ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ

Հորիզոնական-միջօրեական սեղմ օղակներում
(Նայեցե՛ք մի պահ այս գըլոբուսին)
Խեղճ Երկրագունդն է կապվել-կապանքվել:
Եվ չկա ո՛չ մի պետքական կացին, ուրագ կամ սղոց:
 
Ու երբ պարապ եմ
(Այսինքըն` երբ ինքըս ինձ հետ եմ,
Այսինքըն` երբ ես եմ իսկական),
Ատամներով եմ շարունակ կրծում
Ցմահ բանտարկված այս երկրագնդի
Ցանցը երկաթե`
Ապավինելով ծով բարությանն իմ`
Եվ բարությունից շատ ավելի մեծ համբերությանը:
 
Բայց ես ո՛չ մի կերպ,
Ո՛չ մի հրաշքով
Չե՜մ կարող ապրել Աստվածաշնչի հերոսների չափ,
Ո՛չ 300, ո՛չ 100 տարի:
Ուրեմըն դուք էլ, որ մարդ եք կոչվում,
Դո՜ւք էլ օգնեցեք ձե՛ր ատամներով,
Թերևս ազատենք
Ցմահ  վանդակված այս խեղճ-անճարին...

10. XI. 65
Չանախչի


Lilas
⇑ Наверх
⇓ Вниз