ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՌԵՏԻՆ ՉԵՄ - ԹՈՒՂԹ ԵՄ

Ա՜խ, դժբախտաբար, ռետինի՛ց չեմ ես, 
Որ ձգես՝ ձգվեմ, 
Թողնես՝ կարճանամ, 
Ինչքան ճմըռթես՝ 
Թողնելուց հետո 
Շուտ վերըստանամ իմ տեսքը նախկին։ 
 
Ես, ավելի շուտ, թղթի եմ նման, 
Քաշես՝ կպատռես, 
Ճմըռթես՝ պրծա՜վ - 
Իմ նախկին տեսքը չի՜ վերականգնի 
Եվ ո՛չ մի արդուկ։ 
 
Կյանքի հետքերը վրաս են մնում 
Եվ անց չեն կենում, 
Ինչպես տառերը՝ մամըլված թղթից...

29.XII.1959թ.
Թիֆլիս


ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ

Ես էլ հավատո հանգանակ ունեմ, 
Որ կարճ լինելով՝ 
Դյուրին է հիշվում. 
 
-Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ, 
Քան թե արվեստում լինել... տնփեսա...

28.XII.1959թ.
Թիֆլիս


ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԳՐՈՏՎԱԾ ԵՄ

Եվ ամբողջովին գրոտված եմ ես, 
Այնպես եմ պատված սոսինձ բառերով, 
Ինչպես հնձվորի ոտք ու ծնկերը 
Փշոտ սերմերով այն լպիրշ բույսի, 
Որ հենց այդպես էլ կոչվում է՝ կպչուկ։ 
 
Ոտիցըս գլուխ գրոտված եմ ես, 
Ու եթե վրաս լուսանցք է մնում, 
Դա էլ՝ ձե՛զ համար, 
Որ գրի առնեք 
Ձեր հազա՜ր ու մի դիտողությունը։ 
 
-Մի «կեցցես»-ի հետ՝ հազար «բա եղա՞վ»։

29.XII.1959թ.
Թիֆլիս


ՄԻ ԽՈՐՈՒՆԿ ԳԱՂՏՆԻՔ

Շա՜տ խարազան է շաչել իմ գլխին,
Շա՜տ մտրակ՝ մեջքիս հասցեագըրվել,
Եվ հարվածների, զարկերի թիվը
Համրելու համար ինձ պետք է հիմա
Մի պատկառելի հաշվապահություն:
Բայց...
Այսօր բացեմ գաղտնիք մի խորունկ
Որ անշուշտ պիտի խիստ ցավ պատճառի
Ինձ ցավ պատճառել ցանկացող մարդկանց:
Նրանք զարկե՜լ են, հարվածե՜լ, ծեծե՜լ,
Բայց ինձ ո՛չ մի զարկ չի հասել բնավ,
Ինձ ո՜չ մի հարված չի դիպել երբեք,
Ու ես ո՛չ մի ծեծ չեմ կերել կյանքում:
 
Նրանք զարկե՛լ են, հարվածե՛լ, ծեծե՛լ
Ո՛չ թե ինձ,
Այլ լոկ այն տեղը, ուր ես
Կանգնած եմ եղել մի վայրկյան առաջ,
Մի վայրկյան առաջ... առաջ եմ անցել:
 
Եվ, այնուհանդերձ, եթե ինձ նրանք
Ցավ են պատճառել,
Ապա ա՛յն փոշով,
Որ բարձրացել է նրանց հարվածից
Եվ ինձ հասնելով լոկ հեռվից հեռու՝
Լցվել է իրե՛նց, իրե՜նց աչքերը...

[1959թ.]


ՊԻՏԻ ԾԱՆԱԿՎԵՄ

Գիտե՛մ, վերըստին պիտի ծանակվեմ,
Սակայն ի՜նչ արած,
Չասել չե՛մ կարող,
Որ լռությունը նույնպե՛ս գույն ունի,
Սպիտակ է նա,
Այնքա՜ն սպիտակ,
Որ աչք է շաղվում...
 
Փառքը համ ունի՝
Թթվաշ ու տտիպ,
Որ ախորժակ է գրգըռում միայն՝
Չտալով հագուրդ...
 
Խանդը հոտ ունի՝
Այն հոտը արյան, 
Որ ցուլերին է կատաղեցընում...
 
Եվ արյուն ունի նաև նախանձը.
Արյունն այդ սև է,
Ինչպես արյունը միջատ-մրջյունի...

19.XII.1959թ.
Թիֆլիս


Սկիզբ  < 5 6 7 8 9 10 11 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз