ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԱՆԽՈՐԱԳԻՐ

...Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,
Խոհերի անտես մակույկին նստած՝
Չգիտեմ արդյոք կլինի՞ քամի,
Որ առաջ մղի իմ առագաստը,
Թե ինքս պիտի շապիկն իմ՝ կայմին
Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ,
Որ երգն իմ նորեկ, նավը իմ գանձի
Պիտի ընթանա օվկիաններն ի վեր
Եվ փոթորկածուփ ծովերում անծիր,
Որպես գալիքի անմարմին նվեր,
Պիտի շնչով իր անանձնապատկան
Վառվի որպես վես, սրբազան պատգամ...
 
Մեր երկրի վրա կախվել են ահեղ
Օրեր՝ մառ ու մութ և դաժան կարի
Ցանկալով մահվան թույնով վրդովել
Հանգիստը երկրի մեր չնաշխարհիկ...
Եվ ելել ենք մենք մեր այգաբացով,
Մեր ուժով համակ, վաստակով արդար,
Ջնջելու չարիքն այդ արյունացոլք,
Կոտրելու վերջին այդ կեռը խարդախ,
Վերջին տերերին այն ժանտաբարո
Եվ իշխաններին բոլոր այն արբշիռ
Խեղդելու իրենց իսկ արնակարոտ
Հատուցման ծովում - անտես, անկշիռ...
Արդ ժամն է հասել, գնում եմ ես էլ
Դեպ մարտնչող մեր այն բազմագունդը,
Ուր մահը անվախ սրտեր է տեսել,
Ուր ուռճանում է հաղթության հունդը...
Գիտեմ, որ մահը շռայլ է այնտեղ
Իր դառնապատիր գգվանքների մեջ,
Եվ տևողությամբ մի ակնթարթ է,
Շատ կարելի է գտնել մահվամբ վերջ...
Ուրեմն գունատվի՞ հերոսությունն իմ,
Եվ գոյությունն իմ դառնա մի առա՞նցք,-
Վախկոտության հին մազութով յուղված...
Ուրեմն դալկանա՞ մահվան պաղ շնչից
Արհամարհանքն իմ՝ սին մահվան հանդեպ,
Եվ մոլեգնակամ վրնջող իմ ձին
Դառնա նապաստակ - վախկոտ ու անդե՞մ...
Օ՜, ո՛չ... թող լինեմ Կապլան էսերական -
Իմ առաջնորդի կյանքի դեմ դավող,
Եթե առկա է երգիս շեփորին
Այսօր կեղծիքի շպար կամ օքսիդ,
Եթե անապակ երգիս սափորին
Կաթում է անջինջ, պղտորող մի շիթ...
 
Գնում եմ այնտեղ և սարսում չունեմ
Ես մահվան հանդեպ - մոլի և անգութ...
Իմ անվախության սրտերն աճում են
Իրար հաջորդող օրերի հանգույն:
Գունատվիր, ով մա՛հ... Չարագույժ ագռավ,
Դու աներևույթ, անտես բորենի,
Անգոյության հուր - աննյութ, անկրակ,
Դու թունոտ անչար, տեսքով ցորենի...
Դու, որ անտես ես, դու, որ աննկատ,
Դու, որ անձև ես չար կասկածի պես,
Խանդի պես սնվող - անստինք, անկաթ,
Վրեժի նման անվրեպ այնպես...
Դու, որ կասկածի, վրեժի, խանդի
Նման շարժվում ես աննկատ, անկանգ,
Սակայն նրանց պես, կաս հնուց անտի
Որպես սրտերի փորձության փականք:
Գունատվիր, ուրեմն, դալկացիր, սողա
Խլուրդի նման կամ ինչպես սողուն,
Եվ իմ (օ՜, ո՛չ, մեր) շնչից դողդողա,
Մալարիայից են ինչպես դողդողում...
Դու, որ գոյության բյուր հազար կանթեղ
Մարել ես դաժան քո սառը շնչից,
Դու, որ եղել ես հաղթական, քան թե
Քո որդին - կյանքը՝ քո հանդեպ չնչին,
Արդ պիտի փոխենք հին դերերը մենք
Ներդաշնակությամբ օրինածնիչ,
Եվ պիտի դողաս ինձանից, ով նենգ,
Ինչպես կանթեղը սառն ածխածնից:
 
Քանզի ես ահա գալիս եմ քո դեմ
Հոգուս մեջ ծիծաղ, բաքոսյան խնջույք,
Մի վակխանալիա, մի ուրախ հանդես,
Մի աստվածային խրախճահաճույք...
Քանզի ես ահա գալիս եմ քո դեմ
Գիտցած լինելով ինչո՞ւ եմ հագնում
Քո քղանցքը սև և իրանապիրկ,
Ինչո՞ւ եմ այսքան շատ վաղ հավաքում
Դեռ նոր բաց արած ծիրանահագի
Առագաստը իմ, այս ուրախ կյանքում...
Գնում եմ ես էլ ցանեմ մի հատիկ
Այն գալիքնահունձ լայն մարգագետնում,
Որ չըդառնա մեր աստղը մահատիպ,
Ժանտաժանտ, դժնի աշխարհի մթնում,
Որ անծիր երկնում մեր բազմաաստեղ
Օտար մի թռչուն խենթ չսավառնի,
Որ կարմիր ոգուն մեր չըպատվաստեն
Ոչ մի գոսական ճյուղ, ոստ եղեռնի,
Որ կապուտաչյա ջրերում մեր ջինջ,
Օվկիանոսներում անգամ սառցանիստ
Ոչ մի խորթ մակույկ, առագաստ ոչ մի 
Չըլողա, այնտեղ չգտնի հանգիստ,
Որ հայրենիքիս արդարավաստակ
Հողը մի օտար ոտք չըտրորի,
Որ այնտեղ մարդը՝ հոգով անկաշկանդ
Գալիքի հազար հույսեր օրորի,
Որ ցուցամատը մեծ առաջնորդի
Նորից ու նորից մնա ուղենիշ,
Որ միշտ ժպիտով ճանապարհորդի
Մեզ դեպի կարմիր հաղթության ֆինիշ...

22-23.VII.1941թ.
Նավչալու


ՓՆՏՐՈՒՄՆԵՐ

Երգի ստեպում հազար շավիղներ,
Հազար արահետ, ճամփաներ բազում,
Ինչքան սեգ քնար, քանի տավիղներ,
Ինչքան հնչյուններ, մտքեր երազուն:
Բայց այդ բազմուղի լաբիրինթոսում,
Ուղիներում այդ հեշտին ու դժվար,
Ընկած երգերի հերկած ակոսում,
Դարձել եմ ես խոհերի ավար,
Խոհերի առաջ՝ թեքած պարանոց,
Խոհերի առաջ՝ մի նվաստ հոգի,
Խոհերի առաջ՝ խեղճ ու վարանոտ,
Խոհերի առաջ՝ բարդ ու անմեկին...
Կյանքն էլ է այդպես դժվար ու հեշտին
Վերխոյացումով, վարիջումով լի.
Կյանքն էլ ողջույնի և հրաժեշտի
Համբույրներով է անիմանալի. 
Կյանքն էլ է նրբին, կյանքն էլ պահանջկոտ,
Կյանքը կարոտ է իր երգը լսել.
Կյանքը պճնված, բայց նաև բոկոտն,
Կյանքը - մշուշոտ, կյանքը - վառ, լուսե...
 
Ու այդ կյանքն ահա ինչպե՞ս ընդգրկել,
Ծավալը չափել երգի մենզուրով...
Երգերը՝ գրված երգերից գրքե,
Կարո՞ղ են միթե անձրևաջրով
Օծանել կյանքի դեմքը բազմանիստ,
Պատկերել նրան... ղողանջը գոնե,
Որպես ցոլք ու փայլ սփըռել հանգիստ,
Որպես եղածի նկար անգունեղ
Մատներով վարպետ լավ ուրվագծել
Այնպես, որ կյանքը չայլանդակվի,
Որ չխառնվեն բծեր ու գծեր
Եվ կյանքն անկաշկանդ գեթ չըվանդակվի...
 
Ու դրա համար իմ մանուկ հոգով,
Իմ անվարժ գրչով, թույլ ուժերով իմ,
Իմ հայրենիքի երկնքի ներքո
Պիտի երգեմ նորը բոլորովին:
Պիտի կաշկանդված իմ հոգին սուրա,
Ինչպես հողմը խենթ փոթորկի ժամին,
Թափառի անհաս եզերքի վրա -
Պայծառ գալիքի սեգ ճանապարհին:
Պիտի իմ երգը ծնվի կյանքի մեջ,
Կյանքի գրկի մեջ... կյանքից գոյացած,
Պիտի որ դառնամ կյանքի բանաստեղծ,
Կյանքի զորությամբ բարձր խոյացած:
 
Ու դրա համար ծառանամ պիտի
Հին անեծքային օրենքների դեմ,
Որ երգս կապի ծիածան-գոտի,
Որ հոգիս դառնա խնդության եդեմ:
Ու պիտի շուռ տամ գլուխս հպարտ
Բյուր ճամփաներից, շավիղներից բյուր,
Ինչպես աքսորից փախած թիապարտ,
Թափառումներին տամ հազար համբույր...
Պիտի ջարդոտեմ ամեն մի կապանք,
Ամեն մի շղթա՝ հոգիս կաշկանդող,
Որ կյանքը երգիս մեջ էլ մնա կյանք,
Որ չլինեն տողեր՝ խոհերըս բանտող...
Եվ ահա հոգիս այս հուզումով լի՝
Կանգնած է ահա լուռ ու վարանոտ
Բյուր ճամփաներում անիմանալի,
Քայլելու համար գեթ ուղու կարոտ...
 
...Հին ճամփաների լաբիրինթոսում,
Որպես գնացող անտես իոններ,
Տենչանքները իմ հեռու են հոսում,
Իսկ ես որպես մի խիզախ պիոներ -
Հոգուս մեջ - ձգտում, գլխիս մեջ - խոհեր,
Շեփորում եմ գոռ հաղթանակի մարշ:
Եվ եթե հանկարծ հրացանը իմ
Դեռ չկրակած անօգուտ պարպի,
Թող այս երգն իմ - հոգուս մտերիմ,
Դառնա իմ հոգու երգը կարապի...

[1941թ.]


ԶՂՋՈՒՄ

Ճաշակած մայրական գգվանքի հետ կարոտիդ լեղին,
Մարմնական հանգստի հետ՝ հոգու խռովք,
Թույլ տուր այսօր, քույր իմ, դարձնել քեզ արնոտ կառափնատեղի,
Եվ ինձ մորթել այնտեղ մեղանչման ու զղջման անագորույն սրով...
 
Քանզի դու էիր միայն՝ հասկացար ապրումներս խելագար,
Անկումներս՝ թռիչքից առաջ, դժգոհ հայացքս՝ թռիչքից հետո.
Տեսար միտքս - գայլի պես անկուշտ, գայլի պես ագահ,
Լսեցիր տիրական ճախրանքը ոգուս, որ զարկվում է լոկ հանճարի նետով:
 
Քանզի դու էիր՝ անսարսուռ իջար հոգուս վիհերն ի վար,
Հոգուս անհունները - մռայլ, ահալի, անհատակ,
Ուր լպրծուն են ծերպերը, քարանձավներն - ամայի, քարափները - խավար,
Ուր պատահմամբ ընկածին կյանքս թվում էր անմիտ և երգս՝ անախորժ կատակ:
 
...Սակայն դու անհատակ վիհերից այդ ելնելով անելարան,
Երջանիկ և գոհ ժպիտով մի, որ հատուկ է գանձեր պեղող մարդուն,
Հասկացար, որ հրաշք էր կյանքս - անհունորեն հարուստ և գերառատ...
Տեսար այնտեղ արարիչներ - երկնող, արքաներ - անթագակիր և դևեր - մշտարթուն:
 
Ըմբոշխնեցիր ցավով՝ անդառնալի հաճույքի հետ միասին,
Քաղցր ու դառն շիճուկներն իմ՝ սրբագործված արյունիս մեջ,
Սերս հավերժորեն խոստումնալից և վայրկենապես խաբուսիկ,
Հոգիս, որպես հավերժ մատյան և մարմինս՝ նրան գրքակալ...
 
Չխնդացիր, երբ հիվանդ էի հոգով՝ առանց պատճառի և անցավ,
Չլքեցիր, երբ լքեցի քեզ - անգետ քո հոգուն, քո լույսին կույր,
Եվ խոստումի ու սիրո, և դրժման ու լքման մեջ ինձ հասկացար,
Կեղտով ապական հոգիս դիտելով՝ անբիծ ու մաքուր...
 
Եվ հիմա ես, անցած անվերադարձ ճանապարհի կեսից
Ետ նայելով, քույր իմ, ի՞նչ խոսքերով արդյոք արդարացում հայցեմ,
Ինչպե՞ս հասցընեմ քեզ զղջման երգն այս իմ,
Երբ սերըս - սուրհանդակ՝ անհանգրվան անցել
Եվ իր հետ տարել է սրտիդ մերձենալու անկրկնելի հասցեն...

1942թ.


ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:
 
Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:
 
Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:
 
Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...

[1942թ.]


TO BE OR NOT TO BE

(ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ)
Նամակ բարեկամիս՝ գրված պոետական
և աշխարհագրական հեռուներից
 
Հեռու ժխորից քաղաքի, ծխից հեղձուցիչ,
Հեռու շչակի խելագար բառաչից, կառքերի վազքից անկամ
Այս հեռավոր լեռներում, ուր ամպերն են արճիճ
Եվ հարափոփոխ երկինքը՝ սենտիմենտալ ու լալկան,-
Ես - հոգուս մրրկածուփ հորձանքի հանդեպ խլականջ,
Ես - շնչահեղձ, որպես հորձանքով ափ նետած ծովաձուկ,
Ես - անհունների մեջ նետած միտքս, որպես սովածին գայլականջ՝
Սպասելով անհունների արձագանքին՝ կարոտով անձուկ.
Ես - սրտիս մեջ Դարի Տառապանքը և հանճարի շունչը դարերի.
Ես - տրտմաթախիծ, ինչպես օրը արևից առաջ և խնդությամբ ցամաք,
Այս խավար գիշերին երկունքի նստած՝ հայացքս դեռ անհայտ արևին,
Երկունքից առաջ, բարեկամ, չափավորում եմ խռովքն իմ հոգու և հանգավորում որպես քեզ նամակ:
Արդ տրտում է անձն իմ գերազոր և բեկված է կամքն իմ անկոտրում
Եվ թաց են աչքերն իմ անարտոսր.
Սրտիս մեջ խռովք կա անեզր, հոգուս մեջ՝ տրտունջ, թևերիս՝ փետրում,
Հայացքիս դեմ՝ արյան փոսեր:
...Եվ կանգնած է իմ առաջ մարդկությունը՝ վիզը ծուռ և մերկանդամ,
Ամոթը թուխս դրած աչքերում,
Ձեռքերին կապանքի հետքեր, կապույտ վերքեր այնքա՜ն, 
Սիրողի հույսով, կորցրածի դառնությամբ, վեհությամբ աստծո և հեզությամբ գերու...
Ե՛վ բզկտված է նա, բրածեծ և խղճուկ է նրա տեսքը,
Ինչպես ծաղիկ մի ջրում՝ ջրալիքով տարուբեր,
Ե՛վ անալիք է նա՝ մեղապարտ կատաղության փրփուրը սառած շրթներին,
Ե՛վ ծանր է նրա վիշտը, որպես դաժան տիրոջ մշակի բեռ,
Ե՛վ հոգնած, ինչպես մկանը վաստակած կռների...
Ի՞նչ է նա վերջապես, այդ խղճալին, որպես խըխունջ՝ անգետ, որպես խլուրդ՝ կույր -
Դարավոր մի խեղկատակ տիեզերական բեմերի,
Ուր հուշարար է Ժամանակը, Տարածությունը՝ վարագույր,
Բնությունը՝ կենդանի դեկոր և բազմերանգ ճառագայթները՝ գրիմ...
...Եվ ահա կանգնած է նա իմ առաջ՝ անօգնական ու թշվառ
Եվ վերքերից իր, որպես ավերված աչքերից, հանդա՜րտ
Ծորում է արյունը դեռ տաք, որպես ահեղ բողոք, որպես ծանր գանգատ... 
Իսկ իմ մեջ խռովքն է փայլատակում,
Եվ վրեժը կարկառում է թաթերն իր դեպի հոգուս երկինքները յոթերորդ,
Իսկ իմ մեջ, որպես Աստծո մեջ, ծագում են երկու հակում -
Ինձ դեպի հակառակ բևեռներ մղելով:
-Արդյոք չըթքե՞լ այս թշվառ Մարդկության վերքերի վրա, որպես թույն մահացու
Եվ անհնարին ուժով չապտակե՞լ...
Նրան, որ դարերով իր բյուր որդիների
Ժանիքներն է իրար ակռայել,
Բայց ոչ երբեք նրանց բազուկները հուժկու...
Եվ ինչպե՞ս կարող էր նա այդ կռահել,
Նա, որ միայն ծեծվել է, բզկտվել, գերվել
Որպես Հիսուս մի բազմաչարչար,
Որ սիրտն իր, ուղեղն իր տերերին է տվել,
Նրանց, որոնք որպես վայրի արջառ
Փորփրել են հողը եղջյուրներով,
Սմբակներով ցրել երկինքն ի վեր
Եվ հետքերով իրենց գոռ ընթացման
Առատ շաղ են տվել դիե՜ր, դիե՜ր, դիե՜ր...
Երկրի երեսն ի վեր հորդեցրել
Վերջալույսի գույնի, կակաչների գույնի կարմիր ջրե՜ր, ջրե՜ր...
 
...Եվ չթողնե՞լ արդյոք անմխիթար
Նրան այնպես մենակ ու կարեվեր
Ես սիրտս առած որպես հավերժորեն գտած
Մի անկորուստ բաշխիչ, մի արևե,
Մի լուսավոր ցնորք, հավետ օտար
Հերյուրանքին...
Թռչել բա՜րձր, հեռո՜ւ...
         Որպես անմիտ կատակ
Էլ չըհիշել բախտը այս աշխարհի,
Էլ չըհիշել կանաչ, ճանաչ կանանց
Թովչությունները սին, երբ որ պիտի
Այդ ամենը արյան ումպով կուլ տալ,
Ոնց դառնահամ դեղը ջրով և կամ թեյով,
Երբ նախճիրով պիտի, մահով, պատերազմով, զենքերով հոխորտալ
Եվ գրկել կնոջը կտրված մի թևով,
Այն էլ եթե, եթե, բախտը եթե ժպտա...
Օ՜ ծանր է, անթափանց մղձավանջը այս սև
Ինչպես կուպր, ինչպես ծանրասև վարագույր...
Եվ ի՞նչ, և ի՞նչ, և ի՞նչ, ի՞նչ խոսքերով ասել
Նրա մասին, որ, արդ, իր կրակում
Հրկիզում է բոլո՜ր, բոլո՜ր նրանց, 
Որ ապրում են այս խեղճ հողագնդի վրա...
 
Լավ չէ՞ արդյոք լռե՛լ, լռե՛լ հավետ
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Ինչպես ծաղիկ մի վառ ու հոտավետ՝
Քթին դեռ երազուն մի աղջկա,-
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Այս աշխարհի բախտին, այս մարդկության
Բյուր ցավերին անբուժ, գալիքին դառնապերճ
Այդպես ահա ըսկիզբն ունենալ վերջ,
Լռե՛լ, լռե՛լ անճար... անհուսության ցավի,
Անհայտության զազիր, սուր ճիրանների մեջ...
 
Բայց ի՞նչ... Լինել որդի՞ դըրժյալ և դավաճան
Ե՛վ անարժան որդի, և՛ անառակ,
Լինե՞լ աստծո դեմ ըմբոստացյալ տաճար,
Բուն խոսքի դեմ ցըցված անմիտ առած.
Անցած ուղիներին դավաճանող...
Համաձայնվե՞լ կամա, որ ի վերուստ
Տրված շնորհն այս, գուցե վիթխարի
Այս կրակը ներքին՝ ինձ տապակող -
Դարձնելով ինձ մոխիր, անդարձ մարի՞...
Եվ այդ ամենն այնպե՜ս... մի կատակո՞վ...
Բայց չէ՞ որ ես անբախտ նույն մարդկության,
Նույն կարեվեր սրտի այսքա՜ն ահեղ
Ծնունդն եմ ի վերջո և գուցե թանկ,
Ինչպես նույն մարդկության վաղընջական դարի
Իմ պապերի համար - մի նետ-աղեղ...
 
Եվ այսօր դառնաղի այս օրերում,
Այս օրերում անլույս և խիստ մըթար
Թռչե՞լ դեպի եթեր, թռչե՞լ հեռու,
Թողնե՞լ նրան այսպես անմըխիթար...
Չըփայփայե՞լ նրան հույսերով պերճ,
Վերքերը չամոքե՞լ վառ երգերով,
Դեռ ըսկիզբ չունեցած ունենալ վե՞րջ...
Եվ այդ այն ժամ, երբ որ բյուր վերքերով
Աշխարհն է կուչ եկել որպես ոզնի
Եվ հարկավոր է տալ նրան թևեր...
Երբ պարտեզն աշխարհի չոր է, ավեր
Եվ պետք է նրա մեջ առուն խոսի՝
Բողբոջները նրա որ չըգոսնեն
Եվ կանաչի ծառը հեգ մարդկության...
Իսկ դաշտերում անհերկ, մերկ ու ավեր
Դեռ որպես ժանգապատ, հուժկու գութան
Հերկե՜լ պիտի հողեր և ժանգը տալ
Հողի գոց արգանդին անվերադա՜րձ, հավե՜տ
Եվ մարդկության կրկին ծննդի հետ
Ահեղորեն կանգնել՝ մտքով հասուն,
Խորհով խրթին, լեզվով արևաներկ,
Շիտակիրան, որպես սեգ վերստասյուն...
 
...Օ՜, չեմ կարող երբեք, իմ բարեկամ,
Հեռու մնալ ցավից իմ այս դարի,
Մարդկության սին բախտից, եթե անգամ
Իմ լույսն իր խավարում անդարձ մարի...
Թեկուզ մնան հավե՜տ, հավե՜տ օտար
Իմ թափառող հոգուն և իմ սրտին,
Իմ թռիչքին մոլի, հրակատար
Իմ իղձերին, խոհին՝ խոր ու խրթին...
Եթե անգամ մարդկանց ժպիտը - թույն,
Քմծիծաղը՝ աղբյուր անհուն ցավի,
Արհամարհանքը սին և մշտարթուն
Առօրեկան, ճղճիմ, սրտացավի
Տեղիք տվող հազար արարքները նրանց,
Ջանքերը՝ կտրելու թևերս արծվի,
Հերյուրանքը ստոր, եթե հոգուս վրա,
Որպես մահվան ստվեր մեղմորե՜ն տարածվի,-
Նորից ես չեմ կարող լինել դաժան,
Լինել դրժյալ որդի և հեռանալ
Դեպի կապույտ հեռուն, որտեղ հազար
Հորիզոններ գուցե իմ դեմ բանան...
.......................................
 
Ռուբիկոնը անցած ոչ շատ թեթև
«Լինել չըլինելու» խնդիրն ահա
Այսպես լուծած և լուռ թողած հետև 
Անկումներն իմ, որպես կանգուն պահակ
Իմ փոթորկոտ կյանքի անցյալ օրվա,
Այսօր ահա, որպես վաղվա
Գալիք փորձանքների անմահ գուշակ
Ես նետվում եմ առաջ որպես բուժակ
Տիեզերքի անհուն, խոր վերքերի...
.......................................

 


10.VIII.1942թ.
Չանախչի-Նավչալու


 1 2 3 4 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз