Երգի ստեպում հազար շավիղներ,
Հազար արահետ, ճամփաներ բազում,
Ինչքան սեգ քնար, քանի տավիղներ,
Ինչքան հնչյուններ, մտքեր երազուն:
Բայց այդ բազմուղի լաբիրինթոսում,
Ուղիներում այդ հեշտին ու դժվար,
Ընկած երգերի հերկած ակոսում,
Դարձել եմ ես խոհերի ավար,
Խոհերի առաջ՝ թեքած պարանոց,
Խոհերի առաջ՝ մի նվաստ հոգի,
Խոհերի առաջ՝ խեղճ ու վարանոտ,
Խոհերի առաջ՝ բարդ ու անմեկին...
Կյանքն էլ է այդպես դժվար ու հեշտին
Վերխոյացումով, վարիջումով լի.
Կյանքն էլ ողջույնի և հրաժեշտի
Համբույրներով է անիմանալի.
Կյանքն էլ է նրբին, կյանքն էլ պահանջկոտ,
Կյանքը կարոտ է իր երգը լսել.
Կյանքը պճնված, բայց նաև բոկոտն,
Կյանքը - մշուշոտ, կյանքը - վառ, լուսե...
Ու այդ կյանքն ահա ինչպե՞ս ընդգրկել,
Ծավալը չափել երգի մենզուրով...
Երգերը՝ գրված երգերից գրքե,
Կարո՞ղ են միթե անձրևաջրով
Օծանել կյանքի դեմքը բազմանիստ,
Պատկերել նրան... ղողանջը գոնե,
Որպես ցոլք ու փայլ սփըռել հանգիստ,
Որպես եղածի նկար անգունեղ
Մատներով վարպետ լավ ուրվագծել
Այնպես, որ կյանքը չայլանդակվի,
Որ չխառնվեն բծեր ու գծեր
Եվ կյանքն անկաշկանդ գեթ չըվանդակվի...
Ու դրա համար իմ մանուկ հոգով,
Իմ անվարժ գրչով, թույլ ուժերով իմ,
Իմ հայրենիքի երկնքի ներքո
Պիտի երգեմ նորը բոլորովին:
Պիտի կաշկանդված իմ հոգին սուրա,
Ինչպես հողմը խենթ փոթորկի ժամին,
Թափառի անհաս եզերքի վրա -
Պայծառ գալիքի սեգ ճանապարհին:
Պիտի իմ երգը ծնվի կյանքի մեջ,
Կյանքի գրկի մեջ... կյանքից գոյացած,
Պիտի որ դառնամ կյանքի բանաստեղծ,
Կյանքի զորությամբ բարձր խոյացած:
Ու դրա համար ծառանամ պիտի
Հին անեծքային օրենքների դեմ,
Որ երգս կապի ծիածան-գոտի,
Որ հոգիս դառնա խնդության եդեմ:
Ու պիտի շուռ տամ գլուխս հպարտ
Բյուր ճամփաներից, շավիղներից բյուր,
Ինչպես աքսորից փախած թիապարտ,
Թափառումներին տամ հազար համբույր...
Պիտի ջարդոտեմ ամեն մի կապանք,
Ամեն մի շղթա՝ հոգիս կաշկանդող,
Որ կյանքը երգիս մեջ էլ մնա կյանք,
Որ չլինեն տողեր՝ խոհերըս բանտող...
Եվ ահա հոգիս այս հուզումով լի՝
Կանգնած է ահա լուռ ու վարանոտ
Բյուր ճամփաներում անիմանալի,
Քայլելու համար գեթ ուղու կարոտ...
...Հին ճամփաների լաբիրինթոսում,
Որպես գնացող անտես իոններ,
Տենչանքները իմ հեռու են հոսում,
Իսկ ես որպես մի խիզախ պիոներ -
Հոգուս մեջ - ձգտում, գլխիս մեջ - խոհեր,
Շեփորում եմ գոռ հաղթանակի մարշ:
Եվ եթե հանկարծ հրացանը իմ
Դեռ չկրակած անօգուտ պարպի,
Թող այս երգն իմ - հոգուս մտերիմ,
Դառնա իմ հոգու երգը կարապի...