղանակը այնքան է ցրտել, 
Որ նորից ահա տան խոնավ օդից 
Մինչ աղը լալիս՝ լավաշն է ծաղկում, 
Իսկ պաղ եղյամի հալվելուց հետո 
Կալում մնացած կույտը ծղոտի 
         Կպչում է իրար, 
         Կարծես թե թաղքում
Մազերի նման շեկլիկ աղջըկա:
 
Անցած ձմռանը նշանվածների կոպերի տակով 
Անհամբերությամբ սահում է հիմա երազանքն այրող 
         Այն հարսանիքի, 
Որ պիտի լիներ, բայց դեռ, ա՜խ, չկա: 
Գիշերվա կեսին ոռնոցն է լսվում 
Հոտ ու նախրի հետ սարից գյուղ իջած անկուշտ գայլերի, 
Իսկ նույնքան անկուշտ ջրաղացների անխոնջ չախչըկան 
Կոչնակի նման կանչելով անվերջ՝ 
Ճամփան է պահում աղունով բարձված սողուն սայլերի: 
         Եվ ահա՛ - 
Կամաց քշեք սելերը... 
         Եվ ահա՛ - 
Աշուն եկավ սարիցը... 
         Եվ ահա՛, 
         Այստե՜ղ - 
Երկինքն ամպել է... 
         Եվ ահա՛, 
         Այնտե՜ղ - 
Էս լուսնակ գիշեր... 
         Եվ ահա՛ -
         Այսպե՜ս՝ 
Միշտ նա է ներկա, 
                  Նա՛ ՝ 
Շինականի հար հավատարիմ, 
         Հավետ անբաժան 
         Մեծ օգնականը. 
                  Նա՛ ՝ 
Շինականի համկալ-ընկերը, 
         Հոտաղ-մշակը 
         Ու... երրորդ ձեռքը. 
                  Նա՛ ՝ 
         Ինքը... ե՜րգը:

ՂՈՂԱՆՋ ԱՀԱԳՆԱՑՈՂ

         Ե՜րգը... 
Կարծես տնից ելած մի պանդուխտ էր բազմաթափառ 
Եվ ուզում էր կրկին փարվել հայրենիքին: 
Հայրենիքն էր... նրա հոգին: 
         Ե՜րգը... 
Կարծես մի թռչուն էր, որ չվելով բնազդաբար, 
Ետ էր թևում գիշերն ի լույս և օրն ի բուն: 
Եվ նրա շեն ականջն էր... բույն: 
 
         Այդ ակա՜նջը... 
         Ջրվորների,
Սարվորների ուրախ կանչը, 
Ձույլ զանգերի ծույլ ղողանջը, 
Առվի հիմար բլբըլոցը, 
Ճրագների պլպըլոցը, 
         Հովի հունչը,
         Թոնրի շունչը, 
Մերժված սրտի խուլ մրմունջը, 
Երազների ու ծաղկունքի փսփսուքը, 
Ողբասացի կոծն ու սուգը, 
         Արտասուքը,
Որ ծնվելով վառ ցավի մեջ, 
         Դուրս չի պոռթկում,
Այլ կաթում է սրտի խորքում, 
Ինչպես մթին անձավի մեջ, 
Եվ այդ ահեղ կաթկթոցը 
Մինչև անգամ քար է ծակում.
Կեսչոր-կեսթաց փայտի նման 
Վառվող հույսի ճթճըթոցը, 
Որ վառ ցրտի դեմ-հանդիման 
Ոնց էլ լինի դուռ է փակում. 
Չարաճճի քամու առաջ 
Տերևների սրսըփումը՝ 
Աշնան վառած անհուր բոցում. 
Նոր մայրացած ստինքների 
Մեկմեկի հետ լուռ շփումը՝ 
Այգու նման բուրող ծոցում. 
Ջրի ճամփին աղջիկների քչփչոցը, 
Մինուճարին հեռու ճամփող 
Մոր խելագար պաչպչոցը, 
Տաք հնձանի կպչուն դռան զիլ ճռինչը, 
Անգըղ տեսած թուխսի սարսափն ու կռինչը, 
Նորածինի ազդարարիչ, հրամայող բարակ ճիչը,-
Ամե՛ն, ամե՛ն, ամե՛ն ինչը 
         Ալիք տալիս, 
         Գալի՜ս-գալի՜ս,
Ծովանում էր այդ ականջում, 
Հազար ձևով այնտեղ հնչում, 
Հետո տանջում ու պահանջում՝ 
Ելնե՜լ-թափվե՜լ սրտերից-սիրտ, 
         Հոգուց-հոգի, 
         Հույզով ցողել 
         Ու ողողել 
         Ամեն ոքի... 
 
Ա՛յն, որ այնպես ցիրուցան էր, 
Կամենում էր լինել հավաք. 
Ա՛յն, որ միայն աղմուկ էր դեռ, 
Ցանկանում էր դառնալ նվագ,
Ա՛յն, որ հնչյուն, անկապ ձայն էր, 
Եղանակ ու երգ էր ուզում,- 
Վարարումի ու հորդումի 
         Ելք էր ուզում:
         Իսկ թղթերին՝
Հազար ու մի երգ-եղանակ, 
         Դարձած նոտա. 
         Իսկ թղթերին՝
Հազար ու մի խաղիկ-տաղիկ 
         Հայաշխարհիկ, 
         Նաև օտար: 
 
         Իսկ թղթից դուրս 
         Որքա՜ն երգեր,
Որ չեն տեսել ձայնագըրող, 
Օտար ժանգը գոնե քերող 
         Հմուտ ձեռքեր: 
 
         Իսկ թղթից դուրս՝ 
         Որքա՜ն-որքա՜ն
Շինականի ձեռքով ցանված, 
Բայց չհնձված-անտեր բերքեր... 
 
Ա՛յն, ինչ ականջն էր հավաքել, 
Ա՜խ, թե հիմա իր շրթունքով 
Կրկնապատկած ետ տար կրկին, 
Սիրով բաշխեր նրանց, ովքեր 
Իրենց արյամբ ու քրտինքով 
Խմորում են տվել երգին: 
 
Իր հետ մեկտեղ այն ժամանակ 
Գյուղացին էլ գուցե երգեր. 
-Հո՛վ , հո՛վ, հո՜վն ընկավ, 
Դարդս ծո՛վն ընկավ...

ՂՈՂԱՆՋ ԲՆԱՇԽԱՐՀԻԿ

Սակայն դարդը խեղճ ու կրակ գյուղացու 
         Եթե անգամ 
         Ծովն ընկավ, 
Նույնիսկ ծովն էլ դարդի վրա գյուղացու 
Իր ծովային աղաջրի փոխարեն 
Կարծես դիտմամբ յուղ ածում, 
Դարդը յուղով է օծում.
Որ... ջրի մեջ չընկղմի 
Ու չդառնա կեր տղմի: 
Կարիքների ալիքային մոլի ծա՜փ, 
Զրկանքների կոհակացող խաղացո՜ւմ,- 
Եվ նույն դարդը ողջ-առողջ 
Շպրտվում է նորից ափ 
Ու... կպչում է գյուղացուն, 
Ինչպես շապիկը մեջքին, 
Տաք քրտինքից թաց մեջքին, 
         Եվ ի՜նչ քրտինք. 
Հիմա արդեն իսկապե՛ս որ աղաջուր: 
 
Զուր է գեղջուկն աղաչում 
Եվ հույսի շողն իր աչքի 
Նետում երկնի հրաշքին: 
         Վերում՝ 
Աստված ծանրականջ, 
         Ցածում՝ 
Աղոթք ու զուր կանչ,
Արտեր՝ պատառ-պատառիկ, 
Սարի լանջին կարկատան. 
Ծխոտ-մրոտ պատ-առիք, 
Բոբիկ ոտներ, հին քաթան. 
Եվ հազար ու մի կարիք,
Հազար ու մի ծակ ու ծուկ. 
Պիտի ուզեն հարսնացու, 
Առնեն շոր ու մատանիք, 
Պիտի փոխեն ծածկը տան, 
Պարտքը մարեն, հարկը տան 
Ու կաշառեն ջրպետին: 
Նաև պիտի... դեռ պիտի... 
 
Պիտի վարեն ու հերկեն, 
         Վարեն-հերկեն 
         Ու երգեն. 
         -Օրհնյա՜լ է աստված. 
         Հիշյա՜լ է աստված...
 
Աքլորը կանչեց գոմի դռանը, 
Դեռ նոր է բացվում աղոթարանը. 
         -Աստվա՛ծ, փառքդ շա՜տ... 
Եզնարած տղան թող անուշ քնի, 
Գութանավորը վեր կենա բանի. 
         -Աստվա՛ծ, փառքդ շա՜տ... 
Գութանն է գնում-գութանն է գալիս. 
         -Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ... 
Ուրախությունից ակերն են լալիս. 
         -Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ... 
 
         Մաճկալը՝ մաճին, 
         Իմ պաչն իր աջին. 
         -Շո՛ւռ տուր, սև՜ արա: 
Հոտաղը՝ լծին, 
Մատաղ վարոցին. 
         -Ձե՛ն տուր, թև՜ արա: 
Հո՛ արա, Շեկո՜, 
Շո արա, Լաչի՜ն. 
         -Մեջը կորդ մնաց: 
Քշիր հա՜, Նիկո՛, 
Դաղի՛ր սատկածին. 
         -Գնաց հա՜ գնաց: 
 
Գնաց հա՜ գնաց. 
         -Ոտըդ լե՛ն արա,- 
Էն էլ ո՜նց գնաց: 
Գնաց հա՜ գնաց. 
         -Տղա՛, ձե՜ն արա,- 
Էլ բան չմնաց: 
 
Արտը լեռ քար է, 
Առը երկար է. 
         -Բայց խոփն էլ սուր է: 
Քաղցած ենք, ծարավ, 
Ա՛յ հարս, ի՜նչ դառավ. 
         -Բա գալըդ ո՞ւր է: 
 
Է-հե՜յ, հորիվա՛ր, ճիպտի՛ն տուր, 
Սևին հո՛ արա, Կապտի՜ն տուր. 
         -Կապո՛ւյտ եզ, չսատկե՜ս հա: 
Թե հո ես անում՝ լա՛վ արա, 
Բերան չես բանում, ա՛վարա. 
         -Վարել ենք արտի վատ կեսը: 
 
Ծիր տանք հա՜ ծրենք, 
Մեր դարդը ցրենք. 
         -Ես քեզ եմ ասում, 
         Սրա՛պ ջան, 
         Հողը սևանա: 
 
Հացն եկավ: Բանանք, 
Ուտենք կշտանանք, 
         Որ, քեզ եմ ասում, 
         Արա՛բ ջան, 
Ուսըդ հովանա:
 
Ձեզ՝ խոտի լավը, 
Մեզ էլ՝ փլավը. 
         -Հորովե՜լ, հո: 
 
 
...Դե՛, ելեք լծենք, 
Խոփը հող գցենք. 
         -Հո՜, հորովե՛լ: 
Նո՛ր ակոս բացենք, 
Խո՛ր ակոս բացենք 
         Է՛լ առավել: 
 
Հաջող է տարին. 
Նամուսով վարի՝ 
         Մեկին յոթ կտա: 
Խոտի տեղ դու, տե՛ս, 
Չոր ճիպոտ կուտես, 
         Ա՛յ եզ անպիտան: 
 
Գիտե՜մ, ոտմաշ ես, 
Ոտերի՛դ մատաղ, 
Բա ե՞ս, Ծիրա՛ն ջան, 
         Իմ սի՜րտն է մաշած: 
Քրտընքախաշ ես, 
Իմ համե՜ղ հոտաղ, 
Բա ե՞ս, Տիրա՛ն ջան, 
         Իմ սի՜րտն է խաշած: 
 
Ականջ մի՛ դրեք. 
         Հո՜ արեք. 
Դարդներըդ ցրեք. 
         Շո՜ արեք: 
 
Դարդը քա՞ր կանի... 
Աստված ճա՛ր կանի. 
         -Հորովե՜լ: 
Աստված ինչ չանի՝ 
Մարդը դի՜նջ կանի. 
         -Առավե՛լ: 
 
Եզո՜, շո՛ւտ արա, ո՜տ արա, ախպե՜ր, 
Դադրած մաճկալը քո ցա՜վը տանի. 
         -Պրծնենք ու գնանք: 
Վրան են զարկել սև ու մութ ամպեր, 
Ձեռ ու ոտ արեք, ա՛յ, անձրև կանի. 
         -Մոլո՜ր կմնանք: 
 
Ուժ տուր՝ վերջանա, 
Ջանըդ դինջանա. 
         -Հո՜ արա, էյ ե՛զ: 
Վարենք ու ցանենք, 
Խոփը դուրս հանենք. 
         -Լինենք պարզերես: 
 
Թող չկտրվի ակի ճռինչը, 
Գութանի անուշ ճլվստիկ ձենը. 
         -Իր ձենի՜ն մատաղ: 
Առանց գութանի աշխարքը ի՞նչ է, 
Նրա վրա է աշխարքի շենը. 
         -Իր շենի՜ն մատաղ: 
 
Հո՜ արա, եզո՛ ջան, հորովե՜լ, 
Ծարավ ես՝ ես էլ եմ ծարավել, 
Դադրած ես՝ ես քեզնից առավել, 
Ինձ էլ է արևը խորովել. 
         -Հորովե՜լ: 
 
Թե մեզնից աստված է խռովել՝ 
Աստըծուն ձեն կտանք առավել. 
         -Օրհնյա՜լ է աստված, 
         Հորովե՜լ. 
         Հիշյա՜լ է աստված, 
 
         Հորովեեեե՜լ...

ՂՈՂԱՆՋ ՑԱՎԻ ԵՎ ԲՈՂՈՔԻ

Մեր խելքն էր մեզնից խռովել. 
Մոռացած Կալերգ, Հորովել, 
Մոռացած խաղիկ, զվարթ տաղ՝ 
Նեյնիմ-ով ու Բեյթ-ով էինք 
Շատերս մեր հոգին պարպում.
Թողած մեր գինին անխարդախ՝ 
Օտարի շերբեթ-ով էինք 
         Մեզ խաբում 
         Եվ ոչ թե հարբում: 
 
         Մենք կայինք, 
         Մենք Դավիթ էինք, 
Սակայն դեռ մեզ չգիտեինք. 
Դեռ պառվի շաղգամի արտում 
         Քիչն ուտում, 
         Շատն էինք ջարդում՝ 
Մանկորեն ոտքի տակ տալիս: 
Եվ մեկը պիտի գար ահա, 
Մեզ նորից կայծակը տար թուր 
Ու թամբեր Քուռկիկ Ջալալի, 
Տար նաև մկունդ ու վահան, 
Որ... Մսրա նվոցին ընդդեմ 
Զգայինք մեզ Ձենով Օհան: 
 
Սկզբում ինքն էլ վարանում՝ 
Գործում էր, բայց դժվարանում 
Իր գործին տալ հարմար անուն: 
Եվ ահա իր գործը նաև 
Ստացավ անունն իր վայել. 
-Աշխարհում դուք ձե՛ր երգն ունեք, 
Ձե՜ր երգը, խլացա՛ծ հայեր... 
 
...Ու թե հայ խաղի ու տաղի հանդեպ 
Խլացել էին մեզնից շատերը, 
Եթե մերային խեղճ ու վատերը 
Մեր արդար հացն ու պանիրը թողած, 
Աչք էին տնկում օտար փախլավ-ին, 
         Ապա օտարը՝ 
         Ամենա՜յն սիրով, 
         Ապա օտարը՝
         Խոսքերո՛վ, 
         Գրո՛վ - 
Թաքուն-բացահայտ մեզ էր բանսարկում՝ 
Մի ամբողջ ազգի հեշտորեն զրկում՝ 
Իր անկապտելի երգից ու պարից, 
Մի ողջ ժողովուրդ կապում օտարից, 
Օտար դռանը տնփեսա սարքում 
Մի տղամարդու, որ շեն տուն ուներ, 
         Տան մեջ սյուն ուներ, 
         Սյան վրա՝ տանիք 
Ու տանիքի տակ՝ հսկա ընտանիք, 
Որ, ճիշտ է, գիտեր հյուրեր ընդունել, 
Բայց գիտեր նաև ճանապա՜րհ դնել, 
Ու թե կտուրը կաթեր անձրևից՝ 
Գիտեր վերստին պատել սվաղով... 
 
Մինչդեռ խուլ, անլուր, և կամ չարալուր 
Ականջներն օտար միշտ հակված էին 
         Հայոց երգի մեջ 
Լսել սոսափը պարսկազենդական, 
         Հայոց տաղերում 
Որսալ մեղեդին հույն-բյուզանդական,
         Հայոց խաղերում՝ 
Թուրք-թաթարական բայաթի-շարքի-ն: 
 
Հայերն աշխարհում բանսարկված էին. 
         Սրերից հետո, 
         Թրերից հետո՝ 
Հիմա էլ լեզվի թունավոր նետով - 
                  Ա՛ռ - 
         Զարկված էին... 
 
Քեզ հարվածողին որպեսզի զարկես 
Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես, 
Պիտի զարկողին իր զարկից զրկես: 
 
Թե ոստայնի պես ստեր են հյուսում, 
Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում, 
Պիտի սովորես ստողի լեզուն: 
 
Իսկ նա շատ հաճախ ինքն էլ էր զգում, 
         Որ իր հաղթ բազկում 
Տալիք հարվածի թափը պակաս է. 
Դատապաշտպանի իր լեզուն արդար 
         Պտտում է հազիվ, 
Պտտում է այնպես, կարծես կակազ է: 
 
         Մինչդեռ ուզում էր 
         Ու երազում էր 
Պաշտոն ստանալ և դատախազի.- 
Աշխարհի առաջ բարձրանալ տեղից 
         Ու հատ-հատ ասել. 
-Խոսելն իզուր է, ճառելն՝ անտեղի: 
         Միստը՛ր, աղա՛, սը՛ր, 
Տիկնայք մեծարգո, պարոնայք ազնիվ, 
Քար ու կշեռքին ի՞նչը կհասնի: 
Այս՝ կշռաքարը, այս էլ կշեռքը. 
Մեզանից ահա մեր տաղն ու երգը, 
Ձեզանից՝ կշեռքն ու կշռող ձեռքը: 
Թող դժվարությամբ ու հսկա ջանքով 
Բարձրանան-իջնեն կշռաթաթերը, 
Անվստահությամբ ու կասկածանքով 
Իրար հոտոտեն կշռաքթերը, 
Եվ ճիշտը խոսի, լռեն ստերը: 
 
         Այս էր նա ուզում, 
         Այս օրը հուսում, 
         Բայց և զգում էր, 
         Որ հաղթ բազկում իր 
Տալիք հարվածի թափը պակաս է. 
Դատապաշտպանի ու դատախազի 
         Իր արդար լեզուն 
         Շարժվում է հազիվ՝ 
Պտտում է այնպես, կարծես կակազ է: 
 
Իսկ եթե սուտը հերքել ես ուզում, 
Պիտի սովորես ստողի լեզուն՝ 
Հրաժարվելով դատարկ զեղումից: 
 
         Պետք է սովորել, 
Իսկ ո՞րտեղ, ումի՞ց: 
         Պետք է սովորել, 
Իսկ ո՞ւմ մոտ, իսկ ո՞ւմ...

ՂՈՂԱՆՋ ՊԱՆԴԽՏԱԿԱՆ

Հայ դասատուներն իրենք են զգում, 
Որ ջահել սանի առաջմղումից 
Հոգնում կես ճամփին ու ետ են մնում: 
 
Եվ Կոմիտասը Բեռլին է գնում: 
 
Ու գերմանական քաղաքում խոժոռ 
         Ինչ-որ վանական՝ 
         Աչքերը խոշոր, 
         Դեմքը՝ բանական, 
         Քայլքն՝ անբնական,
Պաղ անցորդների հայացքն է անվերջ վրան սևեռում, 
Մինչ մոլեռանդի նայվածքը նրա՝ 
Որքան ներհայաց-նույնքան բևեռուն, 
Չի մեխվում սրա կամ նրա վրա, 
Այլ պեղում կարծես անծանոթ հեռուն:
 
Եվ կոշտ ու կոպիտ գերմաներենը 
Շուրջ երեք տարի հարկադըրաբար, 
Ճկվում է անվերջ նրա բերանում, 
Սակայն չի ջարդվում վերջնականապես.
Կարծես թե թողած լեզուն կենդանի, 
Գրում-կարդում է նորից գրաբար՝ 
Ճեմարանական խելոք սանի պես: 
 
Ի՜նչ անենք. շատ էլ հոգ չէ, որ այդպես 
Գերմաներենը նեղում է հային: 
Կար այլ մի լեզու՝ համամարդկային, 
Այդ լեզվով խոսող գերմաններ կային, 
Ու չէր վերջանում նրանց զրույցը: 
 
Կոտրելով բառի բարակ սառույցը 
Ոչ իբրև օտար-սառն ու կեղծամիտ, 
Այլ մեծ պապի պես՝ առանց կեղծամի, 
Գալիս էր Բախը ու ծանըր նստում 
Երգեհոնի դեմ, ֆիզհարմոնիայի 
Ու բարի ժպտում մրահոն հային:
 
Եվ ալիքվում էր մի վսեմ մեսսա, 
Ու Բախը կարծես ասում էր. 
         -«Տեսա՞ր»: 
Անհուն սրբությամբ երկինք էր միտում 
Մի հոգեսրբիչ հոյակապ խորալ, 
Եվ ծերուկ Բախը ջահելին դիտում, 
Հարցնում էր կարծես - և գրաբարով. 
         -«Իմա՞ստը դորա»: 
         Իսկ այնուհետև՝
Օրատորիա-ի նարեկանման ծփացող մի ծով 
Լռիկ մեղմությամբ, աղոթքի ճիչով 
Դիզվում էր դանդաղ, փլչում շատ արագ, 
Մինչդեռ ականջում մոլեռանդ հայի 
Օրատորիա-ի ծփանքի միջով, 
Խեղդելով խորթ ձայնն Օրատորիա-ի, 
         Իրենն էր հնչում՝ 
         Մի նոր Պատարագ...
 
Ու մեկ էլ հանկարծ Մոցարտն էր գալիս, 
Գեղեցիկ, ջահել, կայտառ ու խնդուն, 
Եվ պաղ դահլիճում ծիծաղն էր թնդում: 
Նա մերթ՝ բարեկիրթ մանկան պես՝ ուշիմ 
Լսում էր հային, խփում էր ուսին, 
Մերթ՝ հանպատրաստից երգ եղանակում, 
Եվ մեկ էլ՝ խոսում համբույրից կույսի, 
Սրա վեղարը ծաղրուծանակում, 
Պատմում արկածներն իր և ուրիշի՝ 
Չափից ավելի անկեղծանալով: 
Իսկ երբ տեսնում էր՝ իր կատակն է զուր, 
Հուսահատորեն ձեռքը թափ տալիս, 
Իբրև միջնարար՝ մի բերան հազում 
         Ու լրջանալով, 
         Անկեղծ ջանալով՝
Նորից էր ուզում հային համոզել, 
Որ պետք է այսպե՛ս - ոչ այնպես խոսել:
Մեջտեղ էր գալիս ուրախ Ֆիգարոն, 
Դահլիճում սարքում շքեղ հարսանիք, 
         Իսկ նրա մտքո՜ւմ... 
         Աղջիկ-պատանիք
Սարից իջնելով ելնում են տանիք, 
Որ մեկ էլ տեսնեն, թե ինչպես Սարոն 
Անուշի տեսքը հեռվից որսալով, 
Մոռացած ադաթ, ընկեր ու աշխարհ՝ 
         Գետնում է Մոսուն... 
         -Դուք ինձ չե՞ք լսում, 
Այս է ճիշտը, հե՛ռ, այս է պետք, պարո՛ն: 
Իսկ հեռ-պարոնը լսում էր ուշիմ, 
         Ձմեռ ու ամառ 
         Ուսանում համառ, 
         Բայց և կրկընում. 
         -Ուրիշն՝ ուրիշին, 
Ես ի՛մը, ի՛մը, ես ի՜մն եմ ուզում, 
         Ի՜մը, դուք հասկա՞ն...
Ու չէր ավարտում «հասկանում եք»-ը:
 
         Իսկ երբ այս հսկան
Եվ կամ թե ուրիշ վիթխարու մեկը 
Հայ վարդապետի հոգին էր հուզում 
Եվ գերեվարած տանում իր հետքով՝ 
Երբ նա չեր գտնում փրկումի դեղ-ճար, 
Նրա բերանից ձգվում էր «Խղճա»-ն. 
Հայցում էր Բախի մեներգ-աղոթքով... 
 
Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք, 
Լսո՞ւմ ես արդյոք մենակ ու մենիկ 
Զղջացող որդուդ: Մի՞թե չես զգում, 
Որ հեռվից-հեռու անձայն գոռալով 
Այդ քեզ է դիմում Բախի խորալով. 
«Քեզնից հեռացա, բայց դարձա իսկույն»:
 
Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք, 
Այդ ինչպե՞ս, ինչպե՞ս դու դարձար կնիք 
Եվ ինչո՞ւ դու հենց ընտրեցիր նրա՛ն 
Ու դրոշմը քո, իբրև սուրբ խարան, 
         Դրեցիր վրան՝ 
         Ասելով. «Ի՛մն ես,
Ո՜ւր էլ որ գնաս՝ իմ ճո՛րտը, ծառա՛ն, 
Իմ մինուճարն ու հավատարի՛մն ես»:
 
Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք... 
 
Ժամեր շարունակ մենակ ու մենիկ, 
Եվ համբերությամբ մի անհատնելի 
Խեղդելով հոգու ներհակությունը՝ 
Պաղ ստեղներին հաղորդում էր նա 
Իր ամենազգա ու ջերմ մատների 
Սրսփումն այրող ու տաքությունը: 
Նրա վեղարի թողած ստվերը 
Ժամեր շարունակ անվերջ ընկնելով 
Ֆիզհարմոնիայի սևափայլ ներկին՝ 
Մթագնում էր այն կրկին ու կրկին: 
Գոթական ոճի գրադարանում 
Նա, աղեղի պես, անշարժ կորանում 
Եվ ամե՜ն ինչ էր շուրջը մոռանում:
Բայց ամեն անգամ իրիկնամուտին, 
Երբ մոտենում էր գիշերը՝ 
                  Մթին, 
         Ինչպես փակեղը, 
         Եվ Վարդապետին
Փակեղի նման նեղություն տալիս, 
Մի անկոչ հյուր էր մթան հետ գալիս,- 
         Ա՛խ, գալըս ո՜րն է,-
Կարոտից մարող կնոջ պես վազում, 
Գոնե մի թեթև հարց էլ չէր տալիս,- 
         Հարց տալըս ո՜րն է,-
Ձևի համար էլ նույնիսկ չէր ասում, 
Թե Վարդապետը ուզո՞ւմ է,- 
                  Վազում 
         Եվ թևերն իր տաք՝ 
         Մեկ-երեք-չորստակ՝
Փաթթում էր, պլլում պանդուխդի նրա կարեվեր սրտին:
         Թո՛ղ նա վերստին
Կուսակըրոնի կոչմանն իր վայել, 
Սրբորեն հաստատ իր տված ուխտին՝ 
Անկոչ սիրուհուն իրենից վաներ: 
         Թե դռնից հաներ՝
Պիտի երևար բաց լուսամուտին, 
Լուսամուտի պես աչքերը փակեր՝ 
Հիմա էլ մտքի դուռը կթակեր.
         -Ընդունիր տունըդ: 
         -Ո՞վ ես, անո՛ւնըդ... 
         -Սուտլիկի՜ս մի տես,
         Դու ինձ լա՛վ գիտես: 
         -Ո՞վ ես, անո՛ւնըդ... 
         -Հայրենակարո՜տ...
Եվ Վարդապետի հայացքի դիմաց, 
Նրա կարոտած աչքերին ի տես, 
Ձգվում էր հանկարծ կածանը քարոտ. 
Սարավանդակից գութանի խոփն էր հանկարծ պսպըղում. 
Թոնրի պռնկին, սև պուտուկի մեջ, ապուրն էր պաղում.
Ճակատին շարված բոլոր «արծաթի» ծափերի ներքո՝ 
Արմաղան մի հարս նախշուն կարպետին ձավար էր մաղում. 
Իրենց մացառե ցանցառ բեղի տակ 
Ծիծաղում էին քարափներն անտակ՝ 
Աղունակների ու կաքավների 
Խտուտ հարուցող կրկրան ձայնից. 
Բարակ գոլորշին, անուշ խնկի պես, 
Ծփում էր այգում, ելնում հնձանից. 
Հարթ կտուրներին ծփծփում էին 
Աներեսորեն կանաչած խոտեր. 
Ջահել ու բոբիկ կանացի ոտեր
         Թփթփում էին 
         Ու տպում էին
Իրենց հետքերը աղուրի փոշում...
 
Հստակ էր այնպե՛ս ու շոշափելի՜, 
Տեսնում էր կարծես և ոչ թե հիշում: 
Եվ աչքերն էին բացվում-մշուշվում 
Ինչ-որ մորմոքից, որ անուն չունի. 
Թիկունքի վրա զգում էր կարծես 
Վազքը երթևեկ ինչ-որ մրջյունի. 
Ու դուռը զարկող կարոտ կոչվածը,- 
         Էլ ի՜նչ հրավեր,- 
         Սենյակ էր խուժում 
Եվ անմոռացն էր վերհիշում.
         -Կռո՜ւնկ... 
Խաբրիկ մը չունի՞ս...

ՂՈՂԱՆՋ ԿՈՏՈՐԱԾԻ

Չէ՛, կռունկ չկա՜ր Բեռլին քաղաքի երկնքում մթար, 
Որ վարագուրված հայոց աշխարհից գեթ խաբրիկ մը տար: 
Բայց Գուտենբերգին ծնած աշխարհում՝ 
Սև կռունկների սև երամի պես՝ 
Սև տառերն էին լրագըրերի էջերին թառում: 
 
         Եվ մի օր հանկարծ 
         (Ահավո՛ր վայրկյան)... 
Եվ մի օր հանկարծ այդ տառերը սև՝
         Քիչ առաջ հանգած 
         Ածուխներ ասես՝ 
Մատներն են այրում գրաշարների, 
         Ու տաք ոսպի պես 
Ընթերցողների լեզուն են վառում: 
 
         Նորի՜ց ու նորի՜ց 
         Հայոց աշխարհում 
Մինչ թոնիրները՝ արյունից մարում, 
Խաղաղ ծխացող լուռ երդիկներին 
Աքաղաղի տեղ բոցերն են պարում: 
 
Եվ լեղապատառ մայրերը հայոց 
Զո՜ւր են մրմնջում աղոթքը կերկեր, 
Համըր Տիրամոր նիհար ծնկներին 
Իզո՜ւր են այդպես աղերսով փարում. 
         Եթե ունենար 
         Որևէ հնար՝ 
Խեղճ տիրամայրը իրեն կփրկեր, 
Մինչդեռ քիչ հետո ինքն է դառնալու 
         Պիղծ հանաքների, 
         Կեռ դանակների 
Եվ ա՛յն հրդեհի չար կրակին կեր, 
         Որ նորից հիմա 
Մարդկային մսեր ու ոսկորներ է շան պես ճարակում:
 
         Տարաբախտ երկրի 
Եվ աստծուց թափուր երկնի արանքում, 
Իբրև ամոթի ծանըր վարագույր, 
         Փռվում էր ծուխը, 
Եվ ճենճահոտը օդի շերտերն էր այնպես վարակում, 
         Որ - անժամանա՜կ -
Կռունկներն անգամ թողին-չվեցին 
         Եվ ուր թևեցին՝ 
Ահ ու սարսափից լեզուն կապ ընկած 
Հայ մանչուկների խմբերի նման՝ 
         Կը՛վ-կը՛վ հա՜ կը՛վ-կը՛վ՝ 
         Անվերջ կվվեցին, 
Անլուր աշխարհին իմաց տվեցին, 
Որ հայոց երկրի ձորերում անտակ, 
         Կիրճերում խորունկ... 
         Ա՛խ, էլ ի՜նչ Կռունկ,
Երբ հիմա վառման թոնիր էր դարձել 
Թոնիրի երկիր Հայաստանն ինքը, 
Ու թոնրին դրված սև խուփ էր կարծես 
         Հայոց երկինքը... 
 
         Եվ ո՞ւր է ինքը. 
         Այստե՛ղ՝ Բեռլինո՜ւմ,- 
Սրամիտ բախտի ինչպիսի՜ հանաք, 
Ճակատագրի ի՜նչ ծաղրուծանակ: 
Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում. 
Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից: 
 
... Երբ ռուս-տաճկական կռվում հերթական 
Ռուսաց սվինը, թուրն ու բերդանկան 
Անձնատուր արին ճամփին հանդիպող 
Թուրքական բազում բերդ ու բերդակալ,- 
         Է՛լ գերմանացի, 
         Է՛լ ֆրանսացի, 
         Է՛լ անգլիացի՝ 
Յուրաքանչյուրը խփեց իր ծնկան, 
Ու բոլորը մեկ ձեռ ու ոտ ընկան, 
Սան-Ստեֆանո քաղաք գնացին՝ 
Այնտեղ գումարվող Վեհաժողովին, 
Որ... Պետերբուրգը հաղթության դաշտից 
Իր սպասածից քիչ բերք ժողովի: 
 
Երկար նստեցին, ուշ-ուշ վեր կացան, 
Դրսից ժպտալով՝ ներսից բարկացան, 
Անգամ լռելով՝ իրար հասկացան, 
Ու երբ, վերջապես, պիղատոսաբար 
Մաքուր լվացած իրենց ձեռքերով 
Հայկական հարցը մեջտեղ բերեցին, 
Քանի տաք էր դեռ՝ մերթ վերցըրեցին, 
Մերթ էլ վերստին ներքև դրեցին, 
Եվ ամեն մեկը մատներն իր վառեց: 
Բայց ամեն մեկը այնքա՛ն շատ ճառեց, 
Մինչև որ հարցը բավական սառեց,- 
Ու ցիների պես ընկնելով վրան՝ 
Կտուցով, ճանկով լա՜վ քրքըրեցին, 
Առան-տվեցին, տվեցին-առան 
Ու վերջում... հարսի լեցուն կոնքերով 
Փեսայի աչքին լավամարդ դառան. 
Այս ու այն կողմից միավորների զրոն քերեցին 
         Ու մնաց մի թիվ, 
Որ էլ չի քամվի՝ ինչքան էլ քամես, 
Ու մի թիվ մնաց... համեստից համեստ. 
         Մնաց 16 - 
         «Հայկական հոդված» - 
Հայկական հարցի բզկտված մարմնից 
Ոչ թե մինչևիսկ դաշույնով հատված, 
Այլ քաշքշոցո՜վ, այլ եղունգներո՜վ 
         Մի կերպ ծվատված... 
 
