ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԻՄ ԿՏԱԿԸ 7

Եթե ուզում ես հորըդ հասկանալ
Ու լինել նրա հարազատ որդին՝
         Մոռացի՛ր ընդմիշտ,
         Թե կա քերթություն,
         Թե կա դպրություն,
         Գրականություն:
 
         Կա կյա՜նք,
         Կա լեզո՜ւ,
         Եվ պիտի, տղա՛ս,
Նաև խոսելու ցանկություն լինի,
         Բայց մի ցանկությո՛ւն,
         Որ անխուսափ է՝
         Ջուր խմելու պես,
         Անառարկելի՝
         Որպես հրաման,
         Անխուսափելի՝
         Ինչպես լինում է
         Մազի բուսնումը,
         Աճը եղունգի:

20.XII.1959թ.
Թիֆլիս


ԻՄ ԿՏԱԿԸ 8

Այն, ինչ կոչվում է գրականություն,
         Դեսպանատո՜ւն չէ,
Որ զգա՛ս - խորհե՛ս - մտածե՛ս մի բան
         Եվ այլ բան ասես:
 
         Իսկ դու դեսպա՛ն չես,
         Այլ պատգամավո՜ր:
 
Ու եթե նույնիսկ դեսպա՛ն ես՝
         Ապա
Դեսպան ես... կյանքի՜ -
         Որքան այսօրվա,
         Առավել վաղվա՜...

20.XII.1959թ.
Թիֆլիս


ԻՄ ԿՏԱԿԸ 9

Եթե ուզում ես հասկանալ դու ինձ՝
Ներս մտիր անտառ և ականջ արա:
Որքա՜ն ձայներ կան՝ բոլո՜րը տարբեր:
Եվ բազմահազար ձայնատերերից
Նույնիսկ գեթ մեկին բնավ չի տանջում
         Ինչպե՛ս ձայնելը -
 
Նրանք կարող են լոկ այսպես ձայնել,
         Եվ ոչ այլապես...
 

20.XII.1959թ.
Թիֆլիս


ԻՄ ԿՏԱԿԸ 10

                  Գիտե՛մ՝
         Ես էլ եմ գնալու շուտով,
Ուր որ է, այո, գնալու եմ ես,
         Բայց չե՜մ կորչելու:
 
Դառնալու եմ ձեր... առողջությունը:

20.XII.1959թ.
Թիֆլիս


ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԻՆ

Իսկ երբ մենակ եմ քայլում դաշտերով
Ու միայն ես եմ ինձ զրուցակից՝
Ստորերկըրյա անտես ջրերի
Վեճն ու աղմուկն եմ պարզորոշ լսում
Եվ նույնիսկ տեսնում նրանց փրփուրը...

[1959թ.]


Սկիզբ  < 4 5 6 7 8 9 10 >  Վերջ



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз