Sevak
ՆՈՐԻՑ-ՉԵՆ-ՍԻՐՈՒՄ-ՍԻՐՈՒՄ-ԵՆ-ԿՐԿԻՆ

ԱՎԵԼՈՐԴ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ

Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով...
 
Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ՝ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:
 
Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա... քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:
 
Ես կանչում եմ նրան քո անունով
Ու... տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:
 
Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կոչում էին ոգիներին բարի...
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:
 
Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում իրոք ո՛չ մի ոգի...
 
Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում... քո՛ անունով:
Դիլիջան
20.III.1964թ.
Lilas