Տեսե՛ք` Վագր է սա,
Իսկ սա էլ կատու:
Իրար նման չե՞ն,
Բա չե՞ք նկատում,
Որ կարծես Վագրի քթից է ընկել
Ձեր լավ խաղընկեր,
Մեր ընկեր Կատուն:
Այնպես է եղել, որ իսկապես է՛լ
Վագրը մի ցուրտ օր
Շա՜տ, շատ է մրսել,
Իսկ մութ անտառում`
Ի՜նչ դեղ ու բժիշկ,
Մրսած Վագրին ո՞վ կամ ինչպե՞ս բուժեր:
Ու փռշտում է Վագրը շատ ուժեղ:
Եվ նրա քթից մի բան է կաթում,
Որ տեղն ու տեղը դառնում է... Կատու:
Դրա համար էլ նման են այդքան
Մեր ընկեր Փիսոն և Վագըր արքան: