Sevak

ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ

XI

Ու մեր սերը բացվեց, 
Բերնեբերան անցավ.
Օրվա հերոս դարձավ
Ու նյութ օրակարգի:
 
...Ու ես էլ իմ կարգին 
Խոսք տվեցի, անգի՛ն,
Այսուհետև էլ քեզ... քե՛զ... չսիրե՜լ,
Իշխել հոգուս վրա, 
Սրտիս տիրել...
 
Ա՜խ, սրտի տեղ եթե լիներ լեզո՜ւն,
Որ խոստացավ հանգիստ քեզ չսիրել:
Հասկանո՞ւմ ես, թե ես ինչ եմ ասում,
Հասկանո՞ւմ ես արդյոք. քե՛զ... չսիրե՜լ...
 
Գուցե գիտակցաբար ես ստեցի՞,
Գլուխս ազատեցի՞:
Չէ՜, պարզապես
Կարծես ընդունված է ժողովներում
Ուրի՛շ տեսակ խոսել:
Ինչպես ընդունված է ժողովներում՝
Նույնն արեցի ես էլ...
 
Բայց և այնպես հիմա ա՛յլ լեզվով են խոսում
Այս տողերը:
Բարեկամնե՛ր,
Անգի՜ն,
Այսօր ես հուզվել ու սրտնեղել եմ:
Բարեկամնե՛ր,
Անգի՜ն,
Չէ՞ որ խոսք եմ տվել էլ չսիրել,
Չէ՞ որ խոստացել եմ իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...
 
Խոստացել եմ:
         Սակայն
Եթե բան դուրս չգա՞...
 
Թո՛ղ որ ասեն, թե սա
Սովետական մարդուն բնա՜վ սազական չէ,
Թո՛ղ որ ասեն, անգի՜ն,
Որ մեր սերը կյանքում բնա՜վ տիպական չէ,
Թո՛ղ որ այդպես:
         Սակայն
Չէ՞ որ կյանքում նա կա,
Չէ՞ որ արժան գտան նրան նիստի տանել,
Քննարկումից հետո կեսլուրջ ու կեսկատակ 
Չէ՞ որ խորհուրդ տվին.
-«Կարելի՜ է անել...»:
 
Ո՛չ: Միայն ո՜չ այնպես, ինչպես հարմար գտան:
Ես գործ ունեմ մարդկա՜նց,
Ո՛չ թե ամեն կարգի նրանց խորհըրդի հետ.
Ո՛չ թե թաքուն կապի,
Ես գործ ունեմ միայն սիրո ու սրտի՜ հետ...
Lilas