Sevak

ԼՈՒՍԻՆ

Թ

...Ու բարձրանալով արևը արևելքով
Որպես հաղթության համբավ...
Կարծես ելել էր նա, որ երգով
Անցնի իր երկար ճամփան...
Չկային ամպեր երկնքում,
Եվ լուսինը չկար...
Անցածը թվում էր քուն,
Անցած կինոնկար...
Հիմա բարձրացել էր արևը
Եվ ժպտում էր պայծառ,
Հիմա շնչում էին կարծես
         և՛ հողը,
         և՛ լեռը,
                  և՛ քարերը,
Ժպտում էին և թովիչ այնքա՜ն
         և այնքան անծայր...
Ես խորհում էի, խորհում
Ու քայլում փողոցով:
Վաղորդյան լռություն...
Լռություն - խորհուրդ...
Ու ահա լռությունն է սղոցում
Մի ձայն՝ բամբ ու սաստող.
-Ուշադրությո՛ւն,
Երեկ կարմիր զորքերը մտան Ռոստով...
Ու դեռ էլի եռանդով
Խոսում էր, զիլ խոսում էր ռադիոն...
Ու քայլում էի փողոցով՝
Օձի պես գալարվող ու ճըկուն:
Ու նորից բիբերիս նստեցին
Չար բուն և խղճուկ կըկուն...
 
Բուն լուռ էր ինչպես մահ
Եվ այդպես բիբերիս էր թառել
(Դուք կըկարծեք հիմա,
Թե ցերեկ էր, դրա համար էր լռել,
Քանզի բուն գործում է միայն մթնում...
Այդ թեկուզ տեղին, բայց սխալ եմ գտնում:
Պատճառը ավելի մեծ է,
Այդ կարող եք հասկանալ դուք.
Բուն, որպես կաթ, չարություն է ծծել
Եվ չարությանն է տվել տուրք,
Իսկ այսօր լսեցի՞ք այն ձայնը սաստող.
-Երեկ մեր զորքերը մտան Ռոստով...):
 
Իսկ կըկուն, խեղճ կըկուն
Որքան կարող էր կըվվում էր
Ձայնով իր նկուն,
Նվվում էր՝
Ուժերի գերագույն վատնումով,
Հևում էր՝
Չնչին ուժերի հատնումով...
Նա, խեղճ կըկուն,
Ձայնով իր թույլ ու նկուն
Եվ ուրախ որքա՜ն, որքա՜ն
Շեփորում էր մեր հաղթանակը...
...Եվ ես - փոթորկված
Ես ես պոետի իմ ուժը՝ իմ բազկում
Խրեցի իմ ահեղ դանակը
Նրա թույլ կրծքում...
Խրեցի կրծքում իմ դանակը, որ երբեք, հավիտյան,
Քանի շնչում եմ,
Գործում եմ քանի-
Այդ հիմար կըկուն
Մեծ հաղթանակը
Այդպես չըտոնի...
 
...Թող լռի կըկուն
Հավիտյան, անդարձ,
Թող լքեն բիբերս նրան...
Ուզո՞ւմ է, կարող եմ տալ վարձ-
Ռումբից ավերված մի բանտ,
Մի մսե աշտարակ էլ վրան...
Միայն թե լռի նա, լռի հավետ...
 
Ու հնչեն թող իմ հայրենիքի
Թմբուկները բոլոր - միլիոն և ավել.
Ու թնդան թող իմ հայրենիքի
Թմբուկները բոլոր - միլիոն և ավել.
Ու զարկեն թող իմ հայրենիքի
Թմբուկները բոլոր - միլիոն և ավել.
Մարտական փողերը հնչեն,
Մարտական թմբուկները թնդան,
Իմ նաիրական երկրից մինչև
Հեռավոր տունդրան...
Հյուսիսից - հարավ
Եվ արևելքից մինչև արևմուտք,
Կասպիականից մինչև Բալթիկ,
Ազովից մինչև Խաղաղական...
Ազովից մինչև Խաղաղական,
Այնտեղից մինչև Ադրիատիկ,
Եվ մինչև օվկիանը սառցանիստ,
Գալիք հաղթության աղաղակը
Որպես սրասայր հարցանիշ,
Ցըցվի սրտերի խորքում,
Իսկ այս անդրանիկ հաղթանակը,
Այս հաղթանակը առաջին,
Տարածվի ինչպես փոթորիկում
Ծովի աղաղակը...
Ու ամբողջ աշխարհը լարի ականջները
Ունկնդիր լինելու
Այն վերջին հառաչին,
Հառաչին բանակի այն խուժդուժ,
Որ ելել է մեր դեմ հիմի,
Որ քանդի մեր աշխարհը հիմից,-
Բանակին Բեռլինի...
Բեռլինի բանակի վերջին հառաչին...
 
