Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել...
Ես, ինչ խոսք, այսօր պիտի բոց չուտեմ
Կամ կուլ տամ դաշույն
Ու կլլածիս տեղ
Բերնիցըս հանեմ թաշկինակ կամ ծիտ,
Ինչպես անում են
Շատ սովորական ձեռնածուները:
Եվ գլխիս վրա չպիտի դնեմ
Մի հսկայական երկաթե գերան
Ու կախ տամ վրան
Ճութ-ճութ կիսամերկ կանայք սիրունիկ,
Ինչպես անում են, գիտե՛ք, կրկեսում:
Եվ ո՛չ էլ պիտի ես արջ պար ածեմ
Մի զույգ շնիկի հաչոց-նվագով...
Կարող եմ նաև դդումից սարքել
Արև՝ թե կուզեք , թե կուզեք՝ գլուխ...
Սատուռնից սարքել լայնեզըր գլխարկ
Եվ տեղն ու տեղն էլ նվիրել սիրով
Ծխախոտագործ մի ընկերուհու...
Իսկ գլխարկից էլ կարդինալ սարքել
Կամ մարշալ
Եվ կամ...
Ախար, բարեկա՛մ,
Ախար ինձ համար ո՜չ մի բան չարժի
Փայտին տալ, ասենք, ուղեղի ծալքեր,
Ուղեղից... հավի համեղ կուտ սարքել,
Կուտից՝ կերակուր հասարակական...
Սակայն ես այսօր
Չե՛մ զբաղվելու նման բաներով:
Ես այսօր պիտի ձեզ հավատացնեմ,
Ձե՛զ հավատացնեմ - ի՛նձ վստահեցնեմ,
Որ հենց վաղվանից,
Պատվով ու հարգով,
Բանտարկյալները գազանանոցի
(Փղից սկսած ու հասած օձին),
Առա՛նց, խտրության ու տարբերության,
Բոլո՜րը պիտի ստանան կարգով
Համապատասխան շքանշաններ
Եվ… ինչի՞ համար.
Լոկ համբերությա՜ն...
Շքանշաններ կստանան, այսպե՛ս,
Բոլո՛րը,
Գուցե զեբրերից բացի`
Ա՛յն հին էշերից, որ մինչև այսօր
Չեն դարձել կարգին-լավ քաղաքացի.
Երբեմըն, դարձյա՛լ, տալիս են քացի`
Իրենց վանդակի ճաղերին թեպետ,
Բայց մեկ չէ՞ միթե. քացի է քացին…
Հույս ունեմ, որ դուք
Ինձ հավատացիք,
Ուստի թույլ տվեք՝ շարունակելով՝
Ձ՛եզ հավատացնել - ի՛նձ վհատեցնել,
Որ ճշմարտություն իսկույն ասելը
Դարձել է մի բան՝ այնքա՜ն հասարակ,
Որքան... ներեցե՛ք... որքան... միզելը:
Ուստի ասե՜մ ձեզ՝ բարեկամների՛ս,
Որ այսու և ետ բացառված հաշվեք
Հիվանդությունը երիկամների՝
Կա՞պ կոչվի, թե՞ մապ,
Քա՞ր կոչվի, թե՞ մար,-
Մեկ չէ՞ ձեզ համար...
Ուստի ո՞նց չասեմ բարեկամներիս,
Որ այսու և ետ պետք չէ սուտ ծախել,
Այլ, ինչպես ինքըս, մեջքից պոչ կախել
Ու... քշե՜լ կծող ճանճերին բոլոր՝
Դրանք կոչվեն մի՞տք, մտատանջությո՞ւն,
Թե՞ հոգետագնապ,-
Մի՞թե նույնը չէ...
Եվ ես,
Վերջապե՛ս,
Էլ ինչպե՞ս, ինչպե՞ս
Ձե՛զ վհատեցնեմ - ի՛նձ հավատացնեմ,
Որ ահա այսպե՛ս,
Ճի՛շտ ու ճի՛շտ այսպես
Ա՛յն դեղին ցուլը,
Որ ուզում էի աշնանը գնել,
Կերավ ա՛յն կանաչ բանջարեղենը,
Որ ուզում էի գարնանը ցանել:
Ի՜նչ չտեսություն,
Ի՜նչ չտեսություն...
Ուրիշ ի՞նչ:
Ոչի՜նչ:
Ոչինչն էլ՝ քո պինչ,
Քո պինչն էլ՝ մի պոչ
Եվ... ցտեսությո՜ւն...
15,20.III.1967թ.