Sevak
ՆՈՒՅՆ-ՀԱՍՑԵՈՎ

ԵՐԲ ՄԱՐՍԻ ՎՐԱ ԶԲԱՂՎԱԾ ԷԻ...

Երբ Մարսի վրա զբաղված էի երկրագործությամբ`
Երազկոտ նստած իմ քաղաքային նեղլիկ սենյակում,
Իմ խեղճ դռնակը հանկարծ ենթարկվեց ահեղ փորձության.
Դու էիր թակում.
 
Ես դա զգացի,
Ինչպես թռչունն է զգում վերահաս փոթորկի շունչը`
Թռչունն այս դեպքում բույնն է շտապում,
Իսկ քանի որ ես իմ բնումն էի,
Էլ ի՞նչ էր մնում,
Որ ի՛նչ անեի.
Ու ես փակեցի աչքերըս վախով,
Թերևս ակամա ես հետևեցի
Ջայլամի հիմար իմաստնությանը:
Իսկ դու որսորդ ես.
Եվ չսպասեցիր իմ «համեցեք»-ին,
Ի՛նքըդ ներս մտար:
 
Աստվա՜ծ իմ,
Չէ՞ որ մի փոքըր առաջ
Ես Մարսի վրա
Զբաղված էի երկրագործությամբ:
Եվ ահա փչեց քամին փորձության,
Եվ ահա խոփըս դիպավ ժեռ քարին,
Իսկույն չքացան ցորենն ու գարին,
Դեմըս լոկ մնաց դեմքն այդ ցորնագույն
Ու գարեհատիկ վզնոցը զնգուն,
Մնացին միայն աչքերը`
Նրա՜նք,
Որ միշտ կյանքիս մեջ ցանում են վարանք...
 
Ես չէի նայում աչքերին, դիտմա՛մբ,
Որ կեռ հոնքերի բացմամբ ու կիտմամբ
Փոխում են և՛ ձև,
Ե՛վ ցոլք ու երանգ:
Ես չէի նայում,
Բայց զգում էի,
Որ պիտի նայե՛մ,
Որ չե՜մ դիմանա,
Եվ նայեմ թե չէ`
Իսկույն կիմանա,
Որ իմ կյանքի մեջ ոչի՜նչ չի փոխվել,
Որ առաջվա պես այդ ինքն է մխվել,
Մխվել իմ կյանքում,
Մխվել` որպես սեպ,
Որ ո՛չ ճեղքում է,
Ո՛չ դուրս է գալիս...
 
Ես չէի նայում,
Որ անինքնասեր իմ լեզուն հանկարծ
Չասի. «Ցանկալի՜ս»։
 
Եվ իմ ցավատանջ գլխի կեսդարձով,
Առանց նայելու երեսին նրա,
Սուտ հանգըստություն երեսիս վրա`
Նրան եմ դիմում նույն հիմար հարցով.
-Քեզ ի՞նչն է այսպես իմ դուռը բերում:
 
Նա հապաղում է,
Ես` մտաբերում,
Հիշում եմ հանկարծ
Եվ... մռայլ ու կարճ
Պատասխանում եմ ինքըս իմ հարցին.
-Հայտնի է կարծեմ,
Որ հանցագործին
Նրա ոտքերը սիրում են տանել
Այնտեղ, որտեղ նա... մարդ է սպանել...
 
Ելնում է ոտքի:
Հանգիստ է: Վսեմ:
Ասածըս կարծես նույնիսկ չի լսել:
Ու դուրս է գնում այնպիսի՛ քայլքով,
Ասես ուզում է իր կրունկներով ողջե՜րթ նվագել:
 
Գնում է,
Թողնում,
Որ... Մարսի վրա կատարած ցանքիս
Բերքը հավաքեմ...
Չանախչի
15.X.1959թ. 18.XI.1959թ.
Lilas