Օ՜, ՍԱ ԻՄ ՀԻՆ ՓՈՂՈՑՆ Է

1982թ.

Օ՜, սա իմ հին փողոցն է, 
Ուր ունեի ես ընկերներ,
Այստեղ կապույտ իմ մանկությունն է,
Բաց երկնքում՝ աղավնիներ:
 
Ա՛յ, հե՛նց էստեղ մեր բակն էր, 
Ուր նոր շենքեր են բարձրացել,
Իմ ընկերներն արդեն փոխվել են,
Նրանց դժվար է ճանաչել:
 
Փոշոտ ու մութ ձեղնահարկից
Մենք մեր զենքերն էինք հանում,
Երբ հարևան թաղերի հետ
Մենք կռիվներ էինք անում:
 
Փոշոտ ու մութ ձեղնահարկից
Մի օր տղերքը ցրվեցին,
Բոլորովին ուրիշ կռվի...
Նրանք հանկարծ պատրաստվեցին:
 
Ոմանք, իհարկե, փոխվեցին,
Ոմանք, իհարկե, դիմացան,
Ոմանք, իհարկե, սողացին,
Լավագույններն անհետ կորան:
 
Հիմա նրանք արդեն չկան՝
Իմ ընկերները իսկական,
Գուցե նրանք ինձ մոռացան,
Ինձ մոռացան ու հեռացան:
 
Օ՜, սա իմ հին փողոցն է, 
Ուր ունեի մի քնքուշ սեր,
Բայց նա վաղուց ամուսնացել է
Եվ ունի շատ երեխաներ:
 
Երեկոյան մթության մեջ
Մեր փողոցի փոքրիկ այգում
Ես խոստումներ էի տալիս
Ու համբույրներ էի պոկում:
 
Գաղտնիքը այդ բակը գիտեր,
Գաղտնիքը այդ պիտի բացվեր,
Քո մայրը, վաղ, թե ուշ, մի օր
Մեր տանը պիտի հայտնվեր:
 
Այն ժամանակ քեզ, սիրելի՜ս, 
Շատերն էին սիրահարվում,
Քո պատճառով, ի՛մ սիրելի,
Կռիվներ շատ էին լինում:
 
Դրանց մասին, քնքո՜ւշ իմ սեր,
Դու նույնիսկ չես էլ իմացել,
Քո պատճառով սարքած կռվում
Ես մի ատամ եմ կորցրել:
 
Ա՛յ, հենց էստեղ մեր բակն էր, 
Բակը ուներ իր գաղտնիքներն,
Այստեղ էր միշտ մեր թաղայինը,
Ղուշբաս Անդոն և ուրիշներ:
 
Թե լույսի մարդը հայտնվեր,
Այդ լուրն իսկույն կտարածվեր,
Եվ ով որ լույս էր գողանում,
Իր դուռը պետք է պինդ փակեր:
 
Բակում կային անվերջ վեճեր,
Բակում կային հաշտություններ,
Բակում կային կասկածելի,
Դեռ չստուգված բամբասանքներ:
 
Բակը ուներ ծիծաղելի
Ու տարօրինակ պատմություններ,
Եթե դրանք ես թվարկեմ,
Կարող է երգը երկարել:
 
Թե այս երգից դուք ձանձրանաք,
Ես նոր երգեր կհորինեմ,
Եվ իմ կողքին առաջվա պես
Իմ ընկերները կլինեն:
 
Իմ ընկերները մանկության,
Իմ ընկերները իսկական
Առաջվա պես ինձ մոտ կգան,
Առաջվա պես ինձ մոտ կգան: