ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

ՕԴԱՀԱՆ ԶԱՆԳԻ ՏԱԿ

Ձմեռային ինչ-որ թռչուն
Երեկոյի մոտալուտն է օրհնաբանում հիմարաբար՝
Չիմանալով,
Որ վերահաս երեկոյից
Ամե՛ն անգամ քո զգլխիչ հոտն եմ առնում
Եվ որ բոլոր թռչունների կանչերի մեջ
Ես ջանում եմ միայն որսալ քո անունի վանկարկումը...
 
Ձյուն էր տեղում ամբողջ օրը,
Գուցե մի ձյուն համատարած-համազգային`
Հեռվից հեռու
Մեզ իրար հետ մի ցանցի մեջ միացնելով։
Եվ լռությունն արդեն թրջված-ծանրացած է հիմա այնպես,
Ինչպես որ իմ կոշիկները
Կամ թերևըս քո վերարկուն։
 
Ա՜խ, այս ծանր լռությունը։
Ասես մեկի հետաքրքիր ձեռքը հիմա
Այս վիթխարի լռությունն է թաքուն կործել
Կյանքի վրա և աշխարհի՝
Մեծ օդահան զանգի՛ նման.
Կամենում է կարծես փորձել,
Թե վիթխարի այս օդահան զանգի ներքո
Մեր սիրտն ինչքա՞ն կդիմանա,
Ե՞րբ կճայթի...
 
Մութը, իբրև լակմուսյան թուղթ, լույսն է ծծում:
Ձմեռային անտառն ասես պրկախտով է հիվանդացել։
Ինձանից դուրս
Ես փնտրում եմ ինչ-որ մի բան վստահելի,
Որից կառչել կարողանամ:
Ու չեմ գտնում ոչի՛նչ.
Չկա՜ս...
Եվ... փնչում եմ ակամայից,
Խուլ փնչում եմ ու հասկանում,
Թե ինչո՞ւ են թռչունները ճտտում այդպես։
Նրանք ճայթում կամ պայթում են
Այս օդահան զանգի ներքո։
Իմ փնչոցը
Այդ միևնույն ճայթումն է հենց՝
Նո՛ւյն օդահան զանգի ներքո...
 
Փորձը կարծես ավարտվում է։
Եվ ազդարար քամին հիմա կսկսի տալ
Այդ ավարտի ազդանշանն ամենազդու՝
Պրկախտավոր այս անտառը վերածելով ընկնավորի,
Թպրտալով լուսամուտի ու դռան տակ,
Թպրտալով ձների մեջ՝
Ինքը` նո՛ւյնպես մի ընկնավոր...
 
Խավարն արդեն խորանարդում է ինքն իրեն
Եվ իր սևը խառնակելով ձյան ճերմակին՝
Ստանում է մի գորշություն
Ու տարածում կյանքի՛, մարդկա՛նց,
Նույնիսկ մարդու շնչի՜ վրա։
Իսկ երբ նաև գորշանում է շունչը նույնիսկ՝
Սկսում են մարդիկ քնել,
Որ... գույնզգույն երազներով
Ներկեն կյանքի գորշությունը։
 
Իսկ ես քնել չեմ կարենում։
Եվ պտտվող Երկրի վրա,
Ինչպես հսկա խարտաքարի,
Հեսանվում է իմ գիշերը,
Որպեսզի միշտ սրված մնա զգացումը՝
Կտրատելով ա՛յն թաղանթը,
Որով սերը
Վերածվում է շրջանառու սովորության...

15.III.1964թ.
Դիլիջան


ՕՏԱՐ ՍԻՐՈ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Ձմեռային նվազ արեգակը կրկին
Շողն իր դարձըրել է ճոպանուղի մի շեղ,
Որով ճամփորդում է անվախ փոշին միայն
Վաղո՜ւց չմաքրված իմ սենյակում:
 
Ցավի պտտահողմից կյանքիս ամբողջ փոշին
Բարձրացել է տեղից ու աչքերըս խցել,
Եվ իմ արցունքները դրանից են գուցե...
 
Ու վերստին ես ինձ դուրս եմ գցում փողոց:
 
Քաղաքային նեղլիկ ամեն պատշգամբում,
Ինչպես նորատեսակ տապկոցի մեջ,
Ձյունն է հիմա եռում մարմա՜նդ-մարմա՜նդ՝
Արձակելով բարակ գոլ գոլորշի:
Իսկ շեղ կտուրներից ու քիվերից, հանկարծ,
Ձյան կույտեր են երբեմն այնպե՛ս փռվում գետնին,
Ասես հարբա՜ծ լինեն՝
Արեգակի՛ց հարբած...
 
Ես աչքերիս խորքում կասկածներս եմ ճմռում
Իմ բարեկամ ձեռքի պարզ օգնությամբ,
Ու բութ կոշկաքթով կտրատում եմ կրկին
Խուճուճ հանգույցները փողոցների:
 
Հավատ չընծայելով իր իսկ խոսքին ճոռոմ՝
Կեղծ-դասական մի հողմ հավատի՜ց է ճառում,
Խոսում սրբությունի՜ց,
Հավերժական սիրո՜ւց:
Իսկ ես... իսկ ես, կարծես երազի մեջ,
Ինձ զգում եմ ինչ-որ վանքի գավթում՝
Լեցուն խեղվածներով ու մուրացողներով,
Եվ չմեկնած ձեռքիս ափում դատարկ
Եթե մինչև անգամ տասնոց դնեն,
Ես - փորձե՜լ եմ արդեն - չե՛մ գոհանա.
-Ես քո կոպեկների՜ կարիքն ունեմ:
 
Բայց ես աշխարհ չեկա, որ «գթացե՜ք» նվամ,
Ես ծնվել եմ, որ գութ ու բարություն ցրեմ...
 
Եվ ինքնասեր-հպարտ ջղե՞րս են ինձ ցնցում,
Թե՞ քամին է սարսում ամեն վայրկյան՝
Էլեկտրական ուրույն հոսանքի պես:
 
Մութը սոսնձվում է հոգուս և աչքերիս:
 
Լարի վրա թառած ագռավը սև
Հանկարծ - ինձ տեսնելո՞ւց - ճչում է խռպաձայն.
-Դեմքըս, հավանաբար, ահավոր է սաստիկ:
Ու խեթ նայելով ինձ՝
Շունն էլ է գռմռում,
Քաղաքայի՜ն շունը, որ չի հիշում նույնիսկ,
Թե մինչև դա մեկ էլ ե՞րբ է հաչել:
 
Ու երբ տուն եմ մտնում ու հայելուն նայում,
Հասկանում եմ շա՛նն էլ, ագռավի՛ն էլ.
-Քո երեկվա սերն է լուսավորում դեռ ինձ,
Բայց և մեր բաժանման շուքն է ընկել վրաս,
Եվ զգում եմ ես ինձ ա՛յն վիճակում ծանըր,
Որ և պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում:
Եթե խավարում է՝ թող որ լրի՜վ լինի
Եվ ո՛չ թե մասնակի:
Թող մթընդի այնպե՜ս,
Որ երևան երկնի բոլո՛ր աստղերն անգամ.
Ամեն մեկը՝ մի կին,
Ամեն մեկը՝ աղջիկ,
Որոնց ես շա՜տ վաղուց չեմ նկատում՝
Քո խաբուսիկ սիրո ցոլանքի մեջ:
 
Թող խավարում լինի լրի՛վ-լրի՛վ-լրի՜վ...
Ու ես լույսն եմ վառում իմ սենյակի,
Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
Որ…տառերը սերտեմ նո՛ր մի սիրո,
Օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր-օտա՜ր սիրո..

20.III.1961թ.
Մոսկվա


ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ

Շրթունքներըս անգիր գիտեն 
Վայելքների օրենքները,
Բայց ես հիմա
Շա՜տ եմ նման այն խեղճ մարդուն,
Որ ծանրորեն հիվանդանում օրվա մի օր
Եվ իմացած երկրորդ լեզուն մոռանում է բոլորովի՜ն...
 
