XIV
Իսկ ի՞նչ անել հիմա:
Անուղղելի-հիմար
Սիրտըս ահա նորից
Կուրծքըս այնպե՛ս թակում,
Այնպե՜ս է տկտկում,
Կարծես թե Մորզեի այբուբենով
Ամենքին է դիմում մի զուսպ քենով,
Ամենքին է տալիս իր նույն հարցը հիմար,
-«Իսկ ի՞նչ անել հիմա»...
Սիրտըս մոլեգնորեն կուրծքս է ծեծում,
Ինչ-որ մեկն էլ
Դուռն է ծեծում հուշիկ:
Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում:
Դուռն եմ բացում -
Եվ ի՜նչ.
Դո՛ւ ես, իմ անգին՜ըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս,-
Որ չգնա՛ս,
Մնա՜ս,
Ընդմի՛շտ մնաս...
Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո՛վ, ցավո՛վ լեցուն,
Տագնապներո՜վ լեցուն
Այս աչքերին:
Մի՛ տագնապիր, ոչի՜նչ, առանձին բան չկա՛.
Թո՛ղ որ քո մանկիկը ինձ անվանի «քեռի»,
Բայց նա «քույրի՜կ» կասի վաղը մեր աղջըկա՛ն...