Իսկ ինձանից
Ինչո՞ւ ես դու այսպես քաշվում և ամաչում:
Ին՜չ է, մենք նո՞ր ծանոթացանք,
Իրար դեռ լավ չե՞նք ճանաչում:
Բայց, ամաչկո՜տ իմ սիրելի, ես քեզ գիտեմ
Ու սիրում եմ առնվազն մի 40
Կամ... 4000 կարճլիկ տարի:
Դու ինչպե՞ս ես դա մոռանում
Ու քեզ պահում այնպես քաշված և ամոթխած,
Կարծես նոր ենք ծանոթացել
Ու դեռ կարգին չենք ճանաչում մեկըս մեկին:
Չէ՜, սիրելի՛ս,
Մենք նորասեր զույգ չենք, բնա՛վ:
Սիրո քայլող հուշարձա՜ն ենք`
Վաղնջակա՛ն և հինավո՛ւրց:
Ես քեզ անգիր ու գոց գիտեմ` կրակի՜ պես,
Ա՛յն կրակի,
Որ ստվերով մեզ նկարեց քարանձավի պատի վրա
Եվ բոցեղեն իր տագնապով ճիշտ թարգմանեց
Քո խլի՛րտը,
Իմ խայտա՛նքը,
Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ընդգրկո՛ւմը,
Որից դիցեր և աստվածներ ծնունդ առան`
Մեր մեծացած մանուկների ծանոթ տեսքով...
Եվ դարերը մենք կարող ենք հաշվել այնպես,
Ինչպես մանկան ատամները`
Գորովանքով մի կաթոգին...
Մեր սիրո մեջ ձմեռում են առասպելներ,
Ասքեր նիրհող,
Որ մեր ամեն մի հպումից
Արթնանում են հանգստացած,
Դրանից էլ հին աշխարհն է միշտ նորանում
Յուրաքանչյուր նո՛ր սիրո հետ`
Մե՛ր սիրո հետ:
Եվ նոր սիրով հին աշխարհի նորացումն է
Մինչև անգամ կրկնությունը քո ամոթխած շարժուձևի,
Այս քո երկչոտ տատամսումը,
Անգիտակից այս քո վախը,
Առանց որոնց սկի՛զբ չկա, սկի՛զբ, սկի՜զբ...
Իսկ սիրո մեջ ամե՛ն սկիզբը միշտ տարբեր է.
Վերջն է նույնը:
Վերջն է նման:
Սակայն մե՜զ ինչ վերջը սիրո:
Վերջի մասին թող մտածի վերջացողը:
Մերն սկիզբն է:
Եվ ուզում եմ, որ սկիզբը լինի այնպես,
Ինչպես (հիշի՜ր) ա՛յն ժամանակ,
Երբ կրակը մեզ նկարեց իր ստվերով
Քարանձավի խոնավ պատին
Ու բոցեղեն իր տագնապով ճիշտ ու ճկուն կերպավորեց
Քո սարսո՜ւռը,
Իմ թրթի՜ռը,
Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ճարակո՜ւմը,
Որով կյանքի կրակը միշտ մնաց անշեջ`
Ծխանման տառապանքով
Եվ բոցաձև երջանկությամբ:
Իսկ աշխարհում
Երջանկությունն ավելի է տարողունակ,
Քան տանջանքը,
Թե չէ սողուն ժամանակը այսպես արագ չէր սլանա`
Երջանկության ժամը վայրկյան դարձընելով...
Ուրեմն արի մենք իրարից զուր չամաչենք`
Շատ չծխանք,
Որ սերն ազատ շարունակվի, իբրև զուտ բոց,
Իբրև սնունդ մերատիպար աստվածների....
Ա՛յն, ինչ կյանքում մոռացվում է, միշտ չէ, գիտե՛մ,
Որ իսկապես արժանի է մոռացության:
Բայց մոռացի՛ր քո վարանքը,
Քո ամաչկոտ շարժուձևը,
Որովհետև մերպեսների համար, գիտե՞ս,
Ամաչելն է արդեն ամոթ:
Բացվի՛ր:
Բացվե՜նք:
Եվ մոռանանք,
Որ մենք նոր ենք ծանոթացել:
Բացվի՛ր:
Բացվե՜նք.
Որ արթնանա
Մեր հոգու մեջ դարեր նիրհող
Մտերմությունն ամենահաղթ,
Եվ մենք`
Բռնած իրար ձեռքից,
Ե՜տ ճամփորդենք` հեքիաթի պես` դեպի այնտեղ,
Որտեղ էինք մի 40 կամ... 4000 տարի առաջ,
Եվ այնտեղից նո՛ր սկսենք
Ճանապարհը մեր նո՛ր սիրո.
Վերադառնանք մենք... դեպի մեզ,
Մենք... դեպի մեզ...
16.III.1964թ.