Ես հիանում - հրճվում եմ՝
Ե՛վ քուն մտած քարափով,
Ե՛վ արթնացնող տարափով.
Մանուկների և՛ խաղով,
Ե՛վ կրկըրան ծիծաղով,
Որից նրանք ո՛չ հոգնում,
Ո՛չ կարող են հագենալ:
Ես հիանում - հրճվում եմ՝
Մինչև անգամ և անհամբույր մետաղով,
Եթե արդեն առյուծ կըտրած՝
Հալոցքի մեջ շեկ է նա,
Բայց և գիտես, մե՜կ է, նա
Ա՛յ - ա՛յ պիտի՝ կատու դարձած՝ լուռ հոսի,
Դառնա կալսիչ,
Տպագըրիչ մեքենա,
Ինչպես նաև շքանշան հերոսի,
Նույնպես կնոջ ու հարսի
Կրքոտ վզնոց,
Փառավորվող լանջափակ,
Խանդոտ գոտու փակ ճարմանդ...
Ես հիանում - հրճվում եմ՝
Տարբեր վարքի
Ու բարքի տեր գետերի
Խելացնոր ու մարմանդ,
Լուրջ ու կայտառ հոսանքով՝
Ինչպես կանանց ոտերի
Կտկտացող նազանքով,
Որոնց հետքը փոշեթաթավ մայթերին
Շատ է նման ծանոթ կախման կետերի...
Ես հիանում - հրճվում եմ՝
Երկինք մաքրող որոտով,
Գառնուկների նոր հոտով
Կարկատանված արոտով,
Մինչև անգամ և սերմնաթափ առէջքով-
Միայն՝ տակը հող լինի,
Մինչև անգամ նաև լվի թռիչքով-
Միայն՝ թռի՜ք թող լինի...
Թե չեք հաշվի անհամեստ
Ու չեք գտնի անհարմար՝
Ինքըս ինձնից անջատվում
Ու հրճվում եմ մի քիչ նաև ինձանով՝
Երբ որ ինքըս ինձանից
Հոտն եմ առնում ինքնայրմա՛ն,
Սուրբ քըրտինքի՛,
Եռեփ եկող հնձանի՜...
27.V.1957թ. 23.XI.1957թ.