Sevak

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԳԼՈՒԽ Ե

...Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո... վասնզի հզոր է իբրև զմահ սէր...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
 
...Լաւ են երկու, քան զմի... զի եթէ 
ննջեսցեն երկուք՝ ջեռուցանեն 
զմիմեանս, իսկ մին՝ զիա՞րդ ջեռուցու...
«ժՈՂՈՎՈՂ»
 
1.
Իմ Սո՛ւլ...
         Սուլամի՛...
                  Իմ Սուլամի՜թա...
         Ես այլ բան չէի,
         Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում:
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ:
         Հիմա դու չկա՜ս,
         Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձա՝
Մի սովորակա՜ն-աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում...
2.
Ինձ արդեն վաղո՜ւց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
         Եվ փնտրում եմ քեզ,
         Սակայն չեմ գտնում,
         Ու կանչում եմ քեզ,
         Բայց ձայն չես տալիս.
Տարածություն է ընկած մեր միջև
         Ինչպես մի սահմա՛ն,
         Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց:
         Իսկ մենք - թշնամի՞...
3.
         Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ-որ նոր սիրո,
         Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ՝ իմ սիրտն է քնած:
4.
         Հեռու ես, հեռո՜ւ,
Ու ձայն չես տա ինձ՝ որքան էլ ձայն տամ:
         Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ՝ որքա՛ն էլ փնտրեմ:
Բայց... մի՞թե սրտին բան կհասկացնես:
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում:
Մայթերը լի են ժպիտ-ծիծաղով,
«Ներողություն»-ով ու «համեցեք»-ով,
«Ցտեսություն»-ով ու «բարև»-ներով.
Բոլո՛րն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դո՛ւ չկաս - իմ սիրտն է թափուր...
5.
         Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ, գիտե՞ս, ես էլ եմ նախանձ:
Նախանձում եմ ես սիրող զույգերի՜ն,
Շրջում են գրկված, ձեռք-ձեռքի, կիպ-կից:
         Մենակ եմ լոկ ե՛ս.
         Դո՛ւ չկաս, լոկ դո՜ւ:
6.
Ձեռքիս ափերը հալվել են ուզում:
         Ո՞ւր է կրակը.
         Քո ձե՜ռքը չկա:
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
         Ո՞ւր են ուսերըդ,
         Եվ լանջըդ ո՞ւր է:
7.
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
         Սիրա՛ծ ծաղիկըդ:
         Ես ո՞ւմ նվիրեմ:
8.
Հեռախոսային խցերն ազատ են,
         Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում:
Ո՞ւմ զանգահարեմ, եթե դու չկաս:
9.
         Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը՝ սառած լավայով:
10.
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ՝
         Ա՛յժըմ և ընդմի՜շտ:
         Ա՛յժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից՝ արդեն
         Շերտավոր եմ ես,
         Ինչպես հովազը:
11.
         Ա՜խ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի՝
         Ցանկացա՜ծ գնով:
Եվ ո՜ւր էր հանկարծ ձերբակալեին
         Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
         Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
         Ինչո՞ւ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի...
12.
Իմ Սո՛ւլ...
         Սուլամի՛...
                  Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
         Վառվող խարույկը:
         Ու ես ապրում եմ՝
         Այդպե՛ս վառվելով:
13.
         Դու կարծես չկաս
         Ու չես լինելու,
Այլևս ինձ համար մեռած ես կարծես:
         Սակայն ես գիտեմ,
         Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
         Այստեղ կհանգչի,
         Կվառվի այլուր:
Եվ դու - ինձ համար - չե՜ս մեռնի երբեք,
         Ինչպես չի մեռել
Քո նախա-նախա-նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն էր կրում,
         Իմ Սուլամի՜թա:
14.
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի,
Եվ ի հակառակ՝ անկասկա՛ծ ասել 
Որ կմոռանա շունը տիրոջը,
         Ծառն՝ իր ծաղկելը,
         Ցուլն՝ իր բառաչը,
Եվ ժամապահն՝ իր նշանաբանը,
         Սակայն ո՛չ ես՝ քե՜զ,
Իմ Սո՛ւլ...
         Սուլամի...
                  Իմ Սուլամի՜թա...
 
XII.957թ.
V.1960թ.
Մոսկվա
Lilas