Դո՛ւ,
Բո՛ւ,
Բիբերիս թառած,
Ինչո՞ւ ես այսքան խեղճ այսօր,
Չարությունդ ինչո՞ւ է մարած,
Ինչո՞ւ ես անզոր,
Ինչո՞ւ ես լռել,
Ինչո՞ւ ես լուռ թառել
Բիբերիս...
Բո՛ւ,
Դո՛ւ
Իմ գերի...
Դո՛ւ,
Բո՛ւ,
Ի՞նչ ես տեսել իմ բիբերում,
Թարթիչներս քեզ ցավ չե՞ն բերում,
Աչքերում իմ սարսափ կա՞,
Հոնքերն իմ թևաթա՞փ են...
Բայց դո՛ւ-
Սարսափի արքա,
Մարմին դու սարսափե,
Սարսափի արքա,
Սարսափի մարմին,
Սարսափի ահից լռե՞լ ես,
Թռե՞լ ես,
Երբ փչել է սարսափի քամին...
Ինչո՞ւ...
Էլ ինչո՞ւ
Քո զարհուր ձայնը չի հնչում,
Ինչո՞ւ...
Տերըդ պարտված հայացք ունի՞,
Հա՞...
Դրա համա՞ր են թույլ ոտքերդ.
Հա՞...
Ի՛մ
Հավատարի՛մ
Բո՛ւ,
Դո՛ւ,
Իմ բիբերի՛
Գերի՛...
Իսկ դո՞ւ...
Դո՛ւ,
Կըկո՛ւ,
Կըկու իմ հիմար,
Գունատ ես դո՛ւ,
Ինչո՞ւ,
Ինչի՞ համար...
Շրթներդ կարծես ճաշակել են
Դառնություն ու մահ.
Ինչո՞ւ...
Հիմա՛,
Երբ չկա պայքար, որ կռնչա բուն,
Հիմա՛ր,
Գոնե կըվվա դո՛ւ...
Բայց լո՛ւռ ես,
Լուռ ես և դու...
Ինչո՞ւ,
Էլ ինչո՞ւ
Կըվվոցդ չի հնչում...
Տերդ պարտվե՞լ է,
Հաղթանակ չկա՞, որ շեփորես...
Հանդարտվե՞լ է,
Հանդարտվե՞լ է, թե կորել,
Թե անդարձ կորել
Կըվվոցը քո...
Մի լիրբ հայացքով
Լուսի՛նը,
Անառակը երկնային
Հաղթեց մեզ՝
Ե՛վ ինձ,
Ե՛վ բուին,
Ե՛վ քեզ...
Հաղթե՞ց մեզ անառակը,
Թե՞... ընդհակառակը...
Էլի չե՞ս կըվվում,
Լռում ե՞ս դու -
Կըկու...
Այոոո՜...
Լռել են՝ թառած իմ բիբերին,
Համակված սարսափով, ահով
Ե՛վ կըկուն,
Ե՛վ բուն՝
Իմ հանդեպ գերի...
Լռե՞լ են...
Թող լռե՛ն,
Թող լռած մնան, ընկեր իմ...
Կըձայնեմ այժմ ես,
Ես,- որ լռություն եմ բերել
Կըկուի՛ն,
Բուի՛ն,
Ինչ խոսք, ոչ իմ պարտությամբ...
Ես հպարտությամբ
Կըգոչե՛մ,
Որ չե՛մ,
Որ չե՛մ,
Որ չեմ պարտվել ես,
Որ հաղթանակն ինձ է պատկանում...
Ի՞նչ անենք, որ այնքան երկար
Փախուստի մատնելով լուսնին,
Հանկարծ իմ ազդու աչքը
Սարսափով պոկեց լուսնից
Իր հայացքը,
Հույսեր կործանող,
Ոճիրներ ցանող
Իմ հայացքը...
Բայց ինչո՞ւ...
Այդ է հետաքրքիր:
Նշանակո՞ւմ էր այդ, թե զիջում,
Թե համաձայն եմ, որ լիրբը գրկի
Իմ պարանոցը,
Թե հանձնվում եմ ես նրա կրքին,
Թե մտնել եմ ուզում ես նրա ծոցը...
Ո՛չ,
Ո՛չ,
Ո՛չ...
Խո՛ցը,
Իմ սրտում բացված խո՜ցը
Ստիպեց, ընկեր իմ, ինձ
Պոկել հայացքս լուսնից...
Ընկե՛ր իմ,
Այո՛,
Ա՛յդ միայն,
Ա՛յդ.
Քո մեռնող հայացքի
Սարսափն ակնհայտ...
Ընկե՛ր իմ,
Եղբայր իմ դու,
Երբ վերքից քո արյունն է հորդում,
Երբ մեռնում ես, որ չլինես գերի,
Երբ պաշտպանում ես դու մեր հողը,
Երբ տանում ես դու մեր խոլ ոխը
Ընդդեմ գողի,
Ընդդեմ ոսոխի,
Ընդդեմ թշնամու,
Երբ դու հառաչ չես հանում,
Երբ դու վտանգը վանում,
Երբ դու մեռնում ես հանուն
Մեր հողի,-
Մի՞թե կարծում ես,
Ես, որ դեռ այստեղ՝ հեռու ֆրոնտից,
Ես, որ դեռ այստեղ երգեր եմ գրում,
Մի՞թե կարծում ես,
Որ ես օրերով խմում եմ օղի,
Որ ես հարբում եմ,
Որ մխրճվում եմ լպիրշ կրքերում
Ու անձնատուր եմ մնում կրքերին...
Ընկե՛ր իմ,
Ների՛ր...
Ո՛չ,
Ավելի ճիշտ ներում եմ ես քեզ,
Անմիտ ընկեր իմ,
Եթե մի վայրկյան
Եղել ես նման մտքերի
Գերի...
Իհարկե՛,
Վայել չէ մեզ,-
Հնոցում,
Բոցում կոփվածներիս,
Դառնալ մի ինչ-որ պոռնիկի գերի,
Գերի
Կրքերի...
Եվ այն էլ ե՞րբ...
Երբ երկրագունդն է սարսում
Որոտից թնդանոթների,
Երբ ահեղ մի ահասարսուռ,
Երբ հսկա մի վտանգ,
Իր թաթի մատներո՛վ
Կախվել է մեր տան,
Ընտանիքների,
Մեր երկրի վրա՝
Որպես սոսկալի մի կատաստրոֆ...
Լավ եմ հասկանում
Ե՛ս - պոետս, այդ,
Ե՛ս, որ զավակն եմ փոթորիկների,
Աշխարհասասան այն մրրիկների,
Որոնց ծննդյան երկունքից այն խոր
Աշխարհով ամբողջ
Անցավ մի աղմուկ,
Իրարանցում խոլ,
Եվ խոր
Մի ժխոր...
Ե՛ս - եղբայրը ձեր,
Ընկերը կրտսեր,
Որ դեռ չի տեսել բեմը ռազմի,
Ոչ հրետանու ձայնի հետ մրցել
Իր երգի ձայնով...
Բայց քանի նա դեռ չի մտել
Սահանքը պատերազմի,
Քանի դեռ ձեռքին չունի հրացան,
Չի նշանակում, թե պետք է բազմի
Կրծքերի վրա՝ ջերմ ու հրացան,
Թե հայացքների կայծով հրացայտ
Նա պետք է կրքի հրդեհներ կազմի...
Ո՛չ,
Երբե՛ք
Երբե՛ք...
-Ամեն ինչ այսօր հանուն ռազմի...
Լավ է հասկանում այսօր, քան երբեք.
-«Ամեն ինչ այսօր ռազմաճակատին»-
Ե՛վ սիրտ, և տանջանք,
Ե՛վ սեր, և՛ տենչանք,
Բազուկներ հսկա,
Երազներ ոսկյա,
Գիտություն ու միտք,
Հղացման գաղտնիք,-
Ամեն ինչ այսօր ռազմաճակատին...
Սննդի կաթիլ,
Ոսկի, ակաթի,
Պղինձ ու դրամ
Գրամ առ գրամ,
Կաթիլ առ կաթիլ՝
ռազմաճակատին...
Մետաղի կտոր,
Մեքենա, մոտոր,
Կապար ու արճիճ,
Մորթիներ արջի,
Զգացում, կարոտ,
Թնդանոթ, վառոդ,
Քլունգ ու բրիչ,
Պոետ ու գրիչ,
Հանճարներ հսկա,
Շնորհ աղքատիկ.-
Նորից ու նորից ռազմաճակատին...
Հասկանում եմ այդ, ընկե՛ր,
Նկատի՛ր...
Ապա, ընկե՛ր իմ,
Չմնա գաղտնիք,
Որ ես պոետ չեմ մի եթերածին,
Հոգով կանացի...
Անշուշտ բնածին
Խոհեր ունեմ ես շեկ, կայծակնածին,
Ունեմ փոթորիկ՝
Անսանձ ու մոլի,
Երկինքներ ունեմ խո՜ր, անծայրածիր,-
Բայց նախ մարդ եմ ես
Ու մարդ եմ նորից...
Ես մարդ եմ ծնվել իմ մաքուր մորից,
Մարդ եմ ժառանգել իմ գեղջուկ հորից:
...Ո՛չ, ես չեմ պոետ՝ մի եթերածին,
Երկարաթերթ վարդ,
Որի սիրածին,
Իրենից բացի,
Եթե ճանաչի
Մի այլ ոք, այլ մարդ,
Նա՝ պոետը այդ՝ մի եթերածին
Երկարաթերթ վարդ,
Կդառնա հանկարծ
Երկարաթերթ վարդ...
...Իմ պարանոցը ես շուռ եմ տվել
Այդ պոետական վարակից անդարձ,
Պոետ եմ ծնվել միայն քեզ համար,
Ռազմի ընկե՛ր...
Իմ մեջ վեհերոտ աստվածը հատուկ
Սերմեր չի տնկել,
Ոչ էլ հոգուս մեջ անանձնապատկան
Աստղեր են ընկել,
Որ ես տարբերվեմ խստիվ
քեզանից...
...Ինչ որ է, ընկե՛ր,
Թեկուզ ունենամ և անձնապատկան
Ու հատուկ տընկեր՝
Հոգուս պատվաստված,
Թեկուզ ունենամ երկրային պատգամ
Եվ մինչև անգամ
Թեկուզ և հոգիս ներշնչած լիներ
Հենց ինքը Աստված,-
Այդ վերջին հաշվով անտեղի վեճ է,
Իսկ մենք չենք սիրում անտեղի վեճեր,-
Կարևորն այն է,-
Պոետը լինի
Կուզի Շեքսպիր կամ կուզի Հայնե,
Կուզի Գյոթե
թե կուզի Վերհարն-
Կարևորն այն է. պոետը լինի ոգելից գինի
(Բայց ոչ, իհարկե, հենց կարմիր գինի,
Որ խմես, մեկ էլ... ու նայես՝ պրծավ...)
Կարևորն այն է. պոետը լինի
Ոգելից գինի,
Ու կարողանա ոգևորության զորությամբ բեկել
Անգամ ծիածան կամարը երկնի...
Ոգևորության քուրայի բոցով
Թրծել իմանա
Սառնության հսկա աղյուսը ամուր...
Ոգևորության անմարմին քամուն
Հանձնել իմանա բյուր հոգիների
Թևերն առանձին,
Որ խանդավառված նրանց խելառ ձին
Որպես խոլ սամում
Վերև խոյանա,
Աստղերը խանձի,
Խանդավառության բոցը
Ե՛վ կիզուն,
Ե՛վ խոլ,
Ե՛վ անահ...
Եթե պոետ չեմ, նման ասպետին,
Այն, որ անզրահ, անթուր է, անձի,
Եթե կարող է իմ երգի բոցը հոգիներ խանձել
ապա կըխանձի
Ձեր հոգիները, ընկերներ իմ բյուր,
Եղբայրներ հազար,
Քո հոգին, իմ սեգ, իմ քաջասիրտ քույր,
Որ մի կողմ թողած և՛ սեր, և՛ համբույր,-
Ինչ որ հատուկ է ջահել տարիքիդ,-
Այսօ՛ր ամեհի ռազմադաշտում
Քո վեհանձնական պարտքի կարիքից
Մարտական վաշտում
Պայքար ես մղում մարտիկների հետ...
Քե՛զ, հերոսական հերոս ընկեր իմ,
Քե՛զ, որ չգիտես ճամփան փախուստի,
Քե՛զ, որ շատ անգամ ընկած ծնկներիդ,
Կամ բների մեջ ընկած թաքուստի,
Հորդոր ես կարդում բյուր ընկերներիդ.
-Չըլինել գերի...
Քե՛զ, ծերունի հայր,
Քե՛զ, որ տրտունջը,
Հակառակ սրտիդ ծանր վերքերին,
Երբեք մոտ չեկավ,-
Ու մեռար երեկ թշնամու սրով
Ոչ իբրև գերի,
Այլ իբրև հերոս...
Ձե՛զ, բազմամիլիոն, բազմաբյուր սրտեր,
Ձե՛զ, որ ճաշակած թույնը կարիքի,
Ձե՛զ, որ վառեցիք մի հսկա հրդեհ
Ընդդեմ կարիքի,
Ընդդեմ բռնության,
Հարստահարման,
Ու վայելեցիք ձեր աշխատանքի
Անհուն բարիքից,
Ու ձեր արյունը նվեր բերեցիք
Այս կարմիր գարնան
Ծաղիկներին բյուր,
Որ վաղը ծաղկեն ձեր արյան հյութից
Ե՛վ այնքան դյութիչ,
Ե՛վ այնքան անբույր...
Ձեր փառքը կերգեմ,
Կերգեմ գործը ձեր,
Կերգեմ ձեր վերքը,
Կռվի փորձը ձեր,
Ձեր հերոսության գովքը կերգեմ ես,
Ձեր արիության գործերը պես-պես...
Կերգեմ կյանքը ձեր,
Ձեր մահը ապա,
Ձեր մահը խիզախ և հերոսաբար...
Կերգեմ ձեր փառքը իմ բյուր եղբայրներ
Միլիո՜ն, ավելի...
Ընկերներ իմ, ձեզ,
Ձեզ, որ, օ՜, երբեք, երբեք չեք գերվել,
Ձեզ, որ ընկել եք անահ, անսարսում,
Ձեզ, որ չեք տեսել ո՛չ վախ, ո՛չ սարսում,
Ձեզ, որ ընկել եք, որ միշտ բորբոքվի
Մեր Ազատության կրակը դարե՜ր,
Որպես հաղթական մեծ Հոկտեմբերից բռնկված արև...
Որ հար ծածանվի դրոշը կարմիր
Մեր երկրի վրա և երկրագնդի,
Որ ողջ աշխարհում դառնա անմարմին
Բռնության սալը՝ գնդիկ առ գնդիկ,
Ծավալվի ջերմին հրո հնոցում,
Անդարձ մոխրանա նրա բույլ բոցում...
...Փա՛ռք, հազար փա՛ռք քեզ, իմ անվախ ընկեր,
Քե՛զ, որ անթաղ ես մնացել դաշտում,
Քե՛զ, որ դառնագույն վշտով ես ընկել,
Որ էլ չես լինի մարտական վաշտում,
Քե՛զ, որ ճզմել է թրթուրը տանկի,
Քե՛զ, որ ռումբը հեռու է նետել,
Քե՛զ, որ ընկել ես առանց տանջանքի,
Քե՛զ, որ դավադիր ոսոխն է գետնել,
Քե՛զ, որ այրվել ես օդում թռչելիս,
Քե՛զ, որ սեփական կյանքից ավելի
Սիրել ես կրքով եզերքը քո լուրթ,-
Քե՛զ փա՛ռք ու պատիվ, Քե՛զ՝ անմահ Խորհուրդ...