Sevak

ՔԱՐՏԱՇԸ

5

Բնանկար ծանոթ: Հինավուրց վանք ու ժամ:
Լցված է բազմությամբ բակ ու գավիթ:
(Հեռուներից նրանց այստեղ քշած,
Դեռ խուլ մլռտում է հեռվում քամին):
 
Էջմիածին: Վարակ: Համաճարակ:
Անծայր ու անվախճան մի պատարագ,
Որտեղ ըստ պատճաշի, զոհ է բերվում
Իբրև Քրիստոսի միս ու արյուն
Ոչ թե մի կում գինի ու մի կտոր նշխար,
Այլ ժողովուրդ մի ողջ և մի ամբողջ աշխարհ...
...
 
Հետո՝ ճերմակ մի տուն: Ճերմակ ձեռնոց հագած
Ինչ-որ պարոն: Բուրմո՛ւնք, բուրմո՜ւնք հացի...
Տատը վանքի բակում հացի կարոտ հանգավ...
Ինքը այսուհետև հա՛յ չէ, ամերիկացի՛...
 
Այսուհետև հացին պետք է ասել «Բրեդ»,
Ամեն խոսքից հետո՝ «Միստըր, փլիզ»...
Նրանց կոշիկները լավ մաքըրել...
Խմել հոտած սոուս, ծամել թերխաշ բրինձ...
...
 
Եվ առաջին ճիգը.-
Տատի պես չմեռնել, դեռ ապըրել...
Եվ առաջին միտքը,-
ապրել, բայց ո՛չ իբրև ամերիկացի...
Եվ առաջին իղձը՝ միշտ հաց ասել հացին,
Որ չլինի սակավ, որպես... «բրեդ»...

6

Որբ է: Արհեստանոց: Պետք է ապրուստ ճարել:
Տարբերում է արդեն սպիտակը սևից:
Հասկացըրին... Թո՛ւրքը իր տունը կործանեց:
Բայց թուրքից էլ վատթար՝ կա «բայլշևիկ»...
 
Ի՞նչ կարող է անել: Ինքը որբ է միայն.
Անօթևան, անտուն, փախած հրից - սրից...
 
Փողոցներն են հոտում, որպես դիակ...
Միտքը մահին վարժվեց, աչքը՝ մաուզերին...
...
 
Որբանոցից իրեն ինչ որ կոպիտ ձեռքեր
Դուրս քաշեցին. - «Հային ի՞նչ որբանոց»:
 
Ամենուր նույն ճամբան - գերեզմանոց տանող...
Ի՞նչ որբանոց, իրոք, պիտի նրան փրկե,
Երբ երկիրն էր այնժամ անծայր մի որբանոց...
...
 
Լավ էր, որ հեռացան ամերիկացիք,
Եվ կարող է հիմա հանգիստ նա անվանել
Ինքն իրեն հայ և հաց՝ չեղած հացին...
...
 
Վատ էր դրսում, հանգիստ մի առվի մեջ քնել,
Խոնջ գլուխը ցմքած թևի վրա դրած,
Եթե միայն... իր պես քաղցած շրջիկ շներ
Հոտող դիակի տեղ չդնեին նրան...

7

Անցավ տարի՞, թե դար: Բայց երևի
Իզուր չէին անցել աղոթքները տատի...
 
Բռնած իր ուժասպառ զարդ թևերից
Մի անծանոթ պառավ
Նրան իր տուն տարավ...
Ավագ եղբոր նման տան խունացած պատից
Ժպտաց նրան նկար մի առնական:
- «...Որդի՜ս... Չեկած՝ տարան...
Կա՞, թե չկա...»...
...
 
Պառավը լաց եղավ, ինքն՝ առավել աղի...
Ու սիրեցին իրար այդ օրերում,
Այդ օրերում անսեր ու տրտմագին...
 
Ինքը հորթի համար խոտ էր բերում բաղից,
Իսկ պառավը ձեռքով իր խնամում
Բացի հորթից, նաև «որբ հորթուկին»...
 
Սփոփեցին իրար մի որբ ու որբ մի կին...

8

Իսկ մի իրիկնամուտ, իսկ մի իրիկնամուտ,
Երբ պառավը նորից որդուն հիշել
Ու ցամքած աչքերից արտասուք էր քամում,
Երբ հորթը՝ խոտ, ինքը ցամքած հաց էր ծամում,-
Բակում իջավ մի մութ, անկարեկից գիշեր,
Իսկ տան դռան վրա՝ խզակոթի
Բիրտ հարվածներ: Գոռոց: Հայհոյանքներ: Աղմուկ:
 
Մահիկը թաքնվեց ամպերի տակ մթին...
Դռան բաց անելուն չսպասելով,
Կրնկահան արած ներս խուժեցին ութ-ինն
Հարբած փափախավոր...
 
Թվաց, թե տեսնում է այն թուրքերին,
Որոնք հորը՝ հանդում, մորը՝ կաթնադույլի
Եվ կովին մոր առաջ քաշեցին սուր-թրի,
Հրդեհելով տունն ու բեղուն այգին աշնան...
Թվաց, թե ուր որ է իր այս բունն էլ կայրեն...
 
Բայց... խոսում են նրանք...ինչպե՞ս, տեր իմ աստված...
Բայց... խոսում են նրանք... Հենց հայերեն...
-Պարո՛ն խմբապետներ... (ահա թե ինչ՝ դաշնակ...)
Պարոն խմբապետների լախտը օդում շաչեց,
Իջավ դեմքին կնոջ...
Ու նվաղկոտ ճիչը,
Չհասցըրաց ծնվել՝ մեռավ նրա շրթին...
 
Նոր հարվածներ: Բացի:
-Ուր է, ցո՛ւյց տուր, բիճըդ,
Բանտից փախել է նա, բոլշևիկ շան որդին...
 
...Ու պահը երկարեց, կարծես թևեց դարեր,
Մինչև որ շնիկը մաուզերի
Խուլ վնգստաց տան մեջ...
Դուրս ծորալով գանգից
 
Արյունը լիճ կտրեց պառավ կրծքի վրա...
Անգետ կատարվածին, մութ ամպերի տակից
Մահիկը դուրս նայեց և... բութ տառապանքից
Կարծես հենց նոր, հենց նոր դարձավ սապա՛տ, կորվա՛ծ...
 
Քրքջում էր անվերջ տանիքների վրա,
Քրքջում էր քամին - ահից խելագարված...
...
 
Եվ առաջին ցավը.-
Հա՞յ անվանել, ինչո՞ւ,
Երբ որ «Խմբապետը» նույնպես հայ է կոչվում...

9

Ինչքան կա՜րճ է կյանքը, փութկոտ ու անցողիկ,
Բայց՝ ծննդից մինչ մահ որքա՜ն, որքա՜ն երկար...
 
Որքան երկար ձգվեց մանկությունն այն տկար,
Որ գրքերում հաճախ անմիտ ու անտեղի
Սիրում են բաղդատել առավոտյան ցողին...
 
Դիակը ծեր կնոջ հազիվ հանձնած հողին,
Նա հանդիպեց շեմքին ամայի տան
Նրա միակ որդուն...
 
Իբրև տենչած հրաշք ու փրկություն
Կարմիր զորքերն այդօր քաղաք մտան...
Lilas