Sevak

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

XIII

Իրոք՝
         սառնամանի՜ք,
Այնպիսի՛ ցուրտ իրոք,
Որ կարող է նույնիսկ ահաբեկել
Դեռ նոր սիրահարված այն զույգերին,
Որոնք հանդիպումի այլ տեղ չունեն,
Բացի փողոցներից ձմեռնաշունչ:
 
Տեղ չունեինք մե՛նք էլ:
 
Ու ցրտի մեջ ձմռան
Քայլում էինք՝
Ասես կոխկըրտելով
Ոչ միայն ձյուն-սառույց,
Այլև ժամ-ժամանակ:
Իսկ մեր շրթունքներից ու ռունգներից
Ընդհատ պոռթըկացող շնչառությունը տաք
Ասես ծուխը լիներ այն լուռ կրակոցի,
Որ «սոլյուտ» է կոչվում օտար բառով...
 
Քայլում էինք՝
         գուցե ցրտից սրթսըրթալով
Ու թերևըս ցրտից փոքր-ինչ և կուչ եկած,
Բայց... տաքանում էին մեզ նկատող մարդիկ...
 
Սառնամանիքի մեջ անծայրածիր
Քայլում էինք այնպես, ինչպես հավանաբար
Երկրագնդի երկու սառած բևեռների
Հայտնագործողներն են քայլել մի օր...
 
Եվ մենք ինչո՞վ չէինք հայտնագործող, ասա՛:
Ես քե՛զ էի գտել,
Գտել էիր դու ի՛նձ...
Lilas