ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ VI

Ետ-ետ են գնում պատերը հանկարծ,
Անվերջ հեռանում,
Դառնում հորիզոն,
Թե՞ հորիզոնն է այնքան մոտենում,
Որ եթե ուզեմ,
Որպես նոր կախարդ,
Իմ զույգ ձեռքերով կարող եմ հունցել
Նրա կապույտը`
Խմորի նման...
 
Աղմուկ ու ժխոր ողողում են ինձ,
Բայց ինձ չեն կպչում,
Ինչպես ձկանը` ջուրը օվկիանի...
 
-Իմ... լռությո՛ւնն է:

18.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ VII

Լռին շրթերըս մի բույն են դառնում,
Ուր թուխս է նստում քմծիծաղն ինքը...
 
Նայում եմ, սակայն ոչինչ չեմ տեսնում:
Ու թե տեսնում եմ`
Միայն ինքըս ինձ...
 
Վաղուց այր հասուն`
Զգում եմ հանկարծ,
Որ ես տակավին հասակ եմ առնում,
Ինքըս մի գլխով բարձրանում ինձնից...
 
Վստահությունը ստվերս է դառնում
Կամ առաջնորդըս:
 
-Արհամարհա՛նքս է:

31.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ VIII

Երդիկի նման` բաց են աչքերըս,
Բերանս է բացվում` մի լայն դռան պես,
Բայց նա - ծխի պես - մնում է ներսում
Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս...
 
Ճչում է, սակայն... ինչպես քնի մեջ.
Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց...
 
Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ`
Նա - քարի նման - ներքև է ընկնում...
 
Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի,
Որ չի բաժանվում այլ թվի վրա...
 
-Այդ... իմ տանջա՜նքն է:

31.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ IX

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր,
Իմ հոգսը թողած`
Հոգում ձե՜զ համար...
 
Լվացարարի տենդով են այրվում,
Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն...
 
Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ,
Այնքան գազազում ու պոկ չեն գալիս`
Մեղրի հոտ առած մեղուների պես...
 
Միաժամանակ պահակ են ու գող,
Միաժամանակ ծառա են ու տեր,
Միաժամանակ իմն են ու ձերը...
 
-Այդ... իմ խոհե՛րն են:

18.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ X

Ինչպես խարույկը լույս է շաղ տալիս
Եվ անջատում է գույն ու ջերմություն,
Այդպես էլ ինձնից պոկվում է ծիծաղ,
Թափվում է ժպիտ,
Եվ բարություն է կաթկըթում անվերջ 
Իմ դեմքից,
Նաև հագուստի՜ց անգամ...
 
Ինքըս վերըստին ինձ եմ նմանվում
Ու ճանաչում եմ կրկին ինքըս ինձ.
Զգում եմ, որ ես իմ հորն եմ քաշել,
Եվ ինձ չի եղծել կյանքը ոչնչով...
 
Որտեղ էլ լինեմ`
Իմ տանն եմ զգում,
Եվ բաց է սիրտըս`
Հեռագրատան դռների նման...
 
Համբույրի պես է նայվածքըս ջերմին,
Խոսքըս` համբույրի շարունակություն,
Որից կարող են... մանուկնե՜ր ծնվել...
 
-Այդ... ես եմ ուրա՛խ:

31.XII.1959թ.
Թիֆլիս


Սկիզբ  < 8 9 10 11 12 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз