1.
Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի։
-Սերն է։
Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր։
-Սերն է։
Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես։
-Սերն է…
2.
Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից,
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված։
-Սերն է։
Քներակիդ զարկը կաթոցքի է նման,
Ա՛յն կաթոցքի, որ (ճի՜շտ) քար է ծակում։
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ։
-Սերն է։
Քնքշացել ես այնքա՜ն
Ու խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի։
-Սերն է։
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,-
Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...
-Սերն է...
10.III.1964թ.