Sevak
ԱԿԱՆՋԴ-ԲԵՐ-ԱՍԵՄ

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐ

Հուսահատության պահե՞ր։ 
Ինչպե՜ս չէ. 
Լինում են, լինո՜ւմ, 
Նույնիսկ ավելի՛, քան հարկավոր է։ 
 
Հուսահատվում եմ ինքըս ինձանից. 
 
-Երբ շատ լավ գիտեմ, 
Որ պետք է ասել «այո», 
Մինչդեռ ես «ոչ» եմ բղավում... 
 
-Երբ ես՝ խելահաս ու հասուն արդեն, 
Երեխայի պես այն եմ դուրս տալիս, 
Ինչ տան գաղտնիք է. 
Փոքըր տան թե մեծ,- 
Մի՞թե նույնը չէ... 
 
-Երբ իմ սիրածից չհիասթափված, 
Ավելին՝ նրան դարձյա՛լ սիրելով՝ 
Հափըշտակվում եմ նորահայտ մեկով... 
 
-Երբ ես հենց այսպե՛ս անկեղծանում եմ՝ 
Ի՛նքս էլ, ա՜խ, ի՛նքս էլ լավ հասկանալով, 
Որ արդեն այսչափ անկեղծանալուց 
Մինչև երջանիկ հիմարությունը 
Կես քայլ է միայն... 
 
-Հուսահատվում եմ նաև ա՜յն բանից, 
Թե որքա՞ն պիտի դեռ հուսահատվեմ 
Ինքըս ինձանից...
Թիֆլիս
26.XII.1959թ.
Lilas