1
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ես Գարունի օրագիրն եմ,
Առաջին Գ նրա գիրն եմ,
Որ գրում եմ ինքս ինձնով,
Երբ կանգնում եմ իմ մի ոտիս
Ու մի թևով բռնում գոտիս:
2
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ես սպիտակ-սպիտակ եմ,
Բայց Գարունի սևագիրն եմ:
Երբ ձեզ մոտ եմ` մի թռչուն եմ,
Որ գարուն է միշտ ձեզ բերում:
Երբ ձեզ մոտ չեմ` թևեր չունեմ
Ու չեմ թռչում ես ամպերում:
Երբ ձեզ մոտ չեմ` ճիշտ ձեզ պես էլ
Երկու ձեռքով մարդ եմ ես էլ:
Աշխատում եմ ամբողջ աշուն,
Ձեզնից էլ շատ, ձեզնից էլ շուտ:
Աշխատում եմ ամբողջ ձմեռ...
Ձեր գործից շատ է գործը մեր
Ու մեր բեռը`այնքա՛ն ծանըր,
Որ թվում է ձերը մանըր:
Երբ հասնում է գարունը տաք,
Արեգակն է վերից շողում,
Ու բացվում է սառույցը փակ,
Քիչ է մնում փափկած հողում
Խրվենք գնանք մինչև հատակ:
Դրա համար առնում թևեր,
Հողից պոկվում, թռչում ենք վեր,
Ու գալիս ենք աշխարհը ձեր,
Ուր ձեր բեռը թեթև է դեռ,
Եվ ձեր բեռան ծանրության տակ
Դեռ չենք գնում դեպի հատակ:
3
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ձեր փրկության հեռագիրն եմ:
Դուք մի՛ հարցրեք սրան-նրան,
Թե ինչո՞ւ եմ ես միշտ կանգնում
Ոչ թե երկու ոտի վրա,
Այլ` մի ոտի:
Ով չգիտի
Թող հիմա նա
Լավ իմանա.
Ես կանգնում եմ միշտ մի ոտի,
Որ դրանով թեթևանա
Ձեր աշխարհի ծանըր բեռը,
Որ ձեր հողն էլ, ինչպես մերը,
Շատ չփափկի ձեր բեռան տակ,
Ու չխրվեք մինչև հատակ
Կամ ստիպված առնեք թևեր,
Ձեր հին բույնը թողնենք ավեր...
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Իմ աշխարհի տարագիրն եմ...