Sevak

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

ՆՈՐՕՐՅԱ ԱՂՈԹՔ

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի 
Ես վախենում եմ, 
Շա՜տ եմ վախենում, 
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից, 
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից: 
Եթե աստված եք՝ 
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը, 
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան, 
Որ… եղիցի լո՜ւյս: 
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք 
Նրանց մատաղը, 
Որ իրենցը չէ, այլ գողացված է: 
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ, 
Որ... զոհ չգնա ինքը հավատը՝ 
Մաքո՜ւր-վսե՜մը, 
Անկեղ՜ծ-անսո՜ւտը: 
Ու թե աստված եք՝ 
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ 
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝ 
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների, 
Որով խաբում են ո՛չ իրենց, 
Այլ ձե՛զ: 
Եվ - բավակա՜ն է - հասկացե՛ք ընդմիշտ, 
Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները 
Շա՜տ ավելի են գերադասելի, 
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝ 
Խոցվա՜ծ-արյունո՛տ, 
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ, 
Ցավա՜ծ-ճչացո՛ղ, 
Մանո՛ւկ հավատը, 
Որ հայր դառնալու համար է ծնվել: 
Ու եթե հայր եք՝ 
Մի՛ թողեք, 
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան: 
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը, 
Մանուկ պահելը ծանր է ավելի...
Չանախչի
09.XI.1965թ.

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես... ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:
 
Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին՝
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:
 
Ես՝ պատրանազերծ,
Բայց և հուսազեն,
Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում
Էլ չե՜մ զբաղվում ու չե՛մ զբաղվի
Չեղածի վրա եղածի թերին իզո՜ւր քննելով,
Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,
Կեղծված դրամով կեղծ բան գնելով,
Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն
Մահանալու պես անվերջ քնելով:
 
Ես՝ զարթնած արդեն,
Բայց դեռ անլվա,
Հեղուկով մի կուց,
Որ պարգևում է ձնհալն անխուսափ,
Նախ զովացնում եմ դեմքն իմ՝ հիվանդի՛,
Իսկ հետո՝ ամե՜ն տեսակ հիվանդի`
Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,- մե՜կ է:
Զովացնում նրանց ամենքի դեմքը՝
Իմ ամենաբուժ մատների հետքը
Անջինջ թողնելով սրա ու նրա
Դեռ գոց կոպերի,
Դեռ փակ շուրթերի,
Տակավին քնկոտ երեսի վրա:
 
Ու բոլորի՛դ մեջ,
Անխտիր բոլո՜ր-բոլո՜ր-բոլորի՜դ,
Ինչ-որ սիրելի մի բան եմ գտնում,
Սիրելու ինչ-որ արժանի մի բան,
Որ հավանաբար
Ա՛յն ժամանակ է ստեղծվել արդեն,
Երբ հին չորս ոտքից երկուսը
Անդարձ
Մենք կորցըրեցինք...
 
Եվ վեհ բարձունքից աններողության
Ես, քարի նման, վար եմ թավալվում՝
Հասնելով փափուկ ա՛յն ստորոտին,
Որից քիչ անդին
Ճահիճն է ապրում
Իր հավերժական ինքնածին կյանքով,
Եվ, քարի լեզվով, ասում եմ. «Այբ, Բեն»,
Այսինքն՝ «Արեգակ»,
Կամ՝ «Եղիցի լույս»...
Արզնի
16.III.1967թ.

ԼՈՒՅՍ ԶՎԱՐԹ

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի...
 
...Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:
Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել`
Մսաթափվում-նիհարում են,
Հետզհետե դառնալով ձիգ
Ու սլացիկ`
Պարուհու պես մի թխամորթ:
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»...
 
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
Որ բերում է միայն հավատ,
Բայց ի դերև հանում-վանում
Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:
Դու` սուրհանդակ, բայց և կավատ,
Դու` հետախույզ, բայց և մատնիչ,
Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր
Եվ ամենից հետո` միշտ սե՜ր...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Անձրևի պես
Տեղա այնպե՛ս,
Որ աշխարհում
Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,
Այն էլ միայն երկնի՛ վրա`
Լոկ անձրևի՛ ստվերը կոր`
Ծիածա՜նը...
 
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով`
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»...
 
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»...
Արզնի
19.III.1967թ.

ՁԱՅՆԻՎ ԵՐԿՐՈՐԴ ԱՌ ՏԵՐ ԿԱՐԴԱՄ

Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու)
Հարգանքով Նրա առջև կեռանան,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք պահանջ չունենք,
Մենք գոհ ենք նույնիսկ,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք խոստանում ենք,
Եվ մենք իսկապե՛ս
Նրան չե՜նք կարող ու չե՛նք մոռանա,
Միայն թե թող Նա թողնի հեռանա…
 
Իսկ թե հա՛րկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս`
Դառնալով Նրա թագավորության
Հին Հպատակն ու նոր Քաղաքացին`
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը Արշալո՜ւյսը,
Գա՛,
Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
Բայց մի քիչ հետո
Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
Կորել է նաև ինքը Խավարը…
 
Արշալո՞ւյսը գա,
Եվ իր կտրված պորտից պոկվելով`
Նորածին օրը ալ-կարմիր շնչի
Եվ ինքն էլ զգա,
Որ իր այդ շնչով խոնավ ու տաքուկ
Այնպե՜ս է լցվում աշխարհը կրկին,
Ինչպես տկճորը արնագույն գինով,
Եվ այդ լցումի թրթիռը հսկա
Մանրիկ անցնում է մեր իսկ ներքինով`
Իբրև մի սարսուռ,
Որ մեզ կապում է անտես կապերով
Աստվածների հետ,
Դարձնում նրանց հետ մեզ հարաբերող,
Բայց և առնչում մեզ օվկիաններին,
Որոնց անվախճան ու տարուբերող
Մակընթացություն-տեղատըվությունն
Այլ բան չէ արդեն,
Քան թե աննշան մեր զարկերակի
Նշանակալից արձագանքը մեծ
Մեզնից սկսվող տարածության մեջ…
Արզնի
17.III.1967թ.

ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Եթե մթության խտացումից է միշտ լույսը ծնվում,
Մի՞թե մենք կյանքում քիչ մութ ենք ծամել` հացի փոխարեն,
Եվ մի՞թե քիչ ենք քնել մեր քունը մղձավանջային`
Մեզ, վերմակի տեղ, ծածկելով մթան մազեղեն քուրձով...
 
Մութը` անասեղ` կարկատանել է մեր աչքե՜րն անգամ,
Իր գույնն է խառնել և մեր արյա՛նը,
Կարմի՜ր արյանը,
Որ չորանալիս սևանում է միշտ,
Եվ չոր արյամբ էլ սևն է շատանում,
Այսինքն` մութը...
 
Անգամ ամեն ծառ,
Ամեն թուփ ու խոտ
Կարծես ճոճվում է, որ ավլի մութը:
Բայց ճոճմամբ իրենց ո՛չ թե ավելում,
Այլ հավելում են նրանք նույն մութը`
Իրենց ստվերո՜վ...
 
Կույր ծնվածները բարի են անչափ:
Կարող է կարծել միայն մարդը չար,
Թե կույրերն անվերջ աղոթք են անում,
Որ ընդարձակվի կայսրությունն իրենց,
Ու թագադըրվի մո՜ւթը,
Այդ մո՛ւթը`
Իրականների մեջ իրականը,
Տիրակալների մեծ տիրակալը...
 
Եվ իսկապես էլ` մեր թիկունքն է մութ.
Անցյալը գիտենք գրքերով միայն:
Գուցե առավել մեր ճակատն է մութ.
Գրքերն են ճառում գալիքի՛ց նաև:
 
Մո՜ւթը առջևից - մո՜ւթը ետևից,
Մենք` երկու մթան նեղլիկ արանքում,-
Էլ ի՜նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք:
Պիտի սեղմըվենք աջ ու ձախ թևից,
Սեղմըվե՛նք անվերջ-անվերջ խտանա՛նք,
Բայց... չբթանանք այնքան, որ կարծենք,
Որ եթե մթան խտացումից է միշտ լույսը ծնվում,
Ապա կծնվի ինքնաբերաբար`
Ինչպես Հիսուսը Միածին Կույսից,
Մինչև իսկ առանց... «Եղիցի լույս»-ի...
Չանախչի, Արզնի
09.XI.1965թ. 19.III.1967թ.

Lilas