Sevak
ԳԻՐՔ-ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵՍ, ՈՐ ԵՍ ՉԵՄ

Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նո՛ւյնը մնացի.
Ես նորից իմ տեղը դարձա՝
Որքան էլ հեռու գնացի:
Հազա՜ր խոչ ու քարեր կային
Իմ անցած ճանապարհի մեջ,
Կար սև ցավ
Ու կարմիր արյուն
Ամեն խոչ, ամեն քարի մեջ:
Ոտ տալով՝ գետին փռեցին,
Ջարդեցին իմ կողն ու քիթը,
Բայց նույնիսկ իմաստո՛ւն դարձած՝
Մնացի նո՜ւյն միամիտը.
Գնացի նո՛ւյն ճանապարհով
Ու եկա նո՛ւյն ճանապարհով...
 
Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նո՛ւյնը մնացի:
Իրենց բիրտ արարմունքներով
Ինչքա՜ն էլ մարդիկ վանեցին,
Ինչքա՜ն էլ սուր արմունկներով
Կողերիս հոգին հանեցին,
Նրանց դեմ ես քեն չարեցի,
Հաշտության եզրեր ճարեցի՝
Մտնելով իմ հին դերի՛ մեջ.
Մնացի ընկե՛րը նրանց,
Բարեկամն ու մտերի՛մը...
Թվում է՝ դավաճանեցի
Սերերիս իմ ամբողջ կյանքում՝
Իմ ապրած վաթսուն դարի մեջ:
Բայց սուտ է.
Իմ ամբողջ կյանքում
Ես եղա ու միշտ մնացի
Էլի նո՜ւյն հավատարիմը:
Գեղեցի՛կն իր տեսքը փոխեց,
Մինչդեռ ես մնացի նո՛ւյնը՝
Գեղեցիկ մերկություն պաշտող
Հայ ծնված միևնույն հույնը,
Որ իր կարճ-անցողիկ կյանքում՝
Իր ապրած վաթսուն դարի մեջ,
Մի՜շտ մնաց իր պաշտամունքի՝
Իր սիրո հավատարիմը...
 
...Գուցե ես բնա՛վ էլ ես չեմ.
Պարզապես ցավի ծառան եմ,
Որից ես թակվո՜ւմ եմ-թակվո՜ւմ՝
Փոշոտված գո՞րգ թե թաղքի՛ պես:
Գուցե ես բնա՛վ էլ ես չեմ.
Պարզապես այն կացարանն եմ,
Որտեղ մեծ Սերն է բնակվում
Եվ կողպեք չունի դռանը.
Գերզգա զանգածաղկի՛ պես՝
Դուռն ինքն է բացվում ու փակվում...
Դիլիջան
21.III.1964թ.
Lilas