ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ԱՌԱՆՑ ԱՍՏԱՌԻ

Ես ուրախության գործակատար եմ 
Եվ խոր խնդության վաճառորդ եմ ես, 
Բաց կրպակ ունեմ առողջ ծիծաղի 
Ու ժպիտների կիսափակ խանութ։ 
Եվ երջանկության հաղորդիչներ են 
Իմ զույգ ափերը 
Ու մատներն իմ տաս։ 
Բերանըս սիրո մի սերտարան է, 
Իմ զույգ ոտները՝ 
Ժամադըրավայր տանող ինքնաշարժ, 
Իսկ իմ թևերը՝ 
Գիրկ ու խտիտի խելացի գործիք։ 
Կուրծքըս պաստառ է շքանշանի, 
Եվ շքանշա՛ն, որ կոչվում է սի՜րտ, 
Եվ որ պաստառի ներսից են կրում... 
 
Այսքանից հետո՝ 
Էլ ի՞նչ կարիք կա, 
Էլ ինչո՞ւ եմ ես ինքըս իմ մասին 
Ինչ-որ չափածո տեղեկանք գրում։ 
 
Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես. 
Մի՛ ծրարեք ինձ 
Եվ մի՛ սոսընձեք...

19.XI.1959թ.
Չանախչի


ԱՎԱԶԸ՝ ՀՈՎԱԶ

Ես նա եմ նաև, 
Որ հասկանում է, 
Թե ինչու է միշտ ավազը լռում։ 
 
Նա հիշում է այն ջրհեղեղները 
Նախապատմական, 
Որոնց լուռ վկան նույն ինքն է որ կա, 
Իսկ երբ չար քամին 
Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝ 
Հիշեցընելով 
Նրա փառավոր անցյալը կորած 
Ու նրա ներկան աննախանձելի, 
Ավազը հանկարծ հովազ է դառնում՝ 
Ճանկըռտում քամու 
Ու նաև մարդկանց 
Լպիրշ աչքերը։ 
 
Ու նաև մարդկա՜նց, 
Որ մոռանում են իրենց անցյալը։

15.XII.1959թ.
Երևան


ԻՄ ԱՆԵԼԻՔԸ

Ես նա եմ նաև, 
Որ տարբերում է պաչը համբույրից, 
Ինչպես սիրողին՝ սիրահարվածից, 
Եվ մահացումը՝ մեռնելուց։ 
Իրոք. 
Ի՜նչ է իմ գործը, 
Եթե ոչ ջոկել 
Ո՛չ թե կեղծիքը ճշմարտությունից, 
Այլև տարբերել սուտը կեղծիքից, 
Ճիշտը՝ ճշմարտից և ճշգըրիտից, 
Գութը՝ խղճալուց... 
 
Իսկ երբ ես շատ եմ ինքըս ինձ նման, 
Այսինքըն՝ բարձր ինքըս ինձանից, 
Ես տարբերում եմ մուժը մշուշից, 
Ու մառախուղից մեգն եմ տարբերում։ 
Տարբերում նաև 
Բախտավորություն ու երջանկություն, 
Ոճիր ու հանցանք։ 
 
Ու երբ ես շատ եմ ինքըս ինձ նման, 
Այսինքըն՝ բարձըր ինքըս ինձանից, 
Զարմանալի՜ բան - 
Ես՝ Տարբերողըս, 
Բնա՜վ ամենքից ինձ չեմ տարբերում...

15.XII.1959թ.
Երևան


ԱՐԹՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՑՈՒՅՑ

Եվ, վերջ ի վերջո, ես ի՞նչ եմ, գիտե՞ք։ 
 
Ես արթնացընող մի ժամացույց եմ՝ 
Ըստ ձե՛ր ցանկության, 
Ձե՛ր ձեռքով լարված։ 
Ու երբ պետք է ձեզ՝ 
Սրտաճաք ճիչով 
Արթնացնում եմ ձեզ, 
Որ քնով չընկնեք։ 
 
Եվ հաճախ, 
Իբրև շնորհակալիք, 
Գլխիս եք բամփում, 
Որ ձայնըս կտրեմ...

19.IV.1959թ.
Մոսկվա


ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ ա՛յն հասկացա-
Խինդով ու ցավով-
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել`
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:
 
-Ամենավայրի՜ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:

1956թ.


Սկիզբ  < 3 4 5 6 7 8 9 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз