Sevak

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԳԼՈՒԽ Դ

Ահեակ նորա ընդ գլխով իմով, և՛ աջ
նորա պատեսցէ զինև...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
 
1.
         Եվ դու չուշացա՛ր.
         Դու շտապեցի՜ր,
Իմ Սո՛ւլ...
         Սուլամի՛....
                  Իմ Սուլամի՜թա...
2.
         Իմ Սուլամի՜թա.
         Եկար վազեվազ՝
Եռամսյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ՝ եկա՜ր:
3.
Եկա՛ր ... և իսկույն, իմ Սուլամի՛թա,
Հազարամյակներն իմ ու քո միջև ասես ջնջվեցին...
         Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ:
Ես այգի չունեմ... և այգի՛ս չեկար:
4.
         Մայթե՛ր կան հիմա
         Ու գորշ քաղաքնե՛ր,
         Շենքե՛ր բազմահարկ,
         Նրանցից մեկում՝
         Սենյակ մի նեղլիկ:
         Դու այնտե՛ղ եկար:
5.
         Եկար փարվեցիր՝
         Քո ամբողջությա՜մբ:
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները՝ երկնին:
Ու ես այդ պահին զգայուն էի՝
         Ինչպես քո մա՛շկը,
         Եվ մաքուր էի՝
Ինձ վրա հառված հայացքի՛դ նման:
6.
         Եվ դու բացվեցի՜ր...
Այդպես բացվում է մահճում երեխան,
         Մթնում՝ ծաղիկը:
         Ու ես այդ պահին՝
Քո անմեղության բույրերից արբշիռ՝
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ... աղքատությա՜մբ:
7.
         Ու տրվեցի՜ր դու՝
         Ծնվելով նորից:
Այդպես տրվում է հողն արմատներին,
         Իր հունին՝ ջուրը:
Ու ես հասկացա, որ ես ո՛չ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
         Որքան քո՛ գրկում:
8.
         Ես այլ բան չէի, 
         Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում:
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ...
9.
Իմ սերերն իրար և՛ նմա՛ն էին,
         Ե՛վ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները:
         Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար...
10.
Իմ Սո՛ւլ...
         Սուլամի՛...
                  Իմ Սուլամի՜թա:
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
         Քո թուխ վարսերից
         Ու ծավալվելով՝
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
         Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ո՛չ այս, և ո՛չ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
         Չկա՛ր ժամանակ,
         Չկա՛ր նաև միտք.
         Կար շնչառությո՛ւն,
         Որ շատ էր նման 
Օվիանոսների տուրևառությա՜ն...
Lilas