Ես լա՛վ գիտեմ.
Այստեղ հերոսություն է պետք,
Հերոսություն է պետք՝
Ինչպես երեկ կռվում:
Փոքրոգություն կյանքում ես չեմ արել երբեք,
Մահվան հանդեպ վախից չեմ կորանում-կեռվում:
Ճանաչում եմ և քե՛զ.
Մենք հեռու չենք հիմա
Հերոսական քայլից։ Բոլորովի՛ն:
Ինքըդ Զոյային ես անհունորեն նման,
Իսկ ես շատ եմ սիրում Մատրոսովին:
Սակայն այստեղ մահով բա՜ն չես շահի,
Իզո՛ւր բան է հիմա դիմել մահի:
Նա չի կարող այստեղ ցույց տալ մեզ օգնություն։
Երեկ՝ կռվում մահը հերոսություն էր մեծ,
Այսօր՝ աններելի փոքրոգություն:
Երեկ այնտեղ մահով շահում էիր դու կյանք,
Մահըդ նոր կյանք դարձնում,
Այսօր այստեղ մահով,
Քո մի՜ հատիկ մահով,
Երեք կյանք ես կորցնում.-
Երկու՝ ամբողջովին, ու երկու՝ կես.
Փոքրիկ որդիդ՝ կիսո՛վ,
Նրա հայրը՝ կիսո՛վ,
Ամբողջովի՜ն՝ դու ինձ
Ու ես էլ՝քեզ...
Իսկ թե փոթորիկ է սա մի բաժակ ջրո՞ւմ:
Թո՛ղ որ այդպես,
Սակայն նա կյա՜նք է կործանում:
Իսկ թե մի հարց է սա,
Որ փակ նիստից պիտի լայն ասպարեզ քաշվի՞.
Իսկ թե մի հարց է սա,
Որի մասին պիտի ամբո՛ղջ ձայնով խոսվի:
Խոսվի բա՜րձըր և բա՛ց,
Եվ ո՛չ լոկ մերպեսի,
Այլև բոլո՜ր նրանց,
Բոլոր նրա՛նց մասին,
Ովքեր կես լրջորեն ու կես կատակ
Վաղը մեր նմանին խորհուրդ կտան.
-«Կարելի՜՜ է անշուշտ,
Մարդը մարդ է, քար չէ...»:
Չէ՜, նման խորհուրդը մեզ համար չէ։
Չէ՜, նման խորհուրդը մեզ հարմար չէ,
Մեր աշխարհի՛ն նման ու հարմար չէ:
Թեկուզ նրա՛ համար մեզ հարմար չէ,
Որ մարդն, այո՛, մարդ է, մարդը քար չէ։
Թեկուզ նրա՛ համար մեզ հարմար չէ,
Մեր աշխարհի՛ն նման ու հարմար չէ,
Որ նա մեր աշխարհն է,
Նա հին Սպարտա՜ չէ,
Որտեղ դատում էին ու խիստ պատժում գողին
Ո՛չ հափշտակության,
Ո՛չ էլ գողության մեջ խառնըվելու համար,
Այլ լոկ անբավարար ճարպըկությա՜ն՝
Բռնըվելո՛ւ համար:
Իսկ մենք...
Իսկ մենք չէ՞ որ դեմ ենք ամե՛ն տարողության,
Ամե՛ն չափսի գողի,
Եվ առավել ևըս՝ լա՛վ գողության,
Եվ առավել ևըս՝ ճարպի՛կ գողի...