ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ

ԱՆԲԱԺԱՆ Է ՔԵԶՆԻՑ

Անբաժան է քեզնից քո թովչանքը, 
Ինչպես գույնը՝ ծաղկից, 
Ինչպես պայծառությունն արեգակից, 
Ինչպես անրջանքը
Պատանեկան թովիչ այն հասակից, 
Որից ես դուրս եկել 
Ու դեռ դուրս չեմ եկել։ 
 
Անբաժան է քեզնից բարությունը, 
Ինչպես կրկին քեզնից մայրությունը, 
Որի դուռն ես եկել 
Ու դեռ ներս չես եկել։ 
 
Անբաժան է քեզնից և երջանկությունը, 
Որով լեփ-լեցուն են իմ սիրտն ու իմ տունը, 
Որոնց դուռն ես եկել
Ու դեռ ներս չես եկել։ 
 
Ես կուզեի քեզնից - սա՜ է իմ տենչանքը-
Միշտ անբաժան լինել՝ ինչպես գույնը ծաղկից, 
Ինչպես պայծառությունն արեգակից, 
Ինչպես անրջանքը 
Պատանեկան թովիչ այն հասակից, 
Որից դուրս եմ եկել, 
Չէ՜ - տեսնում ես ինքըդ- 
Որ դեռ դուրս չեմ եկել...
 

15.VIII.1953թ.
Նավչալու


ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ

Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,
Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում:
Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք,
Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում:
 
Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց,
Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում.
Ուրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց,
Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում:
 
Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին
Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել,
Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին
Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ:
 
Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին, 
Իսկ գտածիս մասին... և ոչ մի խոսք չասեմ:
Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին
Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել... 

26.II.1952թ.
Մոսկվա


ԻՐԱՐԻՑ ՀԵՌՈՒ

Մեր տունը մեկ չէ, 
Մեր տունը մեկ չէ, 
Գնալը՝ տարբեր, 
Բայց գալը մեկ է։ 
Թող որ ծիծաղով 
Տարբերվենք մեկ-մեկ, 
Ի՜նչ տարբերություն- 
Մեր լալը մեկ է։

16.III.1956թ.
Մոսկվա


ԱՀԱ ՆՈՐԻՑ ԳԻՇԵՐ

Ահա նորից գիշեր, ահա նորից մշուշ, 
Նորից տապից այրված փողոցն է երջանիկ, 
Նորից մանրահատիկ անձրևն է մեղմ խշշում, 
Եվ լուռ անրջում է ամեն կիզված տանիք... 
 
...Ես մեղմ էի այնպես, խոնա՜րհ և ընտանի՛, 
Այդ երեկ էր կարծես, դու հիշո՞ւմ ես արդյոք 
Մեզ սպասում էր դեռ չեղած մի ընտանիք, 
Մի համրախոս խրճիթ՝ ծածկված հող ու հարդով։ 
 
Բա՜խտ կար քո աչքերում, բախտ կար ամե՜ն ինչում, 
Միայն սե՛ր կար կյանքում, ցավ ու ձանձրույթ չկար, 
Ամեն խոսք ու հայացք խոստումով էր շնչում, 
Երազով էր հարուստ օրն ու գիշերն երկար։ 
 
Բայց մեր բախտը այդ ո՞ր, ո՞ր գիշերում մռայլ, 
Ո՞ր անձրևի ներքո և ո՞ւմ ձեռքը թաղեց, 
Ո՞ր ջրհորդանն արդյոք քրքջաց մեզ վրա, 
Այդ ո՞ր առուն խնդաց, լամպը քմծիծաղեց։ 
 
Այդ ո՞վ իմ գալիքը՝ քո աչքերի խորքում 
Եվ քո սերը մորթեց իմ ձեռքերի վրա։ 
Այդ ո՞վ և ինչո՞ւ էր բաց դուռն իմ դեմ փակում 
Ու զղջման աղ ցանում իմ վերքերի վրա։ 
 
Ո՞վ էր,- չե՛մ հասկանում, ես չգիտե՜մ, մշո՜ւշ, 
Գիշե՛ր, հանկարծ քեզ պես ողջը մուժով պատվեց... 
Միայն գիտեմ՝ փլվեց մի որբ տանիք դրսում 
Եվ մայթերին, իմ տեղ, անձրևն ուշաթափվեց...

12.X.1943թ. 20.II.1952թ
Երևան


ՍԻՐՏ ԻՄ

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձրել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է... 

15.VII.1953թ.
Նավչալու


Սկիզբ  < 4 5 6 7 8 9 10 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз