Sevak

ԼՈՒՍԻՆ

Զ

Վաղը կբացվի գարունը,
Լուսի՛ն,
Անառա՛կ,
Վաղը կբացվի գարունը...
Վաղը կհոտի զինվորի արյունը,
Նրա, որ հրացանն ուսին,
Աչքը քեզ հառած
Ընկավ անհառաչ,-
Կհոտի նրա արյունը,
Մարմինը նրա՝
Մարդու...
 
Անհոգություն եմ կարդում
Աչքերում քո անառակի...
Անառա՛կ,
Նայում ես մարդուն
Որպես ավանակի,
Որի պետքն ես զգացել այսօր...
 
...Իսկ նա, նա, որի դեմ մնացիր անզոր,
Երբ կամեցար, որ նա քեզ հետ պառկի,
Լավ կանի այսօր նա աչքը փակի...
Լավ կանի այսօր հեռուն չնայի
Ու չըտեսնի այն, ինչ որ աչքերից արյուն է քամում,
Կուրծքը չըպարզի այն անսանձ քամուն,
Որ բերում է սև համբույրը մահի...
Լավ կանի այսօր թաղի իր սիրտը,
Որ չըզգա ոչինչ՝
Ո՛չ մահ, ո՛չ տանջանք, ո՛չ ցավ, ո՛չ ոճիր...
 
Նա՛,
Լուսին,
Հիմա,
Առանց տեսնելու դառնություն ու մահ,
Առանց տեսնելու ճաշակել է նա
Դառնություն
         ու թույն,
                  ու կորուստ,
                           ու մահ...
Նրա սրտից, ա՛րդ, արյուն է կաթում...
...Ռազմի ճակատից հեռու՝
Ռազմի ճակատում
Նա նկատում,
Տեսնում է իր աչքով,
Կարծես հրաշքով,
Հնձված մարդկային արտը...
Օ՜, մի լսեք դուք նրա անհանգիստ,
Բաբախող սրտի զարկը...
 
...Նա՛, այդ պատանի Մարդը
Գիտի, որ վաղը կբացվի գարունը,
Երկիրը կծաղկի նորից,
Կհորդի զինվորի արյունը,
Մարմինը՝ ընկած զինվորի.
Զինվորի՜...
 
Նա գիտի, որ վաղը հենց,
Բացվող գարնանը,
Կճախրեն օդում՝ ճա՜յ,
         ագռա՜վ,
                  ցի՜ն...
Կըլցվեն դաշտում՝ գա՜յլ,
                           Մա՛հ, ցա՜վ,
                                    դի՜...
Դի - մսեղեն՝
Մարդու,
Կենդանու դի,
Դի - երկաթյա՝
Կտրտված թրթուր,
Հոշոտված մարմին տանկի...
 
Գիտի, որ դաշտում լճացած արյունը
Վաղը, երբ բացվի գարունը,
Հողը կըծըծի,-
Քո արյո՛ւնը
Մարտական ձի՛,
Քո արյունը՝ընկե՛ր,
Արյունը քո, քո՛ւյր,-
Ձեր արյունը պուրպուր...
Գիտի, որ կծլի հողից ծաղիկը,
Արյունով ներծծված հողից,
Կծլի ձնծաղիկը,
Մանուշակը գաղտագողի,
Շուշանը մաքուր,
Հասմիկը թովչաբույր,
Վերջապես կծլի վարդը...
 
Ի՞նչ իմանա շուշանը,
Որ այնտեղ թափել է մի քույր
Իր արյունը...
Ի՞նչ իմանա վարդը,
Որ արյունն իր վարդին է տվել
Մարդը...
 
...Օ՜, թող չըբացվի գարունը,
Ու չըծլեն ծաղիկները գարնան,
Չըստանան արևի համբույրը,
Չըծաղկեն ծաղիկները վառման,
Իզո՜ւր,
Չըծաղկեն թող զուր...
Այդ ծաղկումն իզուր է,
Երբ նրանք կբուրեն
Բույրը մահվան,
Բույրը արյան,
Նեխված մարմնի բույրը,
Երբ շուշանը թերթերը կըթրջի
Արյան լճակում,
Երբ վարդն իր թերթերի արանքում
Կունենա չորացած արյուն,
Հասմիկը մաքուր կունենա
Արյան շիթ...
 
...Օ՜, վաղը օդում ագռավը կշրջի,
Ցինը՝ երկնքում ծավի...
Անտառի փչակում կոռնա գայլը՝
Փորացավից,
Ու վառ արևի ոսկեգույն փայլը
Իբրև վառ արյուն կծորա վերից,
Իբրև մահվան թույն,
Շիթ առ շիթ
Բարակ,
Տափաստաններում,
Դաշտերում անծիր...
Դաշտերում անծիր
Կըփռի նա թույն,
Կըցանի վարակ,
Ժանտախտի բացիլ...
 
...Ու կանցնի գիշերով
Լուսինն այս անգամ
Վերից, նայելով վար,
Գունատ, ինչպես մահ
Եվ թալո՜ւկ այնքան,
Լուսինն այս անգամ
Կըփախչի փութով,
Ու զարհուրելով,
Ու զարհուրանքից
Աստղերին հրելով,
Քշելով աստղերի չուն,-
Լուսի՛նը, մահվան դեմ անօգ՝
Ինչպես մեղանչում,
Լուսի՛նը՝ երբեմնի անհոգ,
Հեշտանքներ սրտում,
Իսկ այսօր, այս անգամ
Ծանրացած ահով,
Տրտո՜ւմ,
Սգավո՜ր -
Ոչ իբրև պոռնիկ,
Այլ իբրև տրտո՜ւմ
Սգավո՜ր, աղվո՜ր մեղքերը քավող...
 
...Ու կերգի այդ պահին
Անտուն, անմարմին
Գիշերվա քամին
Այս մահվան ժամին,
Անթաղ դաշտերում ամա,
Երբ այդ դաշտերում
Մահ է, 
         Մահվան թույն,
         Լռություն
         Ու մահ...
Lilas