Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:
Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:
Անծանոթ ենք իրար: Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)...
Եվ... քայլում ենք այնուհետև
Առերևույթ սառն ու թեթև:
Ա՛խ, դա խաղ է մի սրտակեզ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ՝
Գլանակիս կրակի պես,
Իսկ դո՜ւ, իսկ դո՛ւ... Փնտրո՜ւմ ես դու,
Որոնո՜ւմ ես ինչ-որ մի բան
(Պայուսակո՞ւմ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,
Եվ... չես գտնում հավանաբար...
1952թ.