ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ I

Ճանապարհների փոշիների մեջ
Դնում են կնիք նախարարական,
Մի կնիք,
Որին հաշվի չի առնում
Լոկ օրինազանց - քրեագործ քամին...
 
Սրտի տրոփ ու բաբախ են բաշխում
Մայթերին անկյանք...
 
Վստահություն են ներշնչում հողին,
Ա՛յն վաղընջական - հինավուրց հողին,
Որ չի կորցնի վստահությունը...
 
-Այդ... իմ քայլե՜րն են:

18.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ II

Մի քիչ զարմանք են պատճառում մարդկանց,
Բայց ավելի շատ` անախորժություն...
 
Փակ դուռ բացելու սուր ճռինչ ունեն,
Հին դուռ փակելու ցավալի թակոց...
 
Ուրիշի շրթին պաղած են թվում,
Մինչդեռ այրում են իմ բերանը` մի՜շտ...
 
-Այդ... իմ խոսքե՜րն են:

18.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ III

Կանաչ մամուռից արցունք է ծորում,
Ծորում է դանդա՛ղ,
Ծորում է անձա՛յն
Ու մեղմիկ ճթթում
Այն քարաժայռի փոքրիկ սանդի մեջ,
Որ ինքն է փորել:
 
Ճթթում է մեղմի՜կ,
Իսկ իմ ականջում
Դա փոխարկվում է ահեղ դղիրդի՜...
 
-Անքնությո՜ւնս է:

18.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ IV

Հանկարծ զգում եմ ինձ ազատ - այնպե՛ս,
Ինչպես հովատակն` արոտում արձակ,
Ինչպես կրակը` վառվող անտառում...
 
Թվում է` կյանքում ամե՜նքն են խելոք,
Ամե՜նքն են իրոք ամե՜ն ինչ զգում...
 
-Այդ... ես եմ երգում`
Միայն ի՛նձ համար:

18.XII.1959թ.
Թիֆլիս


ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ V

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով
Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց,
Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ...
 
Քայլում եմ այնպես դանդա՜ղ - գլխիկո՜ր
Ասես փողոցն է հանգուցվել ոտիս
Ու խճողում է քայլքըս, խճըճում...
 
Արփին շողերի ցած մեկնած ճանկով
Գռուզ մազերս է թերևըս քաշում,
Որ վառի-ցնցի և ուշքի բերի,
Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ այրուցք...
 
Արյունըս այնպես դանդաղ է հոսում,
Ինչպես հարթ հովտում գետը ծավալված,
Երբ չես էլ կարող հասկանալ կարգին,
Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում...
 
Մի բան եմ հիշում
Եվ կիսատ թողած`
Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի...
Ինքըս ինձ խղճում,
Ուզում եմ, որ ինձ
Մի փո՜քըր սիրեն՝
Թեկուզ նպաստով...
 
-Այդ... ես եմ թախծում...

18.XII.1959թ.
Թիֆլիս


Սկիզբ  < 7 8 9 10 11 12 > 



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз