ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՐՈՒՆԸ

Բառեր՝ Դ. Չարխչյանի · Երաժշտություն՝ Արտեմ Լուսինյանի

Բացվի՛ր, իմ երկրի դու չքնաղ գարուն,
Դու ջերմ ես յարիս համբույրի նման.
Վառիր ամենուր սեր ու խնդություն,
Բացվի՛ր, իմ երկրի գարուն աննման:
 
Յարիս աչերի նման կապուտակ
Երկինքդ ջինջ է, իմ անուշ գարուն,
Վարդերդ ալվան, հրեղեն կրակ,
Յարիս այտերի նման վառվռուն:
 
Բացվի՛ր, իմ երկրի գարուն ծաղկավառ,
Ամեն ծաղկիդ մեջ գարուն եմ տեսնում.
Ծաղկում ես, բուրում ամենքի համար,
Քո լույս հմայքին հմայք չի հասնում: