Sevak
ԳԻՐՔ-ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԻՆՁՆԻՑ, ԹԵ ՔԵԶՆԻՑ

Թեպետ ինքըդ մրրիկի մեջ,
Ինքդ էլ մրրիկ մի կատաղի,
Այսուհանդերձ մի՛ մոռացիր, որ մրրիկը
Տանիքներ է քշում-տանում,
Ու ջարդում է ծառեր հսկա,
Բայց արմատից նա չի հանում
Ո՛չ խոտ, ո՛չ էլ դաշտածաղիկ...
 
Երբ վերջանա մրրիկն այս մեր,
Ես կգնամ, հավանաբար, զբոսնելու
Եվ կավերեմ իմ ոտքերով
(Յուրատեսակ մրրիկի պես)
Ծաղիկների միատեսակ սանրվածքը
Եվ թերևըս կխաղաղվեմ՝
Մտածելով,
Որ ավագ է իմ սերն ինձնից.
Նա ծնվել է ինձնից առաջ՝
Իմ հեռավոր նախնիների սրտի խորքում,
Նրանց գործոն շնչերակի դադարի մեջ,
Բայց և ինձնից շատ ավելի կրտսեր է նա
Ու երբևէ չի ծերանա՝
Փոխանցվելով...
 
Իսկ քանի դեռ փոթորիկը չի վերջացել,
Թույլ տուր գոնե կառչել հիմա ձեռքին քո պաղ,
Որ մեկնում ես անջատումի այս վայրկյանիս
Այնպե՜ս դյուրին և անտարբեր,
Ինչպես օտար մեկի հետ են ծանոթանում:
 
Բայց մենք... ա՛յլ կերպ ծանոթացանք,
Եվ այս ձեռքն էր առաջինը,
Ինչ քեզանից ունեցա ես:
Նա դառնում է և վերջինը,
Ինչ քեզանից ինձ է մնում:
Եվ արժի՜ նա երախտագետ իմ սեղմումին...
Իսկ մենք հիմա, այս մրրիկով, անջատվում ենք,
Որ... ձեռքն իմ այս
Այս սեղանից մնա առկախ,
Ինչպես... լքված մի առարկա...
Որ... աչքերիս հին թաղանթին
Մնան նոր-նոր կարկատաններ...
Որ դաջվածքներ՝ մարմնին և՛ իմ, և՛ գուցե քո,
Ինչպես մարմնին ա՛յն կենդանու,
Որով բախտ ու սեր են փորձել
Եվ որին մեր նախնիները
Մկրտել են «զատիկ» անվամբ...
 
Անջատվո՜ւմ ենք...
Բայց մեզ վրա, անջատ-անջատ,
Թող իրե՛րը չգերիշխեն
Եվ չհեծնեն դեպքե՛րը մեզ:
Թող դու գտնես գոնե այնքա՛ն,
Որքան, ասե՞մ, ես եմ կորցնում...
Թող ծառերը իրենց ճոճքով
Մշո՛ւշն ավլեն մեր կտրելիք ճանապարհից,
Ու հա՜րթ լինի ճանապարհն այդ՝ գոտո՛ւդ նման,
Հենց ա՛յն գոտուդ,
Որ չգիտեմ և չգիտես՝ ո՞վ կարձակի...
 
Իսկ մեծ բա՞ն ես դու համարում
Մեր նետվելը այսկողմ-այնկողմ:
 
Օ՜ֆ, հասկացիր գոնե հիմա՛.
-Երբ ինքներս ենք փախչում մեզնից՝
Մոտենում ենք մեզ առավե՜լ...
Ծայրամաս ենք ուզում գնալ,
Բայց խրվում ենք մեր կենտրոնո՛ւմ...
 
Գոնե հիմա՛ դու հասկացիր...
-Լուսավոր է կյանքը թվում
Լոկ այնքանով և լոկ այնժամ,
Երբ գնում ես քեզնի՜ց այնկողմ,
Ազատվում ես ինքըդ քեզնի՜ց...
 
Իսկ դու հիմա, հեռանալով,
Ազատվում ես ինքըդ քեզնի՞ց,
Թե՞ ընդամենն ինձնից միայն...
Երևան
24.II.1964թ.
Lilas