Sevak
ՆՈՐԻՑ-ՔԵԶ-ՀԵՏ

ՁՅՈՒՆԸ

Սիրում եմ ես ձյունը:
 
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է 
Անտես երկինքներից այս մայթերին,
Եվ մեծաքա՜յլ , դանդա՜ղ դու շրջում ես,
Ինքդ էլ չիմանալով անրջում ես
Այն, ինչ կյանքում վեհ է և անթերի:
 
Սիրում եմ ես ձյունը:
 
Երբ որ նա իջնում է,
Դու հիշում ես հանկարծ 
Անցած տարիներիդ խայտանքը մանկական,
Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է:
Դու հիշում ես հանկարծ
Երբե՜ք չմոռացված այն աղջըկան,
Որի թարթիչներին իջած ձյունը 
Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը…
 
Սիրում եմ ես ձյունը:
 
Երբ որ նա իջնում է,
Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես,
Որ գալիքը, վաղը, որ ապագան
Քեզ չտեսած անգամ՝
Ճանաչում է:
Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է.
Քաղցր է թվում, որ դու
Այս կյանքում չես ծնվել օրապակաս,
Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս,
Որ շնչո՜ւմ ես…
 
Սիրում եմ ես ձյունը:
 
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջել է,
Երբ իջել է նաև լռությունը,
Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով,
Դու զգում ես նրա 
Փխրունության վրա
Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը... 
Մոսկվա
II.1955թ.
Lilas