Sevak

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԳԼՈՒԽ Ա

...Խնդրեցի զնա՝ և ոչ գտի,
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն...
...Իւղ թափեալ է անուն քո...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
 
1.
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
         Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
         Ձմեռն այս վկա:
Քեզ չփընտրեցի՛, չըորոնեցի՛
         Եվ... գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
         Օ Սուլամի՜թա:
2.
Օ Սո՛ւլ...
         Սուլամի՛...
                  Օ Սուլամի՜թա.
         Քո բիբլիական անունն եմ սիրում,
         Սիրում եմ, այն էլ բիբլիակա՛ն սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
         Թվում է հիմա հեթանոսակա՛ն՝
         Նույնիսկ անպարկե՜շտ,
         Բայց... նրա՛ աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա,
Մինչ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜...
3.
Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն:
Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին,
         Եթե ոչ մարմին,
         Ու նաև արյուն:
Ւսկ մնացածը՝ բառեր են միայն,
Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի
         Մի թարգմանությո՜ւն:
Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝
         Ադամի՛ նման
         Ու Եվայի՛ հետ:
4.
Օ Սուլամի՜թա, օ, Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել...
         Ո՞ւր է դրախտը,
Եթե ոչ՝ միայն քո թարթիչների հովանու ներքո.
Քո
         դեռ փակ
                  ծոցում,
                           որի դռները,
         Արդեն թակում են
         Եվ երկո՜ւ կողմից.
         Քո սիրտը՝ ներսի՛ց,
         Իմ ձեռքը՝ դրսի՛ց...
5.
Օ Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ:
Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել,
Չե՛մ էլ հարցըրել ես պահակներից
Քո՝
         Իմ չունեցած-չիմացած հասցեն:
         Ես ճամփորդի պես,
         Ու մոլորվածի,
         Հասել եմ դուռըդ,
Որ և բախում է իմ ձեռքը դրսից,
         Քո սիրտը՝ ներսից:
         Ընդունիր հյուրիդ,
         Որ կդառնա տե՛ր,
         Բայց նաև՝ ծառա՜...
6.
Եվ թո՛ւյլ տուր խոսել.
         Գրկելուց առաջ,
         Փարվելուց առաջ,
         Թույլ տուր քեզ նայել
         Մի փոքըր հեռվից:
Եվ թո՛ւյլ տուր կրկնել՝
         Համբույրից առաջ,
         Համբույրի նման
         Կրկնել անունըդ.
-Օ Սո՛ւլ...
         Սուլամի՛...
                  Օ Սուլամի՜թա...
Lilas