Sevak

ԴԻՄԱԿՆԵՐ

ԽԱՂԱԼԻՔ ՍԱՐՔՈՂԸ

Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» և կամ «Ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
Ու չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ`
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
Ու երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել`
Այլևըս չասել չեմ կարողանա
Ու կասեմ.
-Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:
 
...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագըրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել անունը նրա,
Ինքըս ինձ դարձյալ ասում եմ. «Չասե՛ս»:
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք,ասում էր.
«Երբ Բեթհովեն եմ լսում` թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»...
Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա, 
Տա՜ք կաղապարը:
Ու խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:
 
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»:
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...
 
Այսպես` կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:
 
Եվ ամեն անգամ,
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հա ՛րց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»,
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
Ու... հասկանում եմ, որ ես չե՜ մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել`
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Ով լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքերի վրա
Ուսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
Ուրեմըն նաև չի՛ կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
Եվ... վճռվա՜ծ է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:
 
Ու պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր`
Ուր կամենում են, թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
Ու խանութների դռների՛ առջև.
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ այն խաղալիք աղջիկը:
Եվ նա
Կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,- կասի,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»... 
 
...Ու պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առևտըրով:
Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,
Որ... համերգի տոմս առնեմ ու...
...գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով...
Իսկ թե այդ պահին
Գարու՞ն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ:
Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»...
 
Ու տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի. «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ. «Ի՞նչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ. 
«Չունե՜մ ձեր կաղապարը»:
 
Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
Ում իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՜նչ լինելը:
Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ. «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկրկընի՛
Հնավաճառի ելևէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...
Երևան
24.X.1962թ.

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐԸ

Լսո՞ւմ եք ինձ: 
Բավակա՜ ն է,
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Հանեցե՛ք,
Որ քամու ձեռքով
Ձեզ կարոտած օդն ապտակի
Ձեր իսկական դեմքը տխեղծ,
Եվ շող-շաղափն արեգակի
Սրսկումի նման ծակի
Ընդարմացած ձեր դեմքը խեղճ,
Որի ծանոթ նմանությամբ են հորինված 
(Մի՜ մոռացեք) աստվածները (մի՛ մոռացեք)...
 
Ամաչեցե՛ք աստվածներից
Եվ հանեցե՛ք դիմակներըդ,
Բավակա՜ն է: 
 
Ես չեմ կարող նշել ճշտված թվականը
Եվ ժամանակը ճշգրիտ,
Բայցևայնպես այս հանդեսը,
Որ սկսվել է շա՛տ վաղուց,
Ավարտի է հասնում արդեն...
 
Բարոյական այն պարապը,
Որ շատ վաղուց 
Ամենքիս մեջ հորանջում էր
Կարծես անչար և անվնաս,
Հիմա արդեն չարչարում է ու տանջում է`
Վերածվելով մի անհատնում զկրտոցի...
Եվ թույն-փոշին ա՛յն խարտոցի,
Որ բանում է գիշեր ու զօր,
Բանում ինքնին և ինքնավար,
Նո՛ւյն-թույն փոշին հետզհետե
Ամե՜ն ինչի վրա թառում,
Խառնըվում է ամե՜ն ինչի`
Հացի՛,
Երգի՛,
Մտքի՛,
Շնչի՜:
Եվ խարտվածքի հոտ կփչի
Շուտով արդեն ամե՜ն ինչից`
Հացի՛ց,
Երգի՛ց,
Մտքի՛ց,
Շնչի՜ց...
 
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Որ գեթ մի քիչ դյուրին շնչե՜լ կարողանաք...
 
Ինքնե՜րդ ասեք.
Բավական չէ՞
Դուք ձեզանից ձեզ գողանաք
Եվ տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ:
Բայց չափազանց ճշտապահ է արեգակը.
Երբ որոշյալ ժամը հասնի` կլուսանա:
Ձեր արթնացումն այնժամ արդեն
Կնմանվի մի պայթյունի՜,
Մի պայթյունի՛,
Ձե՜զ եմ ասում,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
Ինչ-որ բանի
Ինքը աշխարհն է սպասում,
Ինչպես մի օր, չիմանալով,
Սուսաննան էր մերկ սպասում... ծերուկներին...
Իսկ դուք եկեք մի՛ սպասեք.
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Ճանաչեցե՛ք ինքներդ ձեզ
Վերջի՜ն անգամ,
Վերջի՜ց առաջ...
 
Պարն ավարտվել,
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Ուշացումի ամե՜ն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարեն լրջանում է,
Որովհետև ինձ է տրված, դժբախտաբար,
Հիշեցնելու ձեզ վերստին ու վերջապես,
Որ ուշացած արթնացումը
Կնմանվի մի պայթյունի՜,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
 
Դուք առայժըմ դեռ լսում եք,
Ուստի նաև ի՛նձ լսեցեք
Ու հանեցե՛ք դիմակներըդ.
Արդեն խաղը վերջացա՜ծ է...
 
Իսկ եթե դեռ պիտի խաղաք,
Է՜հ, խաղացե՛ք, խնդրե՜մ, ինչքան սրտներդ ուզի.
Խաղ խաղացեք ինքներըդ ձեզ և իրար հետ,
Բայց... առանց ինձ:
Ես այլևըս չեմ մասնակցում
Ո՛չ թե խաղին,
Այլ մինչև իսկ և մատաղի՜ն,
Թե մորթվողը
Մարդկայնություն - մարդկություն է...
Ու ես արդեն ո՛չ բողոքում,
Ո՛չ ողոքում,
Ո՛չ էլ կոկորդս եմ կեղեքում:
Ինչի՞ համար
Կամ ո՞ւմ:
Հիմա
Ես ջանում եմ լոկ... չլինե՛լ`
Ամբողջովին դառնալ... դիմա՜կ: .
Արզնի
1-2.IV.1967թ.

ԻՐԵՐԻ ԴԵՄՔՆ ՈՒ ԴԻՄԱԿԸ

Իրերի դե՛մքը:
Իրերի դե՜մքը...
 
Իրերն ապրում են մի բոլորովին անծանո՜թ կյանքով,
Լոկ իրե՛նց համար,
Մի՛միայն իրենց:
Մինչդեռ մե՜զ համար
Նրանք պարզապես թատրոն են խաղում`
Հե՛նց որ, քանի դե՛ռ նայում ենք նրանց:
Իսկ երբ չե՛նք նայում,
Հենց որ չենք նայում`
Նրանք հանում են դիմակներն իրենց
Ու ծաղրում են մեզ` լեզու հանելով:
Իսկույն հանում են դիմակներն իրենց
Ու նայում իրենց դեմքով իսկական,
Որ խաղացկուն է (հավատացե՜ք ինձ),
Եվ արտահայտի՜չ,
Եվ խոսո՜ւն-խոսո՜ւն`
Քամիների հետ վիճող ծառի՛ պես,
Լեռնային գետի՛
Ու գեղեցկուհո՜ւ...
 
Իրերի դե՛մքը:
Իրերի դե՜մքը...
 
Ա՜յ եթե լիներ մի ճար ու հնար
Նկարել նրանց հենց ա՛յն պահերին,
Երբ նրանք իրենց դիմակն են հանում
Ու դրսևորվում բուն տեսքով իրենց:
Նկարել թաքո՛ւն, ինչ-որ անկյունի՛ց,
Անականկալի՜ բերելով նրանց.
Նկարել նրանց... կոճակի ծակո՛վ
Կամ ինքնահոսի անտես սողանքո՛վ.
Նկարել այնպե՜ս.
Ինչպես որ ծածուկ կինոաստղի են լուսանկարում`
Օրը ցերեկով տաք քնքշություններ փոխանակելիս,
Հանցագործին են լուսանկարում`
Իր հանցանքի հետ գրկախառնըված,
Եվ Լուսնին` իր մութ - հակառակ կողմից...
 
Օ՜ թատերական դիմակներ հագած իրերն այս բազում...
Ես համոզվա՜ծ եմ, ես հաստա՛տ գիտեմ.
Նրանք ինձանից վախենում-քաշվում-ամաչում են միշտ,
Ինչպես մերկ կինը` անսպասելի հայացքից օտար:
Եվ ամբողջ կյանքում նրանք մշտապես մի բան են անում`
Դիմակ են դնում - դիմակ են հանում,
Ի՜նչ է թե իրենց դեմքը չտեսնեմ ավելորդ անգամ:
Եվ նրանք, գիտե՛մ, մահս են ցանկանում,
Որպեսզի... ապրեն առանց դիմակի...
 
Բայց երբ կատարվի տենչանքը նրանց,
Նրանցից ոմանք
(Կամա թե անկամ, ուրախ թե տրտում)
Կուղեկցեն իմ դին
Եվ ինձ հետ մեկտեղ կթաղվե՛ն անգամ,
Ինչպես որ անցած դարերում հին-հին 
Հոմանի, ծառա, ճորտ էին թաղում
Իրենց վախճանված տիրոջ հետ մեկտեղ...
 
Անդիմա՞կ արդյոք թե դիմակ հագած
Իրերն եմ սիրում ետմահո՛ւ սիրով,
Սիրում եմ նրանց` ի՛մ իսկ ճորտերին...
Չանախչի
28.X.1965թ.

ԻՐԵՐԻ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարծում եք, թե մե՞նք, մե՞նք ենք մտովին
Լուռ մենախոսում մեն-մենության մեջ:
Ո՛չ.
Մինչև անգամ մեր լռին խոսքում
Իրերն են մեզ հետ զրուցում անվերջ,
Այդ բարինե՜րը,
Որովհետև մեզ խղճում են նրանք:
Եվ այդ պահերին
Կենդանանում է
Ու շնչավորվում ամեն իր այնպե՛ս,
Որ մինչև անգամ մենության մեջ էլ մեզ մենակ չզգանք
Եվ չապրենք կիսատ ու պռատ կյանքով:
Նրանք բարի են 
Ու խղճում են մեզ`
Մեն-մենակներիս:
 
Եվ մենակության այդ պահերին է,
Որ մենք չենք ցրվում չորս կողմի վրա`
Սալահատակին վերևից ընկած կույր կաթիլի պես,
Այլ ներամփոփվում,
Կենտրոնաձգվում ձախից ու աջից
Եվ ստանում ձևն ա՛յն մսե խաչի,
Որ ունի մարդը,
Եթե փորձում է թռչել կամ լողալ:
 
Իսկ մենության մեջ մարդն ի՜նչ էլ անի
Թռիչք չէ՞ կամ լող:
Իսկ մենության մեջ` լողա՜ս թե թռչե՛ս,
Մե՜կ է` չլռել չե՛ս կարողանա...
 
Ու լռությունը,
Որ համատարած մի ականջ է լոկ
Եվ ունի միայն մե՛կ զգայարան` լոկ լսողություն,
Այդ լռությունը ուռչում է անվերջ,
Ասես մանկական փուչիկի նման,
Լցվելով ուռչում-ուռչելով լցվում
Մեր անլսելի խոսք ու զրույցով
Ու հետզհետե դառնում վիթխարի՜ մի օդապարիկ,
Որ եթե հանկարծ կամենա պոկվել`
Մե՛զ էլ, մեր տո՛ւնն էլ վերև կհանի
Ու-թի՜ռ-կտանի՛...
 
Բայց լռությունը,
Որ համատարած մի ականջ է լոկ,
Եվ ունի միայն մե՛կ զգայարան` լոկ լսողություն,
Որքան ուռչում է` թանձրանում նույնքան
Ու դառնում կարծես
Մեզ համար մի նո՛ր՝ երկրո՜րդ... հայրենիք.
Հայրենիքի պես չփոխատրվող,
Հայրենիքի պես չփոխադրվող...
 
Դրսում 
Երևի աստղերն են ելնում` ողջ շքախմբով,
Իջնում է նորից
Մի ճշմարտապես աստվածաշնչյան գիշեր
Պարզունակ ու նույնքան խորունկ,
Որ ով ուժ ունի` վայելի իրեն:
Դրսում
Երևի կենտ-կենտ լույսերը փորձում են խախտել
Նախապատմական վեհ լրջությունը Մեծն Խավարի:
Դրսում...
Մե՜զ ինչ, թե ի՞նչ է կատարվում դրսում:
Մենք ներսում
Մենակ ենք, բայց և մենակ չենք կարծես.
Իրերը բարի
Ամե՜ն ինչ մեր շուրջ կենդանացնում են ու շնչավորում,
Որպեսզի... մենք էլ հասնենք հենց իրենց առքին ու փառքին.
Թե իր են իրենք,
Մենք էլ` մենության ժամին ահարկու,
Մենք էլ` իրենց պես` դառնանք իր,
Այսինքըն` իր - ականանք:
Չանախչի
28.X.1965թ.

ԻՐԵՐԻ ԴԱՏՆ ՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ

1.
Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ:
Եվ մենք դատում ենք ու դատավարում
Յուրաքանչյուր օ՛ր,
Նույնիսկ ամեն ժա՛մ:
Եվ մենք դատում ենք`
Մեր գլխի թեթև թափահարումով,
Ճպոցով աչքի,
Խեթմամբ հայացքի,
Հոնքերի խաղով, ուսի թոթափմամբ,
Աջի կամ ձախի ա՛յն շարժումներով,
Որոնք օդի մեջ արձանագըրվում
Ու կարդացվում են ոչ ավելի վատ,
Քան ամեն տեսակ ուրիշ փաստաթուղթ:
 
Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ:
 
Ես էլ եմ մտնում այդ ամենի մեջ 
Ու դատավոր եմ նաև ե՛ս մի քիչ:
Եվ այսօր պիտի ես դատեմ... մարդկա՞նց:
Ո՛չ, այսօր պիտի ես դատեմ իրե՜ր
Ու դատապարտեմ առարկաների՛:
 
Ահա աթո՜ռը:
Ունի բազմաթիվ այլ մականուններ:
(Դարեր շարունակ շատ է գործածվել, օրինակ, գահը):
Սա, ինչպես գիտեք, չորքոտանի է
Եվ չորքոտանի կոչվածների մեջ
Ուժեղագույնն է բոլորի՜ց`
Վագրի՛ց ու փղի՜ց անգամ:
Մենք բարի եղանք.
Կատվի և շան հետ
Սրան էլ մենք մեր տունն ընդունեցինք,
Որ մեզ ծառայի,
Ինչպես դարեդար (շնորհակա՜լ ենք) ծառայել են մեզ
Չորքոտանիներ եզը, ձին, ջորին
Ու վերջիններիս ազգական էշը:
Բայց թշվառական ա՛յս չորքոտանին`
Աթոռ ասվածը,
Սա այնտե՜ղ հասավ,
Որ մեզ, ներեցե՛ք, էշի տեղ դրեց:
Աթոռ կոչվածը, ինչպես գիտեք դուք,
Նրա համար է, որ նստենք վրան:
Սակայն պարզվում է,
Որ սրա վրա նստողի վրա 
Սա ինքն է նստում...
Սա՛, որ ծառա է
Եվ պարտավոր է ծառայել մեզ միշտ.
Մեզ է դարձըրել իր անարգ ծառան,
Սա՛, որ ծառա է ու դարձել է տե՜ր,
Կդատվի իբրև... մի չար ապստամբ`
Այսի՛նչ Օրենքի Այնի՛նչ Հոդվածով:
 
Եվ այսուհետև պիտի`
 
Առաջին.
         Աթոռ ասելիս հասկանանք վարակ
         Եվ զգուշանանք`
         Ինչպես վարակից:
Ուստի և`
 
Երկրորդ.
         Աթոռից միշտ էլ զերծ պահել նրա՛նց,
         Ում ինքը կյանքը դեռ չի սրսկել
        Ա՛յն ախտականխիչ համապատասխան շիճուկով,
Որի մի ասեղն արժե... մի բանտարկություն
Կամ մի այնպիսի... առաքինություն,
Որ ենթակա չէ առք ու վաճառքի:
 
Եվ այսո՛ւհանդերձ`
 
Երրորդ.
Ով նստեց Աթոռի վրա
(Կամ` այլ կերպ ասած` գրավեց Աթոռ,
Կամ` արժանացավ բարձըր Աթոռի),
Օրենքի ուժով պարտավոր է նա
Հիշել, որ ինքը երկոտանի է,
Այն էլ` բարձրագույն,
Եվ ո՜չ մի դեպքում իրավունք չունի 
Վերստին դառնալ նո՛ր չորքոտանի,
Առավել ևս` չորքոտանու ճո՜րտ:
Հակառակ դեպքում
Այս նո՛ւյն ամբիոնից,
Այս նո՛ւյն բերանով կհնչի արդեն
Այնի՛նչ Օրենքի Այսի՛նչ Հոդվածը...
 
2.
Հաջորդի՛ն բերեք:
 
Ինչպես տեսնում եք` սա մի գլխարկ է,
Եթե ավելի ճիշտ պիտի ասենք`
Գլխարկի տեսակ:
Իսկ ահա սա էլ, տեսե՛ք, զգեստ է,
Իսկ առավել ճիշտ` համազգեստ:
Տեսա՞ք:
 
Ուրեմըն այսպե՛ս.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է գլխարկ այստեսակ,
Նա դադարում է... և մտածելուց:
(Այստեղ կա փոքրիկ մի անճշտություն,
Որ կամենում եմ հենց ինքըս շտկել`
Դատապաշտպանի խոսքը կանխելով:
Դատավարական իմ այս խոսքի մեջ,
Որտեղ որ պետք է, ինքնե՛րըդ դրեք
Այնպիսի բառեր, որոնք մեր լեզվով
«Մեղմացուցիչ դեպք հանցանաց» կասվի,
Իսկ դասագրքում` «միջանկյալ բառեր»:
Դրանք են` «ոմանք... շատերը... հաճախ...
Երբեմըն... ցավոք... իհարկե... ոչ միշտ...»
Եվ բոլոր սրանց ազգականները):
 
Դառնանք մեր գործին:
Ուրեմըն այսպե՛ս.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է այստեսակ գլխարկ,
Նա դադարում է և մտածելուց:
Սակայն մի՞թե մեզ, ինչպես ասում են,
Պատիվ է բերում չմտածելը:
Եվ ճի՞շտ ենք անում,
Երբ մեզ վարժում ենք չմտածելուն,
Ի՜նչ է թե հանկարծ... սխալ չգործենք:
Նախ`
Այսպես վարվելն անարգանք է մեծ
Մեր Դատարանի և Իրավունքի հասցեին: Այո՛:
Ի՞նչ է ստացվում.
Եթե ոչ մեկը սխալ չգործի,
Էլ ո՞ւմ մենք դատենք:
Եթե այդպես է`
Ուրեմըն դեմ եք մեր... Դատարանի՜ն,
Մեր Արդարադա՛տ,
Նաև Անկաշա՛ռ,
Նաև Հարազա՛տ,
Ժողովրդակա՜ն մեր Դատարանին,
Որովհետև մենք 
Առանց սխալի չենք կարող ապրել,
Ինչպես չի կարող
Ավտոտեսուչը` առանց վթարի,
Ծաղկավաճառը` առանց մեռելի,
Եվ առևտըրի ամե՛ն աշխատող`
Առանց ապրանքի անչա՜փ պակասի,
Ու շատ-շատերն էլ
Առանց հենց ահա այս համազգեստի 
Եվ այս գլխարկի,
Որ կախարդական գլխարկ է կարծես.
Դրեցի՛ր թե չէ` էլ չե՜ս մտածում,
Գլխիդ փոխարեն
Արդեն գլխարկըդ` սա է մտածում:
Իսկ ի՞նչ ստացվեց.
Որ կարելի է աշխարհում ապրել
Եվ առանց գլխի՞,
Միայն գլխարկո՞վ:
 
Չեղա՜վ, ընկերնե՛ր, իսկապե՜ս չեղավ:
 
Ինչ ասել կուզե, որ մենք`
Օրենքի և Իրավունքի
Սպասավորներ ու ծառաներըս,
Ունենք Օրենքի պաշտամունք, այո՛,
Բայց... պաշտոնապե՛ս ձեզ պիտի ասեմ,
Որ կույս օրենքը բռնաբարում է 
Ո՛չ թե հատուկենտ անձ - անհատների,
Այլ նաև ամբողջ ժողովուրդների՜:
Իսկ եթե այլ կերպ սա ձևակերպենք`
Բացառությունն է կուսություն խախտում,
Եվ դրանից է
Ծնվում մեր մանուկ Արդարությունը:
Եթե ոչ` գիտե՞ք, թե ի՛նչ կստացվի. 
Երբ մենք արթուն ենք` մեր խիղճն է քնած,
Երբ խիղճն է զարթնում` մենք ենք քուն մտել...
Բայց վերադառնանք մեր կիսատ դատին:
Այսպե՛ս ուրեմըն.
Անգլխարկ լավ է,
Սակայն անգլո՜ւխ... անկարելի է
Ուստի մենք,
Որ միշտ գլուխ ենք դատում,
Այսօր կդատենք նաև մի գլխարկ`
Այսի՛նչ (առայժըմ նույնիսկ Չգրված) Օրինագծի
Այնի՛նչ Հոդվածի Այդի՛նչ Հատվածով:
Ա.
         Այսուհետև համազգեստ հագնող ամե՛ն ոք պիտի
         Իր (այսպես ասենք) համագլխարկը դնելուց առաջ
         Ասի հետևյալ մի քանի բառը`
         Շուտասելուկի՜, ո՛չ աղոթքի պես.
         «Գլխարկըս գցեմ - գլուխըս պահեմ,
         Գլխարկըս գցեմ - գլուխըս պահեմ»:
         Իսկ եթե հանկարծ սխալմամբ ասի`
         «Գլուխըս գցեմ - գլխարկըս պահեմ»,
         Կարող է այդօր նա տանը մնալ
         Ու մինչև անգամ գործի չգնալ,
         Եվ պիտի հաշվեն
        Դա շատ հարգելի՛ բացակայություն:
Բ.   Դպրոցական համազգեստները խստիվ արգելել...
 
Այսօրվա համար ո՞վ մնաց:
Բերե՛ք:
 
3.
Ահա՛, տեսնո՞ւմ եք,
Սա քառանկյունի մի թուղթ է,
Որին մենք թերթ ենք ասում
Եվ կամ լրագիր:
Սա հաղորդում է վատ ու լավ լուրեր,
Ճառեր` բազմաթիվ,
Դիպվածներ` սակավ,
Հայտարարություն ու դամբանական
Եվ եղանակի տեսություն` վերջում,
Հենց խմբագըրի ճակատից վերև...
Այս դեռ սկիզբն է մեղադըրանքի:
Սրա հանցանքի և արդեն գործած
Մեղքերի երկա՜ր շարադըրանքին
Անցնելուց առաջ
Հայտարարում եմ ընդմիջում` մինչև...
 
Ներեցե՛ք մի պահ:
Մինչև ընդմիջում հայտարարելը 
Իմ բարոյական պարտքն եմ համարում
Ե՛վըս երկու բառ ասել ըստ հարկի`
Նախ ձե՛զ դիմելով,
Իմ մեծապատի՜վ ատենակալներ:
Մեր ձեռքով սարքված
Իրերն իրավունք ունե՜ն իշխելու,
Բայց ո՛չ մեզ վրա:
Այսօր դատում ենք լոկ մի քանիսին:
Այսպես կդատենք բոլորի՜ն նաև`
Մինչև հասկանան,
Որ մեր իսկ սարքած
Իրերն իրավունք չունե՛ն իշխելու
Գոնե մե՜զ վրա:
Եթե Օրենքը,
Որ նմանապես մենք ենք ստեղծել,
Եթե Օրենքն էլ ի՛ր լիներ, դիցուք,
Մինչև իսկ նրա՜ն մենք կդատեինք:
Զգուշացնում ենք.
Թո՛ղ վախենա նա
Եվ չվերածվի անկենդան իրի,
Այսինքն` թող նա
Չըհամարձակվի... իր-ականանալ...

 

Չանախչի
01.XI.1965թ.

Lilas