IV
Ես սառույցի նման կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում,
Եվ ինձ... ինձ չէր փրկի
Եվ ո՛չ մի սառնարան՝
Վերջին «մարկան» վրան:
Ես թշնամո՛ւս անգամ չեմ կամենում
Տնաբույս ճյուղ լինել արմավենու՝
Լուսամուտի գոգին,
Կըճուճի մեջ կավե,
Եվ կամ լինել ոսկե-չգործածվող գավե՜ր...
Չէ՛, ես սառույցի պես կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում:
Բայց... ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին,
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դո՛ւ,
Դո՜ւ ես տանտիրուհին:
Բա՛րձըր,
Բա՜րձր է հնչում.
«Իմ սիրելի՜»,
«Իմ սե՜ր»:
Բայց ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քեզ շշուկով, ան-ծա՜յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.
«Իմ կի՜ն»...