...Հաղթանակ առաջին...
Հասկանո՞ւմ եք,
Հաղթանակ առաջին...
Դո՛ւ, մեռնող, գալարվող բանակ,
Հառաչի՛ր,
Այդ հաղթանակն է առաջին...
Վաղը կըծնվի ամբողջը,
Հաղթանակը հսկա,
Եվ աշխարհի վզին կըփարվի
Որպես կարմիր վզկապ...
Վաղը գալիքների քամին
Նստելով աշխարհի նավակայմին
Կըքշի օրերի նավը ինքնակամ
Դեպի Գալիքը պայծառ,
Դեպի Գալիքը կարմրամարմին,
Դեպի Ապագան...
Վաղը լեռնացած մեր ուժերը,
Մեր ուժերը լեռնախռիվ
Կըլարեն իրենց ուժերը
Մղելու մի վերջին կռիվ,
Մի վերջին հանդիպում,
Մի վերջին հարված,
Մի վերջին զարկ. 
         և՛ դիպուկ,
         և՛ լարված,
         և՛ բարկ,
Որ այն բանակը որպես փոշի
Հանձնվի օրերի քամուն,
Եվ այն դրոշը ամուր՝
Վրան «ռասա» գրված,
Դառնա ամպի պես քրքրված
Մաքրաշոր՝ փողոցի,
         արտաքնոցի...
Վաղը թողած դիադեզեր,
Թողած գեներալ անթաղ,
Թողած մոտոր ու դիզել,
Ավտոմատի անտառ,
Ճխլված ու շեն տանկեր,
Կմախքներ օդանավի,
Շքեղ բանկետ,
Մարմիններ տապակած նավի,
Գնդացիրներ, թնդանոթներ անձև,
Ծովափերին՝ ջարդված նավեր,
Տուալետի գանձեր-
Պուդրա, կրեմ...
Եվ միլիոն ու ավել
Գըդակ,
Թողած նույնքան կոշիկ,
Որքան գնդակ,
Ռուսական հողում կերածը փսխած
Ու դատարկած փորը,
Ռուսական հողից
Լեղապատառ փախած եֆրեյտորը
Գլուխը՝ բաց,
Ոտքը՝առանց կոշիկ.
Կտանի ֆյուրերին՝
Նորին մեծությանը,
Միայն ռուսական տափաստանի փոշին...
 
Մի գջլոտած զինվոր՝
Հենակները ձեռին,
Կըդիմի համարձակ,
Հենց իրեն՝ ֆյուրերին.
-Ների՛ր,
Բայց դու ասում էիր
Խոտակեր ոչխար են...
Բայց ես տեսա նրանց,
Նրանք քաջ են սաստիկ
Եվ չարի դեմ չար են...
Ինձ ի՛նչ նավթը Բաքվի
Կամ Ուրալի ոսկին,
Ուկրաինայի հացը...
Ուզում ես տրաքվիր,
Նրանք իրենց ոսկին,
Նրանք հացը իրենց
Չեն տալիս ոչ ոքի...
Եվ ո՞վ կարող է, ո՞վ,
Նրանց վրա տիրել,
Բեկել նրանց ուժը,
Նրանց կամքը ամուր...
Ֆյուրե՜ր, արդեն ուշ է,
Սին ըսպասումներդ
Նրանք տվին քամուն...
Վկա է երկինքը,
Ես այդ լավ հասկացա,
Կուզե՞ս, փորձիր ինքդ...
Ես հիմա տըկար եմ,
Բայց իմ բախտից, ոչինչ,
Շնորհակալ եմ...
 
...Այսպես այն բանակը
Երբեմնի գոռ, ահեղ,
Կըդառնա լարաթափ,
         թևաթափ աղեղ
Ու նրա փառքը կըդառնա փոշի,
Մի անպետք կոշիկ,
Որ մաշվեց իսկույն,
Չնայած ֆյուրերը շատ էր հսկում,
Որ կոշիկն այդ մնա ամուր...
Բացի այդ, նա իզուր
Այդ կոշիկն էր լիզում,
Որ փայլի ոնց ոսկի,
Մնա անեղծ, ինչպես եկեղեցի,
Որ նրա մեջ ջուրը չըսողոսկի...
Դրա համար հաճախ
Խոսքերով գեղեցիկ,
Եվ նույնչափ դառն,
Աղոթել է նա. «Տեառն,
Հավիտենից հավիտյան թող եղիցի
                  ամուր,
                  քան զերկաթ»...
Բայց իզո՜ւր
Կոշիկի մեջ սողոսկեց ջուր
Եվ խաղալիք դարձավ օրերի քամուն
Այն բանակի փառքը, այն,
Որ երկա՜ր, դեռ շատ երկար
Լցնելով աչքը պատմության,
Կշորթի նրանից արցունք...
 
Ու դարեր հետո մի հարցասեր
Կանի հարցմունք,
Կխնդրի, որ իրեն ասեն,
Թե ո՞վ է եղել այն հիմարը,
Որ ելել է՝ աշխարհը զավթի,
Որին գոթական կամարը՝
Աստվածամոր գավթի,
Թվացել է աշխարհի ծայրը
Ու ելել է, որ նախ այն զավթի՝
Փարիզյան կամարը՝ 
Աստվածամոր գավթի,
Ապա նույնքան հստակ,
Որքան և դավադիր,
Ինչպես հրդեհումը Ռայխստագի,
Ելել է ի վերջո, որ նույնչափ հանգիստ,
Իր արշավանքը ավարտի
Դեպի այն երկիրը, որտեղ կա
         դոնբասյան ածուխ,
         ոսկի ուրալյան,
         Բաքվի սև նավթ,
         հաց Ուկրաինայի,-
 
Լցնելով աշխարհում վառոդի ծուխ,
Լճակներ մարդկային արյան,
Կոտորած,
Ավեր,
Գաղթ,
Եվ այդ ամենը հանուն արիական
Ազնիվ ռասայի...
Ապա ինքդ նայիր
Գալիք ապագային...
Պատմությունը հաճախ
Հին դարերի փոշուց
Իր կուրացած աչքով
Շատ բաների մասին
Կամ լռում է անճար,
Կամ սխալ է հուշում
Եվ կամ մեկնում է այն
Ինչ-որ մի հրաշքով...
 
Այժմ ինքդ նայիր քո աչքով,
Ավարտված պատկերին ռազմադաշտի,
Որ ինչպես Զրադաշտի
Հոգու երկվությունը
Թափել է և՛ կյանքի սերմը,
         և՛ մահվան թույնը,
         և՛ տաք ու ջերմը,
         և՛ ցրտությունը...
 
                           Ահա՛,
Աչքը երկինք պահած,
Լո՜ւռ է թնդանոթը...
Արկեր՝ դատարկ ու լիք,
Արկեր՝ մեծ ու փոքր
Շուրջը թափած...
Շուրջը թափած մարդու գանգանոթը՝
Ուղեղով ու հողով լիքը...
Գուցե թնդանոթաձի՞գը...
 
                           Ահա՛,
Օգնակա՞նը...
Հետույքի տակ ընկած կիսահատված թոքը...
Ահա մի երրորդը՝ իր կտրված ոտքը
Որպես կնոջ իրան ամուր գրկած.
Ահա մի ուրիշը՝ մեջքաղեղով պրկված.
Մի այլը՝ տանկի տակ բերանը բաց
(Կարծես ծիծաղում է ցինիկ),
Ահա մի ուրիշը - երախը բաց
(Կարծես պահանջում է. գինի՜,
Կարծես բղավում է. հա՜ց...):
 
                           Ահա՛,
Որպես քնած այս բլրի պահակ,
Բայց իր պաշտոնի մեջ անբարեխիղճ,
Գնդացիրը, ահա, ականջները կախած,
Բերանը հող կոխած,
Եվ աչքը՝ խիճ...
Շուրջը բազմահատված ժապավեններ,
Շուրջը անթաղ մարդիկ հազար...
Ահա մեկը ամուր հրացանին հենվել,
Եվ ահա մյուսը՝ փռվել է ազատ.
Երրորդը բերանը հպած հողին
Ատամով կրծել է քարը.
Աղիքները թափած կողից,-
Չորրորդն է այդ՝ մի տկարը...
 
                           Ահա՛,
Որպես քնած դաշտի արթուն պահակ
Խշշում է մեղմ անտառը,
Սրտում հազար գաղտնիք, հազար եղեռն պահած,
Փորի մեջ դեռ անմարս մեծ պատառը...
Տերևախառն գետնին, տերևներին
Թափված լեշե՜ր, լեշե՜ր...
Ո՞ւմ տեսնել, ո՞ւմ, որի՞ն,
Ախար որի՞ն հիշել...
 
Ահա հսկա կաղնուց
Կախվել է մի դիակ
(Ռումբն է նետել երևի),
Բացած ատամները,- մի-մի թիակ,
Ու ծաղրում է կարծես արևին...
Բայց ո՞նց չտեսնել և նրան,
Որ ակնախորշերից դուրս ընկած աչքերով,
Կիսով թաղված գուղձերի տակ հողի
Բռնել է աչքերը իր ձեռքերով
(Բնա՜զդ, անշեղ ուղի...)...
Իսկ հիմա մի անհոգ թռչուն
Կտցում է աչքերը նրա,
Մերթ կարծես ցավով ճըչում,
Մերթ հանգիստ թառում վրան...
 
Եվ ինչպե՞ս չտեսնել քաղաքներ ավերված
Մոխրակույտեր,
Շենքեր փլված,-
Հարուստ հում նյութեր՝
                  Էժան, ոչ թանկ,
Մահվան թագավորության...
...Եվ ինչպե՞ս չտեսնել լեռնակույտեր մսե,
Նեխո՛ւմ,
Վարա՜կ,
Բացի՛լ,
Եվ ինչպե՞ս չըլսել.
         -Մեռնում ե՜մ, մայրի՜կ,
                  Մաքուր ջո՜ւր,
                  Փշրանք հացի...
Եվ ինչպե՞ս ունկնդիր չլինել
Մեռնող ծերունու խորին հառաչի,
         Մանկական լացի...
Ուրիշ ի՞նչ...
         Լացից,
         Սովատանջ կանչից,
         Հառաչից բացի...
Ուրիշ ի՞նչ. եթե ոչ ավեր,
         Մոխիր,
                  Լեշ,
                  Արյուն,
             Մահվան խրախճանք,
         Կորուստ,
         Նախճիր,
         Վախճան.
                  Լռություն,
                  Մահվան թույն,
                  Սարսափ,
         Ահ.
Կյանք - հազիվ շնչող,
Թույլ ու արնաքամ.
Մոլեգնո՜ղ մահ,
Մահ-Արքա...
Ու անթաղ դաշտերի վրա
Ցըցված լուսին,
Շնչահեղձ լուսին,
         հեգ.
Երկնքում սառած աստղեր քանի՜, քանի՜,
Խորշերում լռած քամի,
Նիրհող տիեզերք...
...Ելնող արև, որպես վահր,
         որպես թարախ
         ժանգաթույն,
Եվ նորից սավառնող մահ,
         որպես անսանձ նժույգ,
         որպես Վարակ,
         որպես Լռություն...
 
Ահա ավարտված պատկերը ռազմադաշտի,
Որ ինչպես Զրադաշտի
Հոգու երկվությունը,
Թափել է և՛ կյանքի սերմը,
         և՛ մահվան թույնը,
         և՛ տաք ու ջերմը,
         և՛ ցրտությունը...
Ահա և կյանքի սերմը,
Ահա և տաք ու ջերմը,
Մարդը՝ տիեզերքի կենտրոնը,
Կյանքի, Գոյության ոգին,
Նորից առած մուրճ ու մանգաղ
Կելնի ստեղծագործ աշխատանքի...
Խաղաղությո՜ւն,
Հանգի՜ստ,
Աշխատանք խաղա՜ղ,
Արդար Վաստակ,
Քրտինք,
Ջանք,
Եռանդ...
Եվ ահա նորից մանուկները զվարթ կխաղան,
Նորից կըժպտան արև ու երկինք,
Ու տանջանքի տեղ տենչանք
Ու ռումբի տեղ մանգաղ ու կռան
Ու մահվան տեղ կյանքը կըեռա...
Ու կշինվեն քաղաքներ նորից,
Կբարձրանան շենքեր հոյակապ,
Կծաղկի երկիրը թովիչ,
Կծաղկի երկինքը՝ արև հագած,
Եվ ստեղծագործ ձեռքը մարդու
Կկերտե աշխարհ մի՝ Նորը,
Ու կարծես մի ակնթարթում
Կփոխվեն անթաղ դաշտերը,
         ավերակները,
         բոլորը...
Կժպտա աշխարհում Նորը,
Անցածը կըթվա քուն,
Անցածը կթվա երազ,
Կթվա մոռացում,
         միրաժ...
Կթվա, թե երազ էր միայն
Կոտորածը, նախճիրը, մահը,
Կմնա օրերի մումիան
Եվ ժամանակը՝ միակ ճշտապահը...
Կանցնեն տերերը մահառիթ,
Որ պատճառ դարձան մահվան,
Ու սերունդները Գալիք,
Սերունդները Վաղվա,
Կըհիշեն միայն, որ եղել է
Աշխարհում մի տենչանք երազային.
Կտրել աշխարհի թևերը,
Հանուն ազնիվ ռասայի...
Ու կանցնի խոլ անարգանք,
Լուտանքի հեղեղ նրանց սրտով.
Ու կանցնի մի խորին հարգանք,
Մի հարգանք՝ անմահ խորհրդով,-
Դեպի նրանք, որ ընկան անահ
Հանուն հայրենի հողի,
Ջարդեցին մի վայրի բանակ՝
Ավազակ ու գողի...
 
Գալիքի փողոցում անծայր
Կժպտա նրանց անդրին,
Ու նրանց շշուկին պայծառ
Պոետը կունկնդրի,
Գալիքի պոետը՝ խոհերով կայծակ...
 
Ու այնժամ կբացվի գարունը,
Հաղթական գարունը պայծառ,
Ու ընկած զինվորի արյունը
Բեղուն կդարձնի դաշտերը անծայր...
Կծլի շուշանը, վարդը,
Կծլի մանուշակը հողից,
Կբուրի երկիրը թովիչ,
Նորից ու նորից...
 
Եվ դաշտերում, ուր կռնչում էր բուն,
Ցցվում էին բուրգեր մսե,
Ուր հոտում էր մարմին ու արյուն,
Ուր կարկաչում էր խռպոտ խոխոջով
Մարդկային արյան առուն,
Կբացվի մի նոր Այգաբաց,
         մի նոր Առավոտ,
         մի նոր Գարուն...
...........................
...........................
 
Կյանքի, կանաչի ծիլը,
Համատարած գարունը
Կջնջեն հավետ ավերը,
                  մոխիրը,
                  նախճիրը,
Կջնջեն լեշերը, դիերը
         և հոտած արյունը...
Կշինվի աշխարհը նորից,
Կհառնեն քաղաքներ բազմամբոխ,
Եվ տարբեր այդ բոլորից,
Եվ այդ բոլորից տարբեր մի ճամփով
Կհառնի բարձրաբարձր
Ամրոցը Կոմունիզմի,
Ինչպես գրանիտ կարծր,
Ընդդեմ պատերազմի,
Մահվան,
Որպես փարոս վաղվա,
Որպես պայծառ գալիք...
Ուր կյանքը կըկազմի
Մի շքեղ, անանց հարսանիք...
Եվ այնտեղ կհալվի հնի կաղապարը,
Ճորտության փականը,
Կոտորած ծնող ուժը ահագին
Ու կշրջի այնտեղ
Կարմիր Գաղափարը,
Կարմիր Ուրվականը,
Լենինի Ոգին...
Այնժամ Լուսինը,-
(Անառակ լուսինը - չիք)-
Պայծառ երկնակապույտից
Կվազի հետևից աստղերի,
Իր ճամփով բանուկ,
Լուսինը - այս անգամ միամիտ,
Լուսինը - նորածին մանուկ...
 
Եվ այս անգամ, ինչպես մոխրակույտից
Ֆենիքսը առասպելական,
Մեր գոռ ամրոցից կծագի արևը դյութիչ,
Արևը՝ և՛ մոտիկ այնքան, և՛ այնքան հեռակա...
Կծագի նա լույսով ողողելու
Յուրանքանչյուր մութ խորշ և անկյուն յուրաքանչյուր,
Իր հուժկու ուժով հեղեղելու
Քարափներ, ուր շրջում է մահը,
         հառնում է խավարը,
         և բուն է կռնչում...
Ու կբարձրանա արևը զենիթում, որպես Հույս,
Որպես հաղթանակ անմահ Բարու,
Ցրելով բերկրանք, խնդություն ու Լույս
Աշխարհի բոլոր հեռուներում...
 
25.III.1942թ.
Երևան
Lilas