Sevak

ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

VI

Եվ տիպային նոր գոմերի
Նախագիծը գծեց Վաչեն:
Դեռ մռայլ էր Թորգոմն էլի.
Իր սխալն էր նա հասկացել,
Բայց դժվար էր միանգամից
Իրեն նորից վերականգնել,
Հին հունի մեջ նորից մտնել:
 
Եվ ակումբի շենքը մնաց
Առժամանակ կիսակառույց:
Նոր` խելացի հերթ էր տրված,
Որ և պիտի լիներ վաղուց.
Նախ` գոմերը, հետո` պալատ…
 
Եվ Մկրտչի աչքի առաջ
Լեկցիաների անգիր արած
Տետրակներից վեր էր հառնում
Գո՜մը… Հապա նայե՜ք գոմին.
Լուսամուտներ ամեն կողմից,
Ե՛վ տաք, և՛ պաղ ջրի ծորակ:
Լայն ու մաքուր,
Հարմար, տաքուկ,-
Եվ որքան հե՜շտ, որքան արա՜գ…
 
Իսկ դարբնոցում, բոցի առաջ,
Գեղամ ուստան, քրտնակալած,
Տաք երկաթն է հանգիստ ծռում`
Մի ականջը Դանել քեռուն:
 
Հայրն Արայի` բրուտ Ավոն,
Իր տղայի և Երազի
Հարսանիքը պիտի անի,
Եվ նոր զույգի նոր տան համար
Պատվիրել է պատուհանի
Ամուր ցանցեր:
-Ա՛յ խնամի,
Ավելորդ է, կարիք չկա:
Էլ ոչ գող կա, ոչ թշնամի,
Ինչի՞դ է պետք ցանցը երկաթ,-
Եվ բացակա Ավոյի հետ
Վեճ է մղում Գեղամ ուստան:
-Ճիշտ ես ասում, մութ կլինի,
Ուրիշ ոչինչ, - համաձայնում,
Հաստատում է Դանել քեռին:
Էլ ինչո՞ւ է ուստան շինում:
Ոնց չշինի, բա ի՜նչ անի,
Պահանջել է երբ խնամին:
-Դե հին մարդ է, դժվար է շատ
Նրան նոր բան հասկացընել,-
Լուրջ հարում է Դանել քեռին
Այնպես, կարծես ինքը ջահել
Կոմսոմոլ է, իսկ խնամին
Զառամյալ ծեր, մինչդեռ իրոք
Ինքը փոքր է մի հինգ տարով:
-Հա, հին մարդ է, ո՞նց հասկանա`
Կոմունիզմի վախտ է հիմա…
 
Եվ սկսվում, ծայր է առնում
Նրանց սիրած այդ թեմայով
Զրույցը տաք:
Եկող գարւն
Արդեն պիտի մեծ ֆերմայում
Էլեկտրախույզը աշխատի:
Վճռվում է հարցը բրդի:
Մեղրի հարցն էլ Դանել քեռին
Վճռել է դեռ անցյալ տարի:
Հացն ու կաթն էլ ծով են գյուղում:
Այս ամենը ցույց են տալիս,
Որ մոտակա ապագայում
Ծով կլինի բերք ու բարիք:
Ինչի՞ համար, ախր ինչի՞,
Ունեցածը մեզ հերիք չի՞:
-Ուստա՛ Գեղամ, հոգուդ մեռնեմ,
Էս բոլորը ասում են է՛ն,
Որ կոմունիզմ պիտի տեսնեն
Ինձ ու քեզ պես պառավներն էլ…
 
***
Նույն այդ պահին` հեզ ու խելոք,
Թվում է թե գիտակցելով,
Որ այսուհետ մի կես տարի
Կարոտ պիտի մնան սարին,
Հոծ հոտերն են իջնում սարից,
Իջնում այնպես ծանր ու դանդաղ,
Ասես խոտերը հաշվելով…
Ամենուրեք լուռ է, հանդարտ:
Միայն` կարծես փոքր-ինչ խռով,
Ասես փոքր-ինչ վիրավորված,
Որ հյուրերը այսքան օրվա
Հեռանում են միանգամից,-
Մրթմրթում է աշնան քամին:
Իսկ քիչ հետո` մինչ այդ հանդարտ
Լեռնաշխարհը միանգամից
Վերջին անգամ կյանք է առնում:
Ամեն թփից, ամեն քարից
Շունն է հաչում, գառն է մայում,
Լեռան լանջից ու կատարից
Քոչվորներն են իրար նայում,
Իրար կանչում և ձայն տալիս
Կովին, հորթին, գառ ու մաքուն:
Իսկ քարափը, ձորն ահալի
Ձայնակցում են, արձագանքում
Եվ կանչին ու ձայնին տալիս
Հնչեղություն զարմանալի:
Նստած ջահել մի զամբիկի,
Հեղուշի և Երազիկի
Ուղեկցությամբ իջնում է ցած
Մկրտիչը:
Կարծես հարբած`
Աշնան քամին հռհռում է:
 
Նայում են ցած ու լռում են:
Ահա ցածրում, սարալանջին,
Իրենց հոտերն են արածում:
Բայց ո՛չ, նայի՜ր, չե՜՚՛ն արածում.
Կշտացել են ու նայում են:
Շո՛ւրջը այնպես հմայուն է,
Կարծես դյութված ու կախարդված:
-Ի՞նչ բան է սա, տե՜ր իմ աստված:
Ետ եմ դառնում ու նայում եմ…
Տե՛ս, մենք ինչից ինչ ենք դարձել,-
Հեղինեն է խոսում հանկարծ`
Ետ դառնալով Մկրտիչին.
-Ո՛չ դու ես դու, ո՛չ ես եմ ես:
Փոխվել, ուրիշ, այլ է դարձել
Ձորն էլ, սարն էլ, քարն էլ կարծես:
Եվ ամենից գլխավորը`
Հին է անուն-ազգանունը,
Բայց մեր մարդիկ ա՜յլ են, նո՜ր են:
Հապա ինքդ նայիր մեզ մի:
Ա՛յ, ես հիմա հասկանում եմ,
Որ հասնում ենք… կոմունիզմին…
Մկրտիչը լսում նրան,
Նրան շատ լավ հասկանում է:
Ավելորդ է թվում միայն
Խոսել, ասել` հասկանում եմ:
Եվ ներշնչված նայում է ցած:
 
Տարածվել է նրանց առաջ
Հորիզոնը հեռո՜ւ-հեռո՜ւ,
Որ այս լեռան սեգ կատարից
Թվում է թե գալիս-գալիս,
Մոտենում է և մոտենում,
Մոտենում է, հասնում կարծես,
Ուզես` ձեռքով կշոշափես…
 
1947-1952թթ
Lilas