Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ:
Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնըված մրրիկ էր անցել:
Հրեա մի գունատ՝
Քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:
Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով...
Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ այնքա՛ն,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:
Իսկ եբրայեցին եկավ ասելու.
«Այս է մարմինն իմ. առեք ու կերեք:
Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով»...
Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա:
Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե՛վ վտիտ ու գեր,
Ե՛վ հաստ ու բարակ...
Ճշտախոս էին աստվածները հին,
Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:
Իսկ եբրայեցին ասաց. «Մարդ եմ ես»,
Եվ... դարձավ աստված՝
«Մարդ եմ» ասելով...
...Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜...