ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԱՇՆԱՆԱՅԻՆ

Քո քաղցրությունն աշունի վիճակվել է հիմա ինձ,
Երբ դեռ գարուն է այստեղ՝ իմ կրծքի ներքո:
Աշնանաբույր-դեղնաթույր այս մետաքսի շորը քո
Այնպես լավ է քեզ սազում, դարձնում այնպես հմայիչ:
 
Ինչպե՞ս կոչել՝ չգիտե՛մ, բայց սա ինչ-որ մի կապ չի՝
Այս քո աշունը շռայլ ու ջերմությունն իմ գարնան:
Ա՜խ, թե անցյալըդ հանկարծ մի դեղնաթույր շոր դառնա
Ու վա՛ր սահի, ընկնի՛ ցած, քեզ այլևս չկպչի՛...
 
Քո անցյա՜լը... Չհիշե՛նք: Եկ աշնան պես եղիր բաց,
Առատաձեռն՝ աշնան պես, աշնան նման՝ պտղատու.
Եկ մաճառի՛ց չխոսենք - աշնա՜ն գինու կթղա տուր,
Թեպետ արդեն՝ դեռ չըմպած՝ ես գինով եմ ու հարբած:
 
...Դրսում աշուն է դեղին, տերևաթափ է հիմա,-
Աշխարհո՜վ մեկ տարածված քո ստվերն է դա կարծես.
Քե՜զ եմ տեսնում ամենուր, դո՞ւ ես՝ աշո՜ւն ես դարձել,
Անծայր աշո՜ւն ես դարձել ու քաղցրացել ինձ համար...

31.VII.1946թ
Չանախչի


ԵՍ ՔՈ ՄԱՍԻՆ...

            Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում։
            Ես քո մասին
Ախար ի՜նչ չեմ մտածում,
            Բայց թերևըս
Ամենից շատ՝ մտովին
            Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում։

22.IV.1956թ.
Մոսկվա


ԴՈՒ ՀԵՌՎԻՑ ԵՍ ՀԱՐԱԶԱՏ

Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
Երբ սիրով եմ անվանել քեզ «իմ հարազատ»:
 
...Մոռացել եմ ամեն բան, ինչ սիրտ է մաշում,
Ինչ կոպտորեն եղծում է պատկերըդ գերող,
Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
Որ մտովին քեզ շոյեմ սիրող ձեռքերով:
 
Բայց մոտիկից, ես գիտե՛մ, ո՜ղջը կցնդի,
Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,-
Դու հեռվի՜ց ես հարազատ սիրող իմ սրտին,
Ես պատրաստ եմ լոկ հեռվո՛ւմ ապրել քեզ համար...
 
Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ-որ տեղ ինձ մոտ են մաշվում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Բայց և գիտեմ... ու հեռվո՛ւմ, հեռվի՜ց եմ հաշվում
Քեզ վերստի՛ն սիրելի, նորից հարազա՛տ... 
 

[1946թ.]


Ո՞ՆՑ ՍՈՒՏ ԱՍԵՄ

Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
            չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
            Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է -
            ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
            ինքս եմ տալիս ինձ երանի։

18.III.1956թ.
Մոսկվա


ԴՈՒ ԵԿԵԼ ԵՍ ՆՈՐԻՑ

Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ,
Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր,
Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝
Հանկարծ հարց ես տալիս.
                        - «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»:
 
Ես չգիտեմ, անգի՛ն: Նրա՛ համար գուցե,
Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին
Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել
Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին:
 
Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի
Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով,
Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ
Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ:
 
Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ
Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից:
Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց,
Բայց ինձ թվաց, թե դու... թե դու ինձ չես սիրի...
 
Ախ չէ՜, նրա՛ համար... Բայց իբրև պարզ զգեստ,
Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա,
Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ
Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար: 

1946թ.


Սկիզբ  < 7 8 9 10 11 12 13 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз