«Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ»
Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի...
Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:
Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:
Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:
Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական...
Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:
Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում...
Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:
Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ...
Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:
Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ,
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ...
Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից...
Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:
Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:
Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում...
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում -
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս...
29,31.I.1962թ.