Sevak

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XII

Էլեկտրական լարին միշտ կիպ ու հուպ
Իր եղանով անկոթ
         տրոլեյբուսը
                  մերթ-մերթ
Շաղ է տալիս կայծի խրձեր խառն ու խռիվ,
Շաղ է տալիս այնպես,
Ասես անտես մի մարդ
Ինչ-որ բան է զոդում
Խավարի մեջ,
Օդում:
 
Մեր սրտերն էլ չէ՞ որ զոդված էին իրար,
Զոդված էին՝
         ասես աստծու հենց ի՛ր ձեռքով.
Ո՜չ մի սպի չկար զոդման տեղում:
Զոդված էին՝
         ինչպես մոլեկուլն է զոդված,
Եվ ատոմը...
 
Ու մենք - բաժանվո՞ւմ ենք:
 
Հիմա անգիր գիտի ողջ աշխարհը.
Երբ անբաժանելին բաժանում են՝
Անջատվում է ահե՜ղ մի ջերմություն:
-Վկա՝ ատոմն ինքը:
 
Իսկ մեր բաժանումից... ծնունդ կառնի
Մի այնպիսի՛ ահեղ սառնամանիք ու ցուրտ,
Որ չի կարող չազդել եղանակի՜ վրա:
-Վկան՝ բևեռները...
Lilas