Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտըս գերում են:
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածըս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջում են:
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ:
Նաև ատում եմ,
Եթե ստում են:
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատո՜ւմ եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՜ւմ եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկընվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՜ւմ եմ,
Որ անհնար է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկընքից ծավի...
Ինչո՞ւ թաքցընեմ,
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի՜նչ ասես չկա նրա փակ սրտում:
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո՜րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեռքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նո՛ւյն այդ ձեռքերով՝
Ե՛վ ճրագ մարել,
Ե՛վ խարույկ վառել:
Նո՛ւյն այդ ձեռքերով՝
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել:
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե՜լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե՜լ գիտի:
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևըս՝
Գիտի ստեղծե՜լ:
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմըն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո՜ւմ եմ:
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը՝
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա՜նը
Ու բարությա՜նը.
Ո՛չ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկընվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել՝ նրա ծնվելիք որդուն:
Ես հավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս էլ կթռչի,-
Նոր է սկըսում տիեզերական ճամփորդությունը:
Եվ Վեներայի լանջին կկառչի,-
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե՜ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը:
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչև իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի՜ ճար կանեն,
Տե՛ղ կհասցընեն...
Ես հավատում եմ հավատի՜ն մարդու՝
Իմ ա՛յս հավատին...
02.VI.1957թ.