Sevak

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ

18

Սակայն դու էլի չես հանգըստանում:
 
Հասկանում եմ քեզ... մի վերջի՛ն անգամ:
Հասկանում -
         և ի՜նչ.
Ահա մի րոպե
Սիրտըս սկըսեց կըրկին տըրոփել
Իր քենով նախկին
Ու հին չարությամբ՝
Առանց նորօրյա խղճահարության:
 
Վերըստին ահա մտաբերեցի,
Որ պսակելիս չհարցըրեցին.
-«Որդյա՛կ իմ, տե՞ր ես»:
 
Չհարցըրեցին,
Բայց ես հասկացա,
Որ եթե հետո
Խուլ լինես ու կույր, 
Դառնաս կոնդ ու թույլ՝
Քեզ,
Ինչպես որ կաս,
Պիտի ընդունեմ -
Է՜լ քեզ լքելու իրավունք չունեմ:
 
Հետո, իսկապե՛ս, համրացար հաճախ,
Եվ նույնքան անգամ նաև խլացար.
Ով քո օգնական ձեռքին էր նայում՝
Դու ժլատորեն նույնիսկ զլացար
Դատարկ խոսք ասել քաջալերումի,
Ով արժանի էր սրտաբուխ ներման՝
Ոչինչ չարժեցող մի բառ ներումի...
 
Նաև կա՜ղ եղար -
Միջնադարներո՛ւմ,
Երբ դար էր տևում քո ծանր տարին...
 
Եղար նաև կույր,
Հիմա էլ հաճախ
Խառնում ես աջ-ձախ
Եվ չար ու բարի.-
Ում տեսնել է պետք՝
Դու չես նկատում.
Ում սիրել է պետք՝
Նրան ես ատում.
Ում պետք է ատել՝
Ամենից հաճախ 
Սիրով ես պատում,
Տալիս ես շոյանք.
Ում պետք է խոյանք՝
Նրան ոտնում ես.
Ում գրկել է պետք՝
Նրան գետնում ես.
Անարժաններին՝
Հասցընում փառքի,
Արժանավորին՝
Մուրողի պարկի...
Իմ սրտից հիմա արյուն է կաթում,
Արդար չարությունն ինձ մշուշում է:
Երբ չուզելով իսկ՝
Դարձյալ հիշում եմ,
Որ կյանքիդ համար կյանքը վտանգած
Ինքնազոհ քաջին
Չգիտեմ ինչու
Զըրկում ես հանկարծ իր զորեղ աջից.
Փըրկել ուզողիդ
Գամում ես խաչի.
Խաբվում ես հաճախ հուդայող պաչից.
Շոյված խոսքերից կեղծավոր բիճի՝
Կյանքից ես զրկում ուղղամիտ լաճիդ.
Դրախտի հույսով՝
Զըրկվում ես նաև
Քեզ կերակրող խոփից ու մաճից.
Ու չես տարբերում
Պանիրը՝ գաջից.
Հառաչը՝ հաչից,
Ծաղիկը՝ դաջից...
 
Միջակությունը մետրաչափ շինած
Ու սուր մըկրատով ինքըդ քեզ զինած՝
Դու այդ քո մետրով-արշինով-գազով
Չափում ես մարդկանց
Եվ այնպե՜ս խուզում,
Որ նրանք դառնան... հավասար գազոն:
Եվ ո՜նց է ուզում
Մըկրատը քո սուր -
Մինչևիսկ առանց թույլ ափսոսանքի -
Որ կյանքի թավուտ անտառը դառնա
Չափված ու ձևված մի... զբոսայգի...
 
Ու ճիշտ այդպես էլ՝
Հաճախ քեզ համար
Մե՜կ է
Մանվածքի բարակն ու հաստը...
 
Եվ չես ընդունում շողշողուն աստըղ -
Գերադասում ես աստղակույտ - բազումք...
 
Եվ ի՞նչ ես շինել քեզ համար լոզունգ՝
Ինչո՞վ ես դու քեզ շարունակ զինել:
Ինչո՞վ,
Եթե ոչ միշտ նույն... խոստումո՜վ,
Որ սակայն տարբեր կերպ է ընդունել -
Մերթ կոչվել է նա
Նիրվանա
Ու մերթ՝
Դրախտ ու ջեննեթ...
 
Եվ մութ խորքերում քո անձավների
Առավել սակավ,
Քիչ կա ավելի
Կրծոտված ոսկոր վայրի կենդանու,
Քան թե քո մթին բանտ ու զնդանում...
 
Ծնում-սնում ես հազար բռնակալ
Ու... թույլ չես տալիս,
Որ այդ բառն անգամ
Գեթ հնչի:
Օ, չէ՜.
Ստիպում ես դու
Աստվա՜ծ էլ կոչել...
Այսքանից հետո՝
Ո՞նց չըսարսափես,
Ինչպե՞ս չըդողաս,
Երբ քեզ -
Վերջապե՛ս -
Կարող եմ լքել՝
Ձգել -
Հեռանալ,
Քո ամե՜ն տեսակ բեռից վերանալ
Եվ ընկերանալ երջանկությանը -
Տիրանալ հիմա ուրի՛շ մի բախտի:
Lilas