Սակայն... աշխարհում ինչե՜ր չեն լինում: 
Սակայն... աշխարհի ցմփոր տերերին դա էլ շատ թվաց: 
Եվ ահա նրանք վերստին եկան Վեհաժողովի՝ 
Այս անգամ արդեն այս նույն Բեռլինում, 
Հայկական հարցը - հուշաթելի պես - մատին փաթ տված: 
 
Երկար վիճեցին, տվեցին-առան. 
-Հայ պատվիրակը թող նստի դռանն... 
Ամենքը մի-մի պողպատե կռան՝ 
         Իջա՛ն մեր սալին. 
         -Վա՜յ տամ մեր հալին... 
Մեր արյան դիմաց՝ ծախսեցին թանաք. 
- Ա՜յ քեզ խաչապաշտ թրի հաղթանակ... 
Աղվեսությանը խառնած շնություն, 
Ներհակությանը՝ միաբանություն, 
Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին, 
16-ն այսպես մի կերպ շուռ տվին: 
 
         Աչքըդ լո՜ւյս լինի, 
Դու օգտվեցի՜ր, թվաբանությո՛ւն. 
         Շուռ գալով՝ 
         Աճեց քո 16-ը - 
         Դարձավ 61: 
 
         Իսկ մեր հա՞րցը, մե՞նք: 
Իսկ Հարցը Հայոց քամվեց վերստին՝ 
Կարծես թե՝ թափված արյան համեմատ. 
Մի թիզ էր եթե Սան-Ստեֆանոյում, 
Բեռլինում արդեն նա դարձավ մի մատ: 
 
Այո՛, այստեղ էր՝ այս նո՛ւյն Բեռլինում, 
Որ բարեխընամ մի Վեհաժողով 
Որոշում հանեց... հայ հողազուրկին 
Չբավարարել վեց արշին հողով, 
Այլ - ընդամե՛նը - չխենթացընել
Մահվան ու ջարդի մշտական դողով... 
Քաղցած հավի պես, քուն թե արթմնի, 
Հայն էլ ինքն իրեն տեսնում էր անվերջ 
Ինքնավարության կորեկով լեցուն հսկա մարագում, 
Ինքնավարություն, որ հիմա դարձավ... բարենորոգում: 
 
         Բարենորոգո՜ւմ... 
         Գլուխը քա՛րը. 
Թո՛ղ լիներ թեկուզ բարենորոգում, 
Բայց ոչ թե թղթին, ոչ թե թանաքով: 
         Բարենորոգո՜ւմ... 
         Եթե ամեն ինչ 
Ջարդում ես քարով ու դագանակով, 
Փրթում ես թրով ու կեռ դանակով, 
Խուժանի խուժմամբ՝ ասես հանաքով, 
Նաև լրջորեն՝ կարգին բանակով,- 
         Ի՞նչ ես նորոգում. 
         Իհարկե լա՛ցը, 
         Որ չի չորացել, 
         Եվ կոտորա՛ծը, 
         Որ չեն մոռացել... 
 
Եթե անջրդի հող ես ոռոգում, 
Ի՞նչ է, եթե ոչ բարենորոգում... 
Եվ ահա Կարմիր սուլթանն իսկապես 
Հայի... ջուր դարձած արյունի գետով 
Հայոց անջրդի հողն էր ոռոգում, 
Եվ այդ էր կոչվում բարենորոգում՝ 
Այս նույն Բեռլինի 61 կետով: 
Եվ հիմա... դատարկ այս որոշման տակ, 
Իբրև մի կնիք վավերացումի, 
Կարմիր սուլթանը՝ պաղ թանաքի տեղ 
Լավ թաթախելով մեր արյան մեջ տաք՝ 
Դնում էր վայրի մի կրունկ... 
 
         -Կռո՜ւնկ... 
Ա՜խ, էլ ի՜նչԿռունկ, էլ ի՜նչ սև Կռունկ,
         Սրտավեր պանդուխտ. 
Որտե՞ղ ես տեսել երկինք հասցընող 
         Փրկարար սանդուղք. 
         Ո՞վ կըկշտանա՝ 
Հացի փոխարեն թե նրան տան թուղթ... 
Սրտամե՜ռ պանդուխտ, 
Էլ ինչ ես այդպես լալիս, 
                  Ձայն տալիս 
         Կռո՜ւնկ հա Կռո՜ւնկ,
         Ա՜խ, էլ ի՜նչ Կռունկ, 
Թե ճռնչոցով դարպաս ու դրունք 
Հայոց հույսի դեմ ուժգին փակվեցին, 
         Թե հայոց Ուխտի 
         Հոգնատանջ ուղտի 
Երկու ծնկներն էլ երեքտակվեցին. 
Նորից մոլեգնեց մահվան հարսանիք, 
Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝ 
Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում 
Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք. 
         Թող կթե՛ն, շորթե՛ն, 
         Միայն... չմորթե՜ն, 
                  Միայն...

ՂՈՂԱՆՋ ԶԱՐԹՈՆՔԻ ԵՎ ԿԵՆՍԱՏՄԱՆ

Եվ խորհել, որ այդ նույն պահին, 
Երբ թուրք սուլթանը այսպես վեհաշուք 
Տոնում էր ծնունդն ու չմեռնելը հոբելյար Մահի, 
         Միևնույն պահին 
         Այդ նույն աշխարհում 
         Գարուն էր, գարո՜ւն: 
 
         Քարայծը նորից 
Իր քարայծիկի դունչիկն էր լիզում կիրճում ու սարում՝ 
Լեզվի ծայրով էլ թույլ չդիպչելով բերնի ընձյուղին. 
         Արագիլն էլի 
Ծեր խնձորենու, ծաղկե բոցի մեջ իր ոտն էր վառում՝ 
Վերցնում ու դնում միևնույն ճյուղին. 
Իբրև կշտամբանք ուշացած մարդուն՝ 
Իր իսկ սեփական նախաձեռնությամբ լույս աշխարհ եկած 
Մի ինքնագլուխ արևածաղիկ աչիկն էր թարթում 
         Հերվա բոստանից. 
Գութանի խոփը ժանգից էր նեղվում, 
Ինչպես որ մարդը՝ իր դեմքին կպած սարդի ոստայնից. 
Բահն աղջկա պես ուզում էր փարվել 
Ու հետո մարել կարոտած հողի կրքոտ հպումից. 
Սամին ուզում էր անկրակ այրվել՝ 
Եզան մկանուտ վզի շփումից. 
Լծացու բարդին գոհ չէր երևում սուր կացիններից. 
Դեղձենիներից մարջան էր կաթում, 
Շեփորուկներից՝ երկնքի կաթիլ, 
         Եվ ձյունի փաթիլ՝ 
         Ակացիներից... 
 
         Գարուն է, գարո՜ւն...
 
Անցած աշնանը հարսնացածների մայրությունը սուրբ 
         Զարթնում է հանկարծ՝ 
         Ծնվելիք մանկան 
         Թույլ քացիներից... 
Շողերն են ընկել օրորոցի մեջ խաղացող մանկան 
Հինգջահյան ձեռքի պարզված մատներին, 
Ինչպես մոմերին բոցը բարակող... 
Առվույտից թափուր հսկա մարագով 
Պաղ ստվերների հսկա ամբոխն է դես ու դեն անում, 
Լուռ հրմշտոցով իրար ոտ կոխում, ջարդում իրար կող. 
Դուրս գալ են ուզում, բայց սիրտ չեն անում... 
Անուն են ուզում, ծաղկունքն անանուն, 
Ծաղկունք անվանի ուզում են նորից, 
Քնքշանքով իրենց անունը լսել 
Կույս աղջիկների շրթերից լուսե... 
 
         Գարուն է, գարո՜ւն:
 
Անփորձ ու անգետ մի ճուտ հիմարիկ 
Փակ բողբոջների ստվերին ընկած՝ 
Երևի սիսեռ կամ ոսպ կարծելով՝ 
Կտցահարում է հա՜ կտցահարում... 
Կիսով չոր ու թաց խաղաղ բակերում, 
         Կալատակերում, 
         Ուր ծիլ են տվել 
Աշնան կալսումից հողում մնացած հատիկներն արդեն, 
Աքաղաղն այնպես գոռոզ է քայլում 
Անկիրք հավերի անփակ հարեմում՝ 
Աչքը շուռ տալով մեկ դես ու մեկ դեն, 
Ասես երեկվա ասկյարը այսօր դարձել է սպա ... 
Սարալանջերին, հարսների նման, 
Կրքոտ պուտերը բռնել են նազպար՝ 
Հարսների նման մոռացած մի պահ, 
Որ աշխարհում կա բիրտ առևանգիչ... 
Մի տարի առաջ թուրք թնդանոթի երկաթե ճանկից 
         Վիրավոր վանքին 
Սրբատաշ քարի պաղ վիրակապ է վերստին ճարում 
         Ձեռքը ճարտարի... 
         Նորից հաճարին 
         Սեփական խեժով 
Թուրքի գնդակից տեղ-տեղ պատըռված կեղևն է կարում... 
 
         Գարուն է, գարո՜ւն, 
Բայց մարդասպանին դա չի խանգարում:
         Դա չի խանգարում, 
Որ արյամբ հորդի հայկական առուն, 
Որ դիակներից քարափն անհատակ 
Իր պռունկներով գա հավասարվի... 
 
Ա՜խ, եթե անգամ քարե սիրտ ճարվի՝ 
Մարդկային սրտում բա կրա՞կ կարվի... 
 
Որտե՞ղ էք տեսել, որ թել-ասեղով
Կտըրված երակ վերստին կարվի... 
 
Այս արհավիրքից, զուլումից այս չար 
Դե, ե՛կ, տնավե՜ր, մի՛ խելագարվի...

ՂՈՂԱՆՋ ԶԱՐՄԱՆՔԻ

Բայց նա այս անգամ չխելագարվեց: 
Ո՛չ, նրա միտքը դեռ չխանգարվեց, 
Դեռ չխանգարվեց և այն ժամանակ, 
Երբ նա Բեռլինից հայրենիք հասավ, 
Եվ, իբրև կյանքի նոր ծաղրուծանակ, 
Ապշած աչքերով այստեղ էլ տեսավ 
Եթե ոչ արնոտ նույն ահն ու մահը, 
Ապա երկվորյակ ախն ու վախը նույն, 
Նույն լաց ու կոծը, հառաչն ու վայը: 
Այստեղ էլ հայի ձեռքը ծոցումն էր, 
Այստեղ էլ հայի սիրտը բոցումն էր,
Ու մոլորված էր գլխիկոր հայը:
 
Այստեղ էր արդեն ցար Նիկոլա՜յը... 
Վաթսունմեկ թվի ձևափոխությամբ 
Լոկ թղթի վրա ջնջված չարիքը 
Եվ չնվազած նույն հին կարիքը՝ 
Ենթակա պարապ տեղափոխության, 
Ձուկ դարձած՝ լողում - չէին խեղդըվում 
Ճորտատիրության անփոփոխ ծովում, 
Ու ծառանում էր հեղափոխության 
Մակընթացային կանաչ ալիքը: 
 
         Եվ Նիկոլայի աչքը ոխակալ 
         Ամենուր ու միշտ 
         Եվ ամենքի մեջ, 
         Անգամ երազո՜ւմ, 
         Տեսնում էր անվերջ
Միայն «տեռորիստ», «հեղափոխական», 
Միայն «դավադիր», միայն «սոցիալիստ». 
Թվում էր նրան կայսրությունն իր ողջ 
Մի անծայրածիր ստեպ օձալից...
 
Եվ կայսերական բանտին ու բերդին 
Բյուրավոր հայեր զոհվելու տարան, 
Դեմքին դաղելով մի ահեղ խարան՝ 
«Հեղափոխական» և կամ «դավադիր»: 
         Քա՜րշ տվին տարան, 
         Որ այնտեղ մորթեն
Իբրև մատղացու գառներ ու հորթեր՝ 
Ի սեր Հիսուսի արդար հավատի. 
         Գառնուկներ անմեղ՝ 
         Լոկ նրա՛ համար, 
         Որ միսն էր հարմար՝ 
         Որ միսն էր համեղ՝
Ու եթե նաև հորթեր բազմամեղ՝ 
Լոկ ա՛յն հանցանքով պատժապարտելի, 
Որ սին հույսերի քաղված բոստանում 
Հորթուկի նման տրտինգ են տվել... 
 
         Այսպես է.
Որտեղ շատ են խոստանում, 
Միշտ էլ այնքան են հետո խստանում, 
Որ ձեռք են կտրում, ոչ միայն թևեր:
 
         Եվ կամոք ցարի՝ 
         Նրա ոխակալ
Համայն Կովկասի պատիժ-փոխարքան՝ 
Հավետ անմոռաց մե՛ր Գոլիցինը, 
Երկու գլխանի արծիվը կրծքին 
         Այդ մոլի ցինը,
Փակում է հայոց դպրոցներն ամեն. 
         -Օվսա՜ննա... ամե՜ն: 
Եվ խաչապաշտի անկշտում ձին էլ 
Թուրքավարի է կամենում ծամել՝ 
Խոտ է որոնում... ջրված մարգերում. 
         -Օվսա՜ննա... ամե՜ն: 
Հայոց դարավոր գիրն են արգելում, 
Բռնագրավում վանքի հողերը. 
         Գանձերը չեղած, 
         Եղած փողերը, 
         Պեղում մառանը, 
         Շտեմարանը,
Որ մի անգամ էլ քամվածը քամեն: 
         -Օվսա՜ննա... ամե՜ն... 
 
Փակել դպրո՜ցը, ուսումնարա՜նը... 
Բայց ինչպե՞ս փակես մի ազգի լեզուն, 
Մի ժողովրդի խոսուն բերանը: 
Լեզուն կարող է սարսափից լալկվել 
         Կապ ընկնել ահից, 
         Բայց ոչ թե փակվել:
 
         Արգելել գի՜րը, 
         Այրել գրքե՜րը...
Բայց ո՞նց արգելես կսկըծող սրտի, 
Մղկըտող հոգու ժայթքուն երգերը: 
 
         Այսպես է.
Միշտ էլ երբ համն են հանում՝ 
Ուղիղ հակառակ բան են ստանում: 
 
Եվ արդ՝ չուզելով և ակամայից՝ 
Ուխտյալ հայատյաց այդ Գոլիցինը 
Մինչևիսկ արդեն ռուսացած հայից 
         Մոլի հայ սարքեց: 
         Կրկընվեց հինը.-
Ուր հայերենը վաղուց էր մնջում՝ 
         Հիմա հնչում էր, 
         Նույնիսկ մռընչում.
Ով հայ գրքի դեմ աչքերն էր փակում, 
Արդ սովորում էր հայ գիրը 
         Թաքո՜ւն.
Ով ռոմանսով էր թրջում իր բուկը, 
Բերան ողողում օտարի երգով, 
Հիմա գրգըռիչ մի հպարտությամբ 
Սեղան էր գցում հա՛յ երգի ձեռքով, 
Հա՛յ երգով վարում իր գինարբուքը, 
Հա՛յ նվագի տակ ուրախ պար գալիս, 
Հա՛յ խաղով-տաղով երգում ու լալիս:
 
         Հայ երգն էր հուզում, 
         Հայ խոսքն էր հոսում.
Հակառակությա՜ն ոգին էր խոսում, 
Հակառակության այն զարմանալի՛, 
         Անիմանալի՛, 
         Արտառո՜ց ոգին,
Որ պարգևած է եթե ամենքին, 
Ապա հայ հոգում այնքան է առատ, 
Կարծես բաշխելիս բնավ չե՜ն նայել, 
Իսկ թե նայել են՝ բա՜ն չեն խնայել, 
Փռել են այնպե՜ս շռայլ ու առատ, 
         Որ չես հասկանում՝ 
         Ազգային արա՞տ, 
         Թե՞ արժանիք է... 
         Այն է թերևըս,
Որ մեզ ջնջել է, բայց և պահպանել, 
         Որ մեզ սպանել, 
         Ծնել է նաև,
Ու որով գուցե ապրում տակավին 
Եվ աշխարհումըս կոչվում ենք հայեր...
 
Ինչպես մարդկանց մեջ՝ անցողիկ կյանքում, 
Այդպես պատմության ծանըր երկայնքում 
Երևի նաև լինում են ցեղեր, 
Երևի նաև ազգեր են եղել, 
Որոնց վիթխարի մարմինը թեպետ 
Գինու տկի չափ արյուն է տանում, 
Բայց դա արյուն է, որ չի լերդանում. 
         Մի քերծվա՛ծք, մի վե՛րք, 
         Ու բանը բո՛ւրդ է.
Կողքը պատռված գինու տկի պես 
         Քամվում են իսկույն. 
         Եվ անհետանում,
Չքվում է ազգը կամ ժողովուրդը... 
 
         Իսկ մեր արյո՜ւնը... 
         Նա ջրի՛, ցեխի՛
Եվ մինչև անգամ գարշահոտ նեխի՜,
Ամե՜ն ինչի մեջ իսկույն լերդանում, 
Փակում էր վերքի բացված բերանը: 
Եվ այդ մակարդը, նույն այդ մերանը 
Որդուն է անցել հորից ու մորից. 
         Եվ արյունաքամ, 
         Կիսամեռ անգամ,
Մենք քանի՜, քանի՜, մենք քանի՜ անգամ 
Հոգեդարձի պես փրկվել ենք նորից...

ՂՈՂԱՆՋ ՀԵՐՈՍԱԿԱՆ

         Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, 
         Ես դեռ չկայի՜, 
Որ քեզ պես ես էլ քեզ հետ տոկայի՝ 
Ծալվելու պատրաստ մեջքըդ գրկելով: 
 
         Սակայն դու, 
Որ քո պատմագրքերով 
         Մի ձիգ ցուցակ ես 
         Ու լեցուն ցանկ ես 
         Նահատակների՛, 
         Զոհի՛, 
                  Հսկայի՛, 
Դու չես զգացել երբևէ կարիք 
         Նաև քաջերի, 
         Անբեկ աջերի, 
         Որ կրծքիդ վրա 
         Դարձել են զրահ, 
Որ սուրբ են պահել պատիվդ ազգային 
Իրենց պարզ կյանքով-մահով հսկայի: 
         Ա՜խ, ի՛մ ժողովուրդ,
         Ես դեռ չկայի՜, 
Բայց կտրիճ որդիք մի՞թե քիչ կային, 
Որ - հողի՜ տակից - զենք էին պեղում
Եվ քո արյան դեմ սև արյուն հեղում:
         Սասո՜ւնը... 
Արդեն ո՞րերորդ անգամ 
Նորից տեր դարձավ նոր Դավիթ մանկան, 
         Որ - ինչո՞ւ սակայն - 
         Կոչվեց... Անդրանիկ: 
Ահեղ ջարդերի ճարակող բոցում 
Ամեն սասունցի դարձավ Սասնա ծուռ, 
Սասնա տուն դարձավ ամեն ընտանիք, 
Սասնա դյուցազուն՝ թե՛ մեծ, թե պուճուր, 
         Որ - բավակա՜ն է - 
Քառսունծամ կույսեր, հարսներ արմաղան 
Օսմանցու համար էլ երկանք չաղա՛ն, 
         Որ - բավակա՜ն է... 
 
Խանդութ խաթունի գովքի փոխարեն, 
Սասնա զմբզմբան ջրերի նման, 
Հնչեց սարերում, ճամփեքում ոլոր 
 
         Աջ ու ձախ հորդած 
         Երգը քաջորդաց 
«Վայ զուլում-վայ»-ը մի պահ խեղդելով... 
 
         Կիլիկիո տունը՝ 
         Անառ Զեյթունը, 
         Որ մեն ու մենակ, 
         Սակայն միակամ 
Կռվել-հաղթել էր քառասուն անգամ, 
                  Հիմա՝ 
Քառասունմե՛կերորդ անգամ, 
         Շեկ բուրվառի հետ 
         Սև վառոդ խնկեց, 
Խաչը վերստին դրոշակ տնկեց, 
Ճորտության գիրը կրկին հերքելով՝ 
«Սուր ու թուր, գնդակ ու հրացանը 
Մեր խաղալիքն է» խրոխտ երգելով: 
Միակուռ դարձավ, ինչ ցիրուցան էր: 
         Կամք-սիրտ-նպատակ 
         Իրար հոդվեցին: 
 
Եվ մեր դարավոր թշնամու սրտում 
Յուղոտ գնդակներ ճենճահոտվեցին: 
 
Նրանց էր լսում մի ողջ Հայրենիք, 
«Պատերազմիկ ենք, 
Ոչ թե վայրենիք»: 
 
Նրանց էր լսում թշնամին սաստված. 
«Դուք ունեք սուլթան, 
Մենք ունենք աստված»: 
 
Նրանց ձայնի մեջ լսեցինք մեզ մենք.
«Մարդ կոտորելը 
Սովրեցանք ձեզմե»...
 
Ու եկեղեցիք պահքի մեջ մտան՝ 
         Սգավորվեցին 
         Ամբողջ չորս ամիս, 
Քանզի քայլում էր Մաքառումն ինքը 
Իբրև գինովցած մի Բարեկենդան: 
Սուրբ սեղանների վարագույրները 
         Փակված մնացին 
         Ամբողջ չորս ամիս, 
Քանզի բացվել էր Հերոսությունը, 
         Որպեսզի իր տաք 
         Կրունկների տակ 
Ազատությունը ահարկու թնդա: 
 
         Հարսներ, 
         Աղջիկներ, 
         Մայրեր, 
         Մանուկներ 
Մերկացան իրենց արդուզարդերից, 
         Հագան քուրձ, 
Ինչպես հագնում են զրահ: 
         Եվ ամեն հայ սիրտ 
         Դարձավ մի սրահ, 
Ուր վհատությունն էր հոգեվարում 
«Կա՛մ-կա՛մ»-ի հատու հարվածների տակ, 
Եվ Ազատության ոգին էր պարում 
Որպես վրնջող մի խենթ հովատակ: 
 
110000 զորքի հանդիման 
Մարտնչում էին 6000 քաջեր: 
Չմարդկայնացած թուրքի հանդիման 
Մարդեղինացած մի ազգ էր խաչել 
         Իր բախտն իր վրա: 
 
         Եվ սո՛ւրը նրա, 
Որ ամբողջ վե՜ց դար սնար էր դարձել 
Մեր մանուկների օրոցքի համար, 
Սուրբ մատյանների գրքածածկերից 
Խենեշ ժպիտով կարել էր բարձեր 
Իր հաստ-իգացող նստուկին հարմար,- 
         Եվ սուրը նրա 
         Դիպավ մեր խոփին, 
Մեր թարթիչ-նետով զինավառ կոպին, 
Մեր մամիկների ասեղին ճարտար, 
Մեր մանուկների հայացքին արդար, 
Մեր մանգաղների շեղբերին տոկուն, 
Մեր թոնիրների խաչերկաթներին,- 
Երբեք չմեռած հայկյան մեր ոգուն, 
Որ ճառագայթող տասը մատներին 
         Չէր դրել հինա՝ 
         Հոմանու նման, 
         Այլ քսել արյուն՝ 
         Հովաննու նման, 
Որ Հայտնության օրն ի վերջո հասնի, 
Եվ ամեն մի ազգ արժանին տեսնի... 
 
Իր վարդապետի մթին վեղարով 
Թե ուզեր՝ գուցե և նա էր կարող 
Հարկադիր մարտին միջամուխ լինել՝ 
Գոտեպնդումի խոսքերով զինել 
         Հուսահատվածին, 
         Քաջին մաքառող, 
Որպես նո՛րօրյա մի Ղևոնդ երեց: 
Սակայն պայքարի զոհասեղանին 
Նա բոլորովին ուրի՜շ զենք դրեց: 
         Իր ժողովրդի 
         Երգահան որդին 
         Իր ե՛րգը բերեց 
         Քաջորդաց մարտին, 
         Իր «Լո-լո»-ն՝ 
         Մի ջո՛կ, 
         Մի դասա՛կ, 
         Մի գո՛ւնդ, 
Եվ կռվողների հոգին հանեց թունդ, 
         Մեկին տասն արեց 
         Եվ հարյուր՝ տասին, 
                  Նա՝ 
Խրոխտ «Լո-լո»-ն լուռ Կոմիտասի: 
 
Սիփանա սարը գոռ արձագանքեց՝ 
Խռպոտ Նեմրութից չափը խլելով. 
         -Սիփանա՛... լո՜-լո՜...
 
«Սուրբ Կարապետ»-ի զանգը զիլ զանգեց, 
Ամեն մի զանգը՝ մի-մի... յո՜թ հոլով.
         -Կտրիճնե՛ր, լո՜-լո՜...
         Վարագա լեռը, 
         Շամիրամ-առուն 
Նույն մեկ բայն էին անվերջ խոնարհում. 
         -Սուրը հագեցա՜վ... 
 
Ներկված Եփրատը ափերին տալով. 
Վանա ծովակը տրտում խնդալով՝ 
         Իրար ձայն տվին. 
         -...Դրեցին պատյա՜ն... 
 
                  Ո՛չ, 
Չհագեցան սրերն, իհարկե, 
Սակայն իսկապես դրվեցին պատյան, 
Ու երազելով մի ահեղ ատյան՝ 
         Հայ մաքառումը, 
         Կտո՜ր առ կտո՜ր, 
Յուրաքանչյուրը՝ մի կարմիր հատոր, 
Այս անգամ նորից չավարտվեց. 
                  Հատվեց՝ 
Բացականչության ու կախման կետով... 
 
Հայի արյունը նորից լերդացավ, 
Ու վերքը դարձավ ապաքինելի: 
         Կսկիծ ու մրմուռ, 
         Ճմլող սրտացավ 
Աչքերի խոսուն ապակիներին 
Գրեցին, թե ե՛րբ ի չիք կդառնան... 
 
Ձմեռը նորից գարուն է դառնում, 
Ամառն է կրկին հետևում գարնան, 
Ամառվա տեղը աշունն է բռնում, 
                  Եվ նախ՝ 
Վախվորած, շվար ու մոլոր, 
                  Ապա՝ 
Աննկատ և ակամայից 
Ժպիտն է խաղում շուրթերին հայի. 
Թևերն է ծալում ուժասպառ Լո-լո-ն, 
Կոկորդն է ցամքում Վայ-աման-վայ-ի, 
Նորից է հնչում ուրախ Նայ-նայ-ը: 
 
         Իսկ որտեղ երգը՝ 
         Այնտեղ էլ նա է...

ՂՈՂԱՆՋ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

Աշունն էլի զբաղվում է ներկարարի իր փեշակով.
Նա օրն ի բուն աշխատում է,
Իսկ գյուղացին՝ հանգստանում,
Երբ աղունը տուն է գալիս
Ծանր սայլով կամ իշուկով,
Երբ աղվում է թթու-թուրշին,
Նորոգվում է ճոճկան քուրսին,
Ու չորացած ցան-փթիրը ամրոցի տեսք է ստանում:
 
         Ամբողջ ամառ
         Ջրի համար
Հոգի տվող հողը հիմա
Ծծողական թղթի նման
Կլանում է եղյամ ու թոն
Ու մեկ քրտնում, մեկ մրսում է:
Փխրուն գետինն աշնան ցրտի պա՜րզ գաղտնիքով
Նորից իրեն, մումիայի պես, զմռսում է:
 
Ընկուզենին ու խնձորին 
Իրենց խաշամն են ծալծլում հանդ ու ձորին՝ 
Նորահարսի փոթ-փոթ շորի 
Ալիքավոր դարսի նման: 
Լոկ փշատն է կարմրատակված կախվել ճութ-ճութ՝ 
Մեղվի գնդված պարսի նման: 
 
Վերի-վերի, պարապ-սարապ ջահելի պես՝ 
Չի կարենում քամին մի տեղ տիտիկ անել. 
Դես է վազում - դեն է թռնում, 
Մերթ ուզում է ծերպի խորքը մտիկ անել, 
Մերթ ծառի հետ կոխ է բռնում, 
Քիթը կոխում ուր պատահի՝ 
         Սափորի մեջ, 
Հարս ու կանանց խորհրդավոր փեշերի տակ: 
 
Լեռնաշխարհում աղբյուր-վտակ 
Իրենց սնդիկ մարմնի վրա նորից հագնում են ապակի, 
Մինչ տներում՝ ներսի տաքից՝ 
Ապակիներն ուրախությամբ լաց են լինում աննպատակ: 
 
Ղավուրման է ամեն թոնրի 
Աղ ներծծում ու ճարպ հալում: 
Ամեն կողմից կանչում խաշի, 
Հարիսա են անվերջ հարում: 
 
         Այստեղ՝ ծնունդ, 
         Այնտեղ՝ կնունք, 
Աչքալույսի ժպտուն օղի: 
Ամեն մատուռ՝ հավաքավայր, 
Եվ ամեն վանք՝ ուխտատեղի:
 
Ու վանք տանող ամեն ճամփա ու սայլուղի 
Նախշըվում են տեսակ-տեսակ ոտնահետքով.
Տրեխավոր, մաշիկավոր, բոբիկ ոտքով 
         Վանք են գնում 
Հեռու-մոտիկ ամեն գյուղից: 
Տան առաջնեկ գառը՝ կապված էշի վզից, 
Առաջ վազում, կախ է ընկնում, շուրջը նայում, 
Ու տանջվում է այն հարկադիր ու կեղծ հազից, 
Որ անկասկած պիտի հնչեր իբրև մայուն... 
 
Այնինչ ջորու մեջքին կապված 
Զնգզնգացող սև կաթսայից՝ 
Ինչպես ասպետն իր զրահից՝ 
         Մի զառ խորոզ, 
         Գոռո՜զ-գոռո՜զ, 
Իր կատարն է մեկ դուրս հանում, 
         Մեկ՝ ներս տանում, 
Եվ թափ տալով իր թևերը հրանման՝ 
Չհրկիզող կայծերի խուրձ 
Ու բոցեր է ցրում իր շուրջ: 
 
Եվ սայլերն են առաջ սողում՝ 
Լծից պոչուկ բեռնավորված 
Աղմըկարար ճիժ ու պիժով, 
Աման-չաման-կուլա-կժով, 
Աչքերն ածուխ աղջիկների անծուխ բոցով, 
Նորածընի օրորոցով: 
Ու դալարուկ ճիպոտն ահա 
Իր ազդեցիկ սուլ սուլոցով 
Մինչև եզան մեջքը դաղի՝ 
Նախ երկնքի կապույտ երեսն է կտրատում՝ 
Երկրից ճայթած կայծակի պես: 
         Ոմանք՝ ուրախ, 
         Ոմանք՝ տրտում, 
Սա՝ տխրադեմ-որբ ձագի պես, 
Նա՝ ժպտերես ու բախտավոր, 
         Սա՝ կարմրաթուշ, 
         Նա՝ ախտավոր, 
Եվ բոլորը՝ ուխտը սրտում - 
         Թը՛փ հա թրը՜փ, 
         Զը՛նգ հա զրը՜նգ, 
         Ճը՛ռ հա ճռի՜նչ - 
         Հասնում են վանք՝ 
                  Ուխտատեղի: 
 
Եվ մոմերի ու կանթեղի 
Բուրումնալից բոցն է ճթթում, 
Ծաղկի նման փունջ-փունջ փթթում, 
Ծաղկի նման վառ ու դեղին: 
«Տե՜ր» են կանչում մի-մի բերան, 
Մի-մի ծունըր աղոթք անում, 
Մատղացուի ոտ ու վզից 
Արձակում են կապ ու պարան, 
Եվ գավիթի սալարկը պաղ 
Զոհի արյամբ է տաքանում... 
 
Եվ հնչում է դհոլ-զուռնան, 
Որ վանքերը հնամենի, 
Մատուռները մեկեն դառնան 
Խրախճանքի արբշիռ ու ցոփ հրապարակ:

ՂՈՂԱՆՋ ԽԱՂԿԱՊԻ

Ու տեղներից վեր են թռչում 
Թիկունքը լայն - մեջքը բարակ 
         Բոյը թիլ-թիլ, 
         Բեղը ծիլ-ծիլ 
         Ջահել տղերք, 
Տղամարդիկ մացառմորուք, 
         Կուրծքը՝ փռչոտ, 
         Դեմքերն՝ այրված, 
         Աչքերն՝ այրող, 
         Հագած-կապած՝ 
Որը քաթան կամ շալ-շապիկ, 
Որը չուխա կամ արխալուղ, 
Բրդե գոտիկ, արծաթ քամար, 
Իսկ զոլավոր և կամ պուտ-պուտ գուլպաներին՝ 
Խռոմ սապոգ, մազե քոշեր, 
Սև կարիճի պոչի նման կեռքիթ տըրեխ: 
 
Վեր են ցատկում, գալիս շարվում իրար կողքի, 
Եվ թուխ-թանաք և պատ-կտրիճ տղամարդիկ 
Պարսպվում են ու բըրգանում:
 
Սկսվում է բոլորպարը: 
         Ծանըր քայլքով, 
Անեղանակ-աներգ-անծափ, 
         Բայց համաչափ, 
Երկու շրջան բոլորում են, պտույտ տալիս 
Ինչ-որ զգույշ ու կարկամած, 
Հետո քայլքը արագացնում կամաց-կամաց: 
 
Պարագլուխ ձայնեղ տղան խաղ է կապում. 
         -Փեշդ եմ ընկել, Աստվածածի՛ն... 
Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է.
         -Աստվածածի՜ն... 
 
Իսկ հողեղեն Աստվածածնի անմատչելի կախարդանքով 
Աղջիկները ծուլ-ծուլ տալիս, 
         Մոտ են գալիս, 
Բայց չեն մտնում պարաշրջան: 
 
Իր խաղկապն է խաղասացը առաջ տանում. 
         -Ա՛խ, ջանեջա՜ն, 
Բարով հասնեմ իմ սիրածին... 
Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է. 
         -Իմ սիրածի՜ն...
 
Լայնանում է պարաշրջանն ամեն րոպե, 
Դհոլն անվերջ շարունակում է տրոփել, 
Հանգույցներ է տալիս զուռնան՝ 
Եղանակն է կոտորակվում, 
Իսկ դհոլը՝ սպառնալով՝ 
Այնուհանդերձ չի տրաքվում: 
Հետո նվագն արագ-արագ, 
Փշուր-փշուր կուտակվում է, 
         Ձիգ է տալիս, 
         Վրա գալիս, 
Եվ թե մեկ էր՝ չորստակվում է.
         -Ա՜խ, թե չառնեմ, 
         Ես կմեռնեմ... 
Ու կոպտալի թակութակից 
Մինչև անգամ փուչ դհոլի անմազ դեմքն է փշաքաղվում, 
Իսկ զուռնայի ծակուտակից 
Արցունքներն են կարծես շաղվում...
Պարեկների ողկույզ-ողկույզ մազերի մեջ 
Մոլորվում է մեղվի նման բզբզացող աշնան քամին 
Կամ պլլըվում նայողների վիզ ու լանջին՝ չխայթելով. 
         -Քամին զանա, 
         Ծոցըդ բանա... 
Հարս ու աղջիկ, ջահել կանայք 
Դեռ չեմուչում, նազ են անում 
Ու չեն մտնում պարաշրջան. 
         -Ե՜կ, ջանեջա՛ն... 
Հետո արդեն չեն դիմանում 
Ոսկորների ու հոդերի տանջող ցավին, 
Ու հնչում է մի ձևացո՞ղ, 
Թե՞ ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ: 
Իսկ երբ տեղից մեկը պոկվում 
Ու թռչում է պարաշրջան.
         -Ա՜յ, ջանեջան... 
         Մյուսներն էլ
Լորերի պես քլթիկ-մլթիկ՝ 
Հետևում են ողջ երամով:
 
Եվ արևի համ ունեցող, 
Չորեքդիմաց ծամ ունեցող, 
Մեջքակոտոր, ծնկածալիկ, 
                  Ծոցվոր, 
                  Բոցվոր, 
         Խնկածաղիկ, 
         Խունջիկ-մունջիկ 
         Հարս ու աղջիկ՝ 
Սիրո հրշեջ - սիրո հրձիգ՝ 
Տասի համար անգութ դահիճ, 
Մեկի համար խոնարհ ծառա,- 
Ճակատներին բոլոր «շահի» 
Ու մեջքներին ոսկե քամար, 
Արեգակից շատ ավելի 
Կարմրատակած իրենց շողքից,- 
Շաղ են գալիս ծլընգոցով, 
Հետո շարվում իրար կողքի՝ 
Ինչպես անտես թելի վրա 
Հազարերանգ հուլունքի ծոր:
 
Պարաշրջանն է լայնանում, 
         Եվ փոխեփոխ՝ 
Հանգույց-հանգույց, օղակ-օղակ՝ 
Երգ են կապում աղջիկ-տղա: 
-Ի՜նչ ես կտոր-կտոր գալիս, 
Ականջ արա բան եմ ասում,- 
Պարագլխի ձայնն է հոսում: 
Խումբը խլում ու ձգում է. 
         -Ա՜յ յարե ջան: 
-Երբ խոսելու տեղն է գալիս, 
Խոսկան տղի թութակ լեզուն...- 
Մի աղջիկ է շուտ սկսում: 
Օգնություն է խումբը տալիս. 
         -Ա՜խ, մարե ջան... 
-...Խոսկան տղի թութակ լեզուն 
Սերից էրված խաղ է ասում,- 
Տղան նրա խոսքն է կիսում: 
-...Չէ՛, բերնի մեջ լեզուն ասես 
Կոտրվում է բանալու պես,- 
Ծամկտրածն է տղին կիզում: 
         Խումբը՝ 
-Հա՜-հա՜, հե՛-հե՛, հա՜-հա՜,- 
         Քըրքջում է: 
         Ու թըռչում է: 
Իսկ ջահելը թեպետ դաղվում, 
Բայց և ուշքն է գլխին ժողվում, 
Ու երբ նորից հերթն է գալիս, 
Պատասխան է մի կերպ տալիս.
 
-Էրված սրտով եկել եմ ուխտ, 
Որ պաղ սրտիդ անեմ մեկ թուղթ... 
 
-Սեղան պաչեմ մեկ-մեկ ու ջուխտ, 
Որ չբռնի ինձ գիր ու թուղթ... 
 
-Օրոր-շորոր ով քեզ տեսավ՝ 
Հաց ու ջրից կկտրվի... 
 
-Հերի՜ք փչես, ա՛յ շան փեսա, 
Դալար շի՜վ եմ՝ չե՛մ կոտըրվի... 
 
-...Հաց ու ջրից կկտրվի, 
Կգա ձեր տուն՝ դառնա մշակ... 
 
-...Դալար շի՜վ եմ՝ չե՛մ կոտըրվի, 
Սուտ խոսելն ես շինել փեշակ... 
 
Խումբը նորից է խառնըվում 
         Իր գոչերով 
         Ու կոչերով. 
         -Դե, թը՜ռ-թըռի՛, 
         Հո՜պտա-տըմբա՛: 
Եվ դհոլչին ու զուռնաչին 
Նվագում են թունդ Թռնոց-ին:
 
Եղանակը ծալծլվում է 
Դարսվում իրար՝ ալիքի պես, 
Եվ փրփուրը կայտառության 
Պղպըջում է ջահելների գժված սրտում: 
Նույնիսկ պարին չմասնակցող 
Նախանձ կանանց բերանի մեջ 
         Սև ծամոնը՝ 
Օգտըվելով հիացմունքի ազդու պահից, 
Հանգստանում-շունչ է քաշում՝ 
Ատամների հետքով կնքված իրավունքով: 
 
Սրա վզի «նապոլեոն»-ի, 
Նրա մեջքի արծաթ գոտու 
Շողքն է ընկնում վանքի պատին 
Կամ դհոլչու նեղ ճակատին, 
Հետո չքվում չաղ զուռնաչու չռված աչքում:
 
Կրակ կըտրած կաղ դհոլչին 
Հսկայական իր կոպալով 
Եղանակը ետ է կծկում. 
Ու զուռնաչու թշերն ուռած 
Փուքսի նման իջնում են ցած,
Եվ աչքերը, որ խմիչքից ու զոռ տալուց 
Լայնացել են ու կարմըրել՝ 
Գութան քաշող եզան հսկա աչքերի պես, 
         Հիմա նորից 
Ստանում են մարդկայինի տեսք ու շնորհք... 
 
Իսկ գավիթի պարսպից դուրս՝ 
Դարձյա՛լ նվագ, պարեր ու տաղ, 
Մանրիկ ժպիտ, զնգուն ծիծաղ, 
         Շիվ տված սեր, 
         Ծլած հույսեր, 
         Երազների,
         Մուրազների 
         Լուռ թևածում, 
Կարոտներից ծանրած հոգու թեթևացում: 
         Այստեղ 
Հորթուկ զույգ պատանի 
         Կոխ են բռնել՝ 
Ավագների հրահրոցով.
         Այնտեղ՝ 
         Թաքուն՝ 
         Մի մատանի 
Սիրած տղի ձեռքով դողդոջ 
Չափսի գալիս սիրած յարի մատի վրա 
Ու վառում է մատն իր բոցով:
         Այստեղ՝ 
Ծերեր, որ մանկացած 
Վեգ են խաղում կամ ներկած ձու: 
 
         Այնտեղ՝ 
Ջադու պառավների 
Ասեկոսե ու մերկացում: 
 
Նոր ժամանած ուխտավորներ 
Վանքի ներսում, վանքի առաջ.
Դեռ չզոհված հորթի տրտինգ, 
Ու երինջի վերջին բառաչ.
Դեռ չմորթված աքլորների 
Անժամանակ զիլ ծուղրուղու: 
 
         Իսկ այս կողմում՝
         Լարախաղաց
Ու վազվզող մի ծաղրածու,
Եվ մի քամի, որ չգիտես՝ 
Ծաղրածուին կապկո՞ւմ է, թե՞ տնազ անում.
Գլխիկոնծի-գլխիկոնծի՝
Գժուկի պես թավալվում է, փոշի հանում,
Հետո, հանկարծ, թափ է տալիս կեղտ ու փոշին
Կիրակնօրյա հագուստներին տղամարդկանց
Կամ ձեռքերն է շուտ մաքրելու սուտ փորձ անում՝
Ջահել կանանց ազդըրերին քըսմըսելով...
 
Վանքի շուքն է մեկ երկարում - մեկ կարճանում,
Ասես կրիա մի վիթխարի՝ 
Մերթ շոգելով - մերթ մրսելով՝ 
Իր գլուխն է սև զրահից դանդաղ հանում 
         Ու ներս տանում: 
         Իսկ լեռները՝ 
Նույնպես իրենց ստվերներով, 
Որ ձգվում են հետզհետե, 
Ասուլիսի թունդ սիրահար կանանց նման 
Մոտենում են լուռ, թաթերին, 
         Նայում պիշ-պիշ...
 
Եվ մինչ խարույկ-օջախների 
Անբոց շեղջերն են մարմըրում, 
Մատղացուի նման զոհված արեգակի արյամբ բոսոր 
Երկնի ամպերն են կարմըրում: 
Մութն այլևս չի ընկրկում բամբ ձայներից, 
Որ մնջում են՝ չուզենալով, 
         Կամաց-կամաց: 
Եվ լռություն մի վիթխարի, 
Նախ դողեդող ու կարկամած, 
Հետո քիչ-քիչ սիրտ առնելով՝ 
Մոտենում է, ծանըր թառում 
Շշմած վանքին ու ձանձրացած սար ու քարին:
 
         Եվ ոչ մեկը, 
Բացի գուցե մի անմարմին-ներողամիտ հրեշտակից, 
Եվ ոչ մեկը չի նկատում, 
Որ կարճմորուս մի անծանոթ, 
Բերանքսիվայր պառկած կտրին դիմացի տան,
 
Ողջ ժամանակ աչքը՝ նրանց 
Եվ ականջը՝ եղանակին, 
Անափ սրտում՝ հիացմունքի ծփան մի ծով, 
Սեղմ շրթերին՝ երանելի-շաղված ժպիտ, 
Նրանց երգ ու նվագին է ականջ դնում ինքնամոռաց, 
Եվ մատիտը ու թուղթն առած՝ 
         Նկարո՞ւմ է, 
         Թե՞ գրում է 
Ինչ-որ նախշեր ծուռտիկ ու ծուռ՝ 
Նման կարծես այն գրերին, 
Որ գրբացն է թուղթ անելիս միշտ գծմըծում:
 
         Ո՞ր գյուղացու, 
Ո՞ր միամիտ-աստվածավախ շինականի մտքով կանցներ, 
         Թե հոգևոր 
         Ու կարգավոր
Մի վարդապետ բեղ-մորուքով 
Վանք է եկել՝ վանք չի մտել. 
Վանք է եկել, բայց ո՛չ ուխտի, 
Ո՛չ քարոզի կամ օրհնության, 
Այլ հեթանոս ու կռապաշտ 
Դատարկ-մատարկ խաղ լսելու, 
Որ կապում են աղջիկ-տղա, 
         Լակոտ-լուկուտ, 
         -Մե՜ղա քեզ, տէ՛ր...

ՂՈՂԱՆՋ ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ

Աշունն անվերջ խորանում ու խորանում է:
Արագածն ու Մասիսներն են արդեն ձնել: 
Մինչ տանիքին արքադն արդյոք չորանո՞ւմ է, 
Թե՞ թացանում շաղոտ-ցողոտ առավոտից 
Եվ իրիկվա եղյամաշունչ խոնավ օդից, 
Նույն այդ պահին նկուղներում ու մառանում 
         Կախանները սրսըփալով 
                  Սեղմըվում են, 
                  Կպչում իրար՝ 
Իրենց ճխտուն՝ առանց այն էլ նեղ շարանում: 
 
Այնպես հաստ է սերակալում մածունն արդեն, 
Որ գդալը պիտի խրես բահի նման, 
Բայց իր տեսքով հիմա ամեն մի մածնաման 
Տեսնողի մեջ իսկույն սարսուռ է հարուցում: 
Իսկ զարս-կարագն անգամ հարուստ տան խնոցու 
         Երեկ՝ հսկա դդմի նման, 
         Այսօր՝ դառնում հազիվ մի ձու, 
Փոքրանում է՝ անհետանալ շտապելով:
 
Եվ մանրամաղ ուշ անձրևներ վար թափելով՝ 
Պատրաստվում է երկինքն արդեն 
Ձնով նախշել գետինը պաղ: 
 
Բարակում են, դառնում ճապաղ 
Ծիծղուն աղբյուր, ցատկան վտակ: 
Օրըստօրե՝ պատերի տակ 
Էլ ո՛չ նարդի չխկացընել, 
Ո՛չ էլ խաղալ վեգ ու դամա. 
Արդեն կարգին ցուրտ է հիմա: 
 
Եվ ներկարար աշնան հետքով 
Ինքը ձմեռն է մոտենում:
Ինքնավստահ, ծանրաբարո՝
Վարագուրված երկինքներից 
Դանդաղորեն իջնում է ցած, 
Անցնում, գալիս սար ու քարով, 
Նստում ծանըր ու պնդանում 
Եվ անշտապ մի լրջությամբ 
Զբաղվում է սա էլ արդեն... նկարչությա՜մբ, 
         Նկարչությա՛մբ, 
Որ մեկ գույն է լոկ ընդունում: 
 
Երբ արևը ցույց է տալիս իրեն մեկ-մեկ՝ 
Սակավ, ինչպես թույլ ժպիտը 
Հիվանդ դեմքին մի աղքատի, 
Սկսում են սառույց ու ձյուն դառնալ կաթիլ, 
Սկսում են, բայց և իսկույն 
Իրենց սխալն իրենք զգում, 
Շար են շարվում սրա-նրա տան ճակատին, 
Ջրհորդանի շիլ երկաթին, 
Եվ - թե ինչպե՞ս՝ չե՛ս նկատի - 
         Ամենուրեք 
Ու հատկապես եկեղեցու բարձր պատից 
Կախ է ընկնում սառցի լուլան՝ 
Մեկը մեկից երկար ու լայն՝
Երեխեքի ախորժակը բաց անելով: 
Կախ է ընկնում և - ըստ տատի - 
Ճերմակ Դևի դիտմամբ չռված մատների պես 
Երեխեքին ահ է տալիս՝ չանչ հանելով, 
Որ փայտ-քարով ցած չգցեն, 
         Վերցնեն ծծեն, 
Թե չէ՝ կապույտ հազ կկպչեն... 
 
Երդիկներն են, որ ամեն օր լուսածագին 
Թոնիրների ծուխն են անվերջ երկինք փնչում, 
Իսկապես որ կարծես շնչում 
Խոր քուն մտած Սև Դևի պես: 
 
Ու երբ ձմռան անծայրածիր սպիտակին 
Մարդիկ իրենց մժեղային սևն են խառնում՝ 
Տաք տներից ելնում են դուրս ու, խևի պես, 
Ո՞ւր են գնում - ո՞ւր են դառնում՝ չես ըմբռնում, 
Եվ իրենց իսկ շունչն է իսկույն եղյամ դառնում 
Իրենց փռչոտ-թավ բեղերին, 
Որ սարյակի թևերի պես 
Մեկնըվում են տարբեր կողմեր,- 
         Հենց ա՛յդ պահին, 
         Նո՛ւյն ժամանակ 
Սառնամանիքն է ինքնակամ կարգվում հսկիչ, 
Ու պահակ են դառնում անվարձ 
Ամեն տեսակ պաղ-պաղ հողմեր...
 
Իսկ աղքատի դատարկ գոմում 
Մսրան պատի քարերն ամբողջ 
Այնպես առատ են եղյամում, 
Որ աղասեր ու դեռ անփորձ 
         Հորթ ու երինջ 
         Եղյամը ջինջ 
Մոլորությամբ կարծելով աղ՝ 
Լիզմըզում են ու ի՜նչ. ավա՛ղ, 
Լեզուն քաշել են շտապում 
         Ծանոթացած 
Այն սրտփորիկ-կեռակտուց զգացումին, 
Որ այդպես էլ չեն իմանա, 
Թե կոչվում է հիասթափում... 
 
Տարվա այս ուշ եղանակին, 
Երբ դեռ վաղուց՝ աշնան տաքին 
Հարկավորը աղել, 
         Մաղել, 
Ավելցուկը հորում թաղել, 
         Սարքավորել, 
         Կարգավորել, 
         Կժի ճաքին, 
         Շորի ծակին 
Կիր են դրել ու կարկատան.
Երբ տանիքի ծուռվիզ դեզի 
Անգամ տեսքից մարդ է մրսում, 
Մինչդեռ այդ նույն դեզի ներսում, 
         Ձյուն-սառցի տակ 
         Այնպես է տաք, 
Ինչպես մարմինն անթև ճուտի, 
Կարծես վաղուց՝ ամռան մուտին, 
         Դրսում գերել, 
         Այստեղ բերել 
Ու պահում են ձմռան համար 
Մի պատառիկ ջերմին ամառ 
Եվ մի բաժին անուշ գարուն՝ 
Ծիածանի գույներ պահած իր խոտերով, 
Իր զմըռսված ծաղիկների ծով հոտերով.
Տարվա այս ուշ եղանակին, 
Երբ կոշտապատ ձեռք ու բազուկ 
Հանգստանում փոքրիշատե 
Ու դառնում են մի քիչ նազուկ.
Տարվա այս ուշ եղանակին, 
Երբ բահը թանկ, եղանն անգին, 
Լուծը երկար, սամին թզուկ՝ 
         Մի անկյունում, 
         Իրար գլխի, 
         Պարապ-սարապ՝ 
Վերևից են նայում հիմա խեղճ թիակին, 
Որով անվերջ պետք է բակի 
Ու կտուրի ձյունը սրբել,- 
Տարվա այս ուշ եղանակին 
Էլ գյուղացուն ի՞նչ է մնում, 
Թե ոչ երգե՛լ, պարե՛լ, հարբե՛լ, 
Ժամանակն է սուրբ պսակի, 
Մեկ-տասնըմեկ հարսանիքի...

ՂՈՂԱՆՋ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ

Արդար լույսը դեռ նոր բացված՝ 
Թագվորահոր տան տանիքին 
Զուռնան զլում է Սահարի 
Եվ հեռավոր ու թաղական, 
         Ազգ-ազգական, 
         Գյուղ-գեղովի 
Հավաքվում են կամաց-կամաց 
Ուրախության մի ժողովի, 
Որին թող որ Աստծու կամքով 
Արժանանա ամեն օջախ: 
 
Ու զուռնայի փողն է դառնում 
         Թե՛ աջ ու ձախ, 
         Թե՛ վար ու վեր:
Մարդիկ օղուն գինին խառնում 
Ու մոռացած դարդ ու ցավեր՝ 
Հանձնվում են ուրախության: 
 
Ե՛վըս մի փարչ չափից ավել, 
Ե՛վըս մի գավ թունդից ըմպում՝ 
Ու սիրտն ի սեր անկախության 
Գլխի դեմ է ապստամբում: 
Իբրև ազդու քաջալերանք՝ 
Գոռ դհոլն է անվերջ դմբում, 
Ու կորչում է ամեն վարանք. 
Պար են մտնում արդեն նրանք՝ 
Մինչև մի պապ կամ մի նանի, 
Մոլությունից նրանց հանի. 
-Տո՛, կսպասե՜ն հարսի հերանք... 
 
Եվ աղմուկով, ուրախ-զվարթ աղաղակով, 
Գլուխները նվագից ու խմիչքից տաք, 
Իրար խառնած խոսքեր քնքուշ ու բիրտ կատակ՝ 
Թագվորահոր տան լի բակով, 
         Կալատակով, 
Հոծ ամբոխը հարսնահյուրի 
Գյուղամիջով հեղեղում է խնամոնց տուն: 
 
Դհոլ-զուռնի խենթ նվագն է անվերջ թնդում: 
Եվ դհոլչու ու զուռնաչու առջևն ընկած 
Կրակ կտրած երիտասարդ մի թխադեմ՝ 
Թագավորի սրտամոտիկ մակարներից, 
Լող է տալիս գետնի վրա՝ զույգ ոտներով, 
Մինչ ձեռները օդի մեջ են թիավարում: 
         Մերթ՝ պպըզում, 
Ասես հոգնած է՜լ չպիտի տեղից ելնի, 
Վեր է ոստնում մի պահ հետո 
Եվ մի ոտը կեռած օդում՝ 
Տնկվում է նա մյուսի վրա, 
Ապա արդեն երկու ոտով 
Քայլ է անում մանր ու մոտիկ, 
Վազ է տալիս արագ-արագ, 
Վազ է տալիս ոչ թե առաջ, 
Այլ նույն տեղում դոփդոփելով, 
Հետո քայլը զգուշորեն այնպես փոխում, 
Իր ոտները չի կամենում ասես թրջել 
Աներևույթ ջուր ու ցեխում: 
 
Ու մի վայրկյան նայում է դուրս 
Ձմեռային արփին քնկոտ, 
Ասես զարթնած այդ զուռնայի ձայնից վայրի,
Եվ ապակու ինչ-որ բեկոր՝ 
Ափսոսանքով ջարդված մի շիշ կամ աղաման, 
Պսպղում է կեղտաջրում՝ 
Ցերեկային ու երկրային աստղի նման: 
 
Պար է պարում հիմա արդեն 
Մի շորորուն-զրինգ պառավ՝ 
Թագավորի մի մորաքույր կամ քեռակին, 
Եվ կարծես թե յուղ են ածում 
Ուրախության թեժ կրակին. 
         Ծափ ու ծիծաղ, 
         Սուր-սուր խոսքեր, 
Որ չեն պահում վիրավորանք... 
 
         Ա՜խ, Վարդապե՛տ, 
         Այսպես սրանք 
         Երգ ու տաղով, 
         Պար ու խաղով 
Պիտի հասնեն խնամոնց տուն, 
Պիտի այնտեղ ուրախ կոնծեն, 
Պիտի ուզեն հարսի խոնչեն, 
Պիտի պաչեն պառավներին 
Ու հագուրդ տան ծարավներին 
Վառ օղիով, գինին՝ ավել: 
Ա՜խ, Վարդապե՛տ, այնտեղ նրանք, 
Ըստ ընդունված սովորույթի՝ 
Դեռ կսարքեն անմեղ դավեր. 
Կգողանան թմբլիկ հավեր, 
Աքաղաղներ զառ ու գիրուկ, 
Կթռցընեն ճաշի պնակ, 
Կքաշքըշեն իրար ականջ, բեղ ու մորուք՝ 
Իբրև զվարթ ուրախության անմեղ հանաք,- 
Ու դեռ կերգե՛ն, կերգե՛ն, կերգե՛ն, 
Կայրեն հոգի, սիրտ կմըրկեն... 
Էհ, Վարդապե՛տ, ո՞վ չգիտի, 
Էլ ուր մնաց դու՛ չիմանաս, 
Որ հարսնահոր տնից պիտի 
Դուրս գան սրանք ուրախ-խնդուն, 
Ճափա ընկնեն դեպի ժամտուն,- 
         Ոմանք՝ 
Արդեն ետևառաջ «ութ գծելով», 
         Ոմանք՝
Կանանց կռնակներին պագշոտորեն աչք գցելով,- 
Պիտի գնան գյուղի ժամտուն, 
Լսեն փոշոտ-մաշված խոսքեր գրաբարի՝ 
Հասկանալով իմաստը լոկ երկու բառի. 
         -Տե՞ր ես,որդեա՛կ... 
 
Հազա՜ր անգամ տեսած մի ծես, 
         Սուրբ է թեպետ, 
         Բայց, Վարդապե՛տ, 
Նույնքան ծանոթ ու տաղտկալի. 
Վառվող մոմեր ու խնկի ծուխ, 
Որոնց հոտից հաճախ կարծես 
Մարդու քիթ է խտուտ գալիս, 
Ուխտ պահանջող - երդում կնքող Ավետարան, 
Որ մագաղաթ իր շուրթերն է իրար տալիս, 
Բախտավորին օրհնանք դառնում, 
Իսկ դժբախտին՝ ցմահ դարան... 
 
Հարսանեկան բազմությունը տաք ալիքով 
Հիմա արդեն, տե՛ս, հորդում է գավթից ժամի՝ 
Ճանապարհին կանգ առնելով դռների քով 
Սեղան հանած մոտ ու հեռու բարեկամի: 
 
Կարկըտում է ամբողջ թափով, 
Կարկըտում է կոպալը, տե՛ս, 
Եվ հավքերի երամի պես 
Թռչկոտում են թղթե փողեր: 
Զուռնան գծում մանրիկ օղեր 
Ու ճարմանդով ելևէջի 
Կապ է գցում, իրար հինում՝
Եղանակից շղթա շինում... 
         Եվ ընկնելով 
Հանկարծակի բարիացած քամու վիզը՝ 
Քայլ է անում նաև խեղդված-կոնդված ձյունը: 
 
         Տեղ են հասնում: 
Կրակվում են հրացաններ՝ 
         Դեպի երկինք, 
         Որ կես մի ժամ 
Ազատվել է մութ ամպերի ձեռքից դաժան: 
Կրակվում են հրացաններ, 
Եվ այդ անմեղ-անչարամիտ մահափորձից 
Մեծահոգի երկինքն անքեն 
Ո՛չ դատի է տալիս նրանց, 
Ո՛չ էլ նույնիսկ պահում վրեժ, 
Այլ ժպտում է կապո՜ւյտ-կապո՜ւյտ 
Ու ծիծաղում մեծավարի.
Կրակոցը կարծես նրան 
Պատճառել է միայն խտուտ: 
 
Հարսանքատուն մտցընելիս 
Թագավորի ու թագուհու գլխին 
         Վերից 
Ցած է տեղում չամիչ-փշատ, 
         Նողուլ-նաբաթ, 
         Չիր ու չոր թութ՝
Կարկտախառն հորդ անձրևի խշխշոցով, 
Եվ սերկևիլ, տանձ ու խնձոր՝ 
Զատկին ներկած ձվերի պես գունակ-գունակ: 
         Դռան շեմին 
Թագավորի ու թագուհու ոտքերի տակ 
Փշրվում է բոլոր ափսե մի սպիտակ, 
Ինչպես լուսնի երկվորյակը՝ 
Խաղաղ լճում ներկված քարից, 
Որ ցավ ու չոռ, անբախտություն հետը տանի... 
 
Դե՛, Վարդապե՛տ, հիմա նրանք 
Բաժակների չրխկոցին 
Պիտի խառնեն հարսանեկան 
Քեզ սիրելի ու դուրեկան 
Փունջ-փունջ երգերը Ծաղկոցի 
         Քիչը՝ ծանոթ, 
         Շատը՝ նոր գյուտ, 
Եվ բոլորը՝ ուշագըրավ:
 
 
Եվ իսկապես. հարսանքատան 
Ծխոտ-մրոտ օճորքի տակ 
Անկրկնելի եղանակով 
Գովերգվում է թագավորի մահուդ չուխան,
         Գուլպան պուտ-պուտ, 
         Քիրման գոտին, 
         Շապիկը շալ, 
         Ձին հրեղեն՝ 
         Ինքն էլ վրեն. 
         -Աստծո՜ւ բարին 
         Մեր թագվորին, 
Մեր թագվորին՝ թագն ի գլուխ: 
 
Իսկ բքաշունչ ձմռան քամին 
Չարանում է իր մտքի մեջ ու կատաղում, 
         Ինչ է թե, տե՛ս, 
Հարսանքատան դուռն են ահա իր դեմ փակել, 
Ու րոպեն մեկ սկսում է դուռը թակել 
Կամ ավլելով ձյան շեղջերը տանիքներից՝ 
Բաց երդիկից ներս է մաղում, 
         Բուռ-բուռ շաղում՝ 
Կարծես դիտմամբ ուտելիքն է անվերջ աղում, 
Որ ամեն ինչ... չուտվելու չափ աղի լինի: 
 
Օճորքի տակ հարսանքատան 
Երգում են դեռ Գովքը փեսին: 
Այնուհետև - այդպե՛ս - արդեն երգ են դառնում 
Ու թագուհու բույրին իրենց հոտն են խառնում 
Ճերմակ շուշան, ոսկեծաղիկ 
         Եվ վարդենիս, 
         Որոնց նման. 
-Անուշ բուրեր քո թագուհին: 
 
Կոշտ կոպալն ու վայրի զուռնան՝ 
Քնքուշ երգից ամաչելով՝ 
Ետ են քաշվել ու տեղ տվել, 
Որ կարկաչեն դափ ու դուդուկ. 
-Պնդուկի ծառ կապեր պնդուկ, 
Էնոր նման պտկեք և դուք: 
 
Բարեբանող երգը հիմա 
         Օրորվում է, 
         Շորորվում է 
Այգու նման մի պտղաբեր. 
-Խաղողի ուռ կոճակ կապեր, 
Պտղեք դուք էլ էնոր նման: 
 
Ու երգողի ձայնը ծորուն 
Երգի ծայրը ետ ոլորում, 
Ավարտում է՝ հանգույց տալով... 
Ու տեսնում են դեմքերն իրենց 
Օղի-գինով լի բաժակում, 
Եվ կոնծելով նույն պահին հենց՝ 
Ավերում են դեմքերն իրենց 
Ու հետևից շուտ ճաշակում 
         Կես թաս շորվա, 
         Մի ֆունտ գեր միս, 
Եվ այնպիսի՜ ախորժակով, 
Խեղճերն ասես սրբի նման 
Պաս են պահել մի ողջ ամիս: 
 
Դափ-դուդուկից հիմա արդեն ծայր է առնում 
Նուրբ ու նազուն մի Ձեռնախաղ՝ 
Հարուցելով հիացագին «վա՜յ-վա՜յ... ա՛խ-ա՛խ»: 
Հասակակից հարս-աղջկա հրմշտոցից սրտապնդած՝ 
Չեմուչումով վեր է կենում 
Մի թուխ-վարսեղ-հասուն աղջիկ, 
Ու նազում է մի ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ: 
Շագանակե իր աչքերը պատսպարած թարթիչներով՝ 
Նա թափանցիկ իր ականջին 
Պահ է տալիս անհնազանդ մի սև խոպոպ 
Եվ կեսմարած քայլ է անում 
Դեպի կենտրոն՝ պարաշրջան: 
Եղանակը մոտենում է ու հեռանում: 
Եվ որսալով մոտեցումը եղանակի՝ 
Իր ամոթն է անմիջապես նա մոռանում 
Ու դալարուկ մեջքը իսկույն կեռ-մեռ անում, 
         Սահ է սահում, 
         Այնպե՜ս սահուն, 
Որ մի վայրկյան.... ամենքի հետ՝ 
Դուդուկահարն ինքն էլ նույնիսկ շունչն է պահում... 
 
Դյուրագրգիռ դափն է հանկարծ ընդոստ զարկում, 
Ու դառնում է նվագն ահա է՛լ ավելի լարաթրթիռ, 
Ձեռքերն, ասես թե խրտնելով, վեր թևարկում, 
Հետո, կարծես ապահովված՝
Ետ են գալիս, թառում սրտին: 
Իսկ ոտքերից մեկը՝ 
Կարծես գորովանքով՝ ապտակում է 
Պաչ պահանջող գժուկ գորգին.
Մերթ կրունկով ու մերթ թաթով 
Մանրիկ-մանրիկ տկտկում է, 
Մինչդեռ մյուսը ինքն իր կարգին 
Սահում է լուռ, սակայն հուզված, 
Կարծես շոյում մաքուր խուզված 
Խիտ մազերը նույն այդ գորգի: 
 
         Պարո՜ւմ է նա, 
Եվ աչքերն են դառնում տամուկ: 
         Պարո՜ւմ է նա, 
Եվ հագուստը խայտաճամուկ 
Մերթ ծալեծալ, փոթ-փոթ գալիս, 
Մատնիչորեն ցույց է տալիս 
Իր թաքցըրած ձևերը պերճ ու խելքահան, 
Մերթ էլ կիտված ծալքերն ահա 
         Ետ են դարսվում, 
         Բացվում-պարզվում 
Եվ վավաշոտ տղամարդկանց 
         Հայացքների նետերի դեմ 
Կրկին դառնում մի յուրովի ազնիվ վահան: 
 
         Պարո՛ւմ է նա, 
         Վառո՜ւմ է նա,
Եվ բոլորը՝ մեծ թե պուճուր, 
Մոռանում են հասակն իրենց, 
Դուրս են ելնում տարիքներից,- 
Եվ չափ տվող թունդ ծափերի ալիքներից 
Արձանի պես անշարժացած նորահարսի 
Քողն է ուռչում ու կուչ գալիս, 
Ու նորատի հարսնաքրոջ 
Զառ լաչակն է բաց-խուփ անում, 
Ամեն անգամ մերթ՝ թաքցընում փոսիկն այտի, 
Մերթ՝ դունչիկի ոսպանման խալը բանում: 
 
Ծափ է տալիս մինչև անգամ նորափեսան՝ 
Մոռանալով, որ ուրիշի պսակ չէ սա, 
Մոռանալով, որ ինքն այստեղ 
Ոչ մակար է, ոչ էլ քավոր: 
 
Իսկ նա... կարծես չի էլ լսում,
Ոտն է հազիվ գորգին քսում 
Եվ շարժումով մի հարկավոր՝ 
Թե՛ նազելի, թե՛ հարգևոր, 
Պտըտվում է կրունկներին, 
Որից նրա շորը ճամուկ 
Քիչ ուռչում է թեթև քամուց, 
Հետո՝ կարծես ամաչելով՝ 
Նորից կպչում սրունքներին: 
 
Եվ խելքամաղ ջահել տղերք, 
Տղամարդիկ սիրակեղեք 
Իրենց մատնող-դավաճանող աչքերն ահա 
Թարթիչների սուտլիկ-մուտլիկ խաղով կոծկում 
Եվ թուլակամ շրթունքներն են բռնի կոճկում... 
 
Ա՜խ, Վարդապե՛տ, հիշո՞ւմ ես դու 
Գարնանային այն օրն անցած, 
Դաշտում դաղձ ու սիբեխ քաղող 
Այն հարսներին, աղջիկներին, 
Փախուստը քո դեպի պաղ խուց... 
         Վաղուց էր դա, 
         Վաղո՜ւց, վաղո՜ւց, 
         Հիշո՞ւմ ես դու, 
         Ա՜խ, Վարդապե՛տ, 
         Ո՞նց չհիշել, 
         Երբ ողջ գիշեր
Մի տանջալից ծանըր երազ քեզ տվայտեց, 
Քեզ փարվելով՝ նաև խայթեց, 
Խայթեց՝ ինչ-որ անուշ ցավով, 
Անո՜ւշ-անո՜ւշ, ինչպես հիմա՝ 
         Այս վայրկյանին... 
 
         Նույն վայրկյանին 
Մի թուխ կտրիճ՝ մեջքին քամար, 
Հագին չուխա մեջքապնդուկ, 
Հնոցի պես բոց աչքերին 
Ածուխի պես սև-սև կամար, 
Հայացքը՝ լուրջ, դեմքը՝ հանդուգն,- 
Արջի նման մեջ է գալիս, 
Ծանրամարմին պտույտ տալիս, 
Բայց... կոպալի տեղին հարված - 
Նա՝ նվագին հավասարված, 
Արջից հանկարծ վագր է դառնում՝ 
Թեթև ցատկով վեր է թըռնում 
Ու թեև նա ոչ մի բանից 
Ո՛չ կախվում է, ո՛չ էլ բռնում, 
Բայց մնում է վեր՝ օդի մեջ: 
 
         Ու պարուհու 
Սև հոնքերի երկաչքանի կոր կամրջով 
         Անց է կենում 
Մոլորաքայլ մնջախաղի մի մտածում: 
Հետո կամուրջն իր հոնքերի 
Կշեռքի է նա վերածում 
Եվ թույլ տալիս իր աչքերին,
Որ վեր ու վար նժար ճոճեն. 
Մնջախաղով կշռում է նա 
         Նրա բախտը՝ 
         Իր «հա»-ն ու «չէ»-ն... 
 
Ու քայլում է աղջիկն այնպես զգուշորեն, 
Քայլ է փոխում կարծես ոչ թե գետնի վրա, 
         Այլ սառույցի. 
Ամա՜ն, հանկարծ չսայթաքի ու չընկնի վայր,- 
Ցավը՝ ոչինչ, փակ տեղերը բաց կլինեն՝ 
Կդառնա խաղք ու խայտառակ: 
         Նույն այդ պահին 
Տղան այնպես է կտկտում, 
         Այնպե՛ս արագ, 
Կարծես սրա ոտների տակ, ընդհակառակն՝ 
Արդեն ոչ թե սահուն սառույց, 
         Այլ լոկ կրա՜կ, 
Խարույկի մեծ շեղջ է փռած, 
Եվ որպեսզի չայրի իրեն՝ 
Աշխատում է քիչ դիպցընել ոտքը գետնին 
Ու շատ մնալ օդում՝ թռած... 
Կոտրատվում է աղջիկն էլի ու նազ անում, 
         Եվ ժպիտը՝ 
Գարնանային երիժնակի ցողունի պես, 
Որքան քաղցր է ու հյութալի - նույնքան՝ փշոտ: 
Ու տեսնելով, որ աղջիկը չի հեզանում, 
Պարեկ տղան, ցավը դեմքին, ցատկում է օդ, 
Փլվում, գետինն է սասանում: 
Ոտներն արդեն հաճախ-հաճախ 
Թեք են տալիս մեկ աջ - մեկ ձախ, 
Մինչ իրանը՝ գոտկատեղից՝ 
Չի էլ շարժվում անգամ տեղից: 
Իսկ ձեռքե՜րը... մի կատարյալ, 
Մի կատարյալ... ի՞նչ... գալարա՜նք.
Առաջ ու ետ, վերև-ներքև՝ 
Բան են որսում ասես նրանք, 
Մերթ՝ բարկացած ու կատաղի, 
Մերթ էլ հանկարծ տատամսում են ու վարանում, 
Կարծես արդեն մթան մեջ են բան որոնում: 
         Նորից՝ ընդոստ. 
         -Տաշի-տուշի... 
         Հետո՝ հուշիկ. 
         -Հոպտտա-տմբա... 
Եվ դառնում է պարն ավելի առույգ ու ժիր: 
Ու պարեկի շալե թումբանն 
Իր իսկ հանած հողմի առաջ 
Փռփռում է՝ կարծես դառած 
Դարբնոցի մեծ փուքսը կաշվե: 
 
Հետզհետե մեծ ու փոքր ավելի են մոտիկանում, 
Իրար սեղմված՝ պարողներին մտիկ անում, 
Հետո սրտի ամբողջ տապով 
Ծափ են տալիս պարի չափով 
Ու պարն անվերջ տաքացընում. 
         -Սը՛-սը՜, սը՛-սը՜... 
 
Իրենց դմբո էրիկներից դժգոհ կանայք 
Մտքների մեջ կամ բացահայտ հոգոց հանում 
Ու ձեռքերն են ցավով տանում 
Իրենց կրծքին... ինչի՞ց ուռչող: 
 
         Մինչ պարեկը 
Ձմռան պաղած հողն է - թը՛կ-թը՛կ - այնպես դոփում, 
Մեխ է կարծես այնտեղ խփում՝ 
Իր ոտքերո՜վ, ոչ թե մուրճով.
Մինչ պարեկի ուսերը, տե՛ս, պար են պարում 
Իր իրանից ու ոտքերից ասես անկախ ու ինքնավար, 
Հոնքերն, ահա՛, պար են գալիս իրենց համար՝ 
Կամ շինելով, կամ քանդելով երկու կամար, 
Պար են գալիս աչքերն՝ անջատ, 
         Դաստակը՝ ջոկ, 
         Թաթն՝ առանձին, 
         Ծունկը՝ ծալված, 
         Իրանը՝ ձիգ, 
         Գլուխն՝ ուղիղ, 
         Իսկ վիզը՝ թեք. 
Բոլորն՝ անջատ ու առանձին, 
Բայց և այնպես՝ բոլորը մեկ,- 
         Նույն ժամանակ 
Շիվ աղջկա թևիկները, աղավնու պես, 
Մերթ տեսնում ես՝ քիչ է մնում թառեն գետնին, 
Ասես սրսուռ կուտի վրա, 
Մերթ էլ տեսար՝ վեր են սուրում, 
         Ճախր են տալիս, 
Հետո, ինչպես բույնի չորս կողմ, 
Գլխի շուրջն են պտույտ գալիս, 
         Ու վերջում էլ, 
Երբ նազելի մի շարժումով կանգ են առնում, 
Խոնարհաբար գլուխ տալիս՝ 
Իբրև նշան ներողության, 
Որ դադարում են պարելուց,- 
Ձեռքերն այնժամ հեզ ու հլու՝ 
Երկու հոգնած աղավնու պես՝ 
Թևը ծալած կուչ են գալիս, 
Որ անհանգիստ-վայրիվերող կրծքի վրա 
         Հանգստանան, 
Մինչդեռ տղան վերջին անգամ 
Ոտքի վրա օղակ տալով՝ 
         Ցատկում է վեր, 
Յոթ-ութ վայրկյան օդում մնում արձանացած 
Եվ, քարի պես, ընկնում է ցած՝ 
Ընկած տեղը ծնկի գալով... 
Ու հնչում է կենաց մի նոր՝ 
         Թագվորահոր, 
         Թագվորամոր 
Կա-չկայի, ծետ ու պետի: 
 
Ա՜խ, Վարդապե՛տ, հիմա պիտի 
Պատկառելի մի նոր տաղով 
Կանչեն փեսի պապ ու տատին, 
         Հորն ու մորը, 
         Քուր-ախպորը՝ 
Ամեն մեկին մի տուն խաղով. 
-Որ գան նստեն, դարպաս անեն, 
Ծնրիկ զարկեն սուրբ սեղանին, 
Հրամմեն բարին մեր թագվորին...
 
Հետո արդեն մի բաղաձայն կատակասեր, 
Սկսելով զավեշտական իր խաղն ասել՝ 
Գովքի դիմաց պիտի չուզի, այլ պահանջի՝ 
         Փեսահորից՝ 
         Սել մի սեղան... 
         Փեսախպորից՝ 
         Խոյ մի խորվու... 
         Փեսաքուրից՝ 
         Գուլպա յոթ ջուխտ՝ 
Իմանալով, որ կստանա 
Իր խռպաձայն երգի դիմաց, 
         Երկու ճնճուղ, 
         Մեկ գարեհաց...
 
Հետո պիտի կարգով հնչեն 
Կարգի դրված հազար կենաց 
Ավանդական ու կրկնվող՝
         Համեղ թեպետ, 
Բայց չփոխվող ճաշերի պես հոգնեցուցիչ, 
Որ և սրանք պիտի կուլ տան 
Թունդ օղիով, գինով անուշ 
Ու հետադարձ ճամփան թակեն 
Խաշլամայի պատառներով: 
 
Դեռ, Վարդապե՛տ, դու կտեսնես 
Ալիք-ալիք ծփան Շորոր, 
         Ապա Նազպար, 
Եվ, հակառակ իր իսկ կամքին, 
Մի կաքավող աղջիկ կամ կին, 
         Ա՜խ, Վարդապե՛տ, 
Մինչև անգամ վարդապետին կուսակրոն 
Հիշել կտա... պիղծ մի ջաննաթ՝ 
Մեր անալի դրախտի տեղ, 
Հիշել կտա պիղծ մի ջաննաթ՝ 
Խարդավանքով անգո չարի: 
 
         Հետո... ապա... 
         Դեռ կա Դարձպար, 
Կա Թռնոցի, կա Քոչարի, 
Երբ սկզբում կռնաբռնուկ՝ 
         Քիչ ծալվելով, 
         Շատ տարվելով, 
Հետո արդեն թևատըրուկ՝ 
Շեշտով հատու և կտըրուկ 
Դեպի առաջ քիչ են տարվում, 
Այլ մոտեմոտ ծնկածալվում, 
Ասես իրար ուժ գումարած, 
Մի սի՛րտ, մի կա՛մք, մի մա՛րդ դառած՝ 
Աչքի համար անտես մի պատ 
Պիտի քանդեն իրենց ուսով. 
Հետո, հանկարծ, ամբողջ ուժով, 
Ասես իրար խիստ կարոտած՝ 
Պիտի ամուր գրկեն իրար 
         Մեջք ու իրան 
Եվ թի՜ռ՝ թռչեն մեջքագրկուկ: 
 
Եվ ժամանակ առ ժամանակ՝ 
Իր կոպալի զարկերի հետ 
Խաղացնելով ողկույզի պես գռուզ բաշը, 
Խմած գինուց ու եռանդից կարմրատակած՝ 
Աքլորի պես կծղրտա գեր դհոլչին. 
         -Այ շաբաաաաաա՜շ - հա,- 
Ու փութաջան թքոտելով թուման-տասնոց՝ 
Կկպցընի իր ճակատին 
Կամ կխրի գդակի տակ՝ 
Կեսը կախած իր ծոծրակի, 
Իր հոնքերի, դեմքի վրա՝ 
Թղթե գունե ծոպքերի պես: 
 
Եվ կըտևի դա մինչև լույս, 
Մինչև բարի աղոթարան, 
Երբ որ Պարոն աքլորն, իզո՜ւր, 
Երբ որ Տիկին հավերն, իզո՜ւր, 
Ուժ պիտի տան կոկորդներին՝ 
Հայտարարեն լույսը բացված, 
Ու չլսեն իրենց ձայնը անգամ իրենք՝ 
Դհոլ-զուռնի զորությանը կուլ գնալով... 
 
Ա՛խ, միամի՜տ իմ պապերի 
Մանկաբարո ուրախություն, 
Որ տևում էր յո՜թ օր-գիշեր, 
Որ անցնում էր երգ ու պարով, 
Կռիվներով գինեհարույց, 
Ու հաշտությամբ գինեմիջնորդ... 
Ա՛խ, միամի՜տ իմ պապերի 
Մանկաբարո ուրախություն 
Սերմի առթիվ՝ դեռ չցրված, 
Մանկան առթիվ՝ դեռ չծնված... 
Ա՛խ, անգիտա՜կ իմ պապերի 
Բնապարգև հարստություն 
Հազար երգ ու եղանակի, 
Որ չունեին տեր-տնօրեն 
Ու զուրկ էին հեղինակից. 
Անհատնելի մի գանձանակ, 
Որ շաղ տալիս անփութորեն, 
Ցրում էին հայ գյուղացիք 
Իրենց մաքուր շրթունքն ի վար՝ 
Ինչպես որ միշտ և ամենուր, 
Այս անգամ էլ հարսանեկան 
Ուրախության այս առիթով՝ 
Ցանկանալով սե՛ր, միությո՛ւն, երջանկությո՛ւն, 
Բոլորովին մոռանալով այդ վայրկյանին, 
Որ հեշտորեն չի կատարվում ամեն մաղթանք, 
Որ կարող է նաև լինել...

ՂՈՂԱՆՋ ՄՐՄՈՒՌԻ

         Իսկ թե լիներ - աստվա՜ծ չանի - 
         Իսկ թե հանկարծ այնպե՛ս լիներ,
Որ այգու պես անուշ բուրող նորահարսի առագաստում
         Գառի նման մշմըշալով 
         Ամեն գիշեր հանգիստ քներ 
Ընդամենը մի տասներեք գարուն տեսած նորափեսան՝ 
         Մեջքը հարսին, դեմքը պատին,- 
         Այնժամ պիտի հարսն ի՞նչ աներ:
 
Ա՜խ, նա ինչպես բութ մանգաղին անվերջ քսվող անյուղ հեսան, 
         Քար էլ լիներ՝ խարտվե՛ր պիտի, 
         Փոշի՜-փոշի՜ պիտի մաշվեր, 
         Եվ ձեռն ի ծոց ու վիզը ծուռ՝ 
         Մի խուլ անկյուն պիտի քաշվեր, 
Գրտնակի պես լիք ու լխտիկ իր թևերը հոշոտելով, 
         Անիծելով իր բախտը սև, 
         Երազելով գգվանք ու սեր՝ 
         Պիտի երգեր ողի՜կ-ողի՜կ. 
         -Իմա՜լ էնեմ, իմա՜լ չենեմ, 
         Յար պստիկ ա, շիվարե՜լ եմ...
 
Իսկ թե՝ լիներ, այնպե՛ս լիներ, 
         Որ ընջավոր 
         Ու փընջավոր՝ 
         Ծամո՛վ մեկին, 
         Որ կարճըլիկ 
         Ու կարճուլիկ՝ 
         Համո՛վ մեկին 
Օր ծերության դարձըներ կին 
Մի անատամ կծու խոջա- 
Քիթը՝ բարդան, ոտքը՝ քոթուկ, 
Աչքը՝ ճպիռ, վիզը՝ ճոճան...
 
Իսկ թե լիներ, այնպե՛ս լիներ, 
Որ լի տունն իր վանդակ շիներ 
Ու այդ ոսկե նեղ վանդակում 
Փակեր կաքավ մի կլորիկ՝ 
         Մի սիրավոր 
         Ու վիրավոր 
         Եվ սևավոր 
         Անբախտ լորիկ,-
Իսկ թե ահա այսպե՛ս լիներ, 
Այդ օր մահու քավթառի հետ
         Նույն չոր բարձին 
Լերկ գլխի դեմ վարսեղ գլուխն ինչպե՞ս դներ, 
Ծմակի պես պաղ այդ ծոցում ինչպե՞ս քներ, 
Կրակ կողերն ինչպե՞ս հպեր լուլա-սառցին, 
Ինչպե՞ս, ինչպե՞ս մալուլ երգով ծունկ չծեծեր, 
Ծամկտրածը իր մարեին ո՞նց չանիծեր, 
Ինչպե՞ս չասեր, որ նա արեց իր բախտն ավեր, 
Ջահել սրտում կրակի պես վառեց ցավեր.
Արար-աշխարք լիքը լավեր՝ 
Ինչո՞ւ թողեց կտրիճ քաջին, 
Ինչո՞ւ տվեց քավթառ խոջին. 
-Իմ կեղտ էնոր մեղրի միջին, 
Էնոր ոսկուն նստեն հավեր, 
Քա մարե՜ ջան, քա տնավե՜ր...
 
Իսկ թե տային ո՛չ թե հարուստ բայց ծեր խոջի, 
Այլ հենց մի լավ՝ սրտով սիրած ջահել քաջի, 
Մինչև անգամ չոր քարի տեղ խսիր տային, 
Չոր գետնի տեղ տային նաև մաշված կարպետ, 
         Է՜հ, Վարդապե՛տ, 
Ի՜նչ է, պիտի բախտավորված հա խնդայի՞ն: 
         Չէ՜, Վարդապե՛տ, 
Աղքատության ճանկը չընկնի մինչև անգամ քո թշնամին... 
Հարսանիքի դհոլ-զուռնան դեռ չլռած, 
Եվ պահունի շորերն անգամ սնդուկի մեջ դեռ չդրած՝ 
Պանդխտության անգութ քամին, 
Հարսի ծոցից նորափեսին փրցընելով 
Եվ քարեքար ու սարեսար թռցընելով՝ 
Իր սիրածի անուշ համին 
Բաժանումի դառնությունն է արդեն խառնում. 
         Գնում է նա 
Եվ... մի՛ տարի, երկո՛ւ, երե՛ք... ետ չի դառնում:
 
Եվ կարոտից ու տանջանքից, 
Անկարելի անրջանքից 
Մարմինն ասես վերք է դառնում համատարած 
Ու նվո՛ւմ է, տնքո՜ւմ, ցավո՜ւմ: 
Սերն է մխում կուրացուցիչ-դառըն ծխով, 
Ինչպես ծառից հենց նոր ջարդված - խարույկ դառած 
Թաց ոստերը՝ անթթվածին քարանձավում... 
Անկողինն է հարսին այրում կրակի պես, 
Օրն է մթնում, իսկ իր սերը տուն չի գալիս: 
         Եվ 
-Էս անտեր բարձի վրա 
Առանց յարի քո՜ւն չի գալիս... 
 
Ու վերքերը դառնում են երգ, 
Ու երգերը դառնում են վերք, 
Ու սրտերը՝ ծանըր մի քար, 
Երբ զինվոր են տանում յարին. 
-Ա՜խ, երթար ու էլ ե՛տ չգար 
Քեզի սոլդաթ գրած տարին... 
Երբ չեն տալիս յարը յարին, 
-Որ ախ էնեմ, կուգա արի՜ն... 
Երբ խախտում են խոսք ու երդում. 
-Տաք արի՜նն է մեջս լերդում... 
         Երբ...
 
Վարդապե՛տ, ի՞նչ էիր դու.
Մորից ծընված հող հո չէի՞ր, 
Որ լուռ ու մունջ ներծըծեիր 
         Անձրև ու ջուր, 
         Եղյամ ու ձյուն, 
         Կարկուտ ու ցող 
 
Թե լինեիր մինչև անգամ անլեզու հող, 
Այս ամենը ինչպե՞ս և ո՞ւր հոգիդ տաներ: 
Չէ՞ որ հոգիդ պիտի մի օր
         Պոռթկա՛ր, 
Որպես մի արտեզյան խորունկ ջրհոր, 
         Ժայթքե՛ր, 
Չորս դին ցրեր ցայտքեր, 
Ծիածանված շատրվանե՜ր...

ՂՈՂԱՆՋ ՀՐԱՇԱԳՈՐԾՄԱՆ

Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր
            Այնտեղ էլ նա էր,
Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝
            Այնտեղ էր երգը:
 
Առաջին անգամ լայն դահլիճների 
Բեմից էր լսում ինքն իրեն հայը, 
Եվ բոլորովին ուրիշ էր հնչում 
         Իր իսկ «Տույ-տույ»-ը, 
         «Վայ լե-լե վայ»-ը. 
         Նո՛ւյն արտն էր հուռթի, 
         Նո՛ւյն սերմը ցանված, 
         Բայց... խորն էր հերկը, 
         Ու բեղուն՝ բերքը: 
 
Հայ ելևէջի վայրի տարերքը, 
         Հեղեղ մեղեդին, 
         Տարափ պարերգը 
Էլ չէին արդեն հնչում ու կորչում, 
Ինչպես հողմերը՝ դաշտերում լեռնոտ, 
Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճում - 
         Անօգո՜ւտ այնպես, 
         Այնպես ապարդյո՛ւն:
 
Հայ ելևէջի վայրի տարերքը
Մի կախարդ ձեռքով, որտեղ որ պետք էր,
Դառնում էր անձրև՝ ծլարկած արտում,
         Դառնում ջրաղաց,
         Էրանի քամի՝
         Ցանկացա՛ծ ժամին:
 
Հայ ելևէջի հոսքը վարարուն 
Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն, 
Գտել էր անշեջ ու որոշ հասցե.
Հասնում էր սրտին՝ ում էլ պատկաներ.
         Մոտիկ դրացո՞ւ, 
         Ռուսի՛, վրացու՛, 
Թե՞ օտարաձայն հեռավորների՝ 
         Լեհի՛, 
         Ֆրանկի՛, 
         Ավըստրիացո՛ւ: 
 
Այսպես՝ կալակիտ ցորենն է դառնում 
         Ընտիր սերմացու, 
Ապառած քարը՝ սեղան խորանի 
Ու պատի վրա ջուր խմող այծյամ: 
 
Այսպես՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր 
Պսակ են դառնում հարսների ձեռքով 
         Հարսների լանջին: 
 
Այսպես՝ եղյամն է ապակիներին 
Լուսամուտների շրջանակի մեջ 
Հանճարեղագույն բնանըկարի կերպարանք առնում:
 
Եվ հույսը - այսպե՛ս - հավատ է դառնում...
 
Նա մելամաղձոտ հայ եղանակին 
Հայկական ուրախ հորդան էր կցում, 
Եվ կարծես արփին ծագում էր հանկարծ 
         Ցրում մուժ ու մեգ: 
 
Նա վիրաբույժի հմուտ ձեռքերով 
Ինչ-որ կույր աղիք կտրում էր գցում, 
Եվ մարմինն ասես ծնվում էր նորից, 
         Դառնում մորեմեկ: 
 
         Նա... ի՞նչ էր անում: 
         Լոկ այն էր անում, 
Ինչ որ անում է ավազն ամանին՝ 
         Մաքրում է ժանգից. 
Ինչ որ անում է ջուրը մանչուկին՝ 
         Դունչիկն է սրբում. 
Ինչ-որ անում է մայրը մանուկին՝ 
Ինն ամիս կրում իր կողերի մեջ 
Ու գերմարդկային-մայրական ցավով 
Ավելացնում է թիվը աստղերի՛,- 
Մի սովորակա՜ն... անսովո՜ր հրաշք:

ՂՈՂԱՆՋ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ

         Եվ արտերի փոխանակ 
         Հորովելը գեղջուկի 
         Դահլիճներում է հնչում. 
         -Ձի՜գ տուր, քաշի՜, ա՛յ եզ ջան...
         Բաց երկընքի փոխանակ 
         Շրթունքները պանդուխտի 
         Բեմերից են մրմընջում. 
         -Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան: 
         Գյուղակների փոխանակ
         Քաղաքներում է ծորում.
         -Սուփրեն կալում գցած ա:
         Հյուղակների փոխարեն 
         Սրահներում է բուրում.
         -Խնձոր ունեմ, կծած ա: 
 
         ...Իսկ մեր խնձորն իսկապես 
         Արնածոր ու վիրավոր՝ 
         Հազա՜ր տեղից էր կրծած. 
         Առևանգած իրարից՝ 
         Մեր խնձորը դարավոր 
         Հազա՜ր ձեռքից էր պրծած:
 
         Հազա՛ր եղունգ ու ճիրան, 
         Հազա՛ր մագիլ էր խրվել 
         Նրա փխրուն կողերում: 
         Տիղմաբեր ու թմբատար 
         Հազա՛ր հեղեղ էր ցրվել 
         Նրան սնող հողերում: 
 
         Ոսոխներից բարբարոս 
         Շատերն անգամ հավիտյան 
         Կորել էին աշխարհից, 
         Չքվել էին՝ թողնելով 
         Լոկ պաղ մոխիր կամ մատյան 
         Բևեռագիր ու քարից: 
 
         Բայց մնում էր մեզ վրա 
         Հետքը նրանց ժանիքի՝ 
         Նրանց արնոտ կնիքի: 
         Խառնըվել էր մեր երգին 
         Օտարի շունչն անմաքուր, 
         Օտար երգի ելևէջ. 
         Աղ էր ցանվել մեր վերքին, 
         Ավազ լցվել մեր բերքին 
         Եվ ջուր՝ արդար կաթի մեջ: 
 
         Ականջ էր պետք, որ ջոկի, 
         Ու ձեռք էր պետք, որ պոկի 
         Օտարամուտ ամեն քող: 
         Պետք էր կոկորդ ու ոգի, 
         Որ տաղ դարձած մեր հոգին 
         Համերգանար ամեն կողմ: 
 
         Մարդուն երբ ցավ են տալիս՝
         Հետն էլ արցունք է գալիս, 
         Որ կսկիծը քիչ մարի: 
         Վերք է տրվում՝ և դե՛ղ կա, 
         Ելք է ճարվում՝ թե նե՛ղ գա,- 
         Այսպես է կարգն աշխարհի: 
         Ու եկար դու՝ վիթխարի՜, 
         Եվ մեր հայոց աշխարհի 
         Անտերացած հայելուց 
         Բիծ ու փոշին, խա՜վ առ խա՜վ, 
         Բարեխընամ մի ձեռքով 
         Կարծես հանկարծ սրբեցին.- 
 
         Եվ մեզ այնտեղ նայելուց 
         Աչքերը մեր հարբեցին. 
         Մե՞նք ենք՝ այսքա՛ն վայելուչ, 
         Այսպես կոկի՛կ, հարդարվա՛ծ, 
         Գոհարներո՜վ զարդարվա՛ծ: 
         Չկշտացա՜նք նայելուց... 
 
         Այսպես հանկարծ և անձայն՝ 
         Մեր հեքիաթի համաձայն՝ 
         Միայն փոխվում է այգին, 
         Երբ որ այգում այդ անջուր 
         Կախարդիչ երգն է հնչում 
         Մեր Հազարան զառ հավքի: 
 
         Եվ ամենքըս մեր աչքին
         Երևացինք աշակերտ, 
         Իսկ դու՝ երգի դասարան: 
         Եվ ամենքըս մեր աչքին՝ 
         Թոշնած-խամրած ծաղկաթերթ, 
         Իսկ դու՝ բլբուլ Հազարան: 
 
         Եվ այն օրից, Վարդապե՛տ, 
         Դու ծայր տվիր հրաշքի՜ն, 
         Եվ հաղթական մի շքերթ
         Ձգվեց հեռո՜ւ և հեռո՜ւ 
         Էջմիածնի կավակերտ 
         Ու սրբատաշ պատերից: 
         Դու՝ սքեմիդ սևերում, 
         Մինչդեռ քո լույս մատերից 
         Ծորանք առան շող շիթեր: 
         Եվ ինչ երկար դարերով 
         Քո ժողովուրդն էր կիտել 
         Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ, 
         Դու լիաբուռ-լիառատ 
         Շա՜ղ տվեցիր աշխարհում, 
         Որպես մի նոր վաշխառու, 
         Որ տվածի փոխարեն 
         Բարձըր շահ է պահանջում՝ 
         Հիացմունքի շող արև՛, 
         Գոռոզության նահանջո՛ւմ:
 
Եվ այն, ինչ հայ գյուղացին ձիգ էր տվել դարերով 
Ապարանի կամ Լոռվա հերկում, կալում, խոզանում, 
         Հիմա արդեն, Վարդապե՛տ, 
         Ծավալվում էր քո՜ շրթից, 
         Ծավալվում էր... Լոզանում: 
 
Հայ պատանու վիրավոր սրտի մրմունջն էր հևում, 
         Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ, 
         Այն էլ հեռու... Ժնևում: 
 
         Կոմսուհիներ, բարոններ, 
         Տիտղոսավոր տեր-տիկին 
Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն՝ 
Նետում էին ակամա գոռոզության ու շիկ-ի 
         Ամեն դիմակ ու կեղծամ 
         Եվ, մանկորեն հիացած, 
         Իրենց մտքում, պատրանքով, 
         Տեսնում... պարող մի այծյամ: 
 
         Հեռվից-հեռու, մոտ ի մոտ 
         Մեր կարոտն էր սավառնում, 
         Ու մեր սրտի խոսքը տոթ 
         Շիկանում էր քո բերնում, 
Սակայն ո՛չ թե խաղողի մի ծանրածոց այգու մեջ, 
         Ո՛չ էլ կտրից հայկական, 
         Ո՛չ էլ արտից, այլ... Բեռնում: 
 
Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան՝ 
Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան: 
 
         Լոկ ծիրանի մի փողով 
         Ու շարժումով մատներիդ 
Տեր-տնօրեն դու դարձար խորթ ու խոժոռ Ցյուրիխում՝ 
Ստիպելով, որ զգան, թե ինչպես է մեր գինին 
Տաքանալով մեր երգից՝ սարքում զվարթ կերուխում: 
 
         Նրբաճաշակ-բարեսուն 
         Երեսառած Փարիզում 
Բեմին բուսնեց ու ճոճվեց տղամարդկանց պարի սյուն, 
         Սակայն... լոկ քո՛ երգերով, 
         Քո՛ նվագով - ո՜չ մի խումբ: 
Ու խենթացած ծափ տվեց Փարիզն ինչպես ձեռքերով, 
         Այնպես նաև բաց ու խուփ 
         Թարթիչներով՝ զարմացա՜ծ... 
 
         Ասես մեկեն թարմացած՝ 
Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արյան, 
Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՜վ Իտալիան,
         Երբ դու հասար Վենետիկ: 
 
Ու մոռացած խստապահ ծես ու կանոն, սնոտիք, 
Ու մոռացած հավատի կապ ու կապանք, կաղապար՝ 
         Ամե՛ն մոլի ուղղափառ, 
         Բողոքակա՛ն, կաթոլի՛կ, 
Լուռ զգացին, որ իրենք մարդ են կյանքում ու եղբայր, 
         Երբ մեկ դարձավ փոթորիկ, 
         Մեկ էլ ծփաց մեղմաբար 
         Հայ հոգևոր երգը ծով, 
         Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ, 
         Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ 
              Ծավալվում էր, 
              Թավալվում 
         Ելնող-ընկնող կոր գծով:
 
Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արևելք՝ 
         Միաշերտ ու միաշուրթ, 
         Դժոխքի պես մոտակա, 
         Դրախտի պես հեռավոր,- 
         Հիմա արդեն Եվրոպան 
         Գտավ մի նոր ժողովուրդ 
         Եվ հասկացավ, որ ունի 
         Նա մի անցյալ դարավոր, 
         Երակներում հոսք ու եռք 
              Բազմադարյան 
              Տոթ արյան, 
         Եվ երկիրն այդ նորագյուտ 
         Նոր անունով մկրտեց՝ 
         Արևելքի Իտալի՛ա...

ՂՈՂԱՆՋ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ

         Աշուն է նորից: 
         Սարից ու ձորից 
Գալիս է կարծես մայրության բուրմունք 
         Ու համ պտուղի:
Ողկույզներն իրենց ճարահատ լացով
Խնդրում են դառնալ գինու քաղցր ծոր
         Եվ կամ պուտ օղի:
 
Քամու շնորհիվ ծառերի զառ-վառ 
Խաշամն է թռչում թավալ առ թավալ, 
Այնպե՛ս, որ հեռվից անծանոթ մեկին 
Մի վայրկյան նույնիսկ կարող է թվալ, 
Թե փասյանների երամն է ծառից 
Պոկվում ու հետո իրարից զատվում: 
 
Կանաչ եղեգնի սրերն անպատյան 
         Դեղնում են՝ 
Ասես ժանգով են պատվում:
 
Լաչառ փշերը՝ արդեն չորացած, 
Արդյոք ո՞ւմ վրա, ինչո՞ւ չարացած՝ 
Զգալ են տալիս անցուդարձողին,
Որ իրենք են տերն այս անփորձ հողի:
 
Իսկ մեջքակոտրուկ մեղու և պիծակ 
Համերգ են տալիս անփող ու ձրի 
Բնության հսկա անբեմ տաճարում, 
Եվ ամբողջ օրը ինչ-որ մեծերի 
Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ 
Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ:
 
Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի, 
         Քարերի վրա
Արև են կորզում մողես գորշավուն 
         Ու կանաչ խլեզ՝ 
         Յուրաքանչյուրը,
Իբրև աստըծո սուր ծաղրուծանակ, 
Մի ցամաքային ու քարաբնակ 
         Խեղճ կոկորդիլոս: 
 
Ասպետությունից բոլորովին զուրկ 
         Ամպերն անքանակ 
Գրոհ են տալիս բանակ առ բանակ 
Մեն ու մենավոր արեգակի դեմ, 
Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս 
Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ 
Կռիվ է մղում ողջ օրը՝ մենակ 
Ու երեկոյան... նահատակվում է իբրև մարտիրոս...
 
         Այնպե՜ս դուրեկան, 
         Այնպե՜ս փայփայիչ
Աշուն էր կրկին, երբ Եվրոպայից 
Առոք ու փառոք ետ դարձավ նա տուն՝ 
         Եվրոպան հաղթած:
Բայց թափ չէր տվել դեռ ճամփի փոշին, 
Ճակատից ճամփի քրտինքն էր կաթում, 
Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կոշիկ, 
Երբ ոտքերի տակ ճահիճը ճոճվեց, 
         Վտառը վխտաց:
Նա, որ գալիս էր Եվրոպան հաղթած, 
Հիմա հաղթության արևը սրտում, 
Վաստակած բազկով, հոգով տոնական, 
Հերոսի նման դառնում է իր տուն, 
         Եվ հանկա՜րծ 
Այնտեղ... ուժը չի պատում 
Իր հրով հալել պաղը տնական, 
         Եվ հանկա՜րծ
Այնտեղ... զգում է իրեն 
Իր գալո՜ւց առաջ ջարդված 
         Ու պարտված...
 
Ամբաստանության ամեհի քամին 
Լցնում է նրա աչքերը փոշով, 
Ու բանսարկության մացառն իր փշով 
Հոգի բզկըտում, խոցում է մարմին, 
Քանզի ոսոխ է փտածը թարմին 
Եվ հասարակը՝ ազնվազարմին, 
Քանզի չի պրծել ու չի վերջանա 
Նրանց դարավոր վիճարկությունը: 
 
         Կարկին-քանոնով, 
         Կարգ ու կանոնով
Արտակարգի դեմ գրոհ էր տալիս 
Նույն ինքը... Նորին Միջակությունը:
 
         Միջակությո՜ւնը:
 
         Նա աչքեր ունի՜, 
         Սակայն... ծոծրակին 
         Եվ տեսնում է նա,
Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի, 
Այլ նրա գցած ստվերը միայն, 
         Եվ ոչ թե գլուխ 
         Մի առաջամուխ, 
         Այլ պոչը, ագին: 
 
         Նա ունի՜ ականջ, 
         Բայց ո՛չ թե նոր կանչ, 
         Այլ անցած կանչի
Թույլ արձագանքը լսելու համար: 
 
         Ունի՜ քաղցրություն,
Բայց հիվանդագին-վաղահաս մրգի, 
Որ ցած է ընկնում՝ դեռ չեկած ամառ: 
 
Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ 
Սիրահարված է քսմսվող ներկի՛ն...
 
         Միջակությո՜ւնը... 
 
Թե թռչուն է նա՝ ապա թութակ է. 
Այն է կրկընում, ինչին վարժել են: 
 
Թե կենդանի է՝ կապիկ է միայն. 
Անում է լոկ այն, ինչին մարզել են: 
 
Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես. 
         Ուժն իրենը չէ,
Այլ ծնողների զորեղությունն է, 
Ա՛յն ծնողների, որ - ավա՜ղ - նրան 
         Մի՛ բան չեն տվել 
         Հասարա՜կ մի բան՝ 
Ծնող դառնալու կարողությունը:
 
         Հուզվել էր ահա
Ու տագնապում էր Միջակությունը: 
Արյունապակաս-պաղած խեղճերին 
Տենդի ջերմ թվաց այն տաքությունը, 
Որ անջատվում է սրտից վառվռուն 
Եվ ահագնանում ցրտից շուրջբոլոր: 
 
Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր, 
Իսկ հոգին հին էր ու կարկատանված, 
Կենարար հովին, զովարար քամուն 
Նայեցին իբրև ահեղ թշնամու, 
Որ գուցե հանկարծ իր շնչով պոկի 
Ու փուլ տա նրանց կարկատուն հոգին: 
 
Եվ մարդիկ, որոնց խոսքերն էին նոր, 
         Իսկ միտքը՝ մաշված,
Ինչպես դրամը առուծախի մեջ, 
         Գոռ հրդեհ տեսան
Լուսարար մտքի վառ օջախի մեջ 
Ու սրտապատառ աղմուկ գցեցին. 
         -Հասե՜ք, ջո՛ւր ճարեք, 
         Օգնեցե՜ք, մարե՜ք...
 
Ո՛վ Միջակության անխախտ բնություն, 
Դու՝ մտքի միայն թվաբանություն 
Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ, 
Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ 
Գնվող-վաճառվող մատչելի լեղակ, 
Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ, 
Անցողիկ փառքի, էժան բախտի գող, 
Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով, 
Որ քաջ է հայտնի նաև մեծերին, 
Բայց որոնք մեծ են այնքանով նաև, 
         Որ գիտեն թեև, 
         Բայց այդ գաղտնիքից
Չե՜ն կարողանում երբեք օգտվել...
         Ո՛վ Միջակություն,
Ո՛վ երանելի ցմահ խակություն, 
Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն, 
Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց, 
Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից, 
Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի 
Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց 
Սուտ-Հիսուսների անփակ բերանին, 
Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ 
Վերածվեց հսկա բարդու գերանի. 
Է՛լ սրբագործված օրենքի խախտում, 
Է՛լ արատավոր մտքեր ու երգեր, 
Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում, 
Կամ - մեղա՜ աստծո, դրա՛խտը հերքել,- 
Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր, 
Առագաստավոր ենթադըրությո՜ւն, 
Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն 
Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով 
Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով:
 
Եվ նույնիսկ նրա օդը շնչելիք 
Ապականեցին շուրջբոլոր այնպես, 
Որ նա շնչելիս - օդի փոխանակ - 
Մանրած ապակու փշրանք էր կարծես 
         Բռնի կուլ տալիս... 
 
Եվ սիրտը նրա ցավից կուչ եկավ, 
Ինչպես գյուղացու սիրտն է կծկըվում, 
Երբ ամռան կեսին կարկուտ է գալիս... 
 
         Հացըդ, Վարդապե՛տ,
Հացըդ դառնացավ թալկաթփի պես, 
         Եվ գունաթափվեց 
Ու պաղ քրտինքով ճակատդ պատվեց՝ 
         Վանքի ծեփի պես: 
 
Հայացքը նրանց, ում պիտի որ դու 
Ըստ հին օրինաց եղբայր կոչեիր, 
Կամ աջդ տայիր, կամ աջ պաչեիր, 
Հայացքը նրանց դաղում էր հիմա 
Եվ այրում էր քեզ՝ եղնջի նման...
 
Այս անմիաբան Միաբանության պաղ պատերի մեջ, 
Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին այս վատերի մեջ, 
Էլ ինչպե՞ս պիտի դու քեզ զգայիր. 
Մասյաց վիհն ընկած մի նոր հսկայի՞, 
Թե՞ չհասկացված մի հին սրբի պես: 
 
Չէ՜, փոխվել էին ժամանակները. 
Պիտի զգայիր... միայն որբի՜ պես...

ՂՈՂԱՆՋ ՀԱՐՑՄԱՆ

Նա որբ էր ծնվել ու սնվել կյանքում, 
Եվ ոնց սկսվեց՝ այնպես էլ գնաց. 
Անձնական կյանքում նա միշտ որբ մնաց՝ 
Որբ օթևանող հինավուրց վանքում: 
 
Այդպես էլ մնաց անտուն ու անտեղ. 
Լոկ խոնավ մի խուց, թղթեր ու կանթեղ: 
 
Այդպես էլ մնաց մենիկ ու մենակ. 
Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ: 
 
Ամենից առաջ՝ նա հայր էր ծնվել... 
Այդպես էլ կյանքում չունեցավ բալիկ, 
Որ տան անկյունում օրորոց դրվեր, 
Կամարից կախվեր հուռութ-խաղալիք, 
Եվ ինքն էլ հակված նանիկ-նայ ասեր, 
Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր 
Ու հոր թղթերը խառներ-խզբզեր, 
         Անվերջ բլբըլար, 
         Եվ շիվը դալար 
Աննկատ լցվեր ու նոր բուն դառնար, 
Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար: 
 
         Նա ուներ մատնե՛ր.
Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝ 
Շոյելո՛ւ համար, ցավը մեղմելո՛ւ, 
Գրկելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ: 
Սակայն որտեղի՞ց և ինչպե՞ս գտներ 
         Մի ժիրիկ մանչուկ, 
         Հետն էլ՝ թևանցուկ 
              Գանգուրիկ 
              Քուրիկ... 
 
         Նա ուներ շրթե՛ր.
Այրող կարոտից դողացո՜ղ շրթեր՝ 
Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ, 
Եվ... պիտի կյանքում անհագ մի պապակ 
         Հա՜ նրան դրդեր
Օտար թաթիկից շոյանք մուրալու, 
Թմբլիկ թուշիկից հայցելու մի պագ... 
 
Եվ ուներ նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար, 
Մի սիրտ՝ գերվելով տիրելու համար, 
         Մի սիրտ՝ սե՜ր համակ, 
         Մի սիրտ՝ սիրո ծո՛վ, 
Իսկ ինքը սիրուց հավիտյա՛ն ցամաք:
         Ինքը՝ սիրուց սո՜վ, 
Ինքը՝ մենակյաց ու կուսակըրոն՝ 
Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն, 
Որ վառվում է հար խորանի խորքում 
Անմարդաբնակ - դափդատարկ վանքի 
Եվ լուսարարի աչքին ու հոգուն 
Իր մուխն է տալիս, լույսը՝ ոչ ոքի... 
 
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, 
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում: 
 
         Դեռ վնաս չունի, 
Թե աստվածն անգո չեղյալ Մովսեսին 
Գերադասել էր ու նախընտըրել 
Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝ 
Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ. 
Ե՜կ ու թարգմանիր քո թլվատ լեզվով 
Պատգամներն աստծո, մտքերը խրթին: 
Դեռ կարելի էր ավել ու պակաս 
Չեղյալի համար անգոյին ներել: 
Բայց... Միլտոններին վերցնել ու զրկել տեսողությունի՞ց, 
Բեթհովեններին՝ լսողությունի՞ց, 
Կոմիտասներին թույլ չտա՞լ սիրել... 
 
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, 
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում: 
Ինչո՞ւ, և դարձյա՛լ, և կրկի՛ն ինչո՞ւ, 
Եվ ի՞նչ է ուզում դրանով ասել.
Իր ո՞ւժն է շեշտում, կարողությո՞ւնը: 
 
Եկեք նախապես, առհավե՜տ ու մի՛շտ 
Ընդունենք կյանքի զորեղությունը, 
Միայն թե երբե՛ք էլ այնպես չանի, 
Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս 
Իր անմեղ սերը սրտում զնդանի՝ 
         Իբրև դատվածի, 
         Դատապարտվածի՝ 
Լերդ-լերդ արյունով ծեփելով բանտի դուռն ու պատերը... 
 
...Ո՞վ էր այդ թաքուն-մեղավոր սիրո 
Ահավոր դժբախտ-երջանիկ տերը, 
         Վարդապե՜տ, ասա՛, 
         Զգա քեզ ազա՜տ. 
Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի, 
Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի: 
         Վարդապե՜տ, ասա՛, 
         Զգա քեզ ազա՜տ. 
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր, 
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր: 
 
Ինքըդ թեժ կրակ՝ մի՞թե, Վարդապե՛տ,
Բովանդակ կյանքում հար սառել ես դու 
Կուսակրոնի քո սևերի տակ: 
Վա՜խ, դա կլիներ ծանըր մեղանչում 
         Կյանքի՛ դեմ, գարնա՛ն, 
         Պտղաքաղությա՛ն: 
Թե՞ հաղթահարել և առել ես դու 
Քո սիրասարսուռ տաք թևերի տակ 
Խումար-Շողեր-իդ կամ Սոնա յար-իդ՝ 
Իբրև կյանքի դեմ գործած մեղքերիդ 
         Միակ թողություն:
 
         Ասա՛, Վարդապե՜տ, 
         Ո՞վ էր քո սերը, 
         Բախտի պես թաքուն 
         Քո սիրո տերը:
 
Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում, 
Նա պիտի՛ լիներ: Բայց ո՞վ է եղել: 
Ինչպե՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել: 
Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն. 
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր, 
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՜ր: 
 
Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա. 
Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր, 
Ականջին ուներ սրտաձև օղե՞ր, 
Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա: 
Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր, 
         Տիրամոր ունկեր, 
         Տիրամոր ծունկեր, 
         Տիրամոր հասակ, 
         Մազերը՝ պսակ, 
Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար,- 
Դարերից եկող մի մանրանկար, 
Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար, 
         Որ թեպետ ուներ 
         Չխամրող գույներ... 
Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ,
Այլ ուներ լոկ քե՛զ - մի ամբո՜ղջ աշխարհ, 
Եվ աղաչում էր, որ դու չլքես,
Դառնաս օրվա հա՜ց և ո՛չ թե... նշխար: 
Եվ աղերսում էր՝ առանց նայելու, 
Ու նվաղելով՝ տրվում թևերիդ... 
 
Զառ վառը նրա ո՞նց էր վայելում 
Վարդապետական ճնշող սևերիդ... 
Եվ մի՞թե քեզնից նա չպահանջեց, 
         Եթե պահանջեց, 
         Ինչո՞ւ նահանջեց՝ 
Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց, 
Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ,
Որ ուրիշ հագուստ նա տեսներ հագիդ,
Որ ազատվեիր սքեմից քո սև, 
Որ դրսից նո՛ւյնպես լինեիր լուսեղ՝ 
Վանքից աշխարհի գիրկը դառնայիր, 
Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր... 
 
         Հա՜յր սուրբ, ի՛նքդ ասա. 
         Ո՞վ էր քո սերը, 
         Նրբին ու տոկուն, 
         Բախտի պես թաքուն, 
Երջանիկ-անբախտ քո սիրո տերը: 
Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը, 
Քո Շողակաթը-Շողիկը-Շողը, 
Որ ընդունում էր սրտում իր լռիկ 
Անլուր ցավերիդ այրող դողերը, 
Ինչպես շանթերն է իր մեջ ընդունում 
Այս տարողունակ-բարեգութ հողը: 
 
Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպե՞ս էր գալիս, 
Յուրայիններին անվերջ խաբելով, 
Տնեցոց առաջ լեզու թափելով, 
Սիրտը հևիհև, կարոտից մարած, 
         Ահն ու երկյուղը, 
         Վախն ու սարսափը 
Փայտփորի նման հոգու մեջ թառած,- 
Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով 
Դալուկ ճակատիդ ամպերը վանի, 
Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի 
Ու տանի - և ո՞ւր - թըշվառն ո՞ւր տանի... 
 
Թշվառն ի՞նչ աներ, ի՞նչ հող տար գլխին, 
Նա ինչպե՞ս դառնար քեզ համար նեցուկ 
Իր թույլ ձեռքերով ու սիրով ծածուկ, 
Ինչպե՞ս օգներ քեզ, ինչպե՞ս պաշտպաներ, 
Երբ տգիտության հազա՜ր դեսպաններ, 
         Քուրմե՛ր մթության,
Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթության, 
Ամեն օր մի նոր առիթ հայթայթում, 
Հարվածում էին, խոցում քեզ, խայթում. 
Երբ քո շուրջբոլոր հին ոխն էր պայթում, 
         Ճայթում նոր քենը, 
         Ցայտում նախանձը. 
Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ 
Սերմ էին հաշվում բոված աղանձը,- 
Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ 
Էլ ինչպե՞ս օգներ, դառնար քեզ նեցուկ...

ՂՈՂԱՆՋ ՎԱՅՐԱՏՄԱՆ

Մտքերով տարված խորհուն քայլելիս 
Դավադըրաբար ոտք էին տալիս, 
Թիռ-թավագըլոր անվի ճաղերում 
Քինախնդրորեն փայտ ու ձող խրում: 
         Բայց նա՝ Առաքյալ, 
         Պիտի՛ որ կյանքում 
Չկարողանար երբեք ընդհատել 
Իր ճանապարհը առաքելական: 
 
         Բայց նա՝ Ուսուցիչ, 
         Ի՜նչ էլ որ լիներ, 
Պիտի՛ որ դառնար մեռած խազերի 
         Առաջին դպիր, 
         Միակ քերական, 
         Թաղվածը պեղեր, 
         Շաղվածը թեղեր, 
         Բերեր մեկտեղեր 
Մեր խաղ ու տաղի մոտիկ-հեռական... 
 
         Նա՛,
Որ ծնվել էր ապրելու կյանքով մի ընկերական, 
Ուրախանալու միայն ազգովին, 
Տրտմելու դարձյա՛լ ամբողջ համայնքով,- 
Հիմա ստիպված ապրում էր մենակ՝ 
Մենավո՛ր ծառի խշշոցով տխուր, 
Մենավոր ծառի ամբո՜ղջ հմայքով: 
         Միայնա՜կ մի ծառ, 
         Պտղատո՛ւ, 
         Հսկա՛, 
Որին առիթով և կամ անպատճառ 
Անվերջ փայտլեխում ու քարում էին, 
Պտղի պտկումին խանգարում էին 
         Մե՛կ օր, տասնըմե՛կ, 
         Բայց... քանի՞ տարի, 
         Եվ մի՞թե ցմահ... 
 
Եվ ինչպես կոպը վտանգի դեպքում 
Աչքերն է ծածկում բնազդով բարի, 
Այդպես, Վարդապե՛տ, այդպես էլ հիմա, 
Կտրելով իրենց խորդուբորդ ուղին, 
Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝ 
Էջմիածնից քեզ հեռացընում, 
Տանում և մի օր... Պոլիս հասցընում:

ՂՈՂԱՆՋ ՊՈԼՍԱԿԱՆ

         Պոլի՜ս, Պոլի՜ս... 
 
Նախ՝ հունական մի հետերա, 
Ապա՝ տիկին Բյուզանդիոնի, 
Այնուհետև՝ տաճկած խանում,- 
Իսկ իմ նախնին՝ կռվից դարձող 
Կնակարոտ մի վետերան, 
Որ լեռնակույտ տենչանքի հետ 
Մշտախայտանք ծով խանդ ունի, 
Եվ ինքն իրեն շվայտելով, 
         Ցոփ վատնելով 
         Ու հատնելով՝ 
Արդեն քանի՜ և քանի՜ դար 
Քեզնից բնավ չի կշտանում...
 
         Պոլի՜ս, Պոլի՜ս... 
 
Դու՝ հետերա-տիկին-խանում, 
Դու՝ պչրուհի մի կախարդիչ, 
Արմավալանջ, նոճեթարթիչ, 
Մարմարայի պարեգոտով, 
Բոսֆորական կապույտ գոտով, 
Մահիկահոնք, արևաչյա,-
Մի ըզգլխիչ սիրավաճառ՝ 
Դեմքով բարի, իսկ սիրտը չար, 
Որ հնազանդ մեր ընտանուց մեզ սառեցնում, 
Իր մատներին՝ ուզածի պես՝ մեզ պարեցնում, 
Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով, 
         Մի ժպիտով, 
         Որ շատ շուտով
Պիտի բաշխեր ուրի՜շ մեկին,- 
         Շա՛տ հասկացող, 
         Քի՛չ զգացող՝
Անսե՜ր, անկի՜րք - լոկ շահադե՛տ, 
Լոկ հաշվարա՛ր - խելո՜ք մի կին, 
Որ ո՛չ կարգին մոտն էր տանում, 
Ո՛չ էլ գոնե կարգին վանում, 
Եվ... մեզանից ամենամեծ հաջողակին, 
Որ կարող էր Բյուզանդիոնում դառնալ կեսար, 
Դարձընում էր շա՜տ-շա՜տ... միայն խեղճ տնփեսա...
 
         Պոլի՜ս, Պոլի՜ս... 
 
Հազարավոր հայ պապերիս 
Նախ՝ բորբոքել շինծու խանդով, 
Հետո՝ փորձված հոմանու պես 
Տրված նրանց խենթ ափերին 
Ու հրայրքի տենդ-տապերին՝ 
Հյութերն ամեն և արյունը, 
Քրտինքը ծով և ավյունը 
Քամել ես դու քո արգանդով, 
Իսկ երբ նրանք հենց ժառանգից են խոսք բացել, 
Դո՛ւ, որ գիտես կատվի նման ցնկնել դյուրին, 
Փոխարկվել ես իսկույն ջորու՝ 
Չորացել ես ու ամլացել... 
 
         Պոլի՜ս, Պոլի՜ս... 
 
Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ 
Քո հողերում մենք ենք թաղել, 
Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել: 
Քանի՜-քանի՜ հայ սերունդներ 
Ցանել են սերմ, ցրել հունդեր 
Ու հասցըրել բերք ու բարիք.
Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՛ք...
 
         Պոլի՜ս, Պոլի՜ս... 
 
Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ, 
Արծաթակուռ ու ոսկերիզ: 
Շուք ենք տվել քեզ դարերով՝ 
Մեր սրբատաշ սուրբ քարերով, 
Մեր անասեղ նուրբ կարերով, 
Մեր աչքերի փայլ ու ցոլքով, 
Մեր մատների ծով շնորհքով,
Չճարվելիք-չեղած ճարով,- 
Մեր քանքարով ու հանճարով 
         Պճնել ենք քեզ, 
         Զուգե՜լ-զուգե՜լ
Եվ ամեն ինչ այլոց ձգել...
 
         Պոլի՜ս, Պոլի՜ս... 
 
Մետաղաթել դու մի հանգույց՝ 
Մեր պատմության պարանոցին 
Բախտի ձեռքով պնդված մանկուց. 
Դու՝ անջինջ գիր օրհասական, 
Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ. 
Դու՝ նոր սֆինքս փոքրասիական, 
Դու՝ դարավոր մի հանելուկ, 
Մենք՝ դարավոր մի առեղծված. 
Դու՝ էն գլխից սրբապղծված, 
         Եղծվա՛ծ, 
         Կեղծվա՛ծ 
         Մի չար տաճար,
Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ...
 
         Պոլի՜ս, Պոլի՜ս...
 
Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,
         Ներսից՝ գեհեն,
         Դրսից՝ եդեմ,
Կերտված ձեռքով մարդակերպար սատանայի...
 
...Նոր էր պըրծել հայ ջարդը նոր՝
         Ադանայի,
Ու 30 000 հոգի հող էր մտել,
         Բայց չէր փտել.
Ելդըզ քյոշքի տերն արնախում ու սևանուն
Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լվանում՝
Գահը զիջած զավակներին իր արժանի,
Որ նորաձև եվրոպական տարազի տակ
Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք.
Գրավաճառ խանութների ցուցափեղկում
Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բույրեր՝
Կախարդ ձեռքով ամենազոր Վարուժանի
Խառնըվելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով.
Դեռ հրահան իր մատներով Սիամանթոն
Շանթագըրել էր կամենում Կարմիր լուրեր,
Ու Թեքեյանն էր հղանում մի Հարություն հրաշալի,-
Երբ Կոմիտասն այստեղ եկավ՝
         Բո՞ւյն գտնելու,
Թե՞... արթմնի քուն մտնելու...
 
Այդ գիշերը, ա՜խ, թող ձգվեր, երկարանար,
         Այդ գիշերը թող քարանա՛ր,
Որ չբացվեր բախտորոշիչ օրն այն դժնի,
         Ու քեզ հաներ
         Պոլիս տաներ...

ՂՈՂԱՆՋ ՆՎԱՃՄԱՆ

Թզուկ ծառերը հեշտ են չորանում 
         Տաք ու պաղ քամուց, 
         Քերծվածքից անգամ, 
                  Ճղակոտրումից: 
Վիթխարի մայրին կրկին նորանում, 
         Շիտակվում է շուտ՝ 
Մինչևիսկ անգութ ճղակտրումից. 
Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝ 
Ապաքինվելով բուժիչ այն խեժով, 
Որ ուրիշ դեպքում կոչվում է... հանճար: 
 
Եվ ահա նորից նրա թարմ վերքի 
         Բերանն է գոցվում, 
Ու բացվում նրա բերանփակ հոգին, 
         Ու բացվում այնպե՛ս, 
Որ բնաշխարհի զովի ու շոգի 
Հարություն տվող շունչն է զգացվում 
Պոլսո թաղերում հայրենապապակ: 
Բացվում է նրա հոգին բերանփակ 
Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին, 
Եվ ինքնամոռաց-ցնծուն ծափերի 
         Որոտից մի պահ 
         Ծովերն իսկ հպարտ 
Ուռչում են թեպետ, զարկվում ափերին. 
Բայց... մի այնպիսի՛ հարվածով զգույշ, 
Բայց այնպե՛ս անձայն, համրացած այնպե՛ս, 
Ինչպես... նկարին Այվազովսկու... 
 
         Մի հայ վարդապետ՝
         Ո՛չ միայն անզեն, 
Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի,
Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու,
Եվ անառ Պոլիսն իսկապես առավ, 
Բայց ոչ թե իբրև գյոռբագյոռ Ֆաթիհն՝ 
Ահեղ հորդայի սանձը ձեռներում, 
         Զենքով ու զորքով, 
         Բարբարոս ձեռքով 
Կրակի մատնած հյուսիս ու հարավ: 
 
Նա անառ Պոլիսն իսկապես առավ, 
Վերագրավեց, միայն թե... երգո՜վ. 
Մի երգչախմբով ամենասասան,
Որ նա՝ գողթնեցուց սերված երգասան,
Խորին խորհրդով կոչել էր Գուսան. 
Մի երգչախմբով, ուր ձուլվել էին 
Շուրջ երեք հարյուր պարման ու կուսան. 
         Մի խումբ վիթխարի՝ 
Մասյաց մայիսյան եղեգնուտի պես 
         Բազմասոսափուն,
Վանա լճի պես ծփան ու ծափուն, 
Արաքսից առույգ, Եփրատից հոսան, 
Բայց Արագածից շեշտված ու հավաք,- 
         Շուրջ 300 
Հնազանդ, խոնարհ ու հլու զավակ, 
Հնազանդ, խոնարհ ու հլու մեկի՛ն, 
Որ դաժան կյանքի ահեղ տաժանքով 
Իր հայր դառնալու իրավունքն անգին 
Փոխել էր դրա լոկ երազանքով, 
         Եվ հիմա... 
Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝ 
         Հո՛ր շնչով շնչող, 
         Հո՛ր ձայնով հնչող. 
Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն: 
         Շուրջ 300՜... 
 
         Իսկ ինչո՞ւ երեք: 
         Հա՛յր սուրբ, վե՜ց էր պետք, 
         Այո՜, Վարդապե՛տ, 
         Պետք էր 600՜,
Որ... մեր վեցդարյա ահեղ որբության ամե՛ն մի տարուց 
Վեց հարյուր տարի անվերջ շամփուրված, 
Փայփայանքից զուրկ ու չհամբուրված 
Մեր ժողովրդի մրմուռից գոչեր 
Ամե՛ն տարվա դեմ մի՛ անմեղ բերան,
Եվ... ա՛յն քաղաքում, որ շեները մեր 
Իր լեզվով ասած՝ դարձըրեց վերան՝ 
Ջարդելով սյուներ, ձեղուն ու գերան. 
Եվ... ա՛յն քաղաքում, որ վեց դար արբեց 
Մեր գինով, արյամբ և արտասուքով, 
Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գռփեց, 
Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝ 
Մեր սուրբ սուփրայով կոշիկը սրբեց, 
Ոտքերը լվաց մեր հացի տաշտում... 
 
Շուրջ 300՜ պարման ու կուսան՝
Մի համահավաք-բազմամի Գուսան, 
Որ առանց մի պուտ արյուն թափելու 
Եվ առանց դավի, առանց խաբելու, 
Մի դաշնամուրով ու սրինգ փողով, 
Վեց հարյուր շուրթով ու ձեռքով մի զույգ, 
Թե հարուցելով լաց ու արտասուք՝ 
Ապա հուզելով, ո՛չ ահ ու դողով, 
Թե հարուցելով կանչ ու աղաղակ՝ 
Ապա ցնծությամբ, ո՛չ թե երկյուղով,- 
Առա՛վ-նվաճե՛ց-գերե՛ց մի քաղաք, 
Որ մի քաղա՜ք չէր, ոչ էլ տերություն, 
Այլ միանգամից երկու մայրցամաք՝ 
Մի երկկողմանի յանոսյան դիմակ - 
Կիսով ասիական ու եվրոպական 
         Մեկին՝ միջնաբերդ, 
         Իսկ մյուսին՝ մատույց, 
         Այստեղ՝ ապական, 
         Իսկ այնտեղ՝ այտույց...
 
Եվ նա՛, որ երեկ տիրեց Եվրոպան 
Ու հիմա դարձել Ասիան էր գերում, 
Նա՛, որ ընկել էր մի հուռթի խոպան 
Եվ իր քրտինքով ջրած հերկերում 
Ե՛վ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան, 
Սերմնացան այնպես՝ ինչպես որ տափան,- 
Հիմա թերևըս նա զուր էր ուզում 
Պոլսում բաց անել երաժշտանոց. 
Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ, 
Հազարի նման մի հայ վարդապետ, 
         Մի մարդ էր,
Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա, 
         Մի մարդ էր, 
Սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝ 
         Երգիչ, նվագող, 
         Խաղեր հավաքող, 
         Որքան խմբավար՝ 
         Նույնքան ուսուցիչ, 
         Որքան հնագետ՝ 
Մեռած խաղերի գաղտնիքը լուծող, 
         Նույնքան պատմաբան՝ 
Դարավոր երգի մայրուղին գծող. 
Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ, 
Որի քրտինքի ամեն մի կաթիլ 
Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ. 
Ե՛վ աստվածային մեր Պատարագի մի նոր հեղինակ, 
Ե՛վ զավեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ,- 
         Մի մարդ, 
Որ սակայն կարծես թե մարդ էր բազմահատորյա 
         Մի մարդ, 
Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա... 
 
Եվ ահա նրա կախարդ ձեռքի տակ 
Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ, 
Որ կամաց-կամաց իր թոթովախոս լեզուն է բանում.
Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս, 
Բայց կանցնի և՛ս մեկ-երկու տարի,- 
Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՜նչ փակբերան...
 
Մարմին է դառնում Անուշ օպերան, 
Որ էլ հարց չտա հեգնող Ֆիգարոն, 
Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն... 
 
Մարմին է առնում Անուշ օպերան. 
         Եվ ժողովրդի 
         Ընդերքից հուռթի 
Միևնույն տարում լույս աշխարհ եկած 
         Նույն ժողովրդի 
         Կարեվեր սրտի 
Հոգսերից, ցավից, հույսերից երգած, 
         Նույն հողը հերկած 
         Սերմնացան երկու 
Մեկտեղ են բերում բերքը պանծալի՝ 
Սիրով գումարում հանճար հանճարի... 
 
         Մինչ ինքը այստեղ՝ 
Արդյոք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ, 
Արդյոք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս, 
Թե՞ քաղաքամերձ չքնաղ Հայգյուղում,- 
         Մինչ ինքը այստեղ՝ 
         Իր միտքը լողում, 
Թողնում է Բերա - Բանկալթի - Պոլիս 
         Ու հասնում նորից 
         Ո՞ւր... Էջմիածի՛ն:
 
Ա՜խ, նրանք այնտեղ հաճախ, շա՜տ հաճախ 
Խուց էին մտնում լոկ լուսաբացին, 
         Իսկ ամբողջ գիշե՜ր... 
         Եվ ամբողջ գիշեր 
         Ծերուկ մոկացին... 
         Ինչպե՞ս չհիշել 
Որքան էլ թվա անցած ու հեռու: 
 
Նա ճեմարանի պահակն էր ծերուկ՝ 
Անտուն ու անտեղ այդ Նախո քեռին: 
Նրա մացառփուշ խառնակ հոնքերի 
Տեղ-տեղ փլուզված կամարի վրա 
Դարսդարսված էին կնճիռներ մռայլ՝ 
Ամեն մեկն ասես կամարին վայել 
Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան, 
Ու թե ծռմռված վերից ու տակից, 
Ապա ճակատի պաղից ու տաքից: 
 
Եվ ամեն անգամ, երբ Նախո քեռին 
Իր իսկ մտքերի քամուց սարսվելով՝ 
Կամարն էր ցնցում քանդված հոնքերի, 
Գերաններն անվերջ վեր ու վար թռչում, 
Հա՜ ճոճվում էին, բայց չէին փլչում... 
 
Թաղել էր քեռին՝ ինչ ուներ կյանքում, 
Թողել հայրենի Սասուն - Մոկս – Շատախ,
Եվ հիմա՝ զրկված տեղից ու տնից, 
Մենակ, չորգլուխ՝ պահակ էր վանքում: 
Եվ ամեն գիշեր սոսինձ սաների 
Կպչուն խնդրանքով և աղաչանքով 
Խեղճ Նախո քեռին կամա-ակամա 
Դառնում էր կրկին Սասուն - Մոկս - Շատախ՝ 
         Միշտ սկսելով.
         -Է՜հ, լաո՛, մատա՜ղ... 
Ու նույն աննվազ խոր հառաչանքով 
Ամեն օր պատմում Սասնա մի ծռից, 
Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից, 
         Ագռավաքարից 
         Ու Ծովասարից: 
 
Դիցաբանելով վիպում էր քեռին, 
Բայց և վիպածին խորունկ հավատում՝ 
Ապրում նրանց հետ, նրանց պես դատում, 
Նրանց աչքերով սիրում ու ատում: 
Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ. 
         -Դառնամ զողորմին... 
         Ազգին ու տոհմին... 
Ու նորից վիպում ու երգում հերթով 
Իր ծերունական խզված կոկորդով. 
-Էնոր լե ծծե՜ր՝ լուսնակ էր ջուխտակ 
         Մեզի լույս տալու... 
Էնոր լե ճակա՜տ՝ մեյդան էր, լաո՛, 
         Քուռկիկ Ջալալու...
 
Եվ Նախո քեռու միամիտ մտքով 
         Ինչպե՞ս անցկենար, 
         Թե ինչքան գնար՝ 
Այնքան ավելի հաճախ կհիշեր 
Այն խելոք սանից, որ հետո թեպետ 
Հագավ սև սքեմ, դարձավ վարդապետ, 
Բայց ուշք ու միտքը տվեց երգերի: 
Նախոյի մտքով ինչպե՞ս անցկենար, 
Թե միշտ հիշվելիս՝ ինքը խեղճ քեռին 
Կկանգներ կողքին ինչ-որ... Վագների:
 
Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով՝
Այդ խեղճ ու կրակ անգրագետ քեռին 
Կողքից էր նայում գոռոզ Վագներին 
         Եվ պահանջո՞ւմ էր, 
         Թե՞ աղաչում էր, 
Որ դու քո զորեղ Սասնա ծռեր-ով 
Խրատես նրա Նիբելունգներ-ին. 
         Ձեռքի դեմ՝ բազուկ, 
         Շուրթի դեմ՝ բերան, 
         Օպերայի դեմ՝ 
         Քո նոր օպերան... 
 
Քո ժողովուրդը՝ արյան ծովերում, 
Նորոգվող վերքի անլուր ցավերում, 
Իսկ նրա որդիք՝ պատմության մուժից 
Գոռ գոչում էին իրենց հաղթ ուժից, 
Կենաց ու մահու պայքարից արդար: 
Այստեղ էր ահա, որ Դավթի կողքին 
Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան 
Ու հանում էր քեզ Պոլսո Բերայից, 
Դեպի Ավարայր ու Տղմուտ կանչում,- 
         Եվ քո ականջում 
         Խմբերգն էր հնչում 
Այն հերոսական նոր օպերայից, 
Որ այս անգամ էլ կոչվում էր Վարդան...

ՂՈՂԱՆՋ ՄՐՑԱՎԱՐՏԻ

Եվ մեկ անգամ հաղթարշավով 
Արդեն անցած կես-Եվրոպան, 
Այնուհետև նվաճելով սիրտն Ասիայի, 
Խլացնելով նեյնիմական ու սազային 
Երգացավի ծանըր նոպան՝ 
Հիմա նորից հրավիրվեց նա Եվրոպա. 
Կանչվեց Բեռլին, հետո՝ Փարիզ: 
 
Ականավոր երաժիշտներ ողջ աշխարհից՝ 
Չմահավա՛ն, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն.
Միջազգային Ընկերության Համաժողո՜վ: 
Եվ սյունազարդ սրահներում լուսաողող
Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից՝ 
              Զեկուցումներ, 
Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից՝ 
              Երգ-ցուցումներ: 
Իսկ բովանդակ ու բազմազգի Արևելքից՝ 
              Մե՛կը միայն... 
 
Ուրիշները, սրտի դողով, 
Զեկուցման հետ բեմ են հանում 
Նվագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ: 
Իսկ սա՜... ինքը մեկնաբանում, 
Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում, 
              Ծոցն է տանում 
              Ու... դուրս հանում
Օրկեստրի տեղ միայն մի... պարզ ծիրանի փող 
Եվ, փոխանակ մենակատար անհատների, 
Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին, 
Ու... մի փոքրիկ, փայտե մի փող 
Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով, 
Մերթ՝ դայլայլում ու գեղգեղում, 
Մերթ ժայթքում է ու մերթ զեղում, 
Մերթ կուտակում ու բարդում է, 
Մերթ՝ խենթ հոսքը մատով նեղում, 
Ուզածի պես հունից շեղում 
Ու վերջում էլ ավարտում է 
Ինքը՝ ինչ որ հանգույց կապով, 
Իսկ դահլիճը՝ ընդոստ ծափով: 
Հետո՝ փողը ծոցն է տանում 
Ու վերստին մեկնաբանում, 
Եվ մի վայրկյան տալով դադար, 
Նորից դառնում մենակատար՝ 
Ինքն է երգում սրտի ձայնով... 
 
Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր 
Մտքերից՝ մեգ, աչքերից մուժ դու ցրեցիր, 
Աշխարհում մեզ դու պարզերես դարձըրեցիր, 
         Իսկ ինքըդ քեզ՝ 
Կրկի՛ն հաղթող մենամարտիկ, 
Որ ծափերի տարափի տակ 
Ցած է իջնում բեմից մարտի, 
         Ցած է իջնում, 
Որպեսզի նո՛ւյն այդ ձեռքերով, 
         Իբրև հերոս -
         Դեռ կենդանի՜- 
Վեր բարձրանա... պատվանդանի...

ՂՈՂԱՆՋ ԸՆԴՀԱՏՎԱԾ

Եվրոպայից նա վերստին սիրով դարձավ 
Իր Գուսանին և խազերին,
Իր Անուշ-ի նոր մասերին, 
Իր Վարդան-ի գոռ բասերին: 
 
Հնչյուններից պիտի կերտեր մի հուշարձան, 
Որ հավասար պիտի լիներ 
Իր վեհությամբ Սասնա սարին. 
Պիտի երգով ողորմի տար 
Բաղդասարին, Սանասարին 
Ու նզովեր Մսրա չարին. 
Հորովելով Դավիթ տղան 
         Պիտի մենակ՝ 
         Անեզ-անլուծ՝ 
Գեղջուկի տեղ գութան քաշեր, 
Հետո՝ զորքին հանգիստ թողած, 
Մսրա տիրոջ սիրտը խաշեր...
 
         Պիտի՛, պիտի՜...
 
         Վարդապետի 
Գիշերածալ վեղարի տակ 
Բացվում էին լուսաթաթախ առավոտներ՝ 
Մեկը մեկից պայծառ ու տաք, 
Մեկը մեկից վառ ու հստակ: 
 
Կրծքի ներքո սիրտը թնդուն 
Կարծես անվերջ նույնն էր պնդում՝
         Երաժշտի՛ր: 
Ամենակուլ խորշակի դեմ ու երաշտի՝ 
         Երաժշտի՛ր.
Թշնամու դեմ ահեղացող, 
Օղակի դեմ հար նեղացող, 
Ընդդեմ նրա երգի, ձայնի , նրա շեշտի՝ 
         Երաժշտի՛ր .
Մինչև մահդ հրաժեշտի՝ 
         Երաժշտի՜ր: 
 
Երաժշտում և դեռ պիտի 
Հորդաբխուն երաժշտեր,
Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր, 
Հույս երգելով՝ հավատ շեշտեր, 
Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր, 
Բայց... մի ահեղ գիշերվա մեջ 
Արյուն հագան կանաչ դաշտեր, 
Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ 
Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ. 
 
         Օդում կախվեց 
Աշխարհակուլ մի պատերազմ...

ՂՈՂԱՆՋ ՏԱԳՆԱՊԻ

Օդում կախվեց աշխարհակուլ մի պատերազմ, 
         Իսկ գարո՜ւն էր... 
 
Լեռնաշխարհի կատարներին 
Ձյունը՝ կիսված պատառների, 
Արտասվում էր գլուլ-գլուլ 
Շրջանցելով լեռ ու բլուր՝
         Առու դարձած 
         Հոսում էր ցած 
Այնքա՜ն սիրած ու չտիրած բարձունքներից, 
Եվ խառնելով պուտ-պուտ արցունքն արցունքներին՝ 
Հովիտներում լացն էր փոխում հեծկլտոցի 
Ու գալարքով վիշապ օձի 
Ձոր ու կիրճ էր իրեն գցում. 
Դառնում էր գետ. մի գետ ելմա՜ն, 
Ու չէր գտնում խոսքեր ներման՝ 
Ծանըր խաբված կնոջ նման... 
 
         Ողջ աշխարհում՝ 
         Մահ ու արյուն, 
         Իսկ գարո՜ւն էր... 
 
Ծաղիկներն են աչքով անում այստեղ-այնտեղ, 
Եվ ամեն թուփ, ամեն ցողուն 
Դառնում է լար մի յուրովի, դառնում ստեղ՝ 
Երգուն քամու մատների տակ: 
Օրը՝ օրին, և օդն արդեն 
Մեղմ է այնպես, հողն այնպես տաք, 
Ասես համայն աշխարհով մեկ 
Մի մայր բարի, սիրագորով, 
Մանուկ հողն է ջերմացըրել 
Իր բերանի տաքուկ գոլով... 
 
         Մարտե՛ր, 
         Ջարդե՛ր, 
         Հո՜ւր ու հրդեհ, 
Արնակոլոլ հազա՜ր սրտեր, 
         Իսկ գարո՜ւն էր... 
 
Եվ շողակաթ առավոտներ 
Ջինջ ցողով են թրջում ոտներ, 
Թավ սաղարթով ծառեր զուգում 
Ծաղիկներով ու կանաչով 
Պճնում ոչ թե լոկ արոտներ, 
         Սարահարթներ, 
Այլ մինչևիսկ ոտնահարված արահետներ...
 
Ամենուրեք քույրեր ու մայր 
Հարազատի մահ են կոծում, 
Իսկ մի թռչուն հիմա՜ր-հիմա՜ր 
Ինչ-որ ուրախ երգի համար 
Ողջ ժամանակ ձայնն է փորձում... 
 
Ամեն ծառից՝ նոր մի տաղիկ, 
Ամեն քարից՝ նոր մի խաղիկ. 
Եվ դաշտերում՝ շաղն է շողում, 
Ու ծաղիկներ են փողփողում, 
Իսկ մի համեստ ծնկածաղիկ 
Աշխատում է ոտքի ելնել՝ 
Մի կերպ շտկել ծռված ցողունն 
Ու... ո՛չ մի կերպ չի հաջողում...

ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ

         Ծնկածաղկի պես 
Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից 
Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր, 
Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով 
Ցողունն այս անգամ արմատից հատվեց. 
Հայկական հարցից Թուրքիան ազատվեց 
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով, 
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված 
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ 
Եվ մինչև անգամ իրենց՝ թուրքերի 
Արյունով հունցված սև պատմության մեջ: 
 
Մի ո՜ղջ ժողովուրդ մեկ-մեկ թրատել, 
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել... 
 
Եվ կույսեր, որոնց ծոցի մեջ լուսե 
Լուսնի լույսն անգամ ծածուկ չէր հոսել, 
Որ երկչոտ էին, ինչպես եղջերուն, 
Որ աննյութ էին, ասես հորինված 
Մի հովվերգական վեպի էջերում. 
         Աղջիկներ, 
Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խոսքից 
Երկնքի նման բռնկվում էին շիկնանքով ոսկի.
Ամոթխա՛ծ, մաքո՛ւր, լուսավո՜ր կույսեր,
Որ ֆրանսերեն անգիր գիտեին 
Լամարթին, Վիյոն, Ալֆրեդ դը Մյուսե 
         Եվ անգլերեն 
Խենթ Օֆելյայի տրտում երգն էին արցունքով ջրում,- 
Օֆելյայի պես այժմ ցնորված՝ 
Խելագարվածի իրենց ճիչերում 
Դարձյա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև 
Եվ բռնաբարող ա՛յն ասկյարներին,
         Ա՛յն ենիչերուն, 
Ա՛յն անասունին ասուն, բայց անբան, 
Որի բութ գլխի կեղտոտ փռչերում 
Եթե խլվլում-շարժվում էր մի բան, 
Ապա մարդկային մի՛տքը չէր, օ, ո՜չ, 
         Այլ... միայն ոճի՜ր: 
 
Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ, 
         Մարդի՛կ, որ մա՜րդ չեն, 
Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ. 
Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես, 
Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ, 
         Եվ սուր բահ է պետք, 
Որ մարմինների սև տարթը քերես,-
         Հիմա ամենուր 
Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ, 
Հայոց մայրերին անում անպատիվ... 
Լլկըվողները թող գոռան «հրե՜շ», 
Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ, 
         Թե տղամարդիկ՝ 
         Հեռու և մոտիկ՝ 
Դարձել են արդեն լեշ ու փորոտիք... 
 
         Եվ մարդի՛կ, 
Որոնց բիրտ պճեղների քրտնքահոտից 
Անգամ հոպոպը իր շունչը կտար, 
Ճխլտում էին նույն այդ ոտներով 
Մեր մանուկներին դեռ նորատոտիկ, 
Մեր մանչուկներին՝ լույսի պես արդար, 
Առավոտի պես մաքուր ու գերող, 
         Գարնան պես բուրող... 
 
Եվ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ 
Հիշեցնում էին ոտաց ճանապարհ, 
Եվ որոնց միտքը - դավաճանաբար - 
Չէր կտրում այնքա՛ն, մինչևիսկ այնքա՛ն, 
Որ այդ ճպռումից կարող են փրկվել, 
Եթե... լվացվեն օրը մեկ անգամ,- 
         Միևնույն մարդիկ 
Մեր սուրբ մայրերի հանճարներ սնած ծիծն էին փրթում 
Եվ՝ չգոհացած սառն ու տաք զենքից՝ 
         Մոր աչքի առջև 
Քարերով էին փշրում ու ջարդում 
         Գանգերը նրա՛նց, 
         Ովքեր ստեղծում 
         Ու բանաստեղծում, 
Հրաշքներ էին աստծու պես կերտում, 
Եվ եթե աստծուց տարբերվում էին, 
         Ապա այնքանով, 
Որ նա անգո էր, իրենք՝ իրական: 
         Եվ հիմա սակայն 
         Ձեռքն անասնական 
Ջնջում էր և այդ տարբերությունը, 
         Ջնջում էր քարով. 
Հայոց աշխարհի հայկական քարը 
Ջարդում-փշրում էր հայոց քանքարը... 
 
         -Ո՛վ արդարություն, 
Թող որ ես թքեմ ճակատին քո բաց,- 
Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից, 
         Գոչել ո՛չ հիմա, 
         Այնժամ էր գոչել, 
         Երբ խուժանն այս նույն 
Արյունով հարբած գազանի նման 
Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից, 
Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում 
Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից: 
                  Եվ հիմա՛,
                  Հիմա՜, 
Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր, 
                  Այլ մա՜հ՝ 
Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն, 
                  Մահ ծերի՛, 
                  Մանկա՛ն, 
                  Խեղճի՛, 
                  Հսկայի՛, 
         Երբ մահվան մրրիկ, 
         Երբ մահվան բուք էր,- 
Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը, 
Որ արդարության ճակատը փակեր: 
Ա՜խ, չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը: 
         Էլ ինչպե՞ս թքել, 
         Եվ այդ ո՞վ թքեր, 
Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում, 
Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում 
Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին, 
Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին, 
Սև արաբների շեկ անապատին՝ 
         Օ՜րը ցերեկով, 
         Ո՛չ թե աննկատ: 
Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ: 
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՜կ, 
         Քամա՛կ մի խելոք, 
Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝ 
Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից: 
         Ու թե կար ճակատ, 
Դա ռուս-տաճկական այն ճակատն էր լոկ, 
         Որ մոտենում էր՝ 
         Ասես լսելով 
         Կտրվողների, 
         Կոտորվողների 
         Ահավոր ճիչը, 
Եվ - մեկ էլ հանկարծ - չգիտես ինչու, 
Բռնում էր ճամփան արագ նահանջի՝ 
         Թույլ տալով իջնի 
         Եվ զարկը վերջին, 
Կարծես եղածը դեռևըս քիչ էր...
 
Եվ սակայն նրանց մեղքն ի՞նչ էր, ի՞նչ էր, 
Անաստվա՛ծ աստված, 
Ինչո՞ւ էր արվում այնքան անօրեն 
         Եվ ահեղ մի դատ: 
 
         ...Կար երկաթուղի,
Որ պիտի անցներ Բեռլինից - Բաղդադ: 
Բայց ինչպե՞ս անցներ անապատներով այն արաբական, 
Որտեղ կանաչը կայարանների դեմքը չի պատում, 
Ու չկան շեներ, ավաններ ու տուն: 
-Մեղքը հայի՜նն էր, որ հոժարակամ
Չէր գնում ապրի շեկ անապատում, 
Չէր լքում բնիկ հայրական տունը, 
Իր բազմադարյան շենն ու ավանը՝ 
Ամուր Կարինը, անառ Սասունը, 
Իր ծոցվոր Մուշը, պտղած իր Վանը... 
 
...Բովանդակ մի դար, դարուց ավելի՜, 
Տենչանքն էր կիզում ռուսաց նավերին. 
Իրենց ձնառատ ու պաղ հյուսիսում 
Երազում էին, կարոտով հիշում 
Լուսեղ արևելք, արևոտ հարավ, 
Ու խենթ տռփանքի խոսք էին բանում 
Այն Դարդանելին՝ պչրուհուն պառավ, 
         Որ չէր դիմանում 
         Առանց հոմանու, 
Բայց սրանց - ինչո՞ւ- թողնում էր ծարավ, 
Նազը՝ նազ, սակայն... Հետո՞, ի՜նչ դառավ,- 
Եվ ահա ռուսներն է՛լ չեն դիմանում: 
         Մեղքը հայի՜նն էր. 
Նա թուրքի աչքին այլ բան չէր թվում, 
         Քան հաջող քամի 
Եվ մի առագաստ, որ ինքն է պարզվում 
         Մոսկովի կայմին... 
 
...Այս շարժիչների թանկ-էժան դարում 
Նավթի փոխարեն - ի ցավ խեղճ հայի - 
Դեռ Անգլիայում ջուր չէին վառում: 
Բոլոր ծովերը՝ նույն Անգլիային, 
Մինչդեռ նավթի ծովն, ա՛յ, Մուսուլումն է: 
         -Եվ մեղքը ո՞ւմն է,- 
         Իհա՛րկե հայինն... 
 
...Արդեն օսմանյան կավե հսկայի 
         Ծեփն է ճաքճքվում 
         Ու մեջքը ճկվում՝ 
Բանականության տաքուկ շողերից. 
Ռումին ու բուլղար, սլովակ ու սերբ 
Պոկվել են նրա կավե կողերից: 
Նույն աններելի մտքին է հակվում, 
Նույն ախտով նաև հայն է վարակվում՝ 
Իր մասն է ուզում իր իսկ հողերից, 
Գրոշ է ուզում իր այն փողերից, 
         Որ հափշտակել 
Եվ ճչալ ուզող բերանն են հետո քացիով փակել: 
         Ու դժգո՞հ է նա, 
Եվ ա՞յդ է ուզում անխոս ակնարկել: 
-Ուրեմն պարզ է. նա հանցագործ է, 
Եվ պիտի ջնջվեն իր էգն ու որձը: 
 
...Եղունգ են քերծում, պտղունց են մաշում, 
Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում, 
Դարպասի աչքին հոնք-կամար քաշում, 
Արձան են ձուլում, շինում ապարանք:
-Եվ մեղավոր են այստեղ էլ նրանք... 
 
         ...Հաշիշ չեն ծխում, 
         Խմում են գինի, 
Ապրում անթալան և առաքինի, 
         Չեն պահում հարեմ,
         Ոչ էլ ներքինի, 
         Եվ չունեն մոլլա, 
         Որ կապի չալմա. 
Նրանց քեշիշը վեղարավոր է: 
         -Եվ... մեղավոր են...
 
...Ձեռքի հետքերը նրանց հայրերի 
Կնիք են դրել այս նույն վայրերին՝ 
         Իբրև սեպագիր 
         Կամ շաղախ ու կիր, 
         Իբրև շիրմաքար 
         Կամ որմնանկար, 
         Իբրև մագաղաթ 
         Կամ լեռծակ-ջրանցք... 
         -Եվ ո՞ւմն է մեղքը,- 
         Իհա՛րկե նրանց... 
 
...Ինչպե՞ս չկտրել այն կոկորդը չար, 
Որ ցավից հանկարծ կարող է ճչալ, 
Կարող է հայցել փրկություն ու ճար... 
...Պիտի ազատվել այն լիրբ աչքից էլ, 
Որ երազանքից շողում է պայծառ 
Եվ կամ մատնում է ապրած կսկիծը 
Ու դրանով իսկ դառնում է պատճառ, 
Որ օտարները... լացողին խղճան՝ 
Տեսնելով նրա աղի արցունքը... 
 
...Ինչպե՞ս չջարդել հանցավոր ծունկը 
Եվ այն մեղսակից համառ արմունկը, 
Որոնց հենվելով՝ մարդը արնաքամ 
         -Եվ գազա՜նն անգամ - 
Ուզում է դուրս գալ ժանտ գերությունից... 
Ուրիշ ավելի հանցավոր բան կա՞: 
-Դե եկ, մի՛ ելնի համբերությունից, 
Դե եկ, թուրքօղլի՛, ցավից մի՜ վնգա... 
 
...Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում, 
Ինչպես չի քերվում արյունը սրտից 
         Կամ գույնը վարդից: 
Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում 
         Ինչպես դրացուն, 
Այնպես էլ համայն մի ժողովրդի: 
         Չի ներվում և այն, 
Ինչը կոչվում է առավելություն... 
-Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց 
Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն... 
 
...Նրանք գիտեին սիրել ու ատել, 
Գիտեին խորհել ու համեմատել, 
Խույս տալ ցավերից, դավերից ծպտյալ, 
Ծարավել լույսին, արևին ժպտալ: 
Թե անսահման էր նրանց տանջանքը, 
Անծայր էր նույնքան և անրջանքը: 
-Ահա՛ և նրանց ծանր հանցանքը... 
 
...Ունեին նաև մեկ ուրիշ հանցանք, 
         Որ ահավոր էր: 
         -Գիտե՞ք, թե որը. 
Երբ մարդ ոչ մի կերպ չի կարողանում 
Ընդմիշտ մոռանալ մի հիմա՜ր անուն՝ 
Ի՛ր իսկ անունը և ազգանունը: 
-Ի՜նչ հանդգնություն, դուք հասկանո՜ւմ եք... 
Եվ նա ուզում է նույնիսկ չդատվե՞լ,
Խուսափել արդար կարգ ու կանոնի՞ց: 
Ուրեմըն... պիտի ա՛յլ կերպ ազատվել 
Այդ լիրբ անունից և ազգանունից: 
 
Իսկ դա անունն էր մի ամբողջ երկրի, 
Ո՜ղջ մի ազգ էր դա կրում ու պահում... 
 
Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում, 
Ուր ով ծանոթ էր հայոց հին գրին, 
Հայոց պատմությանն ու պատմագրին, 
Դառնում էր դոկտոր ու պրոֆեսոր՝ 
Դեռ օրը նույնիսկ չդարձած կեսօր.
Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում, 
Ուր մարդկայնության փութանց նոպայում 
Շատերի համար դարձել էր փեշակ 
         Մեզ երկի՜նք հանել՝ 
         Հային անվանել 
Ասիական մթնում գիտության մշակ, 
Է՛լ ջահ, է՛լ կերոն, է՛լ միակ փարոս, 
Իսկ թուրքին կոչել բիրտ ու բարբարոս՝ 
Իրենց համեմատ այնքա՛ն վայրենի, 
Որ պետք է նրա հողը հայրենի 
         Վաճառքի հանել 
         Կամ մեջ-մեջ անել, 
Որպեսզի... հողը չմնա խոպան,- 
Հիմա լուսավոր այդ նույն Եվրոպան 
Առանց շիկնանքի այնտեղ էր հասել, 
Որ ժառանգներին Կարմիր սուլթանի 
         Դասեր էր տալիս՝ 
         Եղեռնի՜ դասեր, 
Դասեր նախճիրի՛, բարբարոսությա՛ն, 
Իրեն պահելով... դերը բոզության: 
 
         Այդ նո՛ւյն Եվրոպան 
         Նման չէ՜ր հապա
Հարբած-արնախում այն թուրք զինվորին, 
Որ ձանձրանալով զառերից նարդու 
         Կամ թուղթ խաղալուց, 
Իր թուրը դրած հայ հղի կնոջ սուրբխորան փորին՝ 
Գրազ էր գալիս, թե ի՛նչ կբերի. 
         -Աղջի՞կ, թե տղա,- 
Եվ մանկաբարձի նշտարի տեղակ 
Թուրն էր կատարում կեսարյան հատում... 
 
Իսկ նա կին չէր, ո՛չ, այլ Մայր Հայաստան, 
Որի սրբազան ու տաք արգանդում 
Մի լույս մանուկ էր սկսում խաղալ, 
Մի վահագնակերպ-դավթադեմ տղա, 
Որ հղացել էր փրկության լույսից 
Ու սնվել էր մեր անմոռուկ հույսից՝ 
Այն ճանապարհին, որ դարավոր էր,
         Ծանր ու խորդուբորդ:
 
Բայց Եվրոպան էլ ուներ ճանապարհ 
         Եվ, որպես ճամփորդ,
Նա.... կռվացըրեց իրար հետ շներ, 
Որ իր՝ ճամփորդի բանը հաջողի: 
Իրոք. ի՜նչ էլ որ լիներ-չլիներ, 
Բայց պակաս չկար շան պես հաչողի: 
Եվ այս շնային գզվռտուքի մեջ 
Շան թաթերի տակ քիչ մնաց կորչեր 
         Մի ո՜ղջ ժողովուրդ՝ 
                  Բնի՛կ, 
                  Տեղական. 
Մազ մնաց դառնար թղթե տեղեկանք 
Մի ազգ, որ կուռքեր շատ էր ճանաչել, 
Բայց որի... նույնիսկ տոտե՜մը շուն չէր, 
         Այլ եզը հերկող, 
         Այլ ջուրը երգող 
Եվ ամպրոպածին փողը՝ եղեգան... 
 
Ու երկրագնդի այն ծանոթ մասում, 
Որին Հայաստան, Հայք էին ասում 
Փարավոններից մինչ Պուանկարեն, 
Հիմա Օսմանի թոռները բռի 
Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել 
Դարերով հնչող «Հայաստան» բառի 
         Բոլո՜ր տառերը, 
         Նրա ապագան, 
         Մշահոտ ներկան 
Եվ մինչև անգամ... անցած դարերը: 
 
Եվ համարյա թե իրոք քերեցին, 
Իսկ Գլադըստոն - Ջորջ Լլոյդները 
         Չխանգարեցի՜ն...

ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

Խանգարե՞լ, ինչի՞ համար... 
 
Գարուն էր: Չեկած ամառ՝ 
Փուլ եկավ երկնակամար, 
Ձյուն մաղեց մեր բաց գլխին, 
Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես... 
         -Գարուն ա, ձուն ա արել... 
Գետերը մեր երերման 
Հոսեցին՝ երակի՛ պես... 
         Արունը ջուր ա դառել... 
Ձորերը շիրիմ դարձան, 
Վիհերը՝ գերեզմանոց.
         -Ջուրը մեր տունն ա տարել...
Ամեն քար՝ լուռ մահարձան, 
Ամեն տուն՝ վառման հնոց.
         -Բնավեր հավք ենք դառել... 
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ, 
Ինչքան երգ՝ ո՜ղջը լալով,
         -Զուլում էր, զուլո՜ւմ, լաո՛... 
Թրի դեմ, սրի, հրի՝ 
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
         -Տնավե՜ր-բնավե՜ր լաճ... 
Մեր հողը, մեր հայրենին, 
Մեր երկիրն ամայացավ.
         -Սև՜ հագիր, սևսիրտ մարե...
Հինավուրց տոհմիկ մի ազգ 
Չմեռա՜վ, այլ...մահացա՛վ.
         -Գարուն ա, ձուն ա արել... 
 
Գարուն էր: Ամառ եկավ, 
Ձագ հանեց ձորում կաքավ, 
Իսկ հայը զրկվեց ձագից, 
Իր պոռթկան թոնրի տաքից, 
Իր մորից, հորից, յարից, 
Իր բնից ու աշխարհից. 
         -Գարուն ա, ձուն ա արել...
 
...Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
         -Աշխարքում ով մոռանա՝ 
         Ջուխտ աչքով թող քոռանա... 
 
Գառնարած - հովիվ - նախրորդ 
Ետ չեկան սար-ձորերից... 
Կեսօրին էլ ո՞վ երգեր. 
         -Սարերը հով չեն անում, 
         Իմ դարդին դարման անում... 
Հնձվորը արտում մորթվեց 
Իր ձեռքի սուր մանգաղով... 
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր. 
         -Քաղվորին հաց եմ բերում, 
         Բերանը բաց եմ բերում,
Ձկնորսը Վանա ծովում
Չփրկվեց ճարպիկ լողով...
Աղջիկը զո՜ւր էր կանչում.
         -Իմ ծամթել տամ լողվորչուն...
Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման...
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
         Ու կանչեր.
         -Դլե յամա՜ն...
Ա՜խ, ինչպե՜ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա...
 
...Ջահերը վառ մնացին 
Ժամերգվող եկեղեցում, 
Ժամհարին կախ տվեցին 
Պարանից զանգակատան... 
 
Ջաղացից աղուն բերող 
Ալրոտված խեղճ գյուղացուն 
Իր սայլը դագաղ դարձավ, 
Ալյուրը՝ արնոտ պատան... 
 
Մայրն ընկավ՝ ծիծը թողած 
Իր թմբլիկ մանկան բերնում. 
Ծծի տեղ ցից խրելով՝ 
Խեղդեցին մինուճարին... 
 
Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած 
Կչկչան հավի թառին. 
Իր հիվանդ թոռան համար 
Խորոտիկ ճուտ էր բռնում... 
 
Կալի մեջ պապիկն ընկավ, 
Իր ոսկե թեղն էր էրնում, 
Որպեսզի տուրքը թուրքին 
Օր առաջ շուտ վճարի...
 
Ով ծաղիկ հաց էր թխում՝ 
Խորովվեց թոնրի ծխում... 
Ով հասել ուխտատեղի, 
Վառել էր մոմը դեղին, 
Մոմի դեմ իջել էր ծունր 
Ու հայցում էր աստըծուն, 
Որ բաշխի մի լաճ տղա,- 
Իր արյամբ մոմը մարեց՝ 
Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն... 
         -Գարուն ա, ձուն ա արել...
 
...Խոցեցին ու ջնջեցին, 
Հատեցին հաստ ու բարակ, 
Հոշեցին ու տանջեցին, 
Փշրեցին, տվին կրակ. 
Վաթեցին արյուն-արցունք, 
Ներկեցին ձոր ու բարձունք, 
Քանդեցին երկինք մի լուրթ, 
Մորթեցին մի ժողովուրդ, 
Հացառատ մի ողջ աշխարհ 
Սարքեցին փշրանք-նշխար, 
Սո՜ւրբ նշխար՝ շա՛ն բերանում,- 
 
Ուզեցին մի հայ թողնել, 
Եվ այն էլ... թանգարանում... 
         -Գարուն ա, ձուն ա արել...

ՂՈՂԱՆՋ ԱՔՍՈՐԻ

Իզո՜ւր աստծուն պաղատեցին...
 
         Ալա՛ն-թալա՛ն, 
         Կեռ յաթաղան... 
Ում որ պետք էր՝ փողոտեցին, 
Գազանաբար ճղոտեցին, 
Խողխողեցին սրածելով. 
Քարափներից ջուրն ածելով՝ 
Դիակներով խեղդվողների 
Ծանրացըրին հոսք ու հոսանք, 
Չհարցնելով մանուկ ու ծեր: 
 
         Եվ ո՞վ կոծեր, 
         Կուրծքը ծեծեր. 
-Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք... 
 
Իզո՜ւր ատծուն աղաչեցին...
 
Թե բյուրերով հայ խաչեցին,
Հազարավոր այր ու կանանց
Անդող ձեռքով տեղահանած՝
         Քշեցին... ո՞ւր.
         Դեպի Դեր-Զոր:
 
Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝ 
Անցան նրանք ավազներով արաբական անապատի, 
Մի շիրմուղի, ուր ամեն քայլ դիակներով ուղենշվեց, 
Եվ նորացավ նո՛ր Գողգոթան՝
Ահագնացած տասնապատի՜կ... 
 
Մեր փրկության աղաղակներն անցան իզուր, 
Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ, 
Որ լոկ դարձավ, վերջիվերջո, թառանչ մի սուր. 
...Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք... 
 
...15 թիվ: Ապրիլի 10... 
 
Ապրիլական արբշիռ բույրեր, 
Գարնանային ծաղկածլում, 
Կանաչների շքահանդես,- 
Եվ... ծաղկաբույր գիշերվա մեջ 
Հեռուներից մոտենալով 
Գաղտագողի-ծածուկ-անտես՝ 
         Խորշակը նույն, 
Որ շատ շուտով պիտի տաներ միլիոն հայեր, 
Խորշակը նույն անցավ նաև 
Պոլսո բոլո՜ր հայ թաղերով՝ 
Իր հրեղեն ոտների տակ 
Խաշխշելով ու թաղելով 
Վերջին հույսի շունչը մեր տաք...
 
         Ահե՜ղ գիշեր, 
Որ բորբ ներկվեց ո՛չ արևով,
         Այլ մեր արյա՜մբ,
Ու կողոպտեց խորանները հայ կաճառի, 
Խորանները հայ դպրության սուրբ տաճարի. 
Բոլոր ճյուղերը կտրատեց 
         Հայ հանճարի 
         Ծաղկուն ծառի, 
Ու մատյանից հայ մեղեդու 
Ամենավա՛ռ էջը հատեց... 
 
Եվ անուննե՜ր, որոնք երեկ 
Հնչում էին փաղաքշական մասնիկներով 
Մերձավորի ու մտերիմ բարեկամի սիրող շրթից, 
Ու հիրավի հպարտության տրոփ պոկում 
Մի բովանդակ ժողովրդի լեցուն սրտից,- 
Թե կյանք էին՝ հիմա հանկարծ դարձան անգո՝ 
Մի գիշերում, բարբարոսի կամք ու ջանքով 
Ու մղումով անզսպելի 
Փոխարկվեցին առասպելի. 
Ապրող մարդուց հանկարծ դարձան 
Մի մտովին կերվտած արձան... 
 
Ա՜խ, Բերայի Բանկալթի թաղ... 
Ա՜խ, Ղալաթիո եռատաճար եկեղեցի... 
Քո դարավոր գմբեթի տակ 
Իրիկնային ժամերգության սուրբ պահերին 
Պատարագիչ Կոմիտասին չէ՞ որ երեկ 
Լսում էին հիացմունքով Զոհրապ... Սևակ... 
Քանքարալից հազար գլուխ՝ 
         Փոքր ու ավագ, 
         Միահավաք 
Հակվում էին հայ մեղեդու սրբության դեմ 
Ու հղանում նոր մեղեդիք՝ 
Հնչյուններո՛վ, խոսքո՛վ, գրչո՛վ, 
Արձանակերտ նրբին մրճո՛վ,
Երանգների պնակի՛ մեջ. 
Հետո, մեկտեղ ակըմբվելով 
Բանկալթիի այնքա՜ն ծանոթ 
Ու սիրելի տնակի մեջ՝ 
Խնդրում էին Վարդապետին՝ 
Երգել Կռունկ կամ Խնկի ծառ, 
Երգել Չինար ես... 
 
-Չինար ես՝ կեռանալ մի... 
Սակայն ինպե՞ս չկեռանաս, 
Երբ կացինն է բունըդ տաշում, 
Երբ սղոցն է ճյուղքըդ մաշում,- 
         Դե՜, արի և 
         ...Կեռանա՜լ մի: 
 
                  Ի՞նչ.
-Մեր դռնեն հեռանա՞լ մի... 
Ա՜խ, ո՛ր շունը կհեռանար: 
Իսկ եթե շուն, գայլ ու գազան 
Կամ անխնա սրի քաշում, 
Կամ աքսոր են բռնի քշում 
Ամբողջ մի ազգ՝ սասա՜ն-սասա՜ն,- 
         Դե՜, արի և 
         ...Հեռանա՛լ մի: 
 
         Ինչպե՞ս, 
-Աստվա՜ծըդ կսիրես... 
Բայց ո՞ւր է, ա՛խ, ո՞ւր է աստված,
Եթե կույր ու խուլ է աստված, 
Եթե «Գթա»-ն զուր է ասված, 
Նման աստծուն ինչպե՞ս սիրես... 
 
                  Ի՞նչ: 
-Հեռու ես՝ մոռանա՞լ մի... 
 
Ո՞նց մոռանալ: Ե՜կ մոռացիր, 
Որ ապրիլյան այն ահավոր 
Ու ոճրապարտ լուսաբացին 
Բարբարոսի խուժդուժ ձեռքեր 
Սուրբ խորաններ կողոպտեցին՝ 
Խորանները հայ կաճառի, 
Հայ դպրության սուրբ տաճարի, 
         Հայ հանճարի 
         Ծաղկուն ծառի 
Բոլոր ոստերն անգթորեն կտրատվեցին, 
Սուրբ մատյանից հայ մեղեդու, 
Բոլոր էջերն ամենավառ 
Դարձան մոլի հողմին ավար,
Մի գիշերում պոկոտվեցին ու զատվեցին,- 
Շեկ աքսորի սև փակուղուց չազատվեցին 
         Ո՛չ մի հանճար, 
         Ո՛չ մի տաղանդ, 
         Ո՛չ մի քանքար՝ 
Ով որ Պոլսում եղեռնական այդ գարնան կար...
 
Մարդիկ, որոնք կամքով վերին 
Անցնում էին և պիտի որ անցնեին դեռ 
Իրենց ճամփան անմահության ու սխրանքի, 
         Բոլո՜րը մեկ՝ 
Հիմա արդեն կտրում էին ուղին մահվան,
Ճանապարհը աքսորանքի... 
 
         Մի-մի քուրմեր՝
Լեցուն բանիվ ու մեղեդով մեհենական 
Հիմա պիտի ըմբոշխնեին 
Թույնն ու լեղին գեհենական...
 
Դե՜, բերա՛ն բեր, որ չթքի,
Եվ քարե սիրտ, որ չճաքի:
 
Ու ձգվում էր ճանապարհը աքսորանքի: 
 
Ձգվում էր նա հայ բրգացած դիակների ստորոտով, 
Միջահատված մանուկների թաղում հայցող բլրի մոտով...
 
Մարտիրոսված հայ մայրերի կոնքերը սուրբ 
Ուզում էին ամոթն իրենց փոշով ծածկել,
         Դեղին փոշո՜վ, 
         Ո՛չ թե փեշով, 
         Որ և չկար, 
         Ինչպես չկար ո՛չ սրբություն, 
         Ո՛չ էլ աստված... 
 
Լլկանքի մեջ նահատակված անմեղ կույսեր,
         Ու լույս հարսեր, 
Ջանում էին լանջերն իրենց ծածկել հողով անապատի, 
         Դեղին հողո՜վ, 
         Ո՛չ թե քողով, 
         Որ և չկար, 
Ինչպես չկար ո՛չ սրբություն, 
         Ո՛չ էլ աստված... 
 
Դե՜, շրթո՛ւնք բեր, որ չանիծի, 
Դե՜, բեր բռո՛ւնցք, պրկված կռո՛ւփ, 
Որ չդառնա քինահարույց կրքի խոյանք 
Ու մխրճվի երկնքի մեջ՝ 
         Իբրև նզո՞վք, 
         Ո՛չ, ի՜նչ նզովք.
Իբրև աստծու և երկնքի լիրբ հասցեին 
Մի առնական թունդ հայհոյանք... 
 
Իսկ աքսորի ճանապարհը վախճան չուներ:
 
Ավերակված հայ շեներից, 
Իբրև նշան կենդանության, 
Ահազարհուր ոռնում էին անբուն շներ՝ 
Հիմարաբար չըմբռնելով, 
         Որ այսուհետ 
Շունը մարդուց ավելի է գերադասված 
         Նրա՛նց կողմից,
Որ կոչվում են մարդ ու աստված...
 
         Բեկված սնե՛ր, 
         Այրված շենե՛ր 
Եվ մարդկանցից գերադասված անտուն շնե՛ր, 
Որ երեկվա իրենց տիրոջ 
Լուռ դիակն են նախ հոտոտում, 
Ոռնում՝ կարծես այրվող ցավից, 
         Ոռնո՜ւմ, վնգո՜ւմ, 
         Մե՛կ օր, երկո՛ւ, 
Հետո՝ մղված ծանըր սովից՝ 
Երեկ իրենց կերակըրող ձեռն են ուտում, 
Գռմռալով իրենց տիրոջ դին հոշոտում... 
 
...Ճանապարհն այս դժոխային 
Կարող էր և անվերջ տևել, 
Բայց սարսափի օրն է մթնում, 
Եվ քարվանը արդա՜ր-արդա՜ր, 
Եվ քարվանը մահապարտյալ 
Չանկըրըի բանտն է մտնում: 
 
         Բանտ թուրքակա՛ն
Եվ պատրաստված... հայի՜ համար. 
Քստմնելի լլկանքների՛, 
         Անպատվությա՛ն, 
Ոչ թե արդեն երազելի մահի՜ համար,- 
         Մի բախտ դժխեմ, 
Մի անողորմ ճակատագիր՝ 
Հիմա արդեն ո՛չ անմարմին, ո՛չ էլ անգո, 
Այլ զնդանի դռան առաջ պահակացած 
Թուրք ասկյարի արյունկզակ կերպարանքով... 
 
         Եվ այդ պահին. 
         -Տէ՜ր, ողորմեա՛...
 
Առավել, քան երբևիցե,
Եվ ավելի, քան այլուրեք, 
Այնքա՜ն տեղին, ժամանակի՛ն, 
Ա՜խ, Վարդապե՛տ, գութ է հայցում 
Տխրալալուկ ամբողջ մի ազգ 
Քո սևասուգ սուրբ բերանով.
         -Տէ՜ր, ողորմեա՛... 
 
Եվ զնդանում նեղ ու անձուկ 
Պղպըջում է մի լայն փղձուկ, 
Մի տաք փղձուկ տղամարդկա՛նց, 
Որ եղեգան իրենց փողով 
Թունդ են հանել սիրտը դողով. 
Որ սրտառուչ իրենց տողով 
Ու երգերով իրենց թովիչ՝ 
Գարնա՛ն նման լոկ վրդովիչ, 
Ծայր են տվել շիթ արցունքի՝ 
Ո՛չ թե ցավի կամ տրտմության, 
Այլ հուզառատ հիացմունքի՜... 
 
-Յաղագըս հարց, եղբարց, մերոց, 
Որք են տարեալ ի գերութիւն, 
         -Տէ՜ր, ողորմեա՛... 
 
Իսկ հայրերը արդեն չկա՜ն, 
Եղբայրներին թուր ու ձգան, 
Վերջ են տվել սար ու ձորում, 
Ուր ջրի պես ու ջրի հետ 
Տաք արյունն է նրանց ծորում... 
 
-Շիջո՛ զհուր վառ հնոցի, 
Փրկեա՜ զմեզ, ամենագո՛ւթ... 
 
Բայց աղոթքից այդ ի՜նչ օգուտ, 
         Թե հնոցի 
         Ահեղ բոցին 
Կուլ է տրված հայոց աշխարհն, 
Ա՜զգը հայոց՝ ցախի պես խառն... 
-Հայցեմք ի քեն արտասուելով 
Եվ պաղատիմք զայս ասելով.
         -Տէ՜ր, ողորմեա՛...
 
Ի՞նչ էր պահում վաղը նրանց՝ 
Հանճարավոր այս մեծ արանց, 
Ի՞նչ մի վախճան բարբարոսի. 
Անշուշտ՝ զոհի՜, ո՛չ հերոսի...
 
-Ընկալ զմեր աղաչանըս, 
Լո՛ւր, գթառա՜տ, և ողորմեա՛... 
 
Ա՜խ, թե լսեր ու գթառատ եթե լիներ՝ 
Գազանադեմ այս խուժանին նա կզինե՞ր 
Ու շա՞ղ կտար դաշտ ու սարին՝ 
         Ակնից - Արճեշ, 
         Վանից - Կարին... 
 
-Ցո՛յց մեզ զքո ողորմութիւն, 
Տուր աշխարհիս խաղաղութիւ՛ն... 
 
         Խաղաղությո՜ւն... 
         Եթե այսպես գնար քիչ է՛լ, 
Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, 
Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան, 
Ուր այլևըս չեն էլ ճարվի ապրող մարդիկ, 
Որ բյուրավոր հանգչողներին երանի տան... 
 
         -Տէ՜ր, ողորմեա՛... 
 
Ո՜չ, Վարդապետ, ո՜չ, չողորմա՛ց,
Իսկ քեզ պատժեց պատժով մի նոր՝ 
         Չառավ հոգիդ, 
Ինչպես առավ նրանց հոգին, 
         Որոնք մյուս օր՝ 
Շիկադեղին անապատի ավազի պես ծարա՜վ-ծարա՜վ, 
Աստվածային աչքերում՝ սով, 
Չսնվելով նույնիսկ հույսով, 
Անգամ թրից կամ գնդակից չխոցվեցին, 
Այլ պարզապես... այլ պարզապես... քարկոծվեցին... 
 
...Ի՞նչ էր արդյոք այն պատճառը, 
         Որ քեզ զատեց 
         Եվ անջատեց 
Քո բախտակից ու սրտամոտ ընկերների դժխեմ բախտից՝ 
Քարկոծվողի սուղ դրախտից 
Քեզ նետելով մի լայն դժոխք, 
         Ուր ո՛չ մահ կար, 
         Ո՛չ կյանքի շողք: 
 
Ա՜խ, նրանցից ինչի՞ համար քեզ զատեցին, 
Քեզ - այդքա՜ն ուշ - ինչի՞ համար ազատեցին: 
 
Եթե դա՜ էր ազատելը...

ՂՈՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ

         Ա՜խ, եթե դա էր... 
         Գթառատ Տերը 
Թո՛ղ որ ազատի իր ազատելուց... 
 
Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝ 
Մոռացա՜ն նրա ճարտար մատերը... 
Ինքը Բանկալթու իր տան մեջ, այստե՛ղ, 
Եվ Չանկըրըի բանտի պատերը 
Արդեն նրանից շատ-շատ են հեռու, 
Բայց ուղեղի մեջ... բայց ուղեղի մեջ, 
Կարծես թե կպած նրա թաղանթից՝ 
Մթան մի քուլա եռո՛ւմ էր - եռո՜ւմ, 
Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն, 
Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի,- 
Պտույտ էր տալիս ծանր ու բոլորշի, 
         Պտույտ էր տալիս 
         Ու պոկ չէր գալիս... 
 
Երբ անցնում էր նա Բանկալթու մայթով՝ 
         Մի ձայն էր հնչում 
         Հաճախ ականջում. 
Թվում էր՝ ձայնեց իր Սիամանթոն, 
Թվում էր՝ իրեն Դանիելն է կանչում... 
 
Իրիկնանալիս իր տան սրահում 
Թվում էր՝ տեսավ զենք ու զրահում 
Այն վարազադեմ տաճիկ ասկյարին, 
Որ ձեռքը տարավ շիկացող քարին, 
         Ո՜ւ... ճչում էր նա, 
         Ճչում սոսկալի 
Եվ իսկույն վառում մոմեր ու կանթեղ: 
Վառում էր, նըստում: Ու մեկ էլ հանկարծ 
Աչքերն էր շրջում այստեղից-այնտեղ. 
Արյո՜ւն էր թվում բոցը կանթեղի... 
Ու փչում էր նա մոմեր ու կանթեղ... 
 
Վեր-վեր էր թռչում հաճախ անտեղի, 
Ավելի հաճախ... լինում էր այնտե՜ղ, 
Լինում էր... այնտեղ՝ իր Հայաստանում՝ 
Կարինում, Մուշում, Վանա ոստանում... 
 
         Ինքը՝ Պոլսո՛ մեջ, 
         Իսկ մի՜տքը՝ այնտե՜ղ... 
 
         ...Ասում են՝ 
         Այնտեղ՝ 
Հայաստան կոչված անհայ աշխարհում,
Կուժկոտրուկները, որոնց մոմագույն ծաղկաթերթերից 
Փռվում էր չորս կողմ գինու թանձր բույր,
             Հիմա 
         (Եվ ընդմի՞շտ) 
         Կարմիր են հագել 
Ու գինու բույրը փոխարկել արյան մի ծանըր հոտի, 
Որ գրգռում է քոչվոր քրդերի նախրի պնչերը: 
 
Իսկ գեղեցկապաշտ բաղեղը կանաչ, 
Որ չի ախորժում տգեղություններ, 
Լուռ մագլցում է քարափներն ի վեր, 
Որ իր սեփական կանաչ թևերով 
Արյամբ ողողված ժայռերը ծածկի, 
         Շղարշի քերծեր, 
Որոնց դուրս պրծած ցցերից քարե, 
         Ինչպես ժանիքից, 
Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց 
Հայ հարս ու կանանց երբեմնի գունեղ տարազից մի մաս՝ 
         Արևի՞ց արդյոք, 
Թե՞ իրենց կրած անլուր սարսափից 
Այժմ գունաթափ, այժմ ճերմակած,- 
Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց, 
Իբրև պատվավոր ինքնասպանության սպիտակ դրոշ... 
 
         Իսկ այն ծերպերը,
Որտեղ մագլցել չի կարողանում բաղեղը նույնիսկ, 
Ու տեղ չի գտնում քարաքոսն անգամ, 
         Կարմի՜ր ծերպերը՝ 
Մեկ՝ երկար, մեկ՝ կարճ սյուներով ճերմա՛կ, 
Նման վիթխարի քարե բացօթյա մի երգեհոնի 
Հայոց լեռների ամֆիթատրոնում,- 
Իսկ այդ ծերպերը տնքում են խեղճ-խեղճ 
Լսողությունից բոլորովի՜ն զուրկ, 
Երգ ու նվագից բա՜ն չհասկացող 
Բարբարոս քամու պաղ մատների տակ, 
Երգեհոնի պես նույն տակտն են տնքում.
         -Այս ի՞նչ պատահեց... 
         Այս ի՞նչ պատահեց... 
 
         Իսկ հիմար կկուն, 
Որ իր թռչնային անթռիչք խելքով 
Զգում է թեպետ, բայց չի հասկանում, թե ի՛նչ պատահեց, 
         Միամի՜տ կկուն 
Ամեն գարնան հետ ընդմիջումներով եթեր կճամփի 
Իր հայրենականչ ազդանշանը հեռագրային. 
         Կո՛ւ-կո՛ւ-կո՛ւ (լսե՜ք), 
         Կո՜ւ-կո՜ւ (ի՞նչ եղաք)... 
Ա՜խ, իզո՜ւր կկուն կազդանշանի. 
Ովքեր մեռել են՝ չեն լսի նրան, 
Ովքեր կցրվեն աշխարհի վրա 
Մի բուռ գարու պես՝ հավերի առաջ, 
Մի կուց արյան պես՝ պղտոր ջրերում, 
Թեկուզ և որսան ազդանշանը՝ սրտերո՛վ իրենց, 
Բայց չէ՞ որ, ավա՜ղ, չէ՞ որ կարող են լոկ պատասխանել 
Կարոտից մարող սրտի բաբախմամբ, 
Կսկիծից թացվող թարթումով կոպի, 
Զայրույթից ուռչող երակի զարկով, 
         Սակայն ո՛չ երբեք 
Ուրախ ու զվարթ վերադարձողի քայլով կենսաթինդ. 
         -Դո՜փ-դո՜փ (գալի՛ս ենք),
         Դը՛փ-դը՛փ-դը՛փ (եկանք)... 
 
         -Դե, ե՜կ, Վարդապե՛տ,
         Մի՛ խելագարվիր... 
 
             ...Այնտեղ՝ 
Երկնաչու Սասնա լեռներում, 
Ժայռեր ու ծերպեր մագլցելու մեջ 
Ընկուզենիներն անգամ մրցում են իշայծյամի հետ՝ 
Նրանց ճյուղավոր եղջյուրների պես 
Բուսնելով ժայռի մազոտ ճակատին... 
             Եվ այնտեղ՝
Սասնա սարում ու ձորում՝ 
             Ծառի տերևին, 
             Փշերի վրա, 
Մանանայի պես գազպեն էր ծորում, 
Որ շինականը գար ու հավաքեր: 
Սակայն...երկնային մանանան փոխվեց 
Երկրային ահեղ մի պատուհասով... 
         Եվ հիմա այնտեղ՝ 
Հին Ծովասարի քարերի վրա 
Գառնարած Դավթի երկաթ տրեխի թողած հետքերում, 
Ինչպես խաղալիք - փոքրիկ գուռի մեջ, 
Անձրևաջուրն է քմծիծաղ տալիս 
Պաղ կիսալուսնի ներում ակնարկող բառերի վրա... 
Սասնա վիպական Մարութա վանքում 
Ուխտավորի տեղ բուերն են տնքում՝ 
Այս փուչ աշխարհի բանը խորհելով... 
Ընկույզի վրա ընկույզն է փտում. 
         -Հավաքո՜ղ չկա... 
Ոչխարներ վայրի ու վայրենացած 
Բարձրիկ սարերից անվախ իջնում ցած, 
Հասնում են մինչև Մշո բաց հովիտ. 
         -Կրակո՜ղ չկա, 
         Նույնիսկ գո՜ղ չկա... 
Խմորի տաշտում ցնկնում է կատուն.
         -Նկատո՜ղ չկա... 
         Եվ տանու կովեր, 
Թեպետ մոռացած գոմեր ու մսուր, 
         Ըստ սովորության 
         Տանջվում են սաստիկ 
Իրենց սափորված-լեփլեցուն կրծից. 
         -Որ կթո՜ղ չկա,- 
Եվ խուլ բառաչով քարերի չեչոտ ափին են քսում. 
         -Որ խտո՜ւտ չգա... 
Արջերն են լիզում Սասնա մանանան 
         Եվ փորկապ ընկած՝ 
Թավալ են տալիս հին տաճարների սուրբ խորաններում՝ 
Իրենց ոռնոցով Ձենով Օհանի տնազն անելով. 
Էլ չե՜ն վախենում Սասնա ծռերի ուրվականներից... 
 
         -Դե ե՜կ, Վարդապե՛տ, 
         Եկ ու մի՛ ծռվիր... 
 
...Լուսաստղն այնպես պայծառ է շողում Նեմրութի վրա, 
         Ասես աստըղ չէ, 
Այլ մի պղնձե նոր կլայեկած թաս է հովվական, 
         Իսկ Կաթըն-Ծիրը 
Օտարերկրացուն պարզապես ճերմակ մի ամպ է թվում... 
         Եվ հայի որդին, 
Հրաշքո՛վ փրկված հայի խեղճ որդին 
Օտար ճամփորդի իր անձնագըրով 
Եթե երբևէ ոտքով համբուրի փեշը Սիփանա, 
Թերևըս պիտի Վահագնի ճամփան 
Նո՛ւյնպես շփոթի ճերմակ ամպի հետ... 
 
         - Դե ե՜կ, Վարդապե՛տ, 
         Ու մի՛ ցնորվիր... 
 
...Իջել է այնտեղ մի ծույլ լռություն սարդոստայնային, 
Որ հորանջում է՝ ականջ դնելով, 
Թե ե՞րբ կշտացած գայլերը գոնե պիտի զկրտան. 
Ինչքան չլինի՝ ձայն է կենդանի:
Եվ որովհետև գայլը սակավ է հագեցած լինում, 
         Էլ ի՞նչ է մնում, 
         Թե ոչ մրափել 
Քուն բերող «շարքու» նվագի ներքո, 
         Երբ բախտը բերի՝ 
         Տարվա մեջ մի օր 
Այս բնակազուրկ վիլայեթը գան 
         Զաբիթ-ոստիկան... 
Տարին մեկ անգամ մրափ հարուցող նվոցը «շարքու». 
         Ո՛չ Ծիրանի ծառ, 
         Ո՛չ Մոկաց Միրզա, 
         Եվ ո՛չ Փեսին գովք.
         Չպիտի ծորա Հորովել-ն այստեղ,
         Ո՛չ Լուսնակն անուշ, 
         Ո՛չ էլ Կալի երգ. 
Հայաստան կոչված անհայ աշխարհում 
Չպիտի՜ հնչի հայ պարեղանակ, 
                  Հայ երգ 
                  Ու Խաղիկ... 
 
         -Դե ե՜կ, Վարդապե՜տ, 
         Եկ ու մի՛ ցնդիր... 
 
         ...Եվ գեշ գոմշի պես
Գիշերը պիտի ծանրորեն պառկի՝ 
Իր եղջյուրներին երկինքը պահած, 
Ու լուռ որոճա մի կերպ կուլ տված նախճիր ու ոճիր, 
Որ հեշտ չի մարսում անասո՛ւնն անգամ... 
         Մութի թանաքը 
Պիտի ողջ գիշեր եղեռնի մասին եղերերգ գրի, 
Բայց առավոտյան թանձըր թանաքը կջնջվի այնպես,
Ինչպես... արյունը և Հարցը Հայոց... 
 
         Իսկ առավո՜տը...
         Նա ամեն անգամ
Երեխայի պես աչքը կբացի միամտորեն, 
Եվ ամեն անգամ այնպե՛ս կթվա, 
Թե ոչի՜նչ-ոչի՜նչ կյանքում չի փոխվել. 
Ուր որ է մայրը բակից ձայն կտա իր քնկոտ որդուն՝ 
Ցնփոր խնոցու շըմփ-շըրմփոցը մի պահ կտրելով...
Եվ գյուղի վրա նորից կալիքվի նախրի բառաչը, 
Այգիների մեջ ծովի հառաչը ծաղիկ կթափի...
                  Ջուրը՝ 
Մարգերի փխրուն թմբերը մկան պես ծակած՝ 
Լորտուի նման առաջ կսողա... 
         Մոտիկ արտերից, 
         Առը շուռ տալիս, 
Խոփը կփայլի հայելու նման, 
Եվ շողքը կընկնի դրացու հարսի շարմաղ երեսին՝ 
Նրան մի վայրկյան ահաբեկելով. 
         -Ամա՜ն, այ ամա՜ն,-
Այդ ո՞ր ջահելն է սիրտ անում նրա դեմքին շողք գցել, 
Իսկ թե իր մարդը իմանա՞ հանկարծ,
         -Ամա՜ն, այ ամա՜ն,- 
Իսկ թե իր մարդը իմանա՞ հանկարծ՝ 
         Արյո՜ւն կթափվի...
         Իսկ առավոտը, 
Երբ ամեն անգամ աչքերը բացի, 
Մի պահ խաբվելով երեխայի պես՝ 
Քիչ հետո արդեն նա իրեն կզգա հայի որբ մանչուկ. 
         Կուզենա կանչել, 
         Բայց ձա՛յն չի ելնի, 
         Կուզենա լացել՝ 
         Արցունքնե՛ր չկան, 
Կուզենա գոնե - վերջապես- մեռնել, 
         Բայց... մա՜հ էլ չկա. 
Չէ՞ որ սերում է Փոքըր Մհերի «անիծված» սերմից... 
 
         -Դե ե՜կ Վարդապե՛տ, 
         Ու մի՛ խենթանա... 
 
         Մշո լայն դաշտում, 
         Ծայրից մինչև ծայր, 
Անվերջ կսուրա կարոտյալ քամին 
Եվ մեն-մի հատիկ երդիկ չի գտնի, 
Որ դուրս պոռթկացող ծուխը խլելով՝ 
Վայրի կատվի պես քինոտ գզգզի կծիկը նրա... 
 
         -Դե ե՜կ Վարդապե՛տ, 
         Եկ ու մի՛ գժվիր... 
 
         Բյուրակն էր կանչում, 
         Օսմանցին եկավ 
Եվ, թարգմանելով, Բինգյոլ անվանեց. 
         Տաս հազար աղբյուր, 
         Տաս հազար լճակ:
         Եվ հիմա... հիմա 
Այդ տաս հազարն էլ մարդ են երազում, 
Որ գա ու թեքվի իրենց ակունքին, 
         Իրենց ափունքին, 
Իրենց հայելում իրեն տեսնելով՝ 
         Ծարավը կոտրի՝ 
         «Օխա՜յ» ասելով,- 
         Թե չէ ի՜նչ աղբյուր, 
         Թե չէ ի՜նչ լճակ, 
Թե չէ աղբյուր ես՝ լճակ կդառնաս, 
Թե չէ լճակ ես՝ կդառնաս ճահիճ, 
Կդառնաս տանը պառաված օրիորդ, 
Մինչդեռ հարսնության առողջ բնազդը խտուտ է տալիս, 
Մինչդեռ մայրական սուրբ հիվանդության 
Նույնիսկ ծաղիկը ծեծելուց հետո 
         Քորը չի՜ անցնում... 
 
         Եփրատ էր կոչվում 
         Եվ... Մուրադ ասվեց,
Ջհանդամի գյո՜ռը, թող կոչվեր Մուրադ, 
Միայն թե գետը գետություն աներ՝ 
         Գերաններ տաներ
         Եվ ոչ թե դիակ, 
Առվույտի խրձեր, կոճղեր ափ հաներ, 
Եվ ոչ թե գանգեր, ուսեր ու թիակ... 
Միայն թե գետը գետություն աներ. 
         Գեղջուկը բաներ, 
         Տնկեր ու ցաներ, 
Գետն էլ իր ջրով մեկը տասն աներ, 
Խոր քարափների ամայության մեջ 
Նրա ջրերով աղորիք բաներ... 
         Բայց հիմա... հիմա 
         Էլ ի՜նչ վար ու ցանք, 
         Էս ի՜նչ բան ու ջանք 
         Եվ էլ ի՜նչ ջրտուք, 
         Էլ ի՜նչ ջրաղաց: 
Ինչպես մտքի մեջ հասուն աղջիկն է տեսնում մատանի, 
Գետն էլ կամուրջ է միայն երազում: 
Ու... խեղճ Եփրատը կամուրջ է տեսնում... լոկ երազի մեջ... 
 
         -Դե ե՜կ, Վարդապե՛տ, 
         Մի՛ խելազրկվիր... 
 
-Քանի՞ ժողովուրդ Վանա լիճ ունի,- 
Օտար գրքերում և օտար լեզվով 
Օտար մարդիկ են այս հարցը տալիս, 
Եվ ոչ թե Վանից զրկված վանեցին, 
Որ հար՛ց չի տալիս, այլ հաստա՛տ ասում. 
         -Էս կյանքում՝ մեր Վան, 
         Էն կյանքում՝ դրախտ... 
 
Ա՜խ, Բիայնայի ու Բզնունիքի, 
Տուշպա և Վանա սրտաձև՜ ծովակ: 
         Վարագա սուրբ սար, 
         Սիփան ու Նեմրութ 
Իրենց ստվերը - ուռկանի նման - նետում են այնտեղ 
         Եվ տառեխի տեղ 
Որսում են գույներ, որ անո՛ւն չունեն, 
         Որ անո՜ւն չունեն... 
 
Իսկ Այգեստանի բույրերից արբշիռ 
Եվ Արտամեդի հոտերից գինով՝ 
Խոր քուն է մտնում քամին Ոստանում, 
Այն խնձորենու հոծ սաղարթի մեջ, 
Որի պտուղը թափահարելիս 
         Լսում ես նորից 
Ձույլ կորիզների իրար զարնումը՝ 
Դեղին սաթերի հատիկների պես: 
Փրկված վանեցին այսուհետ միայն իր երազի մեջ 
Կարող է լսել այդ ձայնը ծանոթ և օտարոտի... 
 
         -Եթե խելք ունես՝ 
         Եկ մի՛ թռցըրու... 
 
         Նույն Այգեստանում 
         Ու նույն Ոստանում 
Եթե զարթնում է գինովցած քամին, 
Ապա զարթնում է ծոցվոր ծառերից կաթող մրգերի 
         Թմփոցից միայն, 
Եվ գինովցածի մոլոր քայլվածքով լճափ է նետվում, 
Որ նրա ջրով քիչ զգաստանա: 
Ու տաքուկ քամու մոտիկությունից 
Լիճը - կնոջ պես - սրսըփում է լուռ 
Եվ, ամաչելով սուրբ Աղթամարից, 
         Մեղա է գալիս՝ 
Իր ալիքները ձեռքի պես մեկնած... 
 
         Ա՛խ, ալիքնե՜րն այդ, 
         Այդ ալիքնե՜րը... 
Ձիգ ամիսներով ջուր ու օճառի երես չտեսած 
         Տավարածն անգամ 
Թե մերկանալով մտնի Վանա ծով, 
Իրեն լավ թրջի ու դուրս գա ջրից՝ 
         Կեղտի ո՜չ մի հետք, 
Եվ մաշկը մեկեն թավիշ է դառնում՝ 
Անցուլ երինջի կռնակի նման... 
Վանեցին ուրեմն օճառ չեր առնում 
Եվ հարստացավ ա՞յդ դրամներով, 
Թե՞ Շամիրամի դարավոր առուն 
         Այգիների մեջ,
         Արտերի վրա, 
         Հանդում ու ձորում 
         Ոսկի էր փռում...
 
         Ա՜խ, Վանա ծովակ... 
Երբ մութն էր թառում Սիփանա գլխին, 
         Նեմրութի լանջին 
Եվ ուղղահայաց քարափին Վանա,- 
Ջնջելով անջինջ սեպագրերը,- 
Ծովակի վրա երբ մութն էր թառում՝ 
Երկինքը համակ հեզ շուռ էր գալիս ջրերում ծավի, 
Եվ ալիքների աշխույժ խայտանքը չէր թվում ծփանք. 
         Կարծես թե ջուրը 
Իր կաթսան ընկած շեկլիկ աստղերի հրից էր եռում: 
Բայց աստղե՞րն էին բոցկլտում այնտեղ, 
Թե՞ ազատվելու հուսահատ ճիգով 
Լող էին տալիս հազա՜ր ու հազա՜ր Վանա կատուներ՝ 
         Վառվող աչքերով, 
Թե՞ ցոլում էին հազա՜ր ու հազա՜ր քարեր թանկագին՝ 
Շարժելով Վանա ակնագործների նախանձը անկուշտ... 
         Իսկ ամենից վերջ՝
Երկնի ջատագով Մեծ Արջը իր մեծ փլավքամիչով 
         Ցած էր կռանում, 
Անձայն ճողփյունով թաքուն ներսուզվում Վանա լճի մեջ, 
Որ... թարմացընի նրա լազուրով 
Գոռոզ երկընքի գույները խամրած, 
Սակայն... քամիչի ծակոտիքներից 
Լազուրը նորից թափվում էր ներքև, 
Եվ Վանա լճի համեմատությամբ 
Երկինքը դարձյալ խամրած էր մնում 
         Ու մի՜շտ կըմնա... 
 
         Ա՜խ, Վանա ծովակ, 
Բայց ախր քե՜զ ինչ երկնքի խամրելն ու չխամրելը, 
Եթե քո շուրջը և քո քաղաքում 
Ծնրադըրել է խավարը խոժոռ՝ 
Աղոթարարի ջերմեռանդությամբ, 
Որ չհամենա՛, այլ հարատևի՜ 
Իր շողահալած իշխանությունը: 
Իսկ քո հեռավոր - մոտավոր քույրը՝ 
         Լիճը Սևանա՜... 
 
         Վարդապետ իմ խե՜ղճ,
         Բայց և բախտավո՛ր, 
Բայց և բախտավոր, որ չգիտեիր, 
Թե իր սեփական արյունի գնով 
Սևանա լիճը լույսեր պիտի տա ծերպերի՛ն անգամ՝ 
Հարուցանելով քարայծյամների դժգոհությունը և փռշտոցը, 
Բայց և ո՛չ մի կերպ չկարողանա 
Լույս տալ մթնախեղդ քաղաքին Վանա, 
Վանա ծովակի խավար ափերին,- 
Նրա հեռավոր - մոտավոր քույրը՝ 
Իր թանկ արյունը լույսի վերածած լիճը Սևանա... 
 
-Դե ե՜կ, Վարդապե՛տ, խեղճ ու բախտավոր, 
Եթե կարող ես՝ եկ մի խևանա... 
 
         -Համայն աշխարհում 
         Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,- 
         Ո՛վ էլ որ չասի՝ 
Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի 
         Ու կասի՝ կարդա՛:
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի: 
         Իսկ Արարա՜տը... 
Է՜հ, անունը կա - ամանում չկա... 
 
         Վարդապետ իմ խեղ՛ճ,
         Բայց և բախտավո՛ր, 
Բայց և բախտավո՛ր, որ չգիտեիր, 
Թե հայ կորովի երիտասարդներ՝ 
Լեռնագնացներ բարձունքներ սիրող, 
Մասիսի դիմաց կնստեն գնացք, 
         Որ գնան Կազբեկ, 
         Էլբըրուս գնան, 
         Լեռներ մագլցեն 
Նույնիսկ հեռավոր սահմանի վրա հնդկառուսական, 
Մինչդեռ Մասիսի լանջը կուսական 
         Մատնե՜ր է տենչում՝ 
         Հայի տա՛ք մատներ, 
         Որ հպվե՛ն իրեն, 
         Իրեն գուրգուրե՛ն, 
         Իրեն ունենա՛ն... 
 
         Ու դեռ կան հայեր,
Որ հավատում են գոյությանն աստծո: 
Թող գիտությունը նույնիսկ պապանձվի՛. 
Աստծուն ժխտում է Արարա՜տն անգամ՝ 
Աստվածաշնչի սրբազան լեռը՝ 
         Բախտո՛վ իր դժխեմ... 
 
-Դե՜, մի՛ թռցըրու խելքըդ, Վարդապե՛տ... 
 
Վարդապետ թշվա՜ռ, բայց և բախտավո՛ր. 
Քո մտքով անցա՞վ, որ Մասիսն, այո՛, 
Մեր նոր ու վերջին ոստանի առաջ, 
Մեր հարենաքաղց աչքերի հանդեպ, 
Կարծես թե դիտմամբ ու միտումնորեն 
Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜,
Մեր փակված վերքը նորից-նոր բանա, 
Մագնիսի նման անվերջ ձգելով՝ 
Գեթ մոտիկանալ թույլ չտա բնավ... 
 
         -Դե ե՜կ, Վարդապե՛տ,
         Ու մի՛ խենթանա...
 
Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի, 
Քան թե կսկիծը որդեկորույս մոր: 
Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ 
Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ, 
Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝ 
         Ո՛չ թե մի շաբաթ, 
         Այլ ձի՜գ տարիներ... 
 
-Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվիր... 
 
Մեզ լավ է ծանոթ ծաղրուծանակը այս հոգեխարտիչ, 
Դա ծանոթ է մեզ քանի՜ դար արդեն:
Մեր հայրենասեր թագավորներին և հերոսներին 
Այսպես պարսկական դահիճներն էին մորթազերծ անում, 
Մեջը լցնելով դարման ու չոր խոտ՝ 
         Խրտվիլակ շինում 
         Ու բռնի դնում 
Մորթազերծվածին պաշտողի առաջ, 
Որ... սքանչանան իրենք իրենցով... 
 
Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ... 
 
         -Դե ե՜կ, Վարդապե՛ տ...

ՂՈՂԱՆՋ ՑՆՈՐՄԱՆ

Եվ պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական
Նախ ցնորվեցին աչքե՜րը նրա
Եվ ապա մի՛տքը, մի՛տքը տիրական...
         Վայրի աղմուկի,
         Խոլ աղաղակի,
         Ժխորի տեղակ
Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ.-
         Գլուխը նրա,
Որ մի երկնային լուսատու էր ցարդ,
Հիմա փոխարկվեց մի մոլորակի.
         Նույնն էր արտաքուստ,
Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս էր նույնը,
Եթե լուսատուն... էլ լո՜ւյս չէր տալիս...
 
...Նա չհասցըրեց զոհել Վարդանին
Գոռ Ավարայրի ճակատամարտում,
         Եվ ինքը զոհվեց.
Ա՛խ, ո՜ւր էր գոնե Վարդանի նման:
Մեր խաղ ու տաղի զորավարն ուժեղ
Վախճան ընդունեց՝ որպես նոր Մուշեղ,
Ում վերջին խոսքը նա գիտեր անգիր
Դեռ ճեմարանի առաջին տարուց.
-Բայց իբրև եհաս ինձ մահս վատթար,
Ո՛հ, թե՜ դիպեալ էր ի վերայ ձիոյ...
 
         Մեր խարդախ բախտից՝
Նա չընկավ մարտում ու ձիու վրա, 
Այլ զոհվեց անլուր դավաճանությամբ... 
         Մեր դժխեմ բախտից՝
Նա չհասցըրեց իր օպերայում 
Թշվառ Անուշին խելացընորել, 
Եվ ի՛նքը, ի՛նքը, ի՜նքը ցնորվեց... 
         Մեր դաժան բախտից՝
Սասնա ծռերին երգել չտված, 
Նա ինքը դարձավ նոր Փոքըր Մհեր 
Ու դեռ կենդանի՛, ո՜ղջ-ո՜ղջ զնդանվեց 
Հոգեբուժարան - Ագռավաքարում...
 
...Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ.
Քեզ կորցընելու ցավից ահավոր
Աչքերըս լիքը լաց ա... մրմնջաց,
Առանց խոսքերի և անեղանակ
Էրվում եմ, էրվում այրվելով երգեց,
         Սակայն... անօգո՜ւտ:
 
Ով առուփախով, գաղթով էր փրկվել,
Անզորությունից կրկին մոռացած
Հայի անարդար աստըծո հանդեպ
         Իր քենը արդար՝
Երկնքին նայեց լուռ պաղատանքով,
         Սակայն... ապարդյո՜ւն:
 
Ինչ եկեղեցի, որ չէր ավիրվել,
         Եվ ամեն տաճար,
Որ ժամերգվում էր դեռ հայ աշխարհում,
Պատարագիչի դողդոջ շուրթերով
Պահպանիչ ասաց՝ կյանքիդ ի խնդիր,
         Սակայն... չփրկե՜ց.
Հայացքըդ կրկին անկենդան մնաց,
Գլուխըդ, որ ցարդ լուսատու էր մի,
Դարձավ մոլորակ՝ պաղած ու անլույս...

ՂՈՂԱՆՋ ԱՆԱՆՑ ՍՈՒԳԻ

Պոլսին մոտիկ, Շիշլի դաշտում, 
Երկու տարի զնդանվեց նա, 
Որին մի ողջ ազգ էր պաշտում: 
 
         Բժշկո՜ւմ են... 
         Ի՞նչ են բուժում.
         Ուղեղի՜ վերք, 
         Մթագնած մի՜տք, 
Որ մնում է թանձըր մուժում... 
 
Ովքեր նրա միտքը պաշտում 
Եվ կորստին դեռ չեն հաշտվում, 
Ուղարկում են նրան Փարիզ: 
 
         Փարի՜զ, Փարի՜զ... 
 
Երկու տարի դեռ չի անցել, 
Ինչ նա այդպես քեզ էր գալիս, 
Որ իր ձայնով, սրինգ-փողով, 
Որ իր մտքով, խելքով պայծառ 
Գերեր մի ողջ Համաժողով: 
 
         Փարի՜զ, Փարի՜զ... 
 
         Հիմա դարձյա՛լ,
Վերստին է նա քեզ գալիս՝
Ո՛չ երգելու, նվագելու,
Ո՛չ հիացմունք հավաքելու, 
Նա՝ մարմրող ու վիրավոր՝ 
Էլ թև չունի, որ հաղթ սուրա, 
Էլ հուր չունի, որ հուրհուրա... 
 
         Ո՛չ «բռավո»,
         Ծափուն «ուռա»,
         Եվ ո՛չ էլ «բիս»:
 
         Փարի՜զ, Փարի՜զ... 
Գալիս է նա, որ միտք մուրա... 
 
         Փարի՜զ, Փարի՜զ... 
         Եղիր բարի՛,
Ի սեր աստծո՝ գթա՛ծ եղիր, 
Այս ծուռ ճամփից նրան շեղի՛ր 
Ու բեր շիտակ ճանապարհի. 
Այնպե՛ս արա, որ նա դարձյալ 
Քեզ ողողի մտքով պայծառ, 
Որ երգերով սիրտդ վառի, 
         Նվագի փող, 
         Շորոր պարի... 
 
Բայց խեղճ Փարիզն ի՞նչ դեղ ճարի, 
Ինչպե՞ս փրկի քո հանճարին, 
Թե մեկնելիս, նավի վրա, 
Աշակերտներն իր սիրասուն 
Ծաղկեփունջ են տալիս նրան, 
Իսկ նա... նրանց բառ չի ասում, 
Ոչ էլ ժպտում բարի՜-բարի՜, 
Իսկ նա... փունջը չի հոտոտում, 
Այլ - անտարբեր - ծովն է նետում՝ 
Պաղ հայացքը՝ սար ու քարին... 
 
...Տարվա հետքով սողաց տարին,- 
Բուժում չկա՜ քո հանճարին... 
Տարվա հետքով տարին գնաց,- 
Եվ խազերը մեր հինավուրց, 
Որոնց ամբողջ տաժանակիր քսան տարի 
Նա մայրական իր ջանքերով 
Անխոնջորեն ոտքի հանած՝ 
Քայլելու էր վարժեցըրել, 
Դրել ուղիղ ճանապարհի,- 
Նույն խազերը հիմա դարձյալ 
Քար կտրեցին ու կոնդացան. 
Ինչ արված էր երկար ու ձիգ քսան տարում՝ 
Չար մի հողմով ցրիվ եկավ քար ու սարում... 
 
Տարիների ոտնահետքով 
Նոր տարիներ վրա հասան. 
Մեկ-տասնըմեկ՝ դարձան քսա՛ն: 
 
Տարվա հետքով տարին գնաց, 
Իսկ նա՝ մեռած անթաղ մնաց: 
Քսա՜ն տարի անթաղ մնաց 
         Մի սո՜ւրբ դիակ, 
         Սուրբ ու միա՛կ... 
 
Տարվա շունչը տարվա հևքին՝ 
Մեկը մեկից սկիզբ առան, 
Իսկ նա՝ նման Զմրուխտ հավքին, 
Նման հավքին մեր Հազարան՝ 
         Ո՛չ գնդակված, 
         Ո՛չ էլ մորթված, 
Այլ ճակատի բութ հարվածից ուշակորույս. 
Քսան տարի լուռ թպրտաց՝ 
         Գոնե... 
Գոնե չթողնելով հնարք ու հույս 
Փարատելու մեր ցավը խոր, 
Ավարտելու կոծն ու սուգը, 
Մեր հոգու մեջ չորացնելու 
Սանդեր փորող արտասուքը... 
 
Քսա՜ն տարի մեռած-անթաղ,
Ե՛վ մահացած, և ողջանդամ 
         Մի սո՜ւրբ դիակ,
         Սուրբ ու միա՛կ...

ՂՈՂԱՆՋ ՎԵՐԱԾՆՄԱՆ

              Ա՜խ, Վարդապե՛տ,
              Մեռած դանդաղ,
              Մեռած թեպետ,
              Բայց և անթաղ,
Բայց և անփուտ մեր սրբություն.
Կարելի էր յաթաղանով,
              Ջարդով,
              Խարտով,
              Դավով - անդավ
Բնաջնջել մի ո՛ղջ անտառ,-
Անմարդկային մի լրբությո՜ւն,-
Եվ այդ մտքից զարհուրելի
Չխենթանալ չէ՛ր կարելի:
 
Սակայն չարի խոփը դիպավ ժեռ քարերի, 
Եվ ժանգոտած խոփը նրա չդիմացավ: 
 
Դու՝ Փարիզյան Վիլ-Ժուիֆում, 
         Այդ չիմացար... 
 
Դու չիմացար, որ աշխարհով 
Կայծակեցին ահեղ շանթեր, 
Եվ ազգը քո որբ ու անտեր, 
         Բզի՜կ-բզի՜կ, 
         Ծվա՜տ-ծվա՜տ, 
Լքված աստծուց և մարդկանցից, 
Զրկված անգամ հուսո գանձից,
Ի դեմս ամեն բարեկամի 
Լոկ տեսնելով ծախու կավատ, 
Մինչև մրուր դատարկելով 
Վհատության գավ ու գավաթ,- 
Նույն ազգը քո հանկարծ-մեկեն 
Վերստացավ նոր մի հավատ. 
Հոգեվարքի իր մահիճում 
Հոգեդարձը վերածնվեց, 
Մի նոր կյանքի հույսով զինվեց... 
 
Իմ ժողովո՛ւրդ հնամենի, 
Ինչպե՞ս գտնել դեռ չստեղծված 
Բառն այն, որով հնար լինի 
Քեզ ճշտորեն անվանելու:
 
         Դու՝ 
Պատմության մութ առեղծված, 
         Դու՝ 
Մարդկության բարդ հանելուկ, 
Տեղն ու տեղդ՝ զարմանալի... 
Քեզ որտեղի՞ց այն բանալին, 
Որով կյանքի դուռն ես բացել, 
         Այն դարավոր 
         Հաստ դուռը, որ 
Ճակատի դեմ քո լուսավոր 
Փակվել է միշտ, շրխկացել: 
 
Քեզ դարեդար հալածելով, 
Խուժդուժորեն սրածելով՝ 
         Սպանեցին, 
         Խաչ հանեցին, 
Սակայն մնաց դեռ հայությունն. 
Առանք կրկին մենք հարություն, 
Եվ ո՛չ իբրև մի նոր Հիսուս, 
         Այլ... հայի՛ պես: 
Դարեր ի վեր վառում են մեզ, 
         Այրում են մեզ, 
         Դարձնում մոխիր 
Հնոցի մեջ խուլ չարության, 
Խարույկի մեջ քեն ու ոխի, 
Ու տաք մոխիրն անգամ թրջո՜ւմ... 
Սակայն ոգին մեր հայության 
Թե այրվեց էլ, ո՛չ, չի՜ կորչում. 
Ելք է ճարում նո՛ր հարության, 
Եվ... ո՛չ որպես փյունիկ թըռչուն, 
         Այլ... հայի՜ պես... 
Սակայն ոգին մեր հայության 
Ավելի ճիշտ՝ չի՜ մոխրանում,- 
Միևնույնն է, թե չարության 
Հուրը թեժ է կամ մարմանդ է. 
         Չի մոխրանում, 
         Այլ ճախր անում, 
Սավառնում է ոգին հայի, 
Եվ... ո՛չ իբրև հեքիաթային 
Կախարդական սալամանդըր, 
         Այլ... ի՛ր նման՝ 
         Հայ ոգո՜ւ պես... 
 
Դիակներով ձորն է լցվում, 
Դիակներով վիհն է խցվում, 
Արյուն հագնում սարավանդը... 
Հարվածում են մեզ մահացու, 
Վերքի վրա նոր վերք բացում... 
Ջարդեր հայտնի, դավեր ծածուկ, 
Կործանումներ գունակ-գունակ... 
Դժխեմ բախտի մատյանի մեջ 
Սպառումի հազա՜ր սյունակ... 
Իսկ մենք՝ տոկուն ու կենսունակ, 
Ինչի՞ նման,- դե եկ ասա... 
Իսկ մենք՝ տոկուն ու կենսունակ 
         Հենց... որպես հա՜յ, 
         Հենց... որպես հայ... 
 
         Արցունքն՝ աչքին,
         Վերքը՝ կրծքին, 
Պատա՜ռ-պատա՜ռ, ծվատ թեպետ, 
Քո ժողովուրդը, Վարդապե՛տ, 
Զնդանումիդ քսան տարում 
Ջանաց ասել մնաս բարև 
Ամեն բանտի ու զնդանի, 
Մտավ հզոր մի ընտանիք, 
         Ուր հույսը նույն 
         Դարձել էր սյուն, 
Նույն երազը՝ ծածկող տանիք... 
 
Մեր կեղեքման ու մեր տանջման, 
Մեր վերահաս բնաջնջման 
Ահեղ մտքից ցնորվելով, 
Դու չիմացար, որ հորվելով՝ 
Հանձնվելով խավար հողին, 
Չփտեցինք մենք հողի տակ.
Այլ վազի պես մեր խաղողի, 
Երբ որ հասավ գարունը տաք, 
Հողի մեջ էլ մեզ ուղղեցինք, 
Գարնան շնչով ընձյուղեցինք 
Ու կանգնեցինք՝ նորի՛ց շիտակ, 
 
         Իսկ գարո՜ւն էր, 
         Ի՜նչ գարուն էր... 
 
Եվ դարավոր մեր արյունը 
Պատանորեն տաք պղպջաց, 
Հին ավիշը, նոր ավյունը 
Կրկին եռաց մեր բնի մեջ, 
Անցավ ջարդված ճյուղքի միջով,- 
Ու մեր ծերուկ հոգին ճչաց 
Նորածինի զնգուն ճիչով: 
 
Չլիացանք փրկված քիչով.
Թե պաղ էինք, շուտ հալվեցինք 
Ու շատացա՜նք, ծավալվեցի՜նք,
Եվ ուր կուզես՝ հայ մի անուն, 
Որ մեր պատիվն է պահպանում, 
Մեր մեծությունն է վեր հանում, 
Դռներ բանում պանծացումի, 
Հեռու տանում համբավը մեր... 
 
Երեկ դեռ որբ ու սովագար՝ 
Մենք շողացինք անբավ գանձով. 
Ծովից զրկված, մի ազգ անծով՝ 
Եվ տվեցինք մենք... ծովակալ...
 
Արդեն վաղուց, վաղո՜ւց թեպետ 
Կորցըրած զորք, սպարապետ, 
Ոտնահարված՝ բանակներից, 
Ապրած գրոհ, ջարդ ու արշավ, 
Եվ... քո ավեր տնակներից 
Ծնունդ առան բյուր զորապետ, 
Գեներալներ ու հայ... մարշա՜լ... 
 
         Դարեր ի վեր 
         Մարմինը մեր, 
Մարմինը մեր խեղճ ու տոկուն 
Հիսուսի պես չարչարեցին, 
         Բայց քիչ էր դա.
         Հասան հոգուն, 
Նաև հոգուց մեզ զրկելու 
Մի անհոգի ճար ճարեցին. 
-Ո՛չ մի երգիչ՝ մեզ երգելու, 
Մեր մահն անգամ ողբերգելու: 
         Ո՛չ մի երգիչ... 
         Եվ չարեցի՞ն: 
Այն էլ ինչպե՜ս, ի՜նչ արեցին... 
Բայց - ո՛վ հրաշք - պետք չէր մի դար, 
Ոչ էլ կես դար, որպեսզի մենք 
Ծնունդ տայինք մեր... Չարենցին, 
Որ... չծնվեց մորից արդար 
Եվ ուժ չառավ նրա կաթից, 
Այլ... դուրս թռավ մեր հեքիաթից՝ 
Իբրև եղբայր մի արժանի 
Սիամանթո-Վարուժանի, 
Կրտսեր եղբայր, կրտսեր զավակ, 
Որ պիտի գա և այն անի, 
Ինչ չարեցին միջնեկ-ավագ...
 
Մենք՝ մատնըված ջարդ ու գաղթի, 
Անբախտներից անբախտ՝ կյանքում, 
Բազմաստեղյան հոծ երկնքում 
Մենք՝ զուրկ նույնիսկ աստղից բախտի,- 
Հիմա փրկված չար ու անգութ 
Սամում-խորշակ-ուրագանից, 
Ողջ աշխարհին երեկ անհայտ 
Մեր երկնասեր Բյուրականից 
Ոչ թե անհայտ կամ դեռ հեռու 
Աստղի ծինն ենք ազդարարում, 
Այլև գտնում հազարաբյուր 
         Աստեղաբույլ - 
         Աստղասըփյուռ,- 
Եվ գիտության հոգնած դեմքով 
Անց է կենում թարմ մի զեփյուռ... 
 
Նույն երկնի տակ, նորից այնտեղ՝ 
Արագածի ձնոտ լանջին, 
Ուր չէր վառվել Լուսավորչի 
Առասպելյա ոչ մի կանթեղ, 
Վերին կամքով ոչ արարչի, 
         Այլ հայորդու 
         Մտքով արթուն 
         Փնջվում են արդ, 
         Դառնում կանթեղ 
Կոսմիկական ճառագայթներ...
 
Դու մեր անթաղ, բայց և անփուտ, 
Տրոփասիրտ մեր սուրբ մումիա, 
Թեկուզ մարած, բայց վառվելիք 
Մեր հոգու ջահ հազարմոմյա, 
Դու չիմացար և որտեղի՞ց իմանայիր, 
Թե Մասիսի սուրբ փեշերից 
Մինչև լանջը Հիմալայի, 
Անունովդ հպարտացող մի կվարտետ՝ 
Քեզ յուրովի կրկընելով, 
Քո հարկադիր կաշկանդումն է, որ կավարտեր՝ 
Սկիզբ տալով քո վերահաս արձակ կյանքին, 
Հետզհետե ահագնացող անլռելի արձագանքին՝ 
         Երկրից-երկիր, 
         Սրտերից-սիրտ, 
         Շուրթերից-շուրթ՝ 
Արևաշատ հայրենիքիդ երկնքից լուրթ 
Մինչև Կարպատ ու լանջերը Հիմալայի... 
 
Դու՝ երազկոտ, և չիմացար, 
Ա՜խ, որտեղի՞ց իմանայիր. 
Որ այն, ինչ քո ազգամեծար 
Ու մեծ հոգով դո՛ւ կամեցար՝ 
Որպես երա՜զ, մտքի շշո՜ւնջ, 
Պիտի մի օր ստանա շո՛ւնչ, 
         Ստանա ձև՛... 
 
         Դու չիմացար, 
Եվ որտեղի՞ց իմանայիր: 
 
Մինչդեռ հիմա, հիմա... Նայի՜ր...

ՂՈՂԱՆՋ ՄԱՐՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԱԶԻ

Քանի՜ աչիկներ, մանչուկնե՜ր քանի, 
Քանի՜ նորատի, պարման-պատանի 
Աչքները սևսաթ, դեմքերը սուտակ, 
Ձեռքներին սրինգ, շեփոր ու ջութակ, 
Դպրոցից գալիս - դպրոց են գնում՝ 
Պայուսակներում ու թևերի տակ 
Քո երգ ու տաղի պրակները տաք... 
 
-Դե ե՜կ, Վարդապե՛տ, եկ ու հավատա՜:
 
Որպես նորորակ հոյակապ տաճար 
Եվ մեր պատմության ու մեր քերթության 
Օջախ մի անշեջ ու սուրբ մի կաճառ, 
Մատենադարա՜նն ահա, Խազագե՛տ, 
Մի շենք փառակազմ ու հրաշակերտ, 
Ամենապարփակ մի շտեմարան, 
Որտեղ պահվում է հունձքը մեր հոգու՝ 
Մեսրոպյան տառի կնիքը վրան, 
Եվ նրա կողքին՝ մեկ այլ շինություն 
Անցուդարձողի ուշք ու միտք գերող. 
Հայոց Առաջի՜ն Կոնսերվատորիան՝ 
Քո ամենասուրբ անունը կրող... 
 
-Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու խոսքեր ճարիր...
 
Մկրտված ոգով քո սուրբ հանճարի՝ 
Քանի՜ երգչուհի, քանի՜ հայ երգիչ, 
Եվ քանի՜- քանի՜ հայ երաժիշտներ՝ 
Քոյասիրահար ու քեզապաշտներ, 
Ելած քո ազգի բեղուն ընդերքից՝ 
Բեմերի վրա համայն աշխարհի 
         Մեր տաղ ու պարի
         Թովչանքն են ցրում, 
         Բուրմունքը փռում 
         Մեր բան ու բառի: 
 
-Դե ե՜կ, Վարդապե՛տ, մի՛ ժպտա բարի...
 
Մեր երգի հունը լայնացընելով,
Համանվագի շարքեր ծնելով՝
Ճախրում են Նորքից մինչևիսկ Նյու-Յորք,
Սևանից մինչև գոռ Նիագարա
Քանի՜ երգաստեղծ ու նվագարար:
Ու նրանց ամեն նոր համերգի մեջ,
Ու նրանց իրե՛նց - և ամենքի՜ մեջ -
Դո՜ւ ես. հոր նման արյուն ես դարձել,
Փոխարկվել ջղի, նոր ձև ստացել:
Դո՜ւ ես, Նահապե՛տ, դու ես այն յան-ը,
Որ հայություն է հաղորդում նրանց
Իսկույն ճանաչվող հայ ազգանվանը.
Հայկական շունչն ու անտես այն ոգին,
Որ համակում է նրանց ամենքին,
Եվ որ աշխարհն է զգում-հասկանում,
Ինչպես Եվրոպա՛ն, այնպես էլ Ասիա՛ն.
Այն շունչն ազգային, մշտառկա ոգին,
Որ կյանքում նո՛ւյնպես ունի ազգանուն՝
Քո՜ անունը սուրբ, քո՛՝Կոմիտասյա՜ն...
 
-Դե ե՛կ, մահացա՜ծ, ու մի՛ համբառնա,
Դե արի՛, պանդո՜ւխտ, երկիր մի՛ դառնա...

ՂՈՂԱՆՋ ՎԵՐԱԴԱՐՁԻ

              Ու վերադարձա՜վ...
 
              Նրանից առաջ 
Աշխարհասփյուռ - մազապուրծ հայեր, 
Դիպվածն էր որոնց չար մահից պահել, 
Որպեսզի հետո տա լաց ու հառաչ 
Եվ - ի տրիտուր - իր հերթին տանջի՜,- 
Աշխարհասփյուռ - մազապուրծ հայեր,
Կրկին հայրենի հողն էին դառնում, 
Մարած շեների կրակը խառնում, 
              Որ ծուխը փնչի, 
              Երդիկը շնչի 
Սեգ Մասիսների աչքի հանդիման, 
Փեշերի վրա Արագածների՝ 
Ի հանգստություն բյուր ընկածների: 
 
Վերադառնում էր, գալիս էր հիմա 
Նա՝ անթաղ զոհը նույն առուփախի, 
Խելաբորբոքը նույն սառ ու պաղի, 
         Մեր պար ու խաղի, 
         Մեր երգ ու տաղի, 
Այն միակ հույսը և ապավենը, 
Մեր հինն ու նորը իրար շաղկապող 
Ծիածանակերպ այն ժապավենը, 
Որ հատվեց մի օր դանակով չարի, 
Եվ որին ահա քսա՜ն ձիգ տարի 
Նախ՝ վերափոխման ակնկալիքով 
Եվ ապա՝ տենչով հանգստանալու,
              Սպասում էինք՝ 
                  Սիրով բանալու 
Մեր վերքն՝ սպիով, ներկան՝ գալիքով. 
-Գալուստի՜դ մեռնի քո կարոտ յարը
Ախպե՛ր ջան, արի՜, դե արի երթա՛նք... 
 
                  Նա՝ 
Հեռագնաց մեր կարոտյալը, 
                  Նա՝ 
Մինուճարը, զավակը մեր թանկ, 
                  Նա՝
Հեգ պանդուխտը մեր քսանամյա, 
Վերադառնում էր, գալիս էր հիմա. 
              -...Քո գալո՛ւն մեռնեմ, 
              ...Կարո՜տըս առնեմ... 
 
Սև էր գնացել՝ բեղ մորուքը սև, 
Վարդապետական սև սքեմ հագած: 
Սև էր գնացել՝ եկավ ճերմակած... 
-Ա՜խ, շատը կուլ տամ, գոնե քի՛չն ասեմ,
Անաստվա՛ծ աստված, բա քո ինչն ասեմ...
 
              Գնացել էր նա,
              Հիմա բերեցին. 
Գնաց՝ սեփական ոտքերի վրա, 
              Իսկ հիմա նրան՝
              Մեր տաղերեցին 
Ահա բերեցին... ձեռքերի՜ վրա... 
              -Վա՜խ, մերդ մեռնի, 
              Ծաղկաթափ նռնի... 
 
                  Գնաց այն պահին, 
                  Երբ ահի՛, 
                  Մահի՛ 
Շունչն էր մոլեգնում որպես չար խորշակ, 
Երբ կուլ էր գնում ողջ ցեղը հայի, 
Ու դեռ չէր փակվել մի գազանային 
Մարդակերական անկուշտ ախորժակ,- 
Երբ հիմա հեռվից դառնում էր նա տուն, 
                  Մի տուն 
Որ փրկված ամեհի հողմից՝ 
Շինվել էր կրկին և ամեն կողմից 
Խաղողի վազով երեսն էր պատում: 
              -Գարուն է, արի՜,
              Վա՜խ, քեզ ի՜նչ արին... 
 
Ու վերադարձավ հողն իր հայրենի, 
Որին առհավետ կորցըրած կարծեց, 
Եվ հենց ա՛յդ, հենց ա՜յդ միտքը վայրենի 
Որդի պես նրա ուղեղը կրծեց... 
 
Ու վերադարձավ Արարատներին, 
Արագածներին իր քառակատար, 
Իր հող ու ջրին՝ անարատներին,
Իր տաճարներին ու պալատներին, 
Իր արտին, այգուն և արոտներին,-
              Անցյալ, 
              Ապառնի, 
         Ու հարակատար 
Բոլորանվեր ա՛յն կարոտներին, 
Որ մնում էին հավետ անվտար, 
Որ կիտվել էին քսանհի՜նգ տարի 
         Իր մթար սրտում, 
         Վթար մտքի մեջ՝ 
Ա՛յն դժբախտ օրից, երբ Մայր տաճարի 
Գավիթը թողած, ցաված ու խռով 
         Նա գնաց Պոլիս 
         Եվ ապա... Փարիզ... 
         -Ա՜խ, գալըդ լիներ, 
         Գնա՛լ չլիներ... 
 
Ու վերադարձավ մեր սուրբ հեռական... 
 
Ահավոր մտքից ինքը խելագար՝ 
Չգիտեր թեկուզ, որ քսան տարում 
Վառ ղողանջումը իր զնգուն զանգի 
Արձագանքել էր խելագար թափով՝ 
         Լացով հիացման, 
         Որոտուն ծափով 
Ելել էր, հորդել և նոր մի ափով 
Հասել, խառնըվել ուրիշ հոսանքի: 
         -Ումո՜ւդ ջան, նանին
         Քո ցավը տանի... 
 
         Ու վերադարձավ, 
         Որ էլ չգնա՜,
Որ մրսած հոգին նորից տաքանա, 
Ժողովրդական սիրո տաք օդով, 
Որ, չիմանալով, դառնա սեգ կոթող՝ 
Ողորկ գրանիտ ու բրոնզ հագած, 
Եվ այնտեղ... նրա հերքը ճերմակած 
Առաջվա նման - ընդմի՜շտ - մգանա, 
Հայացքի մուժը այնտեղ չքանա 
Աչքերը փայլեն իրենց հին ցոլքով, 
         Ու նորից ցրեն 
              Ու փռեն 
              Չորս կողմ 
Մարդեղացումը աստվածայնության, 
Եվ սուրբ բերանի մնջախաղ-երգով, 
         Շարժումով ձեռքի 
         Կրկին տա դասեր՝
         Դասեր մեներգի՛, 
         Բազմաձայնությա՜ն... 
         -Աչքերըդ՝ պայծառ, 
         Բերանըդ՝ տաճար...
 
         Նա վերադարձավ.
         Եվ ո՜ղջ մի երկիր, 
Ժողովո՜ւրդ մի ողջ սրտով վշտառու 
         Ելավ հերթ ի հերթ, 
         Եկավ շար ի շար՝ 
Իր խաղ ու պարի, իր տաղ ու երգի 
Կախարդիչ մոգին հրաժեշտ տալու... 
         -Իմ կանաչ արև, 
         Ի՜նչ մնաս բարև...

ՂՈՂԱՆՋ ՀՐԱԺԵՇՏԻ

Արագածի, Արարատի 
Հայացքի դեմ սգավոր, 
Սև տուֆակերտ մի պալատի 
Տրտմահանդես դահլիճում 
         Պառկած էր նա՝ 
Որպես անթագ, բայց հիրավի թագավոր, 
         Որ ունի գահ, 
Բայց ոչ երբեք իր սեգ գահից վարիջում: 
 
Եվ գահազուրկ մի ժողովուրդ, 
Որ, իբր արդար հատուցում, 
Հեղափոխել մի ողջ աշխարհ 
Ու ջարդել էր հին գահեր, 
Հիմա ուրիշ մի արքայի 
Ծով հարգանք է մատուցում,- 
Ու փղձուկն են հազիվ պահել 
Կին, տղամարդ, ծեր, ջահել: 
Քարացել են ակնածանքից 
Սև երիզով դրոշներ,
Հա՜յ պետական դրոշները, 
Լսո՞ւմ ես դու, Վարդապե՛տ: 
Եվ մի ամբողջ մայրաքաղա՜ք, 
Մայրաքաղա՜ք, ո՛չ գաղութ,
Իր հոգու մեջ - վերջի՜ն անգամ - 
Աշխատում է դրոշմել
Կերպարանքը քո սիրելի, 
Քո դեմքը թանկ, որ թեպետ 
Երգերիդ պես չի շողշողում, 
Որ ցոլուն չէ ու ջղուտ, 
Բայց գունատ է ո՛չ որբի պես, 
Այլ մի արդար սրբի՜ պես... 
 
Ու կանգնում են պատվո պահակ 
         Մասիս, 
         Սիփան, 
         Արագած՝ 
Ճերմակահեր գլուխն իրենց աճյունիդ դեմ վար հակած... 
 
         Ու կանգնում են պատվո պահակ 
         Հայոց պետեր, 
                  Վարպետներ, 
         Հայ աշխարհի մեծերն ամեն, 
         Ամեն երեց ու ավագ... 
 
         Եվ քեզ ծնած մի ժողովուրդ՝
         Հիմա դարձած քեզ զավակ, 
Հրաժեշտի խոր տրտմությամբ միաժողով ու հավաք,
         Կքված ցավից հայրակորույս, 
         Կիզված վշտի խոր տապից՝ 
         Գալիս է լուռ, գալիս հերթով, 
         Որ հոգու մեջ խոր տպի 
Մասունքներիդ սրբազան տեսքն ու դեմքը քո, 
         Դեմքը սուրբ..

ՂՈՂԱՆՋ ԹԱՂՄԱՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ

Թաղման թափորն անվերջ ձգվեց
Աբովյանից մինչև Պանթեոն,
Որտեղ արդեն, ամենից վաղ,
Հրազդանն էր նրան կոծում՝
Եղերամոր եղանակով:
Եվ մարդկային ծովի վրա հանդարտ ճոճվեց
Պսակներով առագաստված մի սուրբ նավակ...
 
Դարձել էին հուղարկավոր
Բազմահազար երևանցիք,
Եվ... ոչ միայն վերջին ու նոր մեր ոստանի
Բնակիչներն արտասվաթոր,
Եվ ո՛չ միայն մի ժողովուրդ,
Որ ապրում էր իր պետության սահմաններում,
Եվ ո՛չ միայն մի ժողովուրդ,
Որ փռված էր ողջ աշխարհի լայնքի վրա,
Այլև... բոլոր մեր զոհե՜րը միլիոնավոր,
Մեր բյուրավոր մեռելնե՜րը,
Որ մինչևիսկ չարժանացան... թաղման ծեսի,-
Բոլո՛ր նրանք, որոնց բախտից ահազարհուր
             Կորավ և սա՜,
Սա՝ զոհը մեր ամենամե՛ծ...
 
Հայաստանյան լեռներն էին հուղարկավոր
Եվ գերեվար լեռները մեր՝ Կարսից-Զեյթուն...
 
Բուրվառում էր հայրենաշունչ բուրիչ քամին...
Զանգակաձայն իր դուստրերից
Նա՛, որ ուներ Հայկից առած անուշ անուն,
Շիրիմ կոչված այն փոսի մոտ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Անմարդկային լռության մեջ սկիզբ տվեց
Պահիպատշաճ Չինար ես-ին.
             -Կեռանա՜լ մի...
Ու կեռացան-խոնարհվեցին բյուր գլուխներ...
Արցունք կաթեց պսակներին,
Լսվեց փղձուկ համատարած՝
Իբրև երգի մի յուրատիպ նվագակցում...
Եվ չէր ճարվի բոլորի մեջ մի անձ գոնե,
Որ ակամա և մեկուսի չմտածեր.
             -«Չի՛ կեռանա».
Վկան, նաև առհավատչյան՝
Արարատն էր՝ երկնաձիգը,
             Արագածն էր՝
Իր չորս անկոր կատարներով,
Ինչպես նաև այս երգը նույն,
             Որ հայցում էր
             -Հեռանա՜լ մի:
 
             Հեռանում էր:
             Բայց հեռանում
Ահավասիկ այս իրիկվա արևի պես,
Որ բնավ էլ մայր չի մտնում,
Այլ իր լույսով ողողելու
Ուրիշ ու նոր կողմեր գտնում:
 
             Հեռանում էր:
Բայց հեռանում, որ մոտիկից հեռանալով՝
Հեռուներում լայն ծավալվի ու տարածվի,
Որ կիսատը նոր լրացվի
Եվ տարածված ու լրացված՝
Երբևիցե չմոռացվի:
Եվ իզո՜ւր էր երգը խընդրում.
             -Մոռանա՛լ մի...
 
...Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Նույն այդ պահին հայ երկնքից
Հանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգադիպո՞ւմ.
Թե՞ իսկապես երկինքն անգամ
             Ողբում էր քեզ՝
Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգըստարա՜ր իր անձրևով...
 
...Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Այդ վայրկյանին ո՞վ չլսեց,
Որ բովանդակ աշխարհով մեկ
Փռված բոլոր եկեղեցիք հայահավատ
Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով
Դեպի երկինք ղողանջեցին.
             -Դռներըդ բա՜ց...
Եվ հայկական տաճարների բյուր բեմերից
Կոմիտասյան Պատարագ-ով
Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս:
-Երբեմն էի լոյս, և այժըմ
Խավար եմ և ստվեր մահու...
 
Ո՛չ, այս անգամ սխալվեցի՜ր, պատարագի՛չ,
Նա լույս էր վառ ու լույս է արդ,
Ու կմնա միշտ լույս զվարթ,
Լույս՝ աչքերում հայ մանուկի,
Լույս՝ մտքի մեջ հայ պարմանու,
Հայ հարսների պտղած ծոցում,
Հայ թոռնօրոր նանիների
Ինքնամոռաց ժպիտի մեջ,-
Հայ այրերի ու հայ կանանց
Ջերմ սրտերում սիրատըրոփ:
 
             Քեզ, Վարդապե՛տ,
Անփուտ հողին ի պահ տալիս
Իզո՜ւր էին պատարագում թաղման երգով.
-Ի վերինըն Երուսաղեմ...
 
Ո՛չ թե թաղման երգն էր պատշաճ,
Այլ հարության վառ մեղեդի՜ն.
             -Փառք ի բարձո՜ւնս...
             Օրհնեա՛լ ես դու...
 
             Օրհնյա՜լ ես դու,
Եվ չես թաղվում ու հող դառնում,
Այլ թաղվելիս հարությո՜ւն ես կրկին առնում...
 
             -Օրհնեա՛լ ես դու.
             Գա՜ռն աստուծոյ...
 
Ա՜խ, գա՛ռն արդար, որ զոհ գնաց
Եվ անդանա՜կ զոհվեց չարին՝
Արհավիրքի այն սև տարին,
Երբ հայ երկրում հայ չմնաց...
 
-Ելն ի բարձունս... էառ աւար,
Բաշխեալ պարգևս... որդւոց մարդկան...
 
             Պարգև բաշխեց
Որդիներին իր տարաբախտ ժողովրդի
             Եվ... մարդկությա՜ն:
 
             Պարգև բաշխեց
Աստծո՛ նման՝ շռայլորե՜ն,
Եվ բաշխելով՝ հարստացա՛վ...
             -Գովե՛մք զքեզ,
             Բարեբանե՜մք...
Բայց դրվատման ի՞նչ խոսքերով
Բարեբանենք և քեզ գովենք,
Թե աղքատ է հանկարծ թվում
Բառարանը մեր հայկազյան:
Ի՞նչ խոսքերով բարեբանենք
             Քե՜զ, Վարդապե՛տ...
........................
 
             Դո՜ւ - Վարդապե՞տ:
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
             Հայոց երգի
             Անծիր հերկի
Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե՛վ մատնընտիր սերմը նրա,
Ե՛վ խոստումը գալիք բերքի...
 
Եվ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է ու բար տվել,
Ու... մեր դարդը իրար տվել...
 
Եվ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
             Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
Ու մեր երկնի գմբեթի տակ...
 
             Դու՝ մեր տավիղ,
             Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
 
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում...
 
             Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը.
             Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը.
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը.
             Եվ մեր ճարը՝
Օտարամուտ ախտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ աղտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց...
 
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛զը-նոտա՛ն-ձայնատա՛ռը,
Ձայնասըփյո՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը,-
Մեր հայկական երգարա՜նը...
Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,
Հարդը մեզնից՝ ցորենը դու,
Հարթը մեզնից՝ կատար դու սեգ.
Լուրթը մեզնից՝ երկինքը դու,
Շուրթը մեզնից՝ դու համբույրը,
Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,
             Իսկ դու՝ օջախ,
             Իսկ դու՝ թոնիր...
 
Եվ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի:
 
Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգևոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
             Մեր տաղի քուրմ,
             Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն...
 
 
11.IX.1957թ.-28.XI.1958թ.
Մոսկվա

 

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ, anlreli zangakatun zzz