Sevak

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ

8

Բայց կացեք,
Սպասե՛ք մի պահ,
Թող դադար առնի
Այս հասկանալի գոռում-գոչումը:
 
Որտեղի՞ց հապա,
Ինչի՞ց է գալիս
Անհասկանալի
         այս զգացումը,
Այս զգացումը... խըղճահարության:
 
Ե՛ս,
Որ շատ հաճախ
Ուզել եմ նույնիսկ
Մեր Հողագունդը լինի իսկապես
Փոքրիկ գըլոբուս աշակերտական,
Ու... կոթից բռնած՝
Չոր գետնին խփես,-
Ես
Հիմա,
Հանկարծ,
Հանդեպ աշխարհի
Դառնում եմ ինչ-որ չափից դուրս բարի,
Մոռացած նոպան արդար չարության՝
Լցվում եմ ինչ-որ անհասկանալի խղճահարությամբ:
 
Էլ ուրիշ ինչպե՞ս:
 
Չէ՞ որ այս Երկրում
Եվ այս Երկրի հետ
Ես արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ապրել եմ մեկտեղ,
Մեկտեղ մահացել -
Փոխել միասին
Քանի՜ կերպ ու ձև:
 
Ինչպե՞ս չլինեմ քնքուշ ու բարի,
Թե արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ինչ ունեցել է՝
Նա ինձ է տվել
Եվ տվել այնքան,
Որ հեշտ չէ թվել:
 
Տվել է անտառ
Ու որս է տվել.
Տվել գետ դանդաղ
Ու կոճըղ-նավակ.
Բքի դեմ՝ մորթի,
Շոգի դեմ՝ շվաք,
Եվ մահ է տվել,
Բայց նաև՝ զավակ...
Ինչ ունե՜ր-չունե՜ր՝
Իմ դեմ շաղ տվեց,
Չտես-վայրենուս
Անգամ... ա՜ղ տվեց:
 
Ինչ ունե՜ր-չունե՜ր՝
Ամե՛ն ինչ ուներ,
Ամե՜ն ինչ, բացի
Կրակ ու բոցից:
Բայց երբ կրակը՝
Շանթի տեսք առած,
Երկընքից թռած
Ու երկրին թառած,
Մեկ՝ ցըցվեց պոչին,
Մեկ սողաց-սահեց,-
Անզեն Երկիրը,
Դարձյա՛լ ինձ համար,
Իրեն վառելով
Ու սպառելով՝
Կրակը պահեց:
 
Կրակը պահե՜ց -
Եվ ձեռ ու ոտին ահեղ կրակի
Ես անմիջապես դրեցի շղթա,
Որ ինձ չթողնի ու Երկինք չերթա:
 
Եվ լի օր չէր դա,
Այլ վառ Կիրակի՜ - 
Դեռևըս չեղած,
         միա՛կ,
         առաջի՛ն՝
Նախապատկերը Տեառընդառաջի...
 
Հետո,
Շա՜տ հետո,
Դար-դանդաղ հերթով,
Եկավ շո՛ւն, կատո՛ւ,
Ձի եկավ ու ե՛զ...
Սակայն առաջին վայրի կենդանին,
Որ բռնել եմ ես,
Դարձըրել եմ հեզ
Եվ անվանել եմ նրան «ընտանի»,
Հենց կրակն ի՜նքն էր,
Որ ինձ չի բաշխել ժլատ Երկինքը,
Այլ նույն Երկիրն է պարգևել:
Lilas