Ու մտքերըս հարթ են հիմա, բայց սրանկյուն՝
Ինչպես էժան հուշարձանի քառակուսի պատվանդանը.
Իմաստներն են անհետացել
Ու մնում են լոկ բառերը՝
Դատարկ ու փուչ պարկերի պես
(Թե դեն նետես՝ քիչ ափսոս է,
Թե դեռ պահես՝ խանգարում են):
 
Եվ աննամակ ծրարի պես 
Սոսնձում եմ շրթունքներըս...
 
Իսկ եթե ես հանկարծ վերցնեմ
Մի աննամակ ծրար ճամփեմ քո հասցեով,
Երբ դու բանաս՝
Կզարմանա՞ս:
 
Չե՜ս զարմանա։
Կհասկանա՛ս,
Որ այս տտիպ սպասումն է թթվում արդեն,
Մի թթվություն,
Որ դառնում է վտանգավոր...
Վտանգում ես, եթե ունես,- այսպես է միշտ։
Ու երկյուղն է մեջս խոսում
Շղթայական ա՛յն ցնցումով,
Որ ծխախոտն է ընծայում մեր թոքերին։
Ա՛յն, ինչ միտք էր
Կամ կարող է միտք հորջորջվել,
Հիմա իմ մեջ
Գլխիվայր է քայլում անվերջ, ինչպես ջուրը,
Եվ, ջրի պես, չի հանգուցվում.
Իմաստներն են անհետացել,
Ու մնում են լոկ բառերը՝
Դատարկ ու փուչ պարկերի պես
(Թե դեն նետես՝ մեղք է մի քիչ,
Թե դեռ պահես՝ խանգարում են)...
 
Եվ այնպես եմ ինձ անհարմար ու վատ զգում,
Կարծես կնոջ բարձրակրունկ կոշիկ հագել
Ու վազում եմ վերևից ցած,
Վերևից ցած,
Ե՞րբ պիտի ես բերանքսիվայր գետնին փռվեմ։
Բերանքսիվա՛յր։
Փռվեմ մնա՜մ։
Հանգստանամ այս գլխիվայր թավալումից
Եվ ակամա, մինչև անգամ չուզենալով,
Լսեմ հողի մեծ թոքերի տուրևառը,
Եվ ակամա համեմատեմ
Շղթայական ա՛յն ցնցումին,
Որ երկյուղն է ինձ ընծայում,
Երիտասա՛րդ այն երկյուղը,
Թե քե՛զ կյանքում ունենալով՝
Վտանգում եմ ես իմ կյա՜նքը,
Որ կախված է հանգստության հենց ա՛յն մազից,
Ինչով, կարծեմ, մի ժամանակ
Շինում էին նաև կամուրջ՝
«Դժոխք-Դրախտ» ուղեցույցի սահմանի մոտ,
Մի ահավոր գետի վրա,
Որի անունն, աստվա՜ծ վկա, մոռացել եմ,
Ինչպես որ իմ շրթունքները, կամա՜ց-կամա՜ց,
Մոռանում են մի ժամանակ անգիր արած օրենքները
Վայելքների...

14.III.1964թ.
Դիլիջան


ԴՈՒ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ

Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»: 
 
Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, 
Դու էլ հիշի՛ր, 
Որ երբ իզուր հարց չեն տալիս` 
Սուտ պատասխան չե՜ն ստանում: 
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա, 
Այլ մտածիր, 
Թե ջրհորի մութ խորության չափման համար 
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: 
 
Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ 
Քո ուզածից շա՜տ ավելին: 
 
Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ, 
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի: 
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր, 
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք: 
 
Դու` անծանոթ մի նոր աշխարհ, 
Ես` մի հմուտ աշխարհագետ, 
Որ վա՛տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ 
Բազմախոստում տեղանքը քո: 
Ու խոսում է մեջս կրկին 
Մոլի ոգին հետազոտման. 
Ուզում եմ քեզ անգիր անել, 
Մտքով գծել քարտեզը քո,-
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք: 
Եվ առավել լավ չէ՞ արդյոք, 
Որ մարդու ո՜տքը սայթաքի, 
Քան թե լեզո՛ւն: 
Ուրեմն արի ոչ թե խոսենք, 
Այլ մտովին քայլենք առաջ 
Այս անծանոթ ճանապարհով, 
Մինչև հասնենք հանգրվանի` 
Հեքիաթական ինչ-որ մի տեղ, 
Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի, 
Ուր մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման, 
Եվ լինենք կույր` կրակի՛ պես, 
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի` 
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում, 
Այլ կծկըվո՜ւմ, 
Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման, 
Դառնալով համ մեր բերանում, 
Մեր լարաթափ ջղերի մեջ, 
Շփոթահար մեր դեմքերին... 
 
Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ. 
«Սիրո՞ւմ ես ինձ»:
Ե՛ս քեզ հարցնեմ` 
Պատասխանիդ չսպասելով, 
Այլ օգնելով, որ ստանաս 
Նախկին տեսքըդ աստվածուհու, 
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի, 
Որ դեռ չուներ գծված քարտեզ: 
Եվ իմ հարցին ի պատասխան 
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես. 
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս: 
Իսկ դու օգնում ես հագնըվել: 
Դու ուրի՛շ ես: 
Սիրո՜ւմ եմ քեզ»... 

11.XII.1963թ.
Երևան


ՍԻՐՈ ՓՈԽԱՐԵՆ

Դու մի՛ լինիր այսքան բարի: 
Բարությանըդ 
Ես կարող եմ լոկ մե՛կ բանով փոխհատուցել՝ 
Իմ անարժե՜ք շփոթությամբ 
Եվ թերևըս ա՛յն թախիծով, 
Որ տարորեն շատ է նման 
Անվերջ մեռնող ու հարություն անվերջ առնող 
Հին դիցերին...
 
Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի
Առաջվա պես հրճվել գեղջուկ այս կանաչով,
Որ հիմա քո
Զսպանակվող կողի տակ է զսպանակվում,
Եվ բարբարոս երգը լսել այն առվակի,
Որ հիմա քո
Մերկ ոտների կաղապարն է ուզում հանել:
 
Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի
Մե՛կ անգամ էլ
Չճանաչել ո՜չ մի արգելք ու խոչընդոտ,
Դանդա՜ղ գնալ - շտա՛պ հասնել
Մեր մարդկային հայրենիքը սկզբնական,
Այսինքն ՝ իմ ափով ապրել քո ափի մեջ,
Ինձ կապել ու շաղկապել քեզ
Այնպե՛ս,
Որ մենք երկուսովըս մեկտեղ դառնանք
Անքակտելի ՝ խաչբառի՜ պես:
Չէի՞ ուզի: 
Շա՜տ կուզեի: 
 
Բայց, սիրելի՜ս, չի հոգնում նա՛, 
Ով գնում է շատ հեռավո՜ր հանդիպումի: 
Իսկ ես հիմա 
Զբոսնում եմ միայն ի՛մ իսկ արվարձանում
Եվ զբոսնում`
Ձեռքերովըս փորագըրած մակնիշները ընթերցելով,
Ու քերծելով շատ ավելորդ գրություններ, 
Ու քերծելով առանց մուրճի և տաշիչի ՝ 
Եղունգներո՛վ իմ սեփական...
Եվ իզո՜ւր ես քո բարությամբ, 
Քո այս ծածուկ - հայտնի սիրով 
Ջանում ապրել իմ կալվածքի մի անկյունում: 
Ու ես հիմա 
Այս ասում եմ ո՛չ լսելուդ համար արդեն, 
Ո՛չ էլ իմ իսկ արդարացման, 
Ո՛չ էլ իմ իսկ արդարացման: 
Եթե կուզես ճիշտն իմանալ ՝ 
Ասելիս էլ բա՜ն չեմ ասում, ամենևի՛ն, 
Այլ պարզապես զբաղմունքս եմ շարունակում ՝ 
Իմ սեփական կալվածքի մեջ 
Հոգնածորեն զբոսնելով, 
Եվը՛ս մի նոր 
Գրություն եմ ավելացնում ջնջածիս տեղ. 
«Չի հոգնում նա՛, 
Ով գնում է շատ հեռավո՜ր հանդիպումի»: 
 
Իսկ դու... իսկ դու շա՜տ ես մոտիկ: 
Ու ես... ու ես շա՜տ եմ հոգնած... 

25.X.1965թ.
Չանախչի


Սկիզբ  < 2 3 4 5 6 7 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз