Երեկ տխուր, այսօր ուրախ
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:
Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ո՞ւր են տանում,-
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:
Